Նրանցից երկուսն աշխարհի չեմպիոն հռչակվեցին
Լեհաստանի Գդինիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ բազկամարտիկներըՙ նվաճելով 2-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ:
Մեծահասակների մրցաշարում Վլադիմիր Մնացականյանն ուժեղագույնը ճանաչվեց մինչեւ 80 կգ քաշային կարգումՙ հաղթելով բոլոր մրցակիցներին ձախ ձեռքով մրցաձեւում: Հայաստանին 2-րդ ոսկե մեդալը պարգեւեց երիտասարդների մրցաշարին մասնակցած Աշոտ Ադամյանը, որն աջ ձեռքով մրցաձեւում հաղթող ճանաչվեց մինչեւ 60 կգ քաշայինների մրցավեճում: Հատկանշական է, որ չեմպիոն հռչակված մեր 2 բազկամարտիկներն էլ եզրափակիչում պարտության մատնեցին ադրբեջանցի մարզիկներին: Ի դեպ, Աշոտը մրցանակակիր դարձավ նաեւ ձախ ձեռքով մրցաձեւումՙ գրավելով 2-րդ տեղը:
Արծաթե 2-րդ մեդալը մեր հավաքականի կազմում նվաճեց մինչեւ 18 տարեկան պատանիների մրցումների մասնակից Դավիթ Ստեփանյանըՙ ուժերը չափելով ձախ ձեռքով մրցավեճում մինչեւ 65 կգ քաշային կարգում: Դավիթը մեկ բրոնզե մեդալ էլ նվաճեց աջ ձեռքով մրցումներում: Բրոնզե մյուս պարգեւին արժանացավ մինչեւ 100 կգ քաշային Արմեն Չապուխյանըՙ մասնակցելով աջ ձեռքով մեծահասակների մրցումներին: Ի դեպ, ըստ բազկամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանի, Արմեն Չապուխյանը մրցավարների կոպիտ սխալի պատճառով զրկվեց չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունից: Մեր պատվիրակությունն այդ փաստի առիթով բողոք է ներկայացրել, սակայն մրցումների կազմկոմիտեն այն մերժել է:
Նկար 1. Վլադիմիր Մնացականյանը (աջից )մրցման պահին