ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Ռուս. թարգմ. Պ. Ք.
Ասում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Մաքսային միության վերաբերյալ
– Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք վերաբերվում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը:
– Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցությունը եւ Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱսՏՄ) հիմքերի մշակմանը լիարժեք մասնակցությունը նշանակալի քաղաքական իրադարձություն են հայ-ռուսական հարաբերություններում, որը վկայում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի վճռական մասնակցությամբ տնտեսական ու քաղաքական միասնացման պրոցեսների գաղափարի հաջող զարգացման մասին: Իմ կարծիքով, հայկական կողմի այդ որոշումը նախ եւ առաջ թելադրված է Հայաստանի պետական զարգացման, երկրի տնտեսութան եւ պաշտպանական ներուժի ամրապնդման օբյեկտիվ շահերով: Անկասկած, ՄՄ-ին Հայաստանի միանալը կնպաստի եվրասիական տարածքի երկրների տնտեսական ու քաղաքական կապերի աշխուժացմանը: Նման մոտեցումը կարող է ի հայտ բերել հարավկովկասյան ուղղությամբ եվրասիական ինտեգրման մեծ ներուժը:
– Ձեր կարծիքով, Հայաստանը տնտեսական ի՞նչ օգուտներ ունի Մաքսային միությանն անդամակցելուց:
– Ինտեգրացիոն միավորումներին փոքր երկրների մասնակցությունը տնտեսապես արդարացված է եւ շահավետ: Մասնավորապես, դա ազատ առեւտրի գոտի է, մաքսատուրքերի բացառում, ընդհանուր շուկա, տնտեսական դաշինք, համաձայնեցված տնտեսական քաղաքականություն, ապրանքների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, կենսաթոշակային համակարգի միասնականացում, հեռանկարումՙ արժութային միություն: Հայաստանը կարող է ՄՄ երկրների տարանցիկ միջանցքի մասնակիցը դառնալ, դեպի Պարսից ծոց ելք ապահովելովՙ եթե նկատի առնենք հայ-իրանական սահմանը եւ Երեւան-Թեհրան հարաբերությունների ձեւաչափը, ինչպես նաեւ Հայաստան-Իրան անմիջական երկաթուղային հաղորդակցության բացման հեռանկարը: Դա, անկասկած, կմեծացնի Հայաստանի դերը տարածաշրջանում: Լինելով ՄՄ անդամ, Հայաստանը կարող է ռուսական գազ ձեռք բերել առավել ձեռնտու գնով:
ՄՄ-ին անդամակցելը էապես կթեթեւացնի Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների կյանքը, քանի որ կբացառի այցագրային ռեժիմը, որը Ռուսաստանը 2015 թվականից կսահմանի ԱՊՀ բոլոր քաղաքացիների համարՙ բացառությամբ ՄՄ անդամ երկրների:
ՄՄ-ն թույլ կտա ընդլայնել սպառողական շուկան Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի, ինչպես նաեւ ՄՄ ապագա անդամ երկրների նոր առեւտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ: Եթե ներկայումս դեպի Ռուսաստանի շուկա հայկական ապրանքների արտահանությունը կազմում է շուրջ 280 մլն դոլար, ապա Բելառուսում այդ ցուցանիշը չի գերազանցում 6,7 միլիոնից, իսկ Ղազախստանումՙ 4 միլիոնից: Սակայն ՄՄ-ին մասնակցելը կարող է հանգեցնել հայկական ապրանքների արտահանության որակապես նոր աճի:
ՄՄ-ի, իսկ հեռանկարումՙ ԵվրԱսՏՄ-ի շրջանակներում հումանիտար համագործակցության մեծ ծրագիր է ենթադրվում մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական ու սոցիալական քաղաքականության ոլորտներում: ՄՄ սոցիալ-տնտեսական քաղաքականության նոր կանոններն ու հնարավորությունները խթանում են Հայաստանի արտադրության զարգացումը, ինչը թույլ կտա ապահովել լրացուցիչ աշխատատեղեր եւ կկանգնեցնի Հայաստանի աշխատունակ բնակչության արտահոսքը: Հետագայում Հայաստանը եւ ՄՄ մյուս անդամները Ռուսաստանի միջոցով նոր հնարավորություններ կունենան արդյունավետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու BRIKS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների հետ: ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կավելացնի նրա տնտեսության մեջ ՄՄ մյուս երկրների կապիտալ ներդրումները: Մասնավորապես, Հայաստանում կարագանա Ռուսաստանի ու Բելառուսի հետ համատեղ նախատեսված ներդրումային նախագծերի իրականացումը արդյունաբերության, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում:
ՄՄ-ին Հայաստանի անդամակցելը կբարելավի Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մասնավորապես, Հայաստանի միջոցով (որի հետ Ղարաբաղը չունի մաքսատուրքեր) արցախյան արտադրողների (գյուղատնտեսության, փայտամշակման արդյունաբերության եւ այլն) արտադրանքը առավել ճանաչելի կդառնա ՄՄ երկրների շուկաներում:
Վերջապես, ՄՄ-ին եւ ԵվրԱսՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կարեւոր նշանակություն կունենա նրա անվտանգության եւ պաշտպանունակության ամրապնդման համար, քանի որ թույլ է տալիս առավել սերտորեն ինտեգրվել Ռուսաստանիՙ գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ:
– Այդ դեպքում, Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում նման հեռանկարի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառները:
– Պետական շինարարության եւ քաղաքական զարգացման հարցերը միշտ էլ բարդ են եւ ազգային շահերի ապահովման նպատակով պահանջում են մանրակրկիտ մշակում, բոլոր հնարավոր տարբերակների եւ սցենարների հեռանկարի քննարկում: Իսկ նման բնույթի որոշումների ընդունման ժամանակահատվածը յուրաքանչյուր պետության համար տարբեր է լինում. այն կախված է ներքին եւ արտաքին բազմաթիվ գործոններից: Այսինքնՙ ՄՄ աշխատանքն էլ պաշտոնապես սկսվել է ոչ այնքան վաղուցՙ 2010 թ. հունվարի 1-ին: Այն հանգամանքը, որ Հայաստանը անմիջապես չմիացավ ՄՄ-ին, ըստ իս, բացատրվում է ՄՄ մասնակից երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ եւ, որպես հետեւանքՙ տրանսպորտային հաղորդակցությունների օբյեկտիվ բարդություններով:
Չենք ժխտի նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը բավական հաջողությամբ մասնակցում է եվրոպական ինտեգրման պրոցեսին, ԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի անդամ է, անցկացրել է նշանակալի իրավական բարեփոխում, ունի օտարերկրյա ապրանքները սեփական շուկա թողնելու բավականաչափ ազատական կանոններ: Եվ հետագայում էլ Հայաստանը կջանա շահեկանորեն զարգացնել տնտեսական ինտեգրացիոն կապերը ԵՄ երկրների եւ մուս արտաքին գործընկերների հետ: Ըստ որում, գլոբալացման պրոցեսները, տեխնոլոգիաներն ու ռեսուրսները եվրասիական տարածքի բնական հարստությունների եւ գիտական ներուժի հետ միավորելու ԵՄ օբյեկտիվ շահագրգռությունը կարող են միայն խթանել Հայաստանի մասնակցությունը Մաքսային եւ Եվրասիական միություններին:
Միեւնույն ժամանակ համարձակվում եմ կարծել, որ հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր կացությունը, Հարավային Կովկասի մոտակայքում ռազմաքաղաքական իրադրության սրումը, Ղարաբաղի հարցի կարգավորված չլինելը, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական ու ռազմատեխնիկական ոլորտներում հայ-ռուսական ինտեգրացիոն կապերի կարեւորությունը համատեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին թույլ տվեցին ընդունել նպատակահարմար որոշում:
ԵՄ-ի եւ ՄՄ-ի միջեւ ընտրություն կատարելը Հայաստանի համար դյուրին չէր եւ ընթանում էր արեւմտամետ եւ ռուսամետ զարգացման կողմնակիցների, ԵՄ-ի եւ ՄՄ-ի կազմում հեռանկարների հակասական գնահատականների միջեւ քաղաքական ու տնտեսական սուր պայքարի պայմաններում: Վստահ եմՙ Հայաստանի ղեկավարը քրտնաջանորեն եւ ուշի-ուշով ուսումնասիրել է նման ընտրության բոլոր առավելություններն ու թերությունները: Նախագահը հենց գործամետ ազգային շահերից, իր երկրի տնտեսության ու անվտանգության հեռանկարների ու հնարավորությունների գնահատումից ելնելով է կատարել, ըստ իս, ստուգված քայլը:
Այն հանգամանքը, որ ԵՄ երկրները (օրինակՙ Լեհաստանի նախագահի, Հայաստանում Գերմանիայի դեսպանի, արեւմուտքցի մի շարք փորձագետների հրապարակային ելույթներում) Երեւանին առաջարկում էին ԵՄ-ի հետ ինտեգրման օգտին կողմնորոշվել «կամ-կամ» սկզբունքովՙ Ռուսաստանի եւ ՄՄ-ի հետ ռազմավարական դաշինքի բացառման պայմանով, անկասկած, Հայաստանին վանեց արեւմտյան վեկտորից: Ավելին, Հայաստանը վարում է համակշռված արտաքին քաղաքականություն եւ ջանում է տվյալ սկզբունքը հաստատել նաեւ տնտեսության ոլորտում: Միեւնույն ժամանակ ՄՄ-ն առավել ճկուն կառույց է, Մաքսային կանոնադրությունը չի հակասում ԱՀԿ պահանջներին:
Կարծում եմՙ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը նպաստել է նաեւ Հայաստանիՙ որպես դիտորդի մասնակցությունը ՄՄ-ին, Երեւանի աշխատանքը ՄՄ երկրների Խառը հանձնաժողովի կազմում, ինչը թույլ տվեց ուսումնասիրել Հայաստանի զարգացման հեռանկարները ՄՄ-ում: Հայաստանը գիտակցում է, որ ԵՄ-ն հարուստ եւ միեւնույն ժամանակ իր կազմով ու ինտեգրման աստիճանով տարամակարդակ կազմակերպություն է: Այնտեղ կան առաջնորդներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան, բայց կան նաեւ հետնապահներՙ Բուլղարիան, Ռումինիան եւ այլն: Իսկ Հայաստանի շուկան եւ աշխատանքային ռեսուրսները կողմնորոշված են ավելի շատ դեպի Ռուսաստան, քանՙ Եվրոպա: Այդ բոլորը միասին պատճառ դարձան, որ ուշադրությամբ եւ անշտապ կերպով համապատասխան որոշում ընդունվի ի նպաստ ՄՄ-ին եւ ԵվրԱսՏՄ-ին Հայաստանի անդամակցության:
– Ի՞նչ կարծիքի եք նման միությունում Ռուսաստանի, մյուս երկրների առավելությունների մասին: Եվ առհասարակ, կա՞ն արդյոք դրանք Մոսկվայի համար:
– ՄՄ-ի կազմին Հայաստանի մասնակցությունը, անշուշտ, մեծապես ձեռնտու է Ռուսաստանին եւ տվյալ միավորման մյուս անդամներին: Այսպես, մենք արդեն խոսեցինք Ռուսաստանի եւ ՄՄ մյուս երկրների համար Հայաստանով դեպի Իրան եւ Պարսից ծոց նոր տարածաշրջանային տարանցիկ միջանցք բացելու հնարավորության մասին: Հայաստանի վրա ՄՄ տարանցիկ եւ մաքսային կանոնների տարածքը թույլ կտա պարզեցնել այդ միջանցքով ռուսաստանյան բեռների բացթողնման արարողակարգը եւ ՄՄ երկրների արտահանական կարողություններին կտրամադրի առավել կարճ ցամաքային երթուղի դեպի Պարսից ծոցի նավահանգիստները եւ ավելի հեռուները: Ռուսաստանը հնարավորություն կստանա ներդրուներ անելու Հայաստանի երկաթուղու զարգացման մեջ. ՀՀ երկաթուղային ցանցում կապիտալի ներդրումները կարող են կազմել 15 մլրդ ռուբլի:
Ռուսաստանը եւ Բելառուսը կարող են արագացնել մի շարք համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը, ներառյալ այնպիսի խոշորներինը, ինչպիսիք են Հաաստանի ատոմակայանի գործողության ժամկետը մինչեւ 2026 թ. երկարաձգելը, «ԼվՑպՐ ՀԸԿ ժն»-ի օգնությամբ հիդրոէլեկտրակայանների Սեւան-Հրազդան կասկադի նորացումը եւ այլն: ՄՄ երկրների գունավոր մետալուրգիայի հումքային ու վերամշակման բազան կարող է էապես համալրվել Հայաստանի օգնությամբ, քանի որ նրա պղնձի արդյունաբերական պաշարները կազմում են համաշխարհային պաշարների գրեթե 01 տոկոսը, արծաթինըՙ 0,5 տոկոսը, իսկ մոլիբդենինըՙ 7,6 տոկոսը: Հայաստանում հետախուզված են երկաթի հանքաքարի, կապարի, ոսկու խոշոր պաշարներ: Հանրապետությունում կան գունավոր մետալուրգիայի գործարաններ, թեեւ դրանց մեծ մասը կարոտ է լուրջ վերակառուցման եւ ներդրումների: Հայաստանը Ռուսաստանի շուկաներին շինանյութերի հուսալի մատակարարներից մեկն է: Հայկական տուֆը, բազալտը, տրավերտինը եւ մյուսները համաշխարհային համբավ ունեն, պահանջված են Ռուսաստանի եւ ՄՄ մյուս երկրների շինարարական բիզնեսում: Բավական հեռանկարային կարող է դառնալ ռուս-հայկական համագործակցությունը գիտատեխնիկական ոլորտում (օրինակՙ նյութաբանության զարգացման, կոմպոզիտային նյութերի արտադրության, սարքաշինության մեջ եւ այլն):
Ռուսաստանի եւ ՄՄ մյուս երկրների շուկաների համար պակաս արժեքավոր չեն Հայաստանի գյուղատնտեսության եւ սննդարդյունաբերության էկոլոգիապես մաքուր արտադրանքը, հանքային աղբյուրները: Էլ չեմ խոսում հայկական կոնյակի մասին, որը խորհրդային ժամանակներից Հայաստանի բրենդային ապրանքն էր եւ ալկոհոլային արտադրանքի արտահանական եկամուտների հոդվածներից մեկն էր: Ներկա ժամանակաշրջանում Հայաստանի կոնյակի արտադրությունը ենթարկվել է տեխնոլոգիական արդիականացման, հայկական կոնյակը ֆրանսիականի հետ դարձյալ իրեն հավասարը չունի եւ մեծ պահանջարկ է վայելում Ռուսաստանում եւ ամբողջ ՄՄ-ում:
Համապատասխան ներդրումների, արդիական սարքավորումներով ձեռնարկությունների հանդերձավորման ու վերակառուցման դեպքում բավական հեռանկարային կարող է դառնալ հայկական թեթեւ արդյունաբերությունը (կոշիկի եւ տեքստիլ արտադրությունները): Հայկական կոշիկի «Մասիս» ֆիրմայի արտադրանքը բարձր պահանջարկ ուներ խորհրդային ժամանակաշրջանում: Այդ համբավը կարելի է վերականգնել:
Հայկական ոսկերչական արտադրանքները վաղուց լայն պահանջարկ են վայելել արտաքին շուկաներում: Ոսկերչական վարպետության ավանդույթները Հայաստանում պահպանվել են եւ զարգացման հեռանկար ունեն: Կարծում եմՙ Հայաստանում երեսակված ադամանդները եւ ոսկերչական իրերը նույնպես պահանջարկ կվայելեն ռուսաստանցի սպառողների եւ ՄՄ երկրներում մեր բարեկամների շրջանում:
Հայաստանի կլիմայական պամանները, զբոսաշրջային եւ մարզական բազաները նմանապես կարող են հետաքրքրություն ներկայացնել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների համար: Ծաղկաձորի օլիմպիական բազան առաջատար էր խորհրդային մարզիկների համար: Ի՞նչն է խանգարում վերածնելու այդ ավանդույթները ռուսաստանյան սպորտի համար: Վերջին տարիներին սփյուռքահայության ներկայացուցիչների միջոցներով Հայաստանում (Տաթեւում) կառուցվել է ամենաարդիական ճոպանուղիներից մեկը, որն ամենաերկարն է Եվրոպայում: Այն շատ դուր է գալիս ԱՊՀ երկրների զբոսաշրջիկներին:
Վերջապես, Հայաստանի տարածքում է Հարավային Կովկասի ռուսական միակ ռազմակայանը, ռուսաստանցի սահմանապահները միայն Հայաստանում են պարեկում տարածաշրջանի արտաքին սահմանը: Իսկ դա նշանակում է Ռուսաստանի համար Հայաստանի հետ սերտ ինտեգրման ռազմավարական կարեւորությունը: Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե սոսկ ռազմական գործընկեր է, այլՙ ռազմավարական աշխարհաքաղաքական դաշնակից: Նկատի ունենալով տվյալ տարածաշրջանում եւ Մերձավոր ու Միջին Արեւելքի հարեւան երկրներում դիտվող բարդ պրոցեսները, Հայաստանի կարեւորությունը Ռուսաստանի համար ակնհայտ է: Պակաս հետաքրքրական չէ նաեւ համաշխարհային հայկական սփյուռքի գործոնը միջազգային գործերում եւ ռուսական դիվանագիտության մեջ:
– Ռուսաստանի հայ հասարակայնությունն ինչպե՞ս է գնահատում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը:
– Ռուսաստանում ապրում է աշխարհում թվակազմով ամենամեծ հայկական համայնքըՙ ավելի քան 2,5 մլն մարդ: Եվ այս կապակցությամբ Հայաստանը չի կարող անտարբեր լինել Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայրենակիցների ճակատագրի հանդեպ: Մաքսային միությունը թույլ է տալիս զգալիորեն պարզեցնել մեր երկրների աշխատանքային ինտեգրացումը:
Վերջապես, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է եւ գլխավոր օտարերկրյա ներդնողը: Մեր տնտեսական եւ առեւտրական կապերի դինամիկան տարեցտարի արագանում է, գերազանցելով միլիարդանոց նշագիծը: Երկկողմ արտաքին առեւտրի շրջանառությունը 2011 թ. կազմեց 1,1 մլրդ դոլար, որը 11,9 տոկոսով մեծ է 2010-ի ցուցանիշից, իսկ 2013-ին ավելացել է 23 տոկոսով: Եվ սա հնարավորութունների սահմանը չէ:
Ռուսաստանյան ներդրումները փաստորեն կազմում են ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրումների կեսը, Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը գերազանցել է 2,4 մլրդ դոլարը. դա օտարերկրյա բոլոր ներդրումների 45 տոկոսն է (համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայից կատարված ուղղակի ներդրումները կազմում են 15 տոկոս, ԱՄՆ-իցՙ նվազ քան 5 տոկոս): Ըստ որում, ՀՀ իշխանությունները բարենպաստ մթնոլորտ են ստեղծել ռուսաստանցի ներդնողների համար, նրանց ցույց են տալիս անհրաժեշտ վարչական աջակցություն: Երկրում օտարերկրացիների մասնակցությամբ գործող համատեղ ձեռնարկությունների ավելի քան 25 տոկոսը ռուս-հայկական է:
Իհարկե, սփյուռքյան գործոնը զգալի դեր է խաղում ինտեգրացիոն կապերի զարգացման եւ ռուս-հայկական հարբերությունների ամրապնդման մեջ: Ռուսաստանի հայերի միությունը եւ ՌԴ հայկական լան հասարակայնությունը պաշտպանում են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը:
Ինչ վերաբերում է մյուս երկրների հայ համայնքներին, այստեղ միասնականություն չկա: Մերձավոր արտասահմանի, Մերձավոր ու Միջին Արեւելքի, Ասիայի եւ Հարավային Ամերիկայի երկրների հայկական համայնքների մի մասը նույնպես հավանություն է տալիս նախագահ Սերժ Սարգսյանի տվյալ որոշմանը (օրինակՙ Իրանում եւ Սիրիայում, Բելառուսում եւ Ղազախստանում): Սակայն Արեւմտյան Եվրոպայի երկրների, ԱՄՆ-ի եւ Կանադայի հայերը Հայաստանի ԵՄ մտնելը համարում են առավել ճիշտ ընտրություն: Հասկանալի է, որ ԱՄՆ-ի 1,5 մլն, Ֆրանսիայի 600 հազար հայերը ուզում են Հայաստանի ինտեգրացում Եվրոմիության հետ, դեպի Արեւմուտք Երեւանի կողմնորոշում: Սակայն Արեւմուտքի հայերի տրամադրությունները եւ պատմական հայրենիքի գործամետ շահերը փոքր-ինչ տարբերվում են: Չէ որ ԵՄ-ի եւ ՄՄ-ի միջեւ կատարվող ընտրությունը, դրան հաջորդող տնտեսական ինտեգրացումը Հայաստանի համար ենթադրում են ոչ միայն ապրանքների շուկա, այլեւ անվտանգության հարցեր այդքան բարդ տարածաշրջանում:
ՄՄ-ին Հայաստանի մասնակցությունը բարդ ընտրություն է: Հայաստանի քաղաքական ընտրախավում որոշակիորեն պահպանվում է արեւմտամետ հակումը, իսկ անարդյունավետ դիվանագիտությունը, Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմական եւ արտաքին տնտեսական քաղաքականությունը քարոզչական նպատակներով մշտապես կօգտագործվեն Արեւմուտքում եւ Հայաստանում նրա կողմնակիցների միջավայրում:
Այսպես, Հայաստանում արեւմտամետ քարոզչությունը որպես ՄՄ-ի դեմ ուղղված մի հակափաստարկ առաջ է քշում հայոց պետության ինքնիշխանության մասնակի կորուստըՙ ի շահ ՄՄ վերազգային կառույցների: Սակայն այդպիսին է ինտեգրացիոն բոլոր միավորումների ճակատագիրը: ՄՄ-ում ինքնիշխանության մի մասը, Եվրոմիության անդամ երկրի լիազորութունների մի մասը փոխանցում են ԵՄ քաղաքական կառույցներին, այդ նույն Եվրոհանձնաժողովին: Տնտեսական դաշինքի շրջանակներում Եվրոհանձնաժողովը առաջ է քաշում բավական խիստ պահանջներ, այսինքնՙ տնտեսական ինքնիշխանության մի մասը փոխանցվում է վերազգային կառույցներին: Եվ դա ԵՄ երկրներում ընդունվում է որպես պատշաճ բան: Նմանօրինակ, բայց մեղմ մեխանիզմներ գործում են նաեւ ՄՄ-ում:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը դեռ չի ստացել իրավաբանական ձեւակերպում: Առջեւում են համապատասխան արարողակարգերըՙ ՄՄ անդամ դառնալու իր ցանկության վերաբերյալ Հայաստանի հայտը այդ կազմակերպությանը, ՄՄ-ի մասնակից երկրների կողմից Երեւանի տվյալ դիմումի քննարկումը, որոշման ընդունումը եւ ՄՄ անդամների համապատասխան միջազգային (քառակողմ) պայմանագրի ստորագրումը, ինչպես նաեւ չորս երկրների խորհրդարաններում տվյալ պայմանագրի վավերացումը: Հայաստանի հասարակութան մեջ, քաղաքական հատվածում ՄՄ-ի օգտին երկրի ընտրության ամենալայն քննարկման համար ժամանակը բավարար է: ՀՀ խորհրդարանը կարող է բանավեճերի հրավիրել բոլոր շահագրգիռ փորձագետներին, ԶԼՄ-ներում արդեն աշխույժ քննարկում է ծավալվել այդ հարցի առթիվ: Կարծում եմՙ հանրաքվեի անցկացման դեպքում էլ Հայաստանի ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի հօգուտ ՄՄ-ի եւ իր երկրի կանխատեսելի ապագայի: Անհրաժեշտ է սեղմ ժամկետներում կենսագործել տնտեսական բլոկի բոլոր նախնական համաձայնությունները, որպեսզի ժողովուրդը տեսնի ՄՄ-ին Հայաստանի մասնակցության ռեալ արդյունքը:
– Եվ այնուամենայնիվ, Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր սահման: Դա ինչպե՞ս կանդրադառնա Մաքսային միության վրա:
– Իհարկե, դա բարդացնում է ինտեգրացիոն տնտեսական կապերի խորացումը: Սակայն տվյալ իրողությունը բնավ չի բացառում, նախ, մեր երկրների կայուն կապի համար տրանսպորտային-հաղորդակցական միջանցքի ապահովման նոր հնարավորությունների որոնումը, երկրորդ, եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներին Հայաստանի առավել անմիջական եւ ակտիվ մասնակցությունը: Այո, Հայաստանը ՄՄ երկրների հետ չունի ընդհանուր սահմաններ, բայց նման սահմաններ չունի նաեւ ԵՄ երկրների հետ: Եվրասիական ինտեգրացիոն նախագծերին Հաաստանի լիարժեք մասնակցությունը մեծապես կախված կլինի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումից եւ Իրանի հետ տարածաշրջանային գործընկերությունից, որը ընդհանուր Կասպից ծով ունի Մաքսային միության երկրներ Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ:
ՄՄ-ին Հայաստանի մասնակցությունը օբյեկտիվորեն կխթանի Վրաստանով եւ Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը: Հայ-ռուսական տրանսպորտային կապի վրացական (արեւմտյան) երթուղու ակնկալիքները մեծանում ենՙ նկատի առնելով Վրաստանի ներքաղաքական փոփոխությունները: Բիձինա Իվանիշվիլու կառավարության նոր ուղեգիծը եւ վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման հեռանկարները:
Հայաստանի ու Ռուսաստանի համար պակաս կարեւոր չէ տրանսպորտային հաղորդակցության իրանական (արեւելյան) երթուղին:
Ռուսաստանից Իրանով դեպի Հայաստան ծովային եւ երկաթուղային հաղորդակցությունները զարգացման հեռանկար ունեն տնտեսական, հումանիտար եւ ռազմական առումներով: Տվյալ տարանցիկ միջանցքի խթանումը կարող է ռեալ հեռանկար ունենալ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, քանի որ կմեծանա ապրանքների հոսքը, Ռուսաստանը մշտական ցամաքային հաղորդակցության առավել կայուն հնարավորություն կունենա Հայաստանում իր ռազմակայանի պահպանման համար:
Կասպից ծովով եւ Իրանով Ռուսաստան-Հայաստան կապի տրանսպորտային միջանցքի ստեղծման համար Երեւանում, Թեհրանում եւ Մոսկվայում քաղաքական կամքի առկայությունը ենթադրում է հաղորդակցական նախագծերի (ծովային, երկաթուղային, ավտոմոբիլային եւ խողովակաշարային) ցանցի զարգացում: Ռուսաստան-Հայաստան տարանցման հարցերի լուծման համար կարող է օգտագործվել ՄՄ ուրիշ տարածաշրջաններին առնչվող տարանցիկ համաձայնագրերի փորձը: Տարանցիկ համաձայնագրերի փորձ կա նաեւ հեռավոր արտասահմանում, մասնավորապեսՙ Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի միջեւ (բրիտանական Ջիբրալթարի առնչությամբ), ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ (Ալյասկայի առնչությամբ): Նույն ԵՄ-ը Ճապոնիայի հետ բանակցություններ է սկսել այդ երկրի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջը, ընդսմին չունենալով անմիջական սահմաններ: Կարեւոր է տրանսպորտային հաղորդակցությունների բոլոր տեսակները (երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային եւ օդային) կոմպլեքսայնորեն օգտագործել Հայաստանի հետ Ռուսաստանի եւ ՄՄ մյուս երկրների կապի համար: Եվ այն հանգամանքը, որ վերջին մեկ տարում Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության հոսքն աճել է 23 տոկոսով, վկայում է տարանցման խնդրի լուծման դրական դինամիկայի մասին:
– Որոշ փորձագետներ գտնում են, որ ներկայումս ռուսաստանյան ԶԼՄ-ներում գերակշռում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի լուսաբանման քարոզչական բնույթը: Նրանց կարծիքով, Ռուսաստանը, ելնելով ռազմաքաղաքական նկատառումներից եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցությունն ամրապնդելու ձգտումից, հերթական անգամ հանդես կգա որպես Հայաստանի տնտեսության ֆինանսավորող: Եվ որ նոր, թանկարժեք տրանսպորտային միջանցքիՙ Իրանից բարձրլեռնային Հայաստան տանող երկաթուղու շինարարությունը ձեռնտու չի լինի Ռուսաստանին, քանզի հայտնի չէ, թե ինչով կարելի է այն լցնել. Ռուսաստանիցՙ նյութական ռեսուրսներ, իսկ Հայաստանիցՙ ազդեցության քաղաքականությո՞ւն: Դուք համամի՞տ եք:
– Ինձ հայտնի են մի շարք փորձագետների (օրինակՙ Աջար Կուրտովի) քննադատական դատողությունները: Տվյալ մոտեցման կողմնակիցները կարծես թե ջանում են տալ ՀՀ տնտեսության եւ ապրանքների շուկայի ներուժի անաչառ բնութագիրը, որոնք, բնականաբար, զգալիորեն զիջում են ռուսականին, ղազախականին եւ բելառուսականին: Իրոք, հետխորհրդային շրջանում Հայաստանի բազմաթիվ ձեռնարկություններ հայտնվեցին խոր ճգնաժամի մեջ, քայքայվեցին առանձին ճյուղեր, ասենքՙ ՀՀ տնտեսության ներուժն էլ օբյեկտիվ պատճառներով անհամադրելի է ռուսականի հետ: Սակայն ես համաձան չեմ ՄՄ-ին Հայաստանի մասնկացության եւ Ռուսաստանի հետ տնտեսական խոր ինտեգրման հեռանկարների այդքան հոռետեսական գնահատականներին:
Նախ եւ առաջ, փոքր երկրները ՄՄ-ի եւ ԵՄ-ի նման լուրջ ինտեգրացիոն կառույցների մեջ միավորվում են խոշոր երկրների հետՙ հուսալով ստանալ որոշակի տնտեսական շահաբաժիններ, ձեռք բերել զարգացման նոր խթաններ ու հեռանկարներ: Չէ որ նույն ԵՄ-ում ընկերակցության անդամներն ունեն տարամակարդակ տնտեսություններ. անկարելի է համեմատել Բուլղարիայի եւ Բելգիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի տնտեսությունները: Երկրորդ, չպետք է կարծել, թե Հայաստանում ոչինչ չի արտադրվում, եւ երկիրը հետաքրքրություն չի ներկայացնում Ռուսաստանի եւ ՄՄ մյուս երկրների տնտեսությունների համար: Հայաստանը խորհրդային տարիներին զարգանում էր արագ տեմպերով եւ դժվարին 1990-2000-ական թվականներին էլ, չնայած բազմաթիվ տնտեսական վնասներին ու կորուստներին, կարողացավ պահպանել արդյունաբերական արտադրության հիմքերը, ապահովել գյուղատնտեսության զարգացումը, անցկացնել ազատական իրավական բարեփոխում, 20 տարի դիմանում է Ադրբեջանի ու Թուրքիայի դաժան տրանսպորտային շրջափակմանը: Հայաստանը կարողացավ աշխուժացնել Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերը, չնայած միջազգային ճնշմանը, կայուն եւ շահավետ առեւտրական հարաբերություններ հաստատել Իրանի հետ:
Երրորդ, Հայաստանը Ռուսաստանի միակ ռազմական դաշնակիցն է Հարավային Կովկասում, կարեւոր նշանակություն ունի Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրների (Իրանի, Սիրիայի, Լիբանանի եւ այլն) հետ կապի համար: Հայաստանում (եւ ոչ թե հարեւան երկրներում) են գտնվում ռուսական ռազմակայանը եւ սամհանապահները, որոնց ներկայության դիմաց Ռուսաստանը, ի դեպ, չի վճարում: Բելառուսում, օրինակ, Ռուսաստանը վճարում է ռազմական ներկայության ծախսերը, չխոսելով արդեն Սեւաստոպոլի Սեւծովյան նավատորմի մասին, որի բազավորումը Ուկրաինայի ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ համարվում է ժամանակավոր: Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում, հենց Հայաստանը հանդես եկավ ՀԱՊԿ կազմում Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման, նախաձեռնությամբ: Եվ սա չպետք է մոռանան ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Երեւանում: Դաշնակցին հարկավոր է աջակցել, այլապես կովկասյան ուղղության արտաքին սպառնալիքների ճակատը շատ կարճ ժամանակամիջոցում կարող է վերստին ամենայն սրությամբ բռնկվել Ռուսաստանի հարավում:
Ուստի վստահ եմ. Իրանով եւ Կասպից ծովով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության նոր ճյուղավորման առկայության դեպքում Հայաստանից երկաթուղային շարժակազմերը եւ ծովային բեռնարկղերը դատարկ չեն գնա: Ավելին, այդ տրանսպորտային միջանցքը ռազմական-ռազմավարական կարեւոր նշանակութուն կունենա Հայաստանի ռուսական ռազմակայանը ռազմական, տեխնիկական, պարենային եւ այլ բնույթի անհրաժեշտ բեռներով անխափան ապահովելու համար: Դեպի Հայաստան բեռնափոխադրման իրանական երթուղին քաղաքականապես անիմաստ եւ տնտեսապես անշահավետ կդարձնի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ռուսաստանի դաշնակցի տրանսպորտային շրջափակումը:
Տվյալ տրանսպորտային նախագծին չհավատացողներին հարկ է հիշեցնել Վրաստանի տարածքով թուրք-ադրբեջանական տարանցման տրանսպորտային քաղաքականության համանման օրինակը: Գաղտնիք չէ, որ Անկարան ծրագրում է մինչեւ 2014 թ. փետրվար ավարտել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալցխա-Բաքու երթուղու երկաթուղային ճյուղի շինարարությունը: Եվ սա արվում է էներգետիկ հաղորդակցությունների ցանցիՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթաուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ձեւավորման պայմանով:
Ասել, որ Հայաստանը 120 մլն դոլար պետական պարտքի դիմաց 2000-ական թթ. սկզբներին Ռուսաստանին իբրեւ սեփականություն հանձնեց նախապես անշահութաբեր եւ տեխնոլոգիական արդիականացման համար ոչ պիտանի, միայն խորհրդային չափանիշներով առաջավոր ձեռնարկություններ (ներառյալ «Մարս» միավորումը), բնավ պրոֆեսիոնալ չէ: Տվյալ ձեռնարկությունները միանգամայն հնարավոր են դարձնում արդիական արտադրության կազմակերպումը:
Դրանք չեն առաջարկվել Արեւմուտքի եւ Արեւելքի երկրներին, սկզբունքորեն ոչ էլ հայկական սփյուռքին: Գաղտնիք չէ, որ արտաքին պարտքի դիմաց ձեռնարկությունների հանձնումը հանգեցրեց Հայաստանում Ռուսաստանի հավելյալ գույքային սեփականության գոյությանը եւ տարածաշրջանում Մոսկվայի առավել ցայտուն ներկայությանը: Իսկ 120 մլն դոլար պարտքը անքան էլ սարսափելի թիվ չէ Հայաստանի եւ հայկական սփյուռքի համար: Ռուսաստանը պարտապաններ ունի աշխարհի շատ երկրներում: Նրանց պարտքերը գնահատվում են միլիարդավոր դոլարներ, թեեւ թվերը ոչ միշտ են համապատասխանում Մոսկվայի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային շահերին: Փորձագետները պետք է առավել զուսպ լինեն միջպետական հարաբերությունների հարցերում, դաշնակիցներին չվանելով Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունից եւ նախադեպեր չստեղծելով Հայաստանում, Հարավային Կովկասում եւ Արեւմուտքում հակառուսական բնույթի սադրիչ ելույթների ավելացման համար: