ՄԱԿ-ի ԱԽ-ին կներկայացվի նոր բանաձեւ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 11-ին հանդես է եկել ազգին ուղղված հեռուստաելույթով, որը նվիրված էր Սիրիայի խնդրին:
Նա մասնավորապես հիշեցրել է, որ 1997 թ. Սենատը հաստատեց քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագիրը, որին առ այսօր միացել է 189 պետություն (աշխարհի բնակչության 98 տոկոսը): Օբամայի խոսքերովՙ Սիրիայում օգոստոսի 21-ին քիմիական զենքի օգտագործումը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլեւ սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը: Ըստ Օբամայիՙ եթե ԱՄՆ-ը պատշաճ կերպով չարձագանքի, ապա Ասադը կարող է կրկին օգտագործել նման զենք:
Նախագահի խոսքերով, եթե հակամարտությունը դուրս գա Սիրիայի սահմաններից, ապա քիմիական զենքը կսպառնա ԱՄՆ-ի դաշնակիցներ Թուրքիային, Հորդանանին եւ Իսրայելին: Ավելին, ԱՄՆ-ի անբավարար խստությունը Ասադի մերձավորագույն դաշնակից Իրանին կդրդի ստեղծել միջուկային զենք:
«Իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունից հետո ես որոշեցի, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը պահանջում է Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառմանն արձագանքել ռազմական հարվածով», ընդգծել է Օբաման:
Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորները չեն մտնի Սիրիա, այնպես որ Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների նման ծանր հետեւանքներ Ամերիկայի համար չեն լինի:
«Սիրիայի վրիժառության ձեռնարկումներից չարժե վախենալ, քանի որ Ասադի վարչակարգը չունի պատասխան հարվածներ հասցնելու հնարավորություն», ասել է նախագահը:
Օբաման չի ժխտել, որ Սիրիայում Ասադի վարչակարգի բազմաթիվ հակառակորդներ ծայրահեղականներ են, շատերը կապված են «Ալ Ղաիդայի» հետ: Սակայն «եթե հակամարտությանն այժմ չմիջամտենք, այդ ուժերը կկարողանան օգտվել Սիրիայի հարաճուն քաոսից», ասել է Օբաման:
Այնուհետեւ նա հայտարարել է, որ շարունակում է քննարկել խնդրի խաղաղ լուծման տարբերակները: Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ՌԴ առաջարկության կապակցությամբ Օբաման ասել է, որ Ասադի վարչակարգը խոստովանել է Սիրիայում քիմիական զենքի գոյությունը եւ պատրաստակամություն է հայտնել միանալու նման զենքն արգելող միջազգային համաձայնագրին:
Նշելով, որ «դեռ վաղ է խոսել Դամասկոսի մտադրության լրջության» մասին, Օբաման հավելել է, որ ինքն այնուամենայնիվ Կոնգրեսին խնդրել է հետաձգել Սիրիային հարվածելու բանաձեւի քվեարկությունը:
Սիրիայի հետ կապված բանակցությունները շարունակվում են: Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ հինգշաբթի օրը պետքարտուղար Ջոն Քերրին Ժնեւում կբանակցի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Օբաման կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ: Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ԱՄՆ-ի խորհրդակցություններից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ին կներկայացվի Սիրիային վերաբերող բանաձեւի նոր տարբերակ, որով կպահանջվի այդ երկրի լիակատար «քիմիական զինաթափում»: