ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կյանքի 88-րդ տարում մահացել է հայտնի հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը, ինչը հաստատել է Երեւանում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը:
Ջերարդ Լեւոնի Գաֆեսճյանը ծնվել է 1925 թ., Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ Նա ավարտել է Նյու Յորքի Hunter College-ի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետ St. Johns Law School-ում սովորել իրավաբանությունՙ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում։
1952 թ. նա իր կարիերան սկսել է աշխարհահռչակ West Publishing հրատարակչությունումՙ որպես իրավաբանական խմբագիր։ 44 տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ West Pubishing-ը շուկայում կայուն դիրքեր է ձեռք բերելՙ աշխատողների թիվը 2.000-ից հասցնելով 6.500-ի։
1996 թ. նա հիմնադրել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը, որի գործունեությունն ուղղված է հայ ժողովրդի կենսամակարդակի ու բարեկեցության բարելավմանը։ 50 մլն դոլարից ավելի գումար է ներդրվել հիմնադրամումՙ Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման նպատակով։
Գաֆեսճյանը եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նրա հիմնադրամը զգալի նվիրատվություն է կատարել ցեղասպանության զոհերին նվիրված թանգարանի կառուցման ֆոնդին, իսկ հետագայում միտքը փոխել եւ անիմաստ վեճերի մեջ մտել մյուս հոգաբարձուների հետ։
Հայազգի բարերարը եղել է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկիՙ Jamba Juice Company-ի, ինչպես նաեւ Իտալիայում եւ Հունգարիայում գինեգործական գործարանների համասեփականատեր։ Բացի այդ, նա զգալի դիրք է ունեցել Ֆլորիդայի ու Մինեսոտայի անշարժ գույքի շուկաներում։
Գաֆեսճյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ներդրումներ կատարելով եւ բարեգործական ծրագրեր իրականացնելով: 1996թ. Գաֆեսճյանը հիմնել է «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը»: Հիմնադրամի նպատակն է ապահովել հայերի բարեկեցությունը: Գաֆեսճյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամում»` նպատակ ունենալով աջակցել հայերին եւ հայկական հարցին: Ջերարդ Գաֆեսճյանը ամուսնացած է Կլեոյի հետ, որին հանդիպել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գաֆեսճյանները ունեն երկու զավակ` Քեթլինը եւ Թոմասը, թոռ` Քերին, եւ երկու ծոռ` Սամուելը եւ Էլին:
Գաֆեսճյանը Նյու Յորքի իրավաբանների միության, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի իրավաբանների միության, Սամոայի գերագույն դատարանի անդամ էր: