Սեպտեմբերի 24-ին Թուրքիան մի շարք երկրների հետ համաձայնագիր է ստորագրել եւ ստեղծել «Turqvizyon» նախագիծը, որը «կլինի «Եվրոտեսիլի» այլընտրանքը»: Նախագծին կմասնակցեն Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Մակեդոնիան եւ այլ երկրներ: Փոքր-ինչ արտառոց է, որ Վրաստանը եւ Ռուսաստանը կամ Ուկրաինան ներկայացուցիչներ են ուղարկելու «թուրքական երգարվեստի փառատոնին», բայց տվյալ դեպքում ավելի հետաքրքրական է խնդրի քաղաքական ենթատեքստը:
Միջազգային լրահոսում թուրքական նախագիծն արդեն իսկ անվանվել է «բնօրինակի ծաղրանկար»: Այդուհանդերձ, Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջին երեկ ասել է, թե «ճիշտ չէ Turqvizyon-ը դիտել իբրեւ «Եվրոտեսիլի» այլընտրանք, այդ փառատոնը կանցկացվի Էսքիշեհերում`«Թուրքական մշակույթի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում»: Ստացվում է, որ Վրաստանը, Ռուսաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ այլ` «թուրքական մշակույթի» հետ կապ չունեցող երկրներ «Թուրքիայի մշակութային մայրաքաղաքում», այնուամենայնիվ, ոչ թե սոսկ մրցութային ելույթներ կունենան իրենց ներկայացուցիչների միջոցով, այլ կնպաստեն թուրքական «դարավոր երգարվեստի եւ ազգային երաժշտության» քարոզմանը:
Ուշագրավ է, որ Թուրքիայի այդ նախաձեռնության մասին տեղեկատվությունը տարածվել է Եվրոմիության հետ կապերի գծով նախարար Էգեմեն Բաղիշի այն հայտարարությանը զուգահեռ, որ «հնարավոր է` Թուրքիային երբեւէ չի հաջողվի դառնալ Եվրոմիության անդամ»: Բաղիշը խոստովանել է, որ ԵՄ-ին անդամակցելու «ավելի քան 50 տարվա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել»: Մեկնաբանները կարծիք են հայտնել, որ «ԵՄ-ի հետ բանակցություններում, ամենայն հավանականությամբ, Թուրքիան հանձնվել է, բայց որպեսզի վերջնականապես չկորցնի դեմքը, ձգտում է ամեն գնով միջազգային հանրությանը ցուցադրել իր կայացածությունը եւ զորությունը»:
Turqvizyon-ն, ամենայն հավանականությամբ, կոչված է Եվրոպային ցույց տալու, որ Թուրքիան ընդունակ է մշակութային սեփական նախագիծը մշակելու եւ կյանքի կոչելու: Մանավանդ որ Թուրքիան 2012թ. վերջին պաշտոնապես հրաժարվել էր այլեւս մասնակցել «Եվրոտեսիլ»-ին: Այդ որոշումը պատճառաբանվել էր «քվեարկության գոյություն ունեցող կարգով», սակայն բուն պատճառը, ինչպես մեկնաբաններն են նշում, «ավելի շատ քաղաքական էր»:
Առայժմ հայտնի չէ, թե ե՞րբ կկայանա Turqvizyon-ի առաջին փառատոն-մրցույթը: Խոսքը նախնական պայմանավորվածությունների մասին է, սակայն արդեն իսկ կասկածներ կան, որ թուրքախոս երկրների մշակութային շրջանակներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները «կարող են վերապահումներ ունենալ»: Բանն այն է, որ եթե մրցույթն անցնի «թուրքական դարավոր մշակույթի» քարոզման ոգով, ապա «չի բացառված, որ թուրքախոս երկրների` մինչ այժմ որպես ազգային ներկայացվող մշակութային արժեքները կկորցնեն ինքնատիպությունը»:
Այս մանվածապատ ձեւակերպումից, որ արել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, հասկացվում է, որ Turqvizyon-ի փառատոնում թուրքախոս երկրների ներկայացուցիչները փաստացի հանդես են գալու իբրեւ «ընդհանուր թուրքական մշակույթի եւ երգարվեստի ու երաժշտության» քարոզիչներ: Այս իմաստով թուրքական «մշակութային» նախաձեռնությունը, չի բացառված, ուղղված է նրան, որ «պատմական ընդհանուր ավանդույթների» հիման վրա «ձեւավորվի նոր-թուրքական վերպետական ինքնագիտակցություն»: Իսկ դա հղի է առանձին թուրքախոս երկրների մշակութային «ինքնիշխանության» կորստի վտանգով:
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, որ գործում է մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների դեպքում, քաղաքական առումով պայմանավորված է կողմերի առավելապաշտական ձգտումներով: Բայց եթե խնդիրը տեղափոխվի «մեկ ընդհանուր մշակույթի» հարթություն, ապա նույն Ադրբեջանը միջազգային ասպարեզում անկասկած կորուստներ կունենա, քանի որ այդուհետեւ ոչ ոք լրջորեն չի ընդունի «հազարամյա ադրբեջանական մշակույթի գոյությունը»: Ամեն ինչ կընկալվի որպես «ընդհանուր թուրքական ժառանգության մասնակի դրսեւորում»:
Կգնա՞ այդ քայլին Ադրբեջանում իշխող վարչախումբը, որը վերջին տասնամյակում ահռելի միջոցներ է ծախսել` Եվրոպային ներկայացնելու ադրբեջանական «ազգային մշակույթի գանձերը»: Հազիվ թե Բաքվում չհասկանան, որ Turqvizyon նախագիծը թուրքախոս երկրների «մշակութային ինքնիշխանությունը» սահմանափակելու ենթատեքստ ունի: Առայժմ, սակայն, Թուրքիան ցուցադրում է, որ առանց Եվրոպայի կարող է «տարածաշրջանային լուրջ դերակատարություն ունենալ» առնվազն թուրքախոս երկրների «մշակութային ինքնությունը կազմակերպելու» եւ եվրոպական նախագծերին այլընտրանք ստեղծելու իմաստով: