Անցյալ տարվա 16,4 տոկոսը մեր երկրի համար ամենացածրն է եղել, բայց համարվում է բարձր ցուցանիշ
Գործազրկությունը մեր երկրի ամենալուրջ հիմնախնդիրներից է իր բացասական հետեւանքներով` աղքատություն, արտագաղթ, հոգեբանական խնդիրներ եւ այլն: Բնական է, որ գործազրկության հաղթահարումը նախ եւ առաջ պայմանավորված է տնտեսական զարգացմամբ եւ նոր աշխատատեղերով: Որքա՞ն է այժմ գործազրկության մակարդակը Հայաստանում, դա տնտեսապես ակտիվ բնակչության ո՞ր մասն է կազմում, ինչպե՞ս են փոխվում գործազրկության ցուցանիշներն անցած տարիների ընթացքում:
Սովորաբար, գործազրկության մասին խոսելիս, որպես իրականությանն առավել մոտ ցուցանիշ հարկ է հիմք ընդունել տնային տնտեսությունների հետազոտության տվյալները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս պարզելու, թե աշխատունակ բնակչության որ մասն է գործազուրկ, այդ թվում նրանք, որոնք ոչ մի տեղ չեն դիմել աշխատանք գտնելու համար եւ ոչ մի տեղ գրանցված չեն որպես գործազուրկ:
Այլ մեթոդաբանությամբ գործազրկության իրական պատկերը չի երեւում: Այսպիսով, ինչպե՞ս է փոխվել գործազրկության ցուցանիշն ըստ տարիների 2001 թվականից: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում ներկայացված է գործազրկության մակարդակը` համադրված տնտեսապես ակտիվ բնակչության թվի հետ.
2012 թ.` 16,4 տոկոս
2011 թ.` 18,4 տոկոս
2010 թ.` 19 տոկոս
2009 թ.` 18,7 տոկոս
2008 թ.` 16,4 տոկոս
2007 թ.` 28,7 տոկոս
2006 թ.` 27,8 տոկոս
2005 թ.` 31,2 տոկոս
2004 թ.` 31,6 տոկոս
2003 թ.` 31,2 տոկոս
2002 թ.` 35,3 տոկոս
2001 թ.` 38,4 տոկոս
Մինչեւ 2001 թվականը վիճակագրական տվյալներ չկան, բայց գաղտնիք չէ, թե ինչպիսին էր զբաղվածության իրավիճակը Հայաստանում 90-ականների հատկապես առաջին կեսին, երբ, Համաշխարհային բանկի գնահատականներով, 600 հազար աշխատատեղ փակվեց, որտեղ ներգրավված էր տնտեսապես ակտիվ բնակչության առնվազն կեսը: 90-ականների վերջերից միայն Հայաստանի տնտեսությունը փլուզումից հետո, սկսեց դանդաղորեն վերակագնվել: Այդուհանդերձ, ինչպես երեւում է ցուցանիշներից, 2001-ին տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 38 տոկոսը գործազուրկ էր: Հաջորդ երկու տարիներին գործազրկությունը Հայատսնում նվազեց 3-ական տոկոսով, բայց 2003-2005-ին պահպանվեց նույն մակարդակի վրա: Հաջորդող տարիներին գործազրկության մակարդակը դարձյալ սկսեց նվազել, ինչը պայմանավորված էր հիմնականում շինարարության` պետական եւ մասնավոր, բուռն զարգացմամբ: 2008-ին գործազրկությունը Հայաստանում կազմեց 16,4 տոկոս:
Բնական է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող չազդել նաեւ գործազրկության ցուցանիշների վրա: Ինչի հետեւանքով 2009-ին այն կրկին ավելացավ, հասնելով 18,7 տոկոսի: 2010-ին եւ 2011-ին էլ այս ցուցանիշը էական փոփոխություններ չկրեց: 2012-ին միայն գործազրկության մակարդակը վերադարձավ անցած տարիների լավագույն ցուցանիշի` 2008-ին գրանցված 16,4 տոկոսի: Սակայն, ի տարբերություն 2008-ի, այս անգամ ավելացել էր արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ ներգրավվածների թիվը: Թվային առումով սա նշանակում է, որ տնտեսապես ակտիվ, այսինքնՙ աշխատունակ մոտ 1,2 մլն բնակչությունից ավելի քան 62 հազարը գործազուրկ է: Համեմատության համար նշենք, որ Եվրոմիության երկրներում գործազրկության միջին մակարդակը 10 տոկոսն է, ինչը համարվում է բարձր ցուցանիշ եւ 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանք: Միաժամանակ, տեղեկացնենք, որ ԵՄ որոշ երկրներում` Իսպանիա, Հունաստան, գործազրկության ցուցանիշը նույն մակարդակի վրա է եւ անգամ մի փոքր էլ բարձր (մոտ 17 տոկոս), ինչ մեզ մոտ: Պարզապես տարբերությունն այն է, որ եթե այդ երկրներում գործազրկության նպաստը մի քանի հարյուր եվրո է, ապա մեզ մոտՙ 18 հազար դրամ:
Այսպիսով, փաստենք, անկախ նրանից, որ անցյալ տարի երկրորդ անգամ ունեցանք անկախության տարիների ընթացքում գործազրկության ամենացածր մակարդակը, դրանով հանդերձ, այն շարունակվում է մնալ շատ բարձր: Հետեւաբար, նոր աշխատատեղերի ստեղծման համար նպաստավոր պայմաններ ապահովելը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը պետք է մնա: