Օբաման կհետաձգի հարվածը, Մոսկվան կներկայացնի վերահսկման ծրագիր
Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն հաստատելու Մոսկվայի առաջարկությունը ԱՄՆ-ին թույլ կտա խուսափել Մերձավոր Արեւելքում եւս մեկ վտանգավոր հակամարտություն սկսելու պատասխանատվությունից: Սեպտեմբերի 10-ին այս տեսակետն է արտահայտել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Արեւմուտքը Մոսկվայի նախաձեռնությանն արձագանքեց զուսպ, բայց դրական կերպով: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դա համարեց առաջին քայլը հակամարտության դադարեցման ճանապարհին: Այդուհանդերձ Սպիտակ տանը դեռ վեջնականապես չեն բացառում ուժային տարբերակը:
Սպառնալիքներից եւ հարվածելու բարձրագոչ հայտարարություններից հետո ԱՄՆ-ը կարծես թե վերադառնում է Սիրիայի հետ կապված դիվանագիտական միջոցներին: Ամերիկյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում Օբաման խոստովանեց, որ Սիրիային հարվածելու իր ծրագիրը Կոնգրեսում այդպես էլ պաշտպանություն չգտավ: Իսկ Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն հաստատելու Մոսկվայի առաջարկությունը Օբաման անվանեց «ճեղքում» հակամարտության դադարեցման ճանապարհին: Օբամայի խոսքերով, ԱՄՆ-ը «հաստատ» կհետաձգի հարվածը, եթե Բաշար Ասադը քիմիական զենքը հանձնի համաշխարհային ընկերակցության վերահսկողությանը:
«Իմ գլխավոր նպատակն է Սիրիայում այլեւս թույլ չտալ քիմիական զենքի կիրառություն: Եթե ի հայտ է եկել դիվանագիտական լուծման եղանակ, ապա դա նախընտրելի է», ասել է Օբաման:
Ամեն ինչ սկսվեց պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարությունից, թե Բաշար Ասադը ճիշտ կաներ, եթե համաշխարհային ընկերակցությանը հաշիվ տար քիմիական զենքի պաշարների մասին: Մոսկվայում այդ ժամանակ բանակցում էին Ռուսաստանի եւ Սիրիայի արտգործնախարարները, որոնք դրականորեն արձագանքեցին Քերրիի ելույթին:
«Մենք պետքարտուղար Քերրիից լսեցինք, որ Սիրիան կարող է խուսափել հարվածից, եթե իր ամբողջ քիմիական զենքը հանձնի միջազգային ընկերակցության վերահսկողությանը: Սիրիայի ղեկավարությանը կոչ ենք անում պայմանավորվել ոչ միայն քիմիական զենքի պահպանման վայրերը միջազգային վերահսկողությանը հանձնելու, այլեւ այդ զենքի ոչնչացման պայմանագրին միանալու շուրջը», հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր երկրի առաջարկությունը սիրիական կողմին փոխանցելուց հետո:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ռուսական նախաձեռնությունը, ելնելով մեր քաղաքացիների կյանքի եւ մեր երկրի անվտանգության նկատմամբ հոգածությունից», իր հերթին հայտարարեց Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլիմը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նույնպես ողջունեց Մոսկվայի առաջարկությունը եւ հույս հայտնեց, որ միջազգային ընկերակցությունը արագորեն կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները, իսկ Սիրիայի քիմիական զենքը Դամասկոսի օգնությամբ կհաջողվի կամ ոչնչացնել, կամ էլ պահել հուսալի տեղում:
Ի դեպ, Դամասկոսի արեւելյան արվարձան Գուտայում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ի հայտ են գալիս նոր վկայություններ: Սիրիացի գրոհայինների գերության մեջ 5 ամիս անցկացրած բելգիացի գիտնական Պիեռ Պիչչինի դա Պրատան երկուշաբթի օրն ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ ինքը լսել է, թե ծայրահեղականներն ինչպես էին քննարկում Դամասկոսի մոտ քիմիական գրոհ ձեռնարկելու հարցը: Նրա խոսքերով, Սիրիայի իշխանությունները հաստատ կապ չունեն օգոստոսի 21-ի գրոհի հետ, որի համար Արեւմուտքն ամբաստանում է Բաշար Ասադին:
Մոսկվայի նախաձեռնությունից հետո նույնիսկ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան սկսել են խոսել Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման մասին, նշում է ՌԻԱ գործակալությունը: Օբաման իր հերթին չի ուզում ռիսկի դիմել եւ առանց դաշնակիցների մասնակցության հարվածել Սիրիային: ԱՄՆ-ում CNN հեռուստաալիքի պատվերով անցկացված վերջին հանրային հարցման տվյալների համաձայն, ամերիկացիների 3/4-ը դեմ է հակասիրիական ռազմական գործողությանը: Ինչ վերաբերում է Սենատում «սահմանափակ» ռազմական գործողության բանաձեւի առթիվ սեպտեմբերի 11-ին նախատեսված քվեարկությանը, այն հետաձգվել է անորոշ ժամանակով:
Վեջին տեղեկությունների համաձայն, Ռուսաստանը, սիրիական կողմի հետ համաձայնեցնելով, մշակում է Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ծրագիր: BBC-ն մեջբերում է սեպտեմբերի 10-ին Սերգեյ Լավրովի արած այն հայտարարությունը, որ փաստաթուղթը «ամենամոտ ժամանակներս» կներկայացվի ՄԱԿ-ին: «Մենք պատրաստ ենք այն լրամշակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, ԱԽ անդամների մասնակցությամբ», ընդգծել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ ՄԱԿ-ի փորձագետները պետք է Սիրիա վերադառնան քիմիական գրոհի քննությունը շարունակելու համար: