Մինչ ոմանք տեսակետ են հայտնում, թե սեպտեմբերի երեքին Մոսկվայում նախագահ Սարգսյանի հայտարարությունը ընդամենը հռչակագրային մի բան էր, եւ դեռ շատ ջրեր պետք է հոսեն` իրական քայլեր անելու համար, երեկ Հայաստանի կառավարությունը հաստատեց Մաքսային միությանը միանալու աշխատանքների ծրագիրը, որը փաստորեն նախապատրաստական աշխատանքների ճանապարհային քարտեզ է: Եթե հաշվի առնենք նաեւ կուլիսային լուրերը, որ Մաքսային միության հայաստանյան կառույց է ձեւավորվելու (որը իբր գլխավորելու է Կարեն Կարապետյանը), ու անգամ այդ կառույցի ղեկավարի եւ ճյուղային ոլորտների պատասխանատուների անուններ են շրջանառվում, ուրեմն, կարելի է ասել` գործադիրն իր գործողություններով վաղուց նախապատրաստված է եղել այս նոր իրավիճակին, ի տարբերություն մեր քաղաքական դաշտի, որի գերակշիռ հատվածն առ այսօր պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսքը, բացառությամբ հատուկենտ անձանց: Չնայած երեկ Դավիթ Շահնազարյանը մի հետաքրքրական բացահայտում արեց, թե ով ուզեցել է ունենալ Ասոցիացման համաձայնագիրը, լավ էլ վերցրել-ծանոթացել է, ու այս խոսքում ակնարկ կար, որ նույն կերպ շատերն են տեղյակ եւ Ասոցիացման համաձայնագրից, եւ Մաքսային միության վերաբերյալ քննարկումներից, սակայն տարբեր պատճառներով չեն բարձրաձայնում:
Ինչեւէ` գործադիրի քայլերին զուգահեռ` մեր քաղաքականների իրազեկ եւ անտեղյակ քննարկումները զույգ թեմաների շուրջը շարունակվում են: Արժե երեկ հնչած բազմաթիվ տեսակետներից երկուսը ներկայացնել` իշխանական եւ հակաիշխանական:
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը կարծում է, որ Արեւելյան գործընկերության հիմնադրումից հետո այս երեքուկես տարիներին իրավիճակ է փոխվել, Արեւելյան գործընկերության յուրաքանչյուր երկիր իր շահերից, աշխարհագրական դիրքից, նախընտրություններից ելնելով ամենատարբեր շարժառիթներով գտնվում է բոլորովին այլ իրավիճակում եւ նախընտրում է համագործակցության եւ երկխոսության բոլորովին այլ ձեւաչափ: Պատահական չէ, որ մի երկիր ստորագրում է Ասոցիացման համաձայնագիրը, մյուսները նախաստորագրում են, երկուսն ընդհանրապես չկան… Մաքսային միություն մտնելու առաջարկը Հայաստանին եղել է ավելի ուշ, երբ արդեն իսկ բանակցվում էր Ասոցիացման համաձայնագիրը. «Ինտեգրացիան ընդհանրապես չի ենթադրում կոշտ նախապայմանների քաղաքականություն: Մեր նպատակը տնտեսական շուկաներում մասնակցություն ունենալն է, որովհետեւ մեր տնտեսությունն այսօր պատրաստ չէ ունենալու այն ապրանքները, որոնք գտնվելու են Եվրոմիության վաճառասեղաններին: Նույնիսկ այսօր Էստոնիան պատրաստ չէ այդ խնդիրը լուծելու` լինելով Եվրոմիության լիարժեք անդամ: Եվրոմիությունում մեզ չեն սպասում անդամության, եւ մենք էլ նման իլյուզիաներ երբեք չենք ունեցել: Մենք միշտ ասել ենք, որ եվրասիական տնտեսական տարածքն ունի գրավչություն, բայց եւ բազմաբեւեռ քաղաքականություն ենք վարել եւ չենք ափսոսում ու շատ կարեւորում ենք, որ բանակցել ենք Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որն իր կառուցվածքով (ես ծանոթ եմ նրա ողջ ծավալին) շատ ծավալուն փաստաթուղթ է, եւ այնտեղ եւս կան տնտեսական սահմանափակումներ: Ինչպես որ Մաքսայինում: Եթե դուք մտնում եք որեւէ տնտեսական համագործակցության մեջ, դա նշանակում է փոխադարձ փոխառություններ, տնտեսական դաշտում գործող կանոնների փոխպարտավորություններ եւ հանձնառություններ: Պետք չէ էդ ամեն ինչն էմոցիոնալ եւ ցավոտ դիտարկել եւ ասել` անկախության կամ ինքնիշխանության կորուստ կամ էլ չգիտեմ ինչ: Կամ ճնշումներից խոսել: Մեր հասարակությունը մեզ կճնշեր, եթե մենք գնայինք նրան, որ մեր գազի գինն էլ բարձրանար երկու-երեք անգամ: Բա մեր հասարակության շահն ո՞ւմ թողնենք, մեր պարզ քաղաքացին իրավունք ունի բարեկեցիկ եւ անվտանգ ապրելու, տնտեսական իր կարողությունները ռեալիզացնելու, միգրացիոն հոսքերն ի նկատի ունենալու: Եվ չպետք է բացառել, որ ինչ-որ ժամանակ հետո կարողանանք նաեւ տնտեսաական համագործակցություն ունենալ Եվրոմիության հետ: Ընդհանրապես` աշխարհն առաջնորդվում է շահերով եւ ոչ թե դռներով կամ վարագույրներով: Ամեն մի փակված դուռ միշտ պատրաստ է բացվելու, եթե նույնիսկ փակվել է: Ոչ մի դուռ չի փակվել եւ չի փակվելու: Ու բացված դուռն էլ կարող է լինել ոչ շահավետ, ոչ նպատակահարնար, ու հասարակությունը, քաղաքական համակարգը կարող է կայացնել այլ որոշում: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, որակումներ տալ: Սա մեր քաղաքականությունն է, մեր որոշումն է, ոչ ոք մեզ չի պարտադրել, փառք Աստծո: Մենք արդեն պատմությունից դասեր ունենալով` քսաներկու տարվա մեր անկախությունը շատ թանկ ենք գնահատում, ավելի խորն ենք գիտակցում դրա անհրաժեշտությունը: Դրոշն ու գերբը մեզ համար միայն սիմվոլ չեն, միջազգային պատասխանատվություն ու պարտավորություն են, որ մենք ստանձնում ենք մեր ապագայի համար: Մենք ձգտում ենք Ասոցիացման համաձայնագիրը եւս ունենալ ու Եվրոմիության հետ շարունակել անցած ճանապարհը, հասցնել իր տրամաբանական ավարտին եւ նոր ճանապարհներ ընտրելու քաղաքականությունը շարունակել: Դրա համար ենք ասում` համագործակցենք ԵՄ հետ այնտեղ, որտեղ չի հակասում Մաքսային միության հետ, եւ համագործակցենք Մաքսային միության հետ այնտեղ, որտեղ չի հակասում մեր արժեքային խնդիրներին, մեր համագործակցությանը հումանիտար, քաղաքական, մշակութային տարբեր ոլորտներում: Աշխարհը չի կարելի բաժանել երկու տարբեր բեւեռների, հետո ընտրել` որն է լավ, որն է վատ: Աշխարհը բազմազանության մեջ պետք է ընդունել»:
ՀԱԿ-ից հեռացած Դավիթ Շահնազարյանը եվրոպացի դիվանագետների հետ շփումներից համոզվել է, թե համագործակցությունը սեպտեմբերի երեքից հետո դեռեւս հնարավոր է շարունակել, Հայաստանը դեռ հնարավորություն ունի ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու` Ասոցիացման ծրագրում գուցե մի փոքր ավելի ցածր կարգավիճակով տեղ եւ «ասոցիացում» բառը պահպանելով, եւ դրա համար իշխանություններն պետք է անեն ամեն ինչ: Սակայն պետք է գտնել այնպիսի ձեւ, որը Հայաստանի համար Ադրբեջանից եւ Բելառուսից ավելի բարձր կարգավիճակ ապահովի: Ըստ նրա` Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրով Հայաստանը պարտավորություն էր վերցնում խորհրդարանով ընդունել օրենքներ, որպեսզի թե՛ մեր տնտեսության, թե՛ Հայաստանում արտադրվող ապրանքների մակարդակը հասնի այն չափանիշներին, ինչը թույլ կտար նրանց ազատ մուտքը Եվրոպա: Մաքսային միությունում այդ ամենը կատարելու է վերպետական կառույցը. «Ռուսաստանի տված անվտանգության երաշխիքները որտե՞ղ են` ինչ-որ նոր պայմանագիր ունե՞նք Ռուսաստանի հետ, կամ Հայաստանը ի՞նչ է խախտել Ռուսաստանի հետ իր պարտավորություններից, ո՞ւր են իրավական նոր երաշխիքները` չկան: Հատկապես Ռուսաստան-հետխորհրդային երկրներ միջազգային-իրավական-փաստաթղթային դաշտը չի գործում», Մաքսային միության հանդեպ իր անվստահությունն էր հայտնում Դ. Շահնազարյանը` դիտարկելով, թե Մաքսային միությունը քայքայվող կառույց է: