ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
1991 թվականի մայիսի 21: Անդրեյ Դմիտրիեւիչ Սախարովի ծննդյան օրը: 70 տարի: Մոսկվայում Սախարովյան առաջին միջազգային հուշ-կոնգրեսին պատգամավորներ էին հավաքվել բոլոր աշխարհամասերից: Բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոսի տիկինըՙ Ելենա Բոնները: Բացի ողջ աշխարհում հայտնի գիտնականներից եւ հասարակական գործիչներիցՙ նախագահությունում էր նաեւ ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը: Երեկոյան ես գնացի Ելենա Գեորգիեւնայի մոտ, Չկալովի փողոցում գտնվող նրա տուն: Մեքենայում հիշում էի նրա բառերը, որ ասվեցին կոնգրեսի լեփ-լեցուն դահլիճում: Այն ժամանակ ես չգիտեի, որ նիստը ուղիղ եթերով հեռարձակվում է աշխարհով մեկ: Նախօրեին ես Արցախից զանգել էի Բոններին, ինչպես հաճախ էի անում, պատմելով, թե ինչ էր կատարվել եւ ինչ էր կատարվում հենց այդ օրերին Գետաշենում, Մարտունաշենում, Հադրութի շրջանում, Բերդաձորի ենթաշրջանում: Եվ ահա Բոնների խոսքերն այդ ամենի մասին ռումբի պես որոտացին ողջ աշխարհում, մանավանդ որ հնչել էին օրը ցերեկով:
Ելենա Գեորգիեւնան հոգնած տեսք ուներ: Տունը լցված էր մարդկանցովՙ բազմադեմ, բազմալեզու: Ճիշտ է, նման պատկեր ես տեսել էի նաեւ Անդրեյ Դմիտրիեւիչի կենդանության օրոք: Սուրճի գոլորշի: Սիգարետների ծուխ (Ելենա Գեորգիեւնան անաստվածորեն շատ էր ծխում): Աղմուկ, դժժոց: Պահը որսալովՙ տանտիրուհուն ասացի, որ հենց հաջորդ օրը պետք է տուն վերադառնամ, քանզի այնտեղ իրավիճակը բոլորովին ծայրահեղանում է:
– Գժվե՞լ ես,- բարձրաձայն նետեց նա:
– Լյուսիա, ոչ ոք չգիտի, որ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Խորհրդային բանակը: Ոչ ռուսական, այլՙ խորհրդային:
– Մի՞թե չես հասկանում,- ընդհատեց նա ինձ,- որ վաղվանից մեր կոնգրեսում արդեն սեկցիաների նիստերն են սկսվում: Իսկ դու պաշտոնապես ընդգրկված ես մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այսինքնՙ ժողովրդի իրավունքների խախտումների հանձնաժողովի կազմում: Եվ չէ՞ որ գլխավորն այն է, որ այդ հանձնաժողովը գլխավորում է ինքըՙ Քերոլայն Քոքսը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակը: Եվ դու պետք է անպայման ելույթ ունենաս:
– Ախր, հասկացի՛ր, Լյուսիա, մենք արդեն հոգնել ենք ամեն տեսակի անպտուղ խոսակցություններից:
– Քերոլայն Քոքսը այդ դեպքը չէ: Իսկ հիմա պետք է տրամադրությունդ գցեմ…
– Ինձ արդեն անհնար է վշտացնել: Տեղ չկա:
– Ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարծում ես: Այսօր ընդմիջմանը եսՙ որպես Սախարովյան կոնգրեսի նախաձեռնող եւ կազմակերպիչ, նախագահությանը հրավիրեցի թեյի: Այնտեղ էին Գորբաչովը եւ Ռայիսա Մաքսիմովնան: Նախագահի դեմքը կարմրած էր: Ես հասկանում էի, որ դրա պատճառը Ղարաբաղի վերջին իրադարձությունների մասին իմ բառերն էին: Ես ներկայացրի այն ահավոր պատմությունը, որի մասին հեռախոսով տեղեկացրել էիր ինձ Արցախից նախորդ օրը: Խոսքը երեք երեխաների մայր եւ դեռ հղիության իններորդ ամսում գտնվող բերդաձորցի կնոջ ճակատագրի մասին է: Պատմում էիՙ ուշադիր նայելով Գորբաչովի եւ Ռայիսա Մաքսիմովնայի դեմքերին:
Երբ ասացի, որ հղի կնոջ, նրա երեք երեխաների եւ քիչ հեռվում կանգնած խորհրդային ներքին զորքերի զինվորների աչքի առջեւ ադրբեջանցի օմոնականները գազանաբար սպանել են նրա ամուսնուն, իսկ հետո չորս օր թույլ չեն տվել թաղել, այդ ահավոր վարմունքը բացատրելով, թե հողը պատկանում է ադրբեջանցիներին, Գորբաչովի դեմքը փոխվեց: Իսկ նրա կինը շարունակում էր թեյ խմել: Կծեց թխվածքը եւ այսպես հանգիստ հարցրեց. «Ինչո՞ւ եք դուք ատում ադրբեջանական ժողովրդին, Ելենա Գեորգիեւնա»: Ահա այսպիսի, մեղմ ասած, տարօրինակ արձագանք մարդկային ողբերգությանը: Անսպասելիությունից մի պահ ինձ կորցրի, բայց ուշքի գալով, նրանց հիշեցրի անցյալ տարի իմ եւ Անդրյուշայիՙ Բաքու կատարած այցելության մասին, որտեղ Վեզիրովն ասաց, թե «հողն առանց արյան չեն տալիս»: Մի խոսքով, վաղն առավոտից հյուրանոցից ուղիղ գնում ես Համմերի կենտրոն: Քոքսի հանձնաժողովի նիստն այնտեղ է ընթանալու:
Բարոնուհի Քոքսի հանձնաժողովը տեղավորված էր ութերորդ հարկում: Տոթ եւ անքամի օր էր: Այդքան հեղինակավոր հանձնաժողովի նախագահը, որ հիսունամյա մի կին էր, թեթեւ, վուշե շրջազգեստով, յուրաքանչյուր հերթական նախադասությունն ավարտելուց հետո կտրուկ շրջվում էր, հայացքն ուղղելով թարգմանչին եւ անպայման լայն ժպտալով: Երկար սեղանի շուրջը նստած էին մոտ քսան մարդՙ տարբեր երկրներից: Նա ուշադիր լսեց բոլորին: Վերջինը ես պետք է խոսեի: Հենց այդ պահին սենյակ մտավ Ելենա Բոնները: Լուռ տեղավորվելով հենց դռան մոտ, նա շտապ մի գրություն գրեց, եւ ես մեկ րոպե անց ստացա չորստակ ծալված թուղթը. «Ինչպես երեկ էինք պայմանավորվել, պատմիր վերջին իրադարձությունների մասին, փախստականների, վրանային կացավայրերի մասին: Չէ՞ որ ինքդ էիր երեկ ասում, որ Մոսկվայում նիստ անելու փոխարեն ավելի լավ կլիներ անցկացնեին գյուղում, որտեղ գտնվում են փախստականները… Անվանումները չեմ հիշում…»:
Հիշեցնեմ: Դա Կոռնիձոր գյուղն էր: Գորիսի շրջանում: Լեգենդար, գեղեցիկ գյուղ է, որը շատ եմ սիրում: Այն ժամանակ այնտեղ մի ողջ վաշտ տանջահար փախստականներ էին Բերդաձորից: Եվ ահա ես Քոքսի հանձնաժողովի անդամներին մանրամասն պատմեցի, թե ինչ է կատարվում Արցախում: Ես ասացի, որ բարձր եմ գնահատում Սախարովյան ողջ կոնգրեսի եւ առանձնապես հանձնաժողովի աշխատանքը, որն զբաղվում է զանգվածների, ժողովուրդների իրավունքներով, եւ առաջարկեցի հերթական նիստն անցկացնել Կոռնիձորում, Երեւանում, թեկուզ Ադրբեջանի սահմանի վրա:
Առաջին հարցը, որ ինձ ուղղեց լեդի Քոքսը, ոչ մեկին չզարմացրեց: Ինձ թվում է, բոլոր ներկաները նույնպես ցանկանում էին իմանալ պատասխանը: Նա հարցրեց. «Աշխարհագրորեն որտե՞ղ է գտնվում Ղարաբաղը»: Առաջ անցնելով ասեմ, որ մեկ տարի անց Քոքսը մի ողջ մենագրական բրոշյուր էր գրելու Ղարաբաղում հայերի ցեղասպանության մասին:
Հյուրընկալողներից մեկը բերեց վատմանի մի հսկայական թերթ եւ ֆլոմաստերներ: Երկու կամավորներ սիրով սկսեցին օգնել ինձ: Նրանք երկու կողմից թուղթը մատներով սեղմեցին պատին, իսկ ես բավական արագ ձախ կողմում գիծ տարա, նշելով Սեւ ծովի արեւելյան ափը, աջիցՙ Կասպից ծովի արեւմտյան ափը: Վերեւումՙ Կովկասյան լեռնաշղթայի գիծը: Ներքեւում, ձախիցՙ Թուրքիան, աջիցՙ Իրանը: Մեջտեղում տեղավորեցի երեք հանրապետությունները, ցայտուն նշելով Ղարաբաղի սահմանները: Ինչ-որ մեկն ասաց, որ հիմա արդեն երբեք չի մոռանա, թե որտեղ է Ղարաբաղը: Լեդի Քոքսը հարցրեց.
– Այ, դուք մեզ հրավիրում եք Ղարաբաղ: Իսկ ինչպե՞ս եք դա պատկերացնում գործնականում: Չէ՞ որ բոլորս վիզաներ ունենք մինչեւ Մոսկվա:
Չսպասելով պատասխանիՙ առաջարկեց իր ստորագրությամբ նամակ գրել Գորբաչովին:
Նամակի նախագիծը ես գրեցի Ելենա Գեորգիեւնայի օգնությամբ, ինչ-որ մեկը հընթացս թարգմանեց անգլերեն: Եվ անմիջապես էլ նամակը հեռագրով ուղարկվեց Կրեմլ:
Երկար սպասեցինք պատասխանի: Երրորդ օրը Քերոլայնը երկրորդ հեռագիրն ուղարկեց: Այս անգամ տեքստը թելադրեց ինքը: Ընդգծված նախազգուշացրեց, որ նամակը գրված է հանձնաժողովի բոլոր անդամների անունից, միաժամանակ թվարկելով երկրները. Անգլիա, ԱՄՆ, Նորվեգիա, Ճապոնիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, ԽՍՀՄ: Եվ նախազգուշացրեց, որ անտեսելու դեպքում հանձնաժողովն ստիպված կլինի նախագահին ուղղված նամակի տեքստը հրապարակել Սախարովյան կոնգրեսի ավարտական նիստի ժամանակ:
Մեկ ժամ անց պատասխան եկավ Գորբաչովից, որտեղ ասվում էր, թե Քոքսի հանձնաժողովին թույլատրվում է այցելել տարածաշրջան: Առանց որեւէ պարզաբանության, թե կոնկրետ ով եւ որտեղ պետք է ձեւակերպի փաստաթղթերը եւ ինչպես պետք է հանձնաժողովի անդամները հասնեն «տարածաշրջան»: Գործը բարդանում էր նաեւ նրանով, որ շաբաթ օր էր, երեկո: Պատմելով այդ դրվագի մասին «Դժոխք եւ դրախտ» գրքում, ես գրել եմ. «Թե ինչպես մենք հասանք Երեւան, միայն Աստծուն է հայտնի»: Կարծում եմ, հիմաՙ 22 տարի անց, երբ Քերոլայն Քոքսը 80-րդ անգամ է այցելում, գորբաչովյան տերմինաբանությամբ, «տարածաշրջան», անհրաժեշտություն կա հիշելու, թե համենայն դեպս ինչպես հաջողացրինք այդ երեկո կազմակերպել Քոքսի առաջին այցելությունը, որն արդեն պատմություն է դարձել:
…Գորբաչովի հեռագիրը կառավարական էր: Կարմիր գույնի: Դա արդեն լուրջ փաստաթուղթ է: Ես զանգեցի «Վնուկովո» օդանավակայանի ՎԻՊ-ի ղեկավարին, ներկայացա որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր: Հեռախոսով հնչեցրի Գորբաչովի հեռագրի տեքստը: Զանգեցի Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Էդվարդ Հայկազյանին, որի հետ կապված էինք ամուր բարեկամությամբ (դժվար է գերագնահատել նրա դերը այն դժվարին ժամանակներում), եւ խնդրեցի, որ առանց հարցեր տալու, շտապ ավտոբուս ուղարկի «Ռոսիա» հյուրանոց: Կես ժամ անց խնդրանքս կատարվեց: Քոքսը ինձ տվեց հանձնաժողովի 20 անդամներից 12-ի ցուցակը: Նա չգիտես ինչու լուռ ենթարկվում էր, ուշադիր հետեւելով իրեն ոչ այնքան հասկանալի գործընթացին: Միայն մեկ անգամ ասացՙ սովորականի պես ժպտալով. «Ոչինչ չեմ հասկանում: Մենք վիզաներ չունենք, նույնիսկ տոմսեր չունենք: Ոչինչ չեմ հասկանում: Ես եւ իմ բոլոր գործընկերները անզուսպ նետվում ենք դեպի Ղարաբաղ, երբ դեռ երեկ չգիտեինք, թե որտեղ է գտնվում»:
Ես զանգեցի Երեւանի ավիացիայի ղեկավար Դմիտրի Ադբաշյանին, որն ասաց. «Մի ահավոր բան է կատարվում Վնուկովոյում, քանի որ այդՙ երեկոյան չվերթի համար ոչ մի տոմս չկա»: Եվ լավատեսորեն հավելեց. «Մի բան կմտածենք»:
Սանդուղքով բարձրացանք ահռելի «Իլ-86»-ի առաջին սրահ, իմանալով, որ բոլոր 300 տեղերը զբաղված են: Առաջինը, որ ուշադրություն գրավեց, լուռ ուղեւորների տխուր դեմքերն էին: Մայիսի 24-ն էր: Ամսվա բոլոր նախորդ օրերին, սկսած մայիսի 1-ից, մեր ժողովուրդը ողբերգություն ապրեց: Գետաշեն, Մարտունաշեն, Բերդաձոր, Հադրութի շրջանի գյուղեր… Զավթված գյուղեր: Փախստականներ: «Կոլցո» գործողություն: Բարբարոսների եւ վանդալների անպատժելիություն: Այդ ամենն արտացոլված էր մեր հայրենակիցների վշտակիր դեմքերին:
Ներքին հաղորդման բարձրախոսով ես դիմեցի ուղեւորներին: Պատմեցի իրավիճակի մասին: Բացատրեցի, թե ովքեր են մեր հյուրերը, ինչ նպատակով ենք թռչում Երեւան: Խնդրեցի հնարավորության դեպքում գիրկն առնել այն երեխաներին, որոնք տոմսեր ունեին: Չէի հասցրել խոսքս ավարտել, երբ հանկարծ բոլոր ուղեւորներն ակնթարթորեն ոտքի ելան: Թե՛ ծեր, թե՛ երիտասարդ: Ես լսեցի, թե ինչպես էին թարգմանիչները մեր հյուրերի համար թարգմանում այն ամենը, ինչ կատարվում էր օդանավում: Ես շրջվեցի: Նայեցի Քոքսին: Նա լայն ժպտացՙ չթաքցնելով արցունքները:
Այդ պահը երբեք չեմ մոռանա: Ես դեռ այն ժամանակ իսկական հայտնագործություն կատարեցի մեր ժողովրդի համար: Մի ինչ-որ շոշափելի շարունակությունը Բայրոնի, Գրիբոյեդովի, Նանսենի, Բրյուսովի, Գորոդեցկու… Բարեբախտաբար, նրանք շատ են աշխարհում:
Մեկ րոպե անց ես հասա մինչեւ հսկա օդանավի պոչամասը, վերադարձա: Բոլորը նստել էին: Կանգնած մարդ չկար: Միայն ես տեղ չունեի: Օդաչուական խցիկում տեղավորվեցի: Գիշերվա ժամը երեքին վայրէջք կատարեցինք Երեւանում: Մեզ դիմավորեց Արա Սահակյանը, որը հիանալի կերպով կազմակերպել էր ամեն ինչ, այդ թվում եւ Քոքսի խմբի ուղեւորությունները Զանգեզուր: Կրկնում եմ, գիշերվա ժամը երեքին: Քանզի առավոտյան ժամը վեցին խմբի մի մասը (առանց նախաճաշելու) ուղեւորվեց Գորիսի շրջան, որտեղ գտնվում էին Բերդաձորի փախստականները, իսկ մյուս մասըՙ Ոսկեպար, որտեղ մեկ շաբաթ առաջ ազերական հանցախումբը դիմահար գնդակահարել էր հայ միլիցիոներների մի ողջ ջոկ:
Հաջորդ օրը ուշ երեկոյան լեդի Քոքսը «Հրազդան» հյուրանոցում հավաքեց ողջ խմբին եւ առաջարկեց դիմել Մութալիբովին, որպեսզի հանձնաժողովին թույլ տան թռչել Բաքու: Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարի օգնականը ԲՀ սարքով պատասխանեց, թե ոչ ոք երբեք Բաքու չի գա Երեւանի վրայով: Հենց այդ նույն երեկո Քերոլայնը համառորեն խնդրեց ինձ, որ նորից ուղեւորություն կազմակերպեմ Գորիս, այնտեղից էլՙ Լաչինի շրջանի սահման: Ինձնից նա թաքցրեց իր մտադրությունը: Շուտով Գորիսից ինձ զանգեցին եւ ասացին, որ բարոնուհին իր խմբի հինգ քաջերի հետ, փայտին կապելով սպիտակ լաթը, անցել է սահմանը եւ ուղղվել դեպի Լաչին: Մի քանի ժամ անց նրանք ընկել են խորհրդային զինվորների եւ ադրբեջանցի օմոնականների ձեռքը: Հենց այնտեղ էլ Քոքսն այն ժամանակ վերջնականապես հասկացավ ու գիտակցեց, որ ըստ էության վաղուց սկսված պատերազմի այդ փուլում ոչ մի հաշտություն հնարավոր չէ: Ազերիները թույլ չեն տա, որ հայերը ողջ հեռանան:
Միայն արյուն:
Երկար տարիներ նա որպես իրավապաշտպան այցելել է Սուդան, օգնություն ցուցաբերելու տեղի քրիստոնյաներին: Եվ այստեղ էլՙ Լաչինի սահմանին նա իմացավ, որ ոչ մի բանի եւ ոչ ոքի հետ չի կարելի համեմատել այն իրավիճակը, որում հայտնվել են հայերը:
Հաջորդ առավոտ ես եւ Լյուդմիլա Հարությունյանը, օգտվելով մեր մանդատներից, կազմակերպեցինք լեդի Քոքսի հանդիպումը պաշտպանության նախարար Յազովի եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Լուկյանովի հետ, ինչպես նաեւ մեծ մամլո ասուլիսՙ Մոսկվայում: Դա 1991 թվականի մայիսի 28-ին էր: Այդ օրից սկսած, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակի անունը հայտնի դարձավ ողջ Հայաստանում, ողջ Սփյուռքում: Բայց մենք այն ժամանակ չգիտեինք, որ նա բազմաթիվ փաստաթղթերով ողջ աշխարհին պատմելու էր այն մասին, թե ինչ է այսօր Արցախը, եւ իրականում ինչ է կատարվում այդ փոքրիկ քրիստոնեական անկյունում:
Լոնդոն թռչելուց առաջ նա ինձ նայեց տխուր աչքերով եւ մեղմ ասաց. «Եղբա՛յր իմ, եթե Ղարաբաղում վիճակը շատ ծանրանա, թեեւ չգիտեմ, թե ինչ կարող է ավելի ծանր լինել, քան մեր տեսածն ու լսածը, ապա ինձ տեղյակ պահիր»: Այն ժամանակ ես այդ բառերն ընդունեցի որպես քաղաքավարության սովորական նշան: Եվ պարզապես պատասխանեցի երկու բառով. «Շնորհակալ եմ, քո՛ւյր»:
…Այն օրերին ես հաճախ էի հիշում նրա վերջին խոսքերն օդանավակայանում: Օրեցօր Արցախում եւ Շահումյանի շրջանում վիճակն ավելի ծայրահեղ ու ողբերգական էր դառնում: Ըստ էության, ամենաիսկական պատերազմ էր: Իսկ պատերազմումՙ ինչպես պատերազմում: Պետք է կռվել, դիմադրել, հարձակվել: Այստեղ պետք է հիշել, որ ԼՂԻՄ-ի տարածքում տեղակայված էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի վեց հազար զինվորներ, որոնք ծայրահեղ դեպքում տարբեր ստորաբաժանումների ազնիվ հրամանատարների ղեկավարությամբ թույլ չէին տալիս ցեղասպանություն իրագործել: Եվ հանկարծ 1991 թվականի հուլիսի 4-ին հեռուստատեսությամբ եւ ռադիոյով բաց տեքստով հնչեցնում են նախագահ Գորբաչովի հրամանագիրըՙ Շահումյանի շրջանից զորքերը դուրս բերելու մասին: Միեւնույն ժամանակ տեքստում ընդգծվում էր, որ «Մութալիբովը խոստանում է չտեղահանել հայ բնակչությանը»: Այդպիսի, պարզապես ախտաբանական ցինիզմ, կարծում եմ, աշխարհը դեռ չէր տեսել: Գորբաչովը պատկերացում չուներ, որ դեռ չէր չորացել թանաքը, որով նա ստորագրել էր հրամանագիրը, երբ սկսեցին կրակի ճարակ դառնալ շահումյանական Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը: Գնդակոծվում էին Գյուլիստանը, Վերինշենը, Հայկական Բորիսները եւ այլ գյուղեր: Եթե միայն այդքանը լիներ: Այդ նույն ժամերի ընթացքում ադրբեջանական օմոնականները ներքին զորքերի անվան տակ ներխուժեցին Հադրութի շրջանի քսան գյուղեր:
Մենք այդ մասին անմիջապես հաղորդեցինք բազմաթիվ հասցեատերերի: Ես հեռագիր ուղարկեցի նաեւ Քոքսին: Մեկ ժամից նա պատասխանեց: Անհնար էր հանգիստ կարդալ այդ տեքստը: Նա հայտնում էր, որ ստացել է իմ հեռագիրը: Իր օգնականուհու միջոցով կարգադրել է կապվել իր թիմի անդամների հետ, իսկ ինքը պետք է թռչեր Կանադա, որտեղ նախօրեին նրա դուստրը ծննդաբերության ժամանակ կորցրել էր երեխային: Հեռագիրն ավարտել էր հետեւյալ բառերով. «Գոնե մեկ օր նստեմ դստերս կողքին, իսկ այդ ընթացքում կհավաքվեն իմ գործընկերները, եւ մենք անպայման կթռչենք Երեւան: Խնդրում եմ, այդ մասին տեղեկացնել Բոններին»:
Այդ օրերին Ելենա Գեորգիեւնան անդադար զանգում էր ինձ: Նա ձգտում էր հասնել այն բանին, որ Քոքսի խմբին ընդունեին Բաքվի ղեկավարները: Ինքըՙ Քերոլայնը կապվել էր իր ծանոթներ Յազովի եւ Լուկյանովի հետ: Մի խոսքով, հանդիպումը Բաքվում կայացավ: Թռան Մոսկվայից: Խմբին ընդունել էին Մութալիբովը եւ Պոլյանիչկոն: Ելենա Գեորգիեւնան Քոքսի թիմի կազմում էր ընդգրկել իր որդի Ալյոշային:
Մի ամբողջ պատմություն է, թե ինչպես Բաքու ուղարկեցինք հայկական «Յակ-40»-ը, որպեսզի Քոքսի խմբին Երեւան հասցնենք: Պարզվեց, որ ե՛ւ Մութալիբովը, ե՛ւ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Պոլյանիչկոն խմբին հնարավորություն չէին տվել խոսել: Միայն մի գլուխ շնչակտուր պատմել էին անշնորհակալ հայերի մասին, որոնք, իբր, տեղահանել էին բոլոր ազերիներին, նրանց պատանդ էին վերցրել, հրկիզել էին ադրբեջանցիների տները: Շահումյանի շրջան այցելելու Քոքսի խնդրանքին պատասխանել էին, թե անհանգստանում են նրա ճակատագրի համար: Բայց երբ խումբը թռավ Երեւան եւ անմիջապես էլ ուղղաթիռով մեկնեց Ստեփանակերտ, Քոքսը եղավ ե՛ւ Շահումյանի շրջանում, ե՛ւ Շուշիում, ե՛ւ Բերդաձորում, եւ՛ նույնիսկ Հադրութի շրջանի Դոլանլար վառվող գյուղում: Վերադարձին նորից հանդիպեց Յազովի եւ Լուկյանովի հետ: Մեկ շաբաթ անց Լորդերի պալատում նա պատմեց ղարաբաղյան մղձավանջների մասին:
…«Գրադ»-ի առաջին հարվածը բաժին ընկավ Շահումյանին: 1992 թվականի հունվարի 13-ն էր: Նորից կպանք ԲՀ հեռախոսին: Տեղեկացրինք բոլորին, ում հնարավոր էր: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Դուբինինն ասաց. «Նման բան չի կարող լինել. դա ահավոր կրականետ է»: Մեր հեռագրերը հասան աշխարհի բոլոր պառլամենտներին: Մահաբեր կայանքներից հարյուրկիլոգրամանոց եւ երեքմետրանոց հրթիռը հարվածում էր հայկական փոքրիկ գյուղին: Աշխարհը լռում էր: Արձագանքեցին միայն լեդի Քոքսը եւ Անդրեյ Նույկինը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ էր եղել Արցախումՙ մասնակցելու մեր պատմության մեջ արցախյան առաջին խորհրդարանի անդրանիկ նիստին: Չէր հասցրել տուն վերադառնալ, երբ տեղեկացել էր, որ Շահումյանում «Գրադ» են կիրառել: Թռավ Երեւան, եւ մենք նույն օրը մեկնեցինք Շահումյան: Մեզ դիմավորեց Շահեն Մեղրյանը: Ցույց տվեց դպրոցը, որն իրականում արդեն գոյություն չուներ: Մի կողմից մտնելով դպրոցի շենքը, հրթիռը մյուս կողմից դուրս էր նետել ներսում եղած ամեն ինչ: Չէ՞ որ «Գրադ»-ը ոչ միայն պայթեցնում է, այլեւ հրկիզում: Բարեբախտաբար, երեխաները դպրոցից գնացել էին տասը րոպե առաջ: Քիչ հեռու, ճամփեզրին ընկած էին հրթիռի բեկորները: Քոքսն առաջարկեց, որ դրանք տանենք մեզ հետ: Այն ժամանակ ես դեռ չգիտեի, թե մտքին ինչ կար: Միայն մեկ օր անց, արդեն Ստեփանակերտում, նա առաջարկեց ինձ եւ Պարգեւ սրբազանին իր հետ մեկնել Մոսկվա, իսկ այնտեղիցՙ ԱՄՆ:
Մոսկվայում Քոքսը հանդիպումներ կազմակերպեց ԱՄՆ-ի, Կանադայի, ԳՖՀ-ի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դեսպանների հետ: Եվ ամենուր ցույց էր տալիս «Գրադ»-ի բեկորները: Նույնն արեց Վաշինգտոնում, Սպիտակ տանը, ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Բրենդա Սկոկքրաֆթի աշխատասենյակում, որի տերը, ձեռքում երկար շուռումուռ տալով երկաթի կտորը, արտասանեց «հրեշ» բառը: Ես նրան հարցրեցի. «Հնարավո՞ր է արդյոք պայքարել նման հրեշի դեմ»: Նա պատասխանեց. «Հրեշի դեմ հրեշ է հարկավոր»:
Կարող եմ ասել, որ հենց նույն հունվար ամսվա երրորդ տասնօրյակում Շուշիի կրակակետից Ստեփանակերտ թռան հարյուրավոր նման հրեշներ, փլատակների վերածելով իմ հարազատ քաղաքը:
…Ամեն անգամ բարոնուհուն ուղեկցում էր նոր թիմ: Նա այդպես էլ ասում էրՙ «թիմ»: Պատերազմի տարիներին ավելի հաճախ դրանք բժիշկներ էին, քաղաքական գործիչներ, լորդեր եւ լրագրողներ: Նրանք բոլորը տարբեր երկրներից էին: Եվ ամեն այցելության հետ աճում էր մեր բարեկամների թիվը: Ապշեցնում էր այն, որ նա ծրագրում էր, ինչպես ինքն էր ասումՙ «այցի բովանդակությունը»: Երբ իմացավ Քարինտակի մարտի մասին (1992 թվականի հունվարի 26), հասկացավ, որ սկսվել է արդեն իսկական պատերազմ, որն ընթանալու է Արցախի տարածքում: Իսկ դա նշանակում է, որ ահռելի քանակով վիրավորներ գտնվելու են իրենց տանը: Եվ 1992 թվականի փետրվարի սկզբից մինչեւ ապրիլի կեսը 40 տոննա բեռնատարողությամբ Իլ-76-ով կազմակերպեց մարդասիրական օգնության հինգ չվերթ: Հիրավի, դրանք «շտապ օգնության» օդային ծառայություններ էին: Օդով տեղ էին հասնում հավանաբար հարյուրավոր կիլոմետրերով վիրակապեր, չխոսենք արդեն տոննաներով, այսպես ասածՙ ռազմաճակատային դեղորայքի մասին: Նա հաճախ էր կրկնում, որ մարդը չպետք է մահանա ցավից, եւ վիրավորները չպետք է տառապեն ցավից: Ոչ առանց հպարտության նա աշխարհին պատմում էր, որ Արցախում շատ հաճախ մահից փրկել են ադրբեջանցի գերիներին: Այդ մասին մանրամասն պատմում է Վալերի Մարությանի «Պատերազմի հետքը երկար է մնում» գիրքը: Նա յուրօրինակ դեղամիջոցներ էր համարում նաեւ հիանալի սնուցող փոշիները, որոնցից եփում էին կալորիական ապուրներ: Ժողովուրդը դրանք կոչում էր «Քոքս-սուպ»: Մի մեծ բանկան մի ամբողջ շաբաթ բավականացնում էր մի ընտանիքի: Շուշիի ազատագրումից անմիջապես հետո նա նույն Իլ-76 բեռնատարով տեղափոխում էր անգլիական ռազմական շտապ օգնության մեքենաներՙ երկու կողմերից նկարված հսկայական կարմիր խաչերով: Հիշում եմ, թե ինչպես Ստեփանակերտի հոսպիտալի բակում նա ինքը նստեց մեքենայի ղեկին եւ առաջարկեց Արցախի ինքնապաշտպանության բանակի հրամանատար Սերժ Սարգսյանին նստել իր կողքին: Բժիշկների քրքիջի եւ վիրավորների բուռն ծափերի ներքո նա ճարպկորեն վարեց կարմիր խաչով մեքենան հոսպիտալի բակով մեկ: Ապա իր կողքին նստել առաջարկեց Արցախի ռազմաբժշկական ծառայության հիմնադիր Վալերի Մարությանին:
Ի դեպ, պատերազմի բոլոր ծանր տարիների ընթացքում Քոքսն ու իր հյուրերը հանգրվանում էին Վալերիի երկհարկանի տանը: Աղդամի ազատագրումից առաջ Ստեփանակերտի բնակիչները գիշերներն իջնում էին նկուղները: Նույնն էր կատարվում եւ Վալերիի տանը: Միայն Քոքսն էր քնում բաց պատշգամբում, քնապարկի մեջ: Իսկ ես այդ մասին հիշեցի, որպեսզի պատմեմ ընթերցողներին, թե ինչպես էր հուշատետրից ու գրիչից չբաժանվող Քերոլայնը գիշերները հաշվում հրթիռների քանակը, որոնք Շուշիից կարմիր կրակահետքերով թռչում էին Ստեփանակերտի վրա: Մի առավոտ պատմեց, թե ինչպես է վարում «թռչող մահերի» հաշիվը: Ամեն անգամ գրանցել էր մինչեւ 40 հրթիռ: Դա մեկ կրակոցի քանակն է: Եվ ահա մի անգամ, ինչպես ինքն ասաց, ստացվեց 10 անգամ 40: 400 հրթիռ: Եվ այդ թիվը նա հնչեցրեց բոլոր 5 մայրցամաքներում:
…1992 թվականի ավարտն էր: Շուշիի եւ Լաչինի ազատագրումից հետո, որքան էլ հակասական հնչի, մեր վիճակը չթեթեւացավ: Ամեն օր չարաղետ ՄԻԳ-21 եւ Սու-25 ինքնաթիռները ռմբարկում էին Ստեփանակերտը, շրջկենտրոնները եւ շրջակայքը: Աղդամը հրթիռային զարկեր էր տեղում Ստեփանակերտի, Ասկերանի, Նորագյուղի եւ բազմաթիվ գյուղերի վրա: Հենց այդ ժամանակ Քոքսն իր յուրաքանչյուր հերթական թիմում ընդգրկում էր բժիշկների եւ ականազերծման մասնագետների, ինչպես նաեւՙ Լորդերի պալատի իր գործընկերներին:
…1992 թվականի դեկտեմբերին Քոքսի թիմում հայտնվեց նաեւ լորդ Մալկոլմ Պիրսոնը դստեր հետ: Մեկ շաբաթ նա ապրեց գործնականում անվերջանալի կրակի տակ: Հանգիստ էր: Զրույցների ժամանակՙ ժպտուն: Ամենից շատ վրդովվում էր, որ աշխարհը լռում էր, թեեւ բոլոր մեծ տերությունները գիտեին, թե ինչ էր կատարվում Ղարաբաղում: Շուտով ես իմացա, որ Մալկոլմի հուշատետրի նշումները, ինչպես ինքն էր ասում, յուրօրինակ բիկֆորդյան քուղ էին: Արցախյան այցելությունից հետո Լորդերի պալատի առաջին նիստին Մալկոլմ Պիրսոնը ուղղակի վառեց իր «բիկֆորդյան քուղը»: Պայթյունը լսվեց Լոնդոնի սահմաններից շատ հեռու: Նա մանրամասն պատմեց այն ամենը, ինչ տեսել էր սեփական աչքով: Լուսանկարել էր ռազմավարային զինատեսակները, որոնք պատրաստվել էին եվրոպական երկրներում եւ ամենից շատՙ Թուրքիայում:
Իր ելույթից բառացիորեն մեկ օր անց նա վերջնագիր ստացավ Թուրքիայից: Պարզվեց, որ այդ արի, սկզբունքային եւ իմաստուն շոտլանդացին համատեղ ապահովագրական բիզնեսում ընդհանուր բաժնետերեր ուներ: Վերջնագիրն ուղղակի խստիվ պահանջ էր դնում. «Կամ հրապարակավ հրաժարվում ես քո բառերից, կամ խզում ենք պայմանագիրը»: Իսկ դա նշանակում էր կորցնել ավելի քան չորս միլիոն ֆունտ ստեռլինգ: Եվ Պիրսոնը պատասխանեց Լորդերի լեգենդար պալատի բարձր ամբիոնից. «Ինձ համար մեկ երեխայի կյանքը, տվյալ դեպքումՙ ղարաբաղցի երեխայի, թանկ է բոլոր փողերից»: Ի դեպ, Քոքսը մի անգամ ասաց, որ Պիրսոնի եւ Սոլժենիցինի ընտանիքները կապված էին ամուր բարեկամությամբ: Եվ Լոնդոն կատարած հերթական ուղեւորության ժամանակ մենք Քերոլայնի հետ այցելեցինք Պիրսոնի տուն, որտեղ այդ ժամանակ հյուրընկալված էր «ԳՈՒԼԱԳ արշիպելագ» գրքի մեծ հեղինակի որդինՙ Իգնատ Սոլժենիցինը:
Քերոլայնը չէր կարող չհնչեցնել «ԳՈՒԼԱԳ արշիպելագ»-ի հեղինակի հայտնի բառերը, թե ինչպես Լենինի կամքով «Ղարաբաղը կտրելովՙ հանձնեցին Ադրբեջանին»:
…Ինչպես արդեն նշել եմ այս նյութի սկզբում, գրիչ վերցնելու առիթ ծառայեց բարոնուհի Քերոլայն Քոքսի յուրօրինակ հոբելյանըՙ նրա ՈՒԹՍՈՒՆԵՐՈՐԴ այցելությունը Արցախ: Առաջին եւ ութսուներորդ այցելությունների միջեւ ընկած են երկար ու չափազանց բարդ 22 տարի եւ 4 ամիս: Եվ իհարկե, ես չէի կարող այդ ազնվահոգի, հիրավի քաջասիրտ կնոջ, քրիստոնեական գործչի, տաղանդավոր բժշկի իրոք հոբելյանական այցելությունը չնախորդել գոնե համառոտ հուշերով, թե ինչպես է դա եղել: Սակայն խոստովանեմ, չէի հաշվարկել, թեեւ լավ գիտեի, որ լրագրային սահմանափակ էջերը չեն կարող ամենը տեղավորել: Կարող եմ միայն ասել, որ լեդի Քոքսի մասին շատ է գրվել: Մանավանդ «Դժոխք եւ դրախտ» գրքում: Նա ինքը յուրաքանչյուր այցելությունից հետո մի ողջ բրոշյուրի ծավալի մանրամասն հաշվետվություն է կազմում: Կարծում եմ, դրանք հսկայական արժեք կունենան Ղարաբաղյան պատերազմի եւ Արցախի պատմության տարեգրության համար:
Էլի մի բան. թող ոչ մեկին չզարմացնի (մանավանդ ադրբեջանցիներին), թե ինչու հանկարծ այդ կինը բառացիորեն առաջին այցելությունից հետո պատրաստ էր կյանքը տալ քրիստոնեական Արցախի համար: Ես պետք է ասեմ, որ այստեղ կա բացարձակ տրամաբանություն եւ օրինաչափություն: Քանզի նույնը կարելի է ասել Սուդանի, Եթովպիայի, Սերբիայի, Հյուսիսային Կիպրոսի քրիստոնեական ժողովուրդների առումով: Քոքսը գրել է հարյուրավոր հոդվածներ եւ տասնյակ մենագրություններ քրիստոնյաների ողբերգական ճակատագրերի մասին, որոնք ճնշվել են ավելի հաճախ պանթուրքական ուղղվածության իսլամիստների կողմից: Եղել է աշխարհի մոտ 40 երկրներում, որտեղ վաղուց պատմականորեն ձեւավորվել են հայկական գաղութներՙ իրենց եկեղեցիներով, դպրոցներով, քաղաքական կուսակցություններով, մշակութային կենտրոններով, հրատարակչություններով: Բավական հաճախ ես եւս ուղեկցել եմ Քոքսի խմբին այդ թվում եւ հարավային կիսագնդումՙ Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտիայում, Ավստրալիայում: Եվ ամենուր նա մեկ նպատակ է ունեցել, մեկ գերխնդիրՙ Արցախը, որն, ինչպես ինքն է հաճախ կրկնումՙ դատապարտված է վերջնական հաղթանակի:
…80 ուղեւորություն, այցելություն: 80 թիմ: Ամեն անգամ նոր կազմով: Դա նշանակում էՙ Արցախի մոտ 800 բարեկամներ: Եվ ահա իմ քրոջ 80-րդ այցի սպասումներում ես մտորում եմ, թե համենայն դեպս ո՞րն էր ամենահիշարժան այցելությունը: Սկսեցի վերընթերցել արխիվների, գրքերի, լրագրային համալիրների էջեր եւ շուտով գիտակցեցի, որ դրանք բոլորն էլ հիշարժան էին: Ասենք, օրինակ, Ստեփանակերտն ամբողջովին հրդեհների մեջ էր: Մի ինչ-որ խանութ է վառվում: Քոքսի ողջ խումբըՙ շղթա կազմած, փրկում է մթերքը, կոշիկ կամ հագուստ: Արցախում գտնվելու երրորդ օրը Քոքսն սկսեց մի տեսակ սրտնեղվել: Պարզվեց, անպայման ցանկանում է աղոթել, բայց եկեղեցիներ չկան: Ես փոխեցի երթուղին: Եվ մենք գնացինք Գանձասար: Կամ, 1992 թվականի ապրիլի 11-ի վաղ առավոտյան մենք պետք է գնայինք Շոշ: Ի դեպ, մեզ հետ էին Ելենա Բոնների որդի Ալյոշան եւ հեռուստալրագրող Արթուր Գրիգորյանը: Ինչ-որ մեկն ինձ զանգեց եւ ասաց, որ գիշերը հիմնիվեր հրկիզել են Մարաղա գյուղը, ողջ-ողջ այրելով հայերին: Ես փոխեցի երթուղին: Երեք ժամ անց մենք տեսանք իսկական Օսվենցիմ: Ազերիներին հասցրել էին քշել: Բայց գյուղն այլեւս չկար: Մնացել էր ընդամենը մի քանի մարդ: Մի ամբողջ օր Քոքսը եւ լոնդոնցի հեռուստալրագրող Վանյա Քուլին նկարահանում էին այդ ողջ դժոխքը: Մեր տարեգրության մեջ մտան միայն այդ կադրերը: Ուրիշը չունեինք: Եվս մեկ դեպք, կապված հեռուստատեսության հետ: Քոքսը Մարտունիում եւ Գանձասարում հարցազրույց վերցրեց Մոնթե Մելքոնյանից (Ավո), որին Ղարաբաղի սահմաններից դուրս քչերը գիտեին: Ստեղծվեց 10-րոպեանոց ֆիլմ: Նա գիտեր, որ Ավոյին եւ սփյուռքի էլի մի քանի հայրենակիցների չի կարելի ցուցադրել: Ինչպես այն ժամանակ էին ասումՙ Երեւանն արգելել էր: Իհարկե, դրա մեջ տրամաբանություն կար: Ընդամենը մի քանի մարդ էին սփյուռքից, իսկ ազերիները ողջ աշխարհով մեկ աղմուկ էին բարձրացնելու, նրանց կոչելով զորարշավային ստորաբաժանում: Քոքսը դիմեց Սերժ Սարգսյանին ու չմերժվեց: Ֆիլմը ցուցադրեցին սփյուռքում: Այն ժամանակ էլ ծնվեց Ավո-Մոնթե Մելքոնյան լեգենդը:
Թերթում չի տեղավորվելու Քոքսի ողջ տարեգրությունը, այդ պատճառով էլ կավարտեմ սրտիս թանկ մի սյուժեով:
1993 թվականի հունվարի 4: Լեփ-լեցուն (40 մարդ) ուղղաթիռում ենք: Եղանակը թռիչքային չէ: Բայց չենք կարող չլինել Ստեփանակերտում: Մեկ օր հետո տեղի է ունենալու Արցախի պատմության մեջ առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի անդրանիկ նիստը: Քոքսն անպայման պետք է այնտեղ ելույթ ունենա Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անունից: Մեզ հետ էին նաեւ Պետդումայի եւ Մոսկվայի դումայի ներկայացուցիչներ, ժուռնալիստներ Հայաստանից, Ռուսաստանից, արտասահմանից: Վերին Հորաթաղ գյուղի վրա օդաչուները հասկացան, որ թռչել այլեւս չի կարելի: Վայրէջք կատարեցինք: Խոհրդարանի նիստը հետաձգել չի լինի: Այդ մասին իմացավ Քերոլայնը եւ, ոչինչ չասելով, սանդուղքով բարձրացավ ուղղաթիռ: Այնտեղից դուրս բերեց իր ուսապարկը, մոտեցավ ինձ եւ կամացուկ հարցրեց. «Ի՞նչ ուղղության վրա է Ստեփանակերտը»: Ես պատասխանեցի, որ հարցն այնքան էլ ուղղության մեջ չէ, այլ որ Հորաթաղի եւ Ստեփանակերտի միջեւ բարձրանում է մի հսկայական սար, որի վրա կանգնած է Գանձասար տաճարը: Ձեռքով ցույց տվեցի սարը:
Ոչինչ չասելով, նա ճամփա ընկավ: Եվ իհարկե, մենք բոլորս անմիջապես հետեւեցինք նրան: Բայց նրանից առաջ անցնելն անհնար էր: Կեսգիշերին գագաթը հաղթահարեցինք: Սպասեցինք, մինչ բոլորը տեղ հասնեն: Այնտեղ մեզ դիմավորեց մի ողջ բազմություն Վանք գյուղից: Այդ մասին հոգացել էր Վերին Հորաթաղի գյուղխորհուրդը: Լուսադեմին եկավ մի մեծ բեռնատար: Դա արդեն ես էի հոգացել: Եվ մենք հասանք Արցախի առաջին խորհրդարանի անդրանիկ նիստին: Բայց ինքըՙ Քոքսը մի ամբողջ տարի, որտեղ էլ որ լիներ, պատմում էր այդ ֆանտաստիկ անցման մասին: Նա հաճախ էր ասում, որ դա իր ամենապատմական արահետն էր:
Եվ ահա 1994 թվականի սկզբին իրոք իմ հավերժ մարտական ընկեր եւ ուղղաթիռների ջոկատի հրամանատար Սերգեյ Վանցյանի եւ լեգենդար վիրաբույժ Վալերի Մարությանի հետ թռչում էինք դեպի լեռնաշղթայի այն նույն բարձունքը, որի վրա այն հիշարժան գիշերը հավաքվել էր Քոքսի ողջ թիմը: Ուղղաթիռում բազալտե ծանր մի քար կար, որի վրա երեք լեզուներով գրված էր «Քոքսի արահետ»:
Քերոլայնն այդ անգամ բերել էր ականզերծման գծով մասնագետների հերթական խումբը: Դա ծրագրված էր դեռեւս երկու ամիս առաջ: Այն ժամանակ հայտնի դարձավ, որ ազատագրված տարածքներում ականների վրա անընդհատ պայթում են գյուղացիներ, մեքենաներ, կովեր: Եվ Քոքսը ականզերծող մասնագետների հրավիրեց, որոնք փառաբանված էին Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում հազարավոր ու հազարավոր կյանքեր փրկելով: Ճիշտ է, ո՛չ Քոքսը, ո՛չ էլ նրա նոր թիմը չգիտեին, թե հանուն ինչի ուղղաթիռը վայրէջք կատարեց սարի կատարին, որտեղից, լայնորեն բացվում էր Արցախի կախարդական համայնապատկերը: Եվ հանկարծ հյուրերից մեկը Արցախի կապույտ երկինքն ի վեր գոռաց. «Քոքսի արահետ»: Բոլորը նետվեցին նրա կողմը: Վերջինը մոտեցավ Քերոլայնը, ոչինչ չհասկանալով: Մեկ րոպե անց ես տեսա, թե ինչ երջանկություն է ճառագում նրա դեմքը: Երկար ու լուռ կանգնեց քարի մոտ, որի վրա իր անունն էր: Հայացքը շրջեց ինձ: Լայն ժպտաց: Եվ նետվեց համբուրելու, չգիտես ինչու, ոչ թե ինձ, Վալերիկին կամ Վանցյանին, այլՙ ուղղաթիռի օդաչուներին: Ի դեպ, նա շատ էր սիրում մեր հերոս ուղղաթիռավարներին:
Այնտեղ էլ Գանձասարի երկինք ուղղեցինք շամպայնի «կրակոցը»: Շնորհավորեցինք Լորդերի պալատի փոխխոսնակին, որն առանց ուրախությունը թաքցնելու, բարձր ասաց. «Ես անսահման երջանիկ եմ, որ Երկիր մոլորակի վրա ունեմ ի՛մ սեփական արահետը»: