Ռուսները շահագործման համար Իրանին են հանձնել Բուշեհրի ատոմակայանի առաջին էներգաբլոկը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
«Ռոսատոմ» պետկորպորացիայում գործակալությանը հայտնել են, որ ստորագրված երկկողմ արձանագրության համաձայն, կայանը երկու տարի երաշխիքային ժամկետի մեջ է. մի խումբ ռուսաստանցի մասնագետներ այնտեղ կմնան տեղական անձնակազմին խորհուրդներ տալու նպատակով:
Իրանում աէկի շահագործմանը սպասել էին 37 տարի: Դեռ 1975-ին աէկի շինարարությունը սկսել էին գերմանացիները, բայց 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո Գերմանիան միացել էր ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին: Նախագիծը սառեցվել էր: Իրանի բնակչությունն աճում էր, նավթի ու գազի հանքավայրերը պահանջում էին ավելի ու ավելի շատ էլեկտրականություն: Ի վերջո Ռուսաստանն ու Իրանը ստորագրել էին համաձայնագիր խաղաղ ատոմի ոլորտում համագործակցելու վերաբերյալ:
Ներկայումս աէկի շենքում գործում է BBնՀ-1000 տիպի ռեակտոր: Իրանական անձնակազմը պրակտիկա է անցել Նովովորոնեժում եւ Բալակովոյում: Բուշեհրի առաջին էներգաբլոկը Իրանի էներգացանցին կարող է տալ տարեկան 7 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Էներգաբլոկը վերջնականապես իրանական կողմին կփոխանցվի երկու տարվա երաշխիքային փորձարկումներից կամ 7 հազար ժամվա աշխատանքից հետո:
Ի դեպ, ռուսաստանցի մասնագետները գուցե վերջնականապես չհեռանան Բուշեհրից, քանի որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել աէկի 2-րդ էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: «Կոմերսանտ» թերթը սեպտեմբերի 11-ին գրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է սկսել Բուշեհրի 2-րդ էներգաբլոկի շինարարությունը: