ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ, Շուշի-Երեւան
Հարցազրույցՙ մշակույթի, երաժշտության եւ բարեգործության մասին
Սեպտեմբերի 1-ի երեկոյան սույն տողերի հեղինակը մոտ երկու հազար այն մարդկանց թվում էր, որոնց բախտ վիճակվեց հինավուրց, ազատագրված եւ իր երբեմնի փառքը վերականգնող Շուշիում դիտել Արցախում ծնված հայ կոմպոզիտոր Անդրեյ Բաբաեւի (1923-1964) «Արծվաբերդ» օպերան, որի նոր, շատ յուրահատուկ, եւ, կարելի է ասել, բացառիկ բեմականացումը նվիրված էր ԼՂՀ անկախության 22-րդ տարեդարձին եւ իրագործվեց ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության գործերի նախարարության աջակցությամբ:
Նախագծի գեղարվեստական ղեկավարն էր «Սպեղանի» երգչախմբի հիմնադիր ղեկավար Սարինե Ավթանդիլյանը, բեմադրող ռեժիսորըՙ Ժիրայր Դադասյանը, դիրիժորըՙ Էդուարդ Թոփչյանը: Չորս մասից բաղկացած օպերայի արցախյան պրեմիերային մասնակցեցին տարբեր երգչախմբեր, պարային եւ թատերական համույթներ Հայաստանից եւ Արցախից:
…Գրչի նույնիսկ հմուտ վարպետին հեշտ չէ՛ խոսքերով նկարագրել աննախադեպ այն հսկայական շոունՙ հագեցած յուրահատուկ լուսային, ձայնային եւ այլ հնարքներով, բեմական հանդերձանքով, որին գլխավոր դեկորացիա էր ծառայում դարասկզբին կառուցված եւ արցախյան ազատամարտի ընթացքում զգալիորեն վնասված Շուշիի հռչակավոր ռեալական ուսումնարանի շենքը: Մյուս օրը, սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ անկախության օրվա զինվորական շքերթից եւ զոհված ազատամարտիկների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո, հեղինակիս անակնկալ հնարավորություն ընձեռվեց հարցազրույց անցկացնել տիկին Ռիտա Սարգսյանի հետ, որը եւ ստորեւ ներկայացվում է «Ազգ»-ի ընթերցողների ուշադրությանը:
– Տիկին Սարգսյա՛ն, թույլ տվեք հարցնել առաջին հերթին որպես հանդիսատեսիՙ երեկվա բեմադրությունից ստացած տպավորությունների մասին:
– Անկեղծ ասած, արդյունքը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Ասեմ, որ մեկ տարի առաջ ինձ հետ այս նախագծի գաղափարով կիսվեց Սարինե Ավթանդիլյանը: Անհամեստություն չհամարե՛ք, խնդրեմ, սակայն կարծում եմ, որ ինձ մոտ տարիների ընթացքում ձեւավորվել է, այսպես ասած, մի յուրահատուկ կանխազգացում այս կամ այն մշակութային կամ հանրային նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալՙ դրա հաջողության առումով: Միանգամից զգացիՙ «Արծվաբերդը» հենց այդ դեպքն է: Գիտե՛ք, այս հարցում ես, ինչպես ընդունված է ասել, մաքսիմալիստ եմ. եթե սկսում ենք իրականացնել ինչ-որ ծրագիր, ապա ջանք պիտի չխնայենք, որ այն լավագույն ձեւով իրականացվի:
Սարինե Ավթանդիլյանը, միանգամից ասեմ, իրագործեց, չէի վախենա այսպես ասելՙ անիրագործելին: Նախ, ինձ զարմացրեց հնչողությունը. այն շահեկանորեն տարբերվում էր նրանից, որ լսում ենք մեր փակ դահլիճներում: Թվում է, թե այդ բազմերանգ ձայնը պետք է գնար-կորչեր երկնային հեռուներում, սակայն արի ու տես, որ հիանալի ստացվեց…
… Չգիտեմ, կա՞ մեկը, ով երեկ երեկոյան չտպավորվեց նաեւ հատուկ բեմադրված լուսային-գունային հնարքներով, նկարիչների աշխատանքովՙ լինեն դրանք դեկորացիաներ, թե՛ արտիստների բեմական կոստյումները…
Իսկ գիտե՞ք, թե որն էր այդպիսի հաջողության գլխավոր պատճառը: Դա այն է, որ ներկայացման մեջ զբաղված բոլորՙ առանց բացառության մարդիկ, գլխավոր ռեժիսորից մինչեւ բեմի տեխնիկական աշխատակիցը, աշխատում էին մեծ սիրովՙ ես դա միանգամից նկատեցի: Իսկ այն, ինչ արվում է սիրով, միշտ էլ հիանալի արդյունք է ունենում:
Մի խոսքով, ես շատ գոհ եմ:
– Հավանաբար, այստեղ իր դերը խաղաց նաեւ Արցախի, հատկապեսՙ Շուշիի հատուկ մթնոլորտը, կամ, ինչպես ընդունված է ասելՙ աուրան..
– Անկասկած, չէ՞ որ Շուշին դարերով եղել է ո՛չ միայն Արցախի, այլ նաեւ ողջ հայության հոգեւոր, կրթական եւ մշակութային յուրահատուկ մի կենտրոն, եւ երեկ, չեմ վախենա այսպես ասել, նա եւս մեկ անգամ պատվով կատարեց իր հինավուրց առաքելությունը, միավորելով հայ մարդկանց, թե՛ Արցախից, թե՛ Մայր Հայաստանից, թե՛ Սփյուռքից, անկախ սեռից, տարիքից, զբաղմունքից եւ նույնսիկ քաղաքական հայացքներից…
Բոլորս տեսանք, չէ՞, թե ինչպե՛ս էին հիացմունքով ծափահարում բոլորը միասին, մեկ մարդու նման եւ բղավում «Բրավո՛» մեր սքանչելի կատարողներին. ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ե՛ւ Վազգեն Մանուկյանը, ե՛ւ Պարույր Հայրիկյանը… Եվ մեր այս «միտինգը», բառիս բուն իմաստովՙ հանրահավաքը, իմ կարծիքով, թույլ տվեք այսպես արտահայտվել, շատ ավելի բարձր մշակութային մակարդակով անցավ, այն շատ ավելի բարի էր, քան, ասենք, որոշ հավաքներ, որ երբեմն տեղի են ունենում երեւանյան փողոցներում…
– … Ձեր խոնարհ ծառան հանդիսականների մեջ նկատեց բավական թվով այլ ազգերի ներկայացուցիչներիՙ ռուսների, ամերիկացիների, չինացիների, ովքեր ապրում եւ աշխատում են Ազատ Արցախում…
– … Այո՛, իրավացի եք, եւ սա եւս մեկ անգամ ապացուցում է այն, որ իրական բարձր մշակույթը սահմաններ չի ճանաչում, այն պատկանում է ամբողջ մարդկությանը, եւ «Արծվաբերդի» այս բեմադրության պես իրադարձությունները ի վիճակի են սեւեռել այլ ազգերի, ինչո՞ւ ոչ, ամբողջ աշխարհի ուշադրությունը հայկական աշխարհի վրա, որի անբաժան մասն է Արցախը:
… Գիտե՛ք, այս պահին կնախընտրեի ձեռնպահ մնալ ինչ-ինչ խոստումներ տալուց, սակայն ամենայն ջանասիրությամբ կաշխատեմ, որ նման միջոցառումները, որոնք, եւս մեկ անգամ ընդգծեմ, ի վիճակի են միավորելու ամբողջ աշխարհասփյուռ հայությանը, տեղի ունենան պատմական Շուշիում ամեն տարի:
– Երբ զրուցում էի «Արծվաբերդի» տարբեր հանդիսականների հետ, ապա համընդհանուր կարծիքն այն էր, որ այս բացառիկ նախագծի մեծ հաջողության կարեւորագույն գրավականներից, եթե ո՛չ ամենակարեւորը, այն էր, որ «Արծվաբերդը» Շուշիում բեմադրվեց Ձեր հովանու ներքո…
– … Գիտեք, ես միշտ չէ՛, որ համաձայն եմ այն ասացվածքին, թե անփոխարինելի մարդիկ չկան, սակայն սա հենց այն դեպքն է. եթե այս հիանալի նախագծի պրոդյուսերը չլիներ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը, ապա անպայմանորեն կգտնվեր մի այլ ոք, ով կաներ այդ գործը…
Ամենակարեւորն այստեղ այն է, որ հղացավ փայլուն գաղափար, եւ գտնվեցին մարդիկ, իսկական նվիրյալներ, ովքեր հիանալի կերպով իրագործեցին այնՙ Արցախի մշակույթի եւ երիտասարդության գործերի նախարարության աջակցությամբ:
… Մի քանի խոսք էլ կցանկանայի ասել մեր տաղանդավոր հայրենակից, վաղամեռիկ կոմպոզիտոր Անդրեյ Բաբաեւի մասին: Նա մահացել է 1961թ., ընդամենը 41 տարեկան հասակում, եւ, ըստ էության, տասնամյակներ շարունակ անարդարացիորեն մոռացված է եղելՙ առաջին հերթին մեր, հայերիս կողմից:
Եվ սրա ուղղակի հետեւանքը կարելի է համարել այն, որ Փոլադ Բյուլ-բյուլ Օղլին (Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան- «Ազգ») ի լուր աշխարհի հեռուստատեսությամբ հայտարարում է. «Ունեցել ենք բաքվեցի կոմպոզիտոր Անդրեյ Բաբաեւ…»: Եվ անտեղյակ մարդիկ մտածում են, որ տաղանդավոր հայազգի կոմպոզիտորըՙ Անդրեյ Հովհաննեսի Բաբաեւը պատկանել է … ո՞ր ազգությանը… ի՞նչ, ադրբեջանցի՞ է եղել…
(Մեկ ժամից ավել` մինչ հարցազրույցը ՀՀ նախագահի տիկնոջ հետ բոլորս միասին` ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը , «Երաժշտական փոստարկղի» բազմամյա վարող եւ հայ հեռուստադիտողի մի քանի սերունդների կողմից սիրված Սուսաննա Շահինյանը, Երգի պետական թատրոնի հիմնադիր ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, այլ պատվարժան անձինք մեծ բավականությամբ, եթե չասենքՙ հիացմունքով հետեւում էինք «Արցախի ձայն» պրոդյուսերական կենտրոնի շնորհալի սաների ելույթներին: Այս պատանի տաղանդների աստղաբույլի կատարումները, ըստ էության, ոչնչով չէին զիջում «մայրաքաղաքային» կատարողներին, եւ նույնիսկ գերազանցում նրանցՙ անկեղծության առումով…):
– Հիմա թույլ տվեք վերադառնալ մերօրյա տաղանդներին: Ինչպես հասկացա կենտրոնի ղեկավար Լիրա Քոչարյանիՙ Ձեզ ուղղված երախտագիտության խոսքից, էստ էության հենց Դո՛ւք էիք, ով բացահայտեց «Մանկական Եվրոտեսիլ 2010»-ին Հայաստանը ներկայացնող եւ հաղթանակով հայրենիք վերադարձած արցախցի հրաշամանուկ Վլադիմիր Արզումանյանին…
-…Գիտե՛ք, երբ առաջին անգամ տեսա եւ ունկնդրեցի Վլադիմիրի կատարումը, կարելի է ասել, միանգամից հասկացա, որ հենց այ՛դ երեխան կարող է հաղթել… Թեպետեւ կային բավական թվով այդ պահի դրությամբ ավելի լավ պատրաստված երեխաներ, սակայն բազմաթիվ մարդկանց, որոնց թվում էր նաեւ պրոդյուսեր Ռիտա Սարգսյանը, միացյալ ջանքերի շնորհիվ, ընդամենը երկու շաբաթվա քրտնաջան պարապմունքներից հետո Վլադիմիր Արզումանյանին հասցրեցինք այն «մարզավիճակին», որը եւ թույլ տվեց հպարտանալ ողջ աշխարհասփյուռ հայությանը մեր ազգի հիրավի աննախադեպ հաղթանակովՙ այս անգամ մշակութային «ֆրոնտում»: Ավաղ, այսօրվա աշխարհի իրողություններն այնպիսին են, որ Ազատ Արցախի մեր հայրենակիցները չեն կարող քվեարկել «Եվրոտեսիլ»-ում, սակայն մենք ունենք մեծ Սփյուռք բազմաթիվ երկրներում, որը, բնականաբար, իր միլիոնավոր ձայները տալիս է Հայաստանին: Եվ, ինչպես կարող էիք լսել, ես խոստացա առավելագույնս օգտակար լինել այս պրոդյուսերական կենտրոնին:
– Հիմա թույլ տվեք մի փոքր խոսել երաժշտության դերի մասին Ձեր կյանքում: …Ամիսներ առաջ անգլատառ մի թերթում նկատեցի մի վերնագիր. «Հայաստանի երիտասարդական նվագախումբը եւ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (իտալացի աշխարհահռչակ ակորդեոնա եւ բանդոնեոնահար- Գ. Խ.) կատարում են կոմպոզիտոր Ռիտա Սարգսյանի գործերը»: Հոդվածում խոսքը Ձեր հեղինակած «Նվիրում տանգոյին» գործի մասին էր…
– …Միանգամից ասեմ, որ ինքս ինձ պրոֆեսիոնալ կոմպոզիտոր չեմ համարել, քանի որ այդպիսին կոչվելու համար պահանջվում է գոնե տարիների մասնագիտական կրթություն: Կոմպոզիտորն այն նվիրյալն է, ով գիշեր-ցերեկ լիովին տրվում է իր ստեղծագործական աշխատանքին, ինչպես, օրինակ, հիմա այստեղ ներկա «Արցախի ձայն» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիր Արթուր Գրիգորյանը:
… Պարզապես մանուկ հասակում հորինում էի տարբեր մեղեդիներ, հետո մոռացա այդ «գործը», որը, սակայն, 17 տարեկանում վերադարձավ ինձ մոտ… Եվ գուցե այդ ռոմանտիկ զբաղմունքը մնար իմ պատանեկությունում, սակայն դրան անցած տարի վերադարձա, թույլ տվեք այսպես ասելՙ փաստորեն, ստիպված լինելով, երբ հիվանդ մանուկներին, ներառյալ նրանց, ովքեր տառապում են լեյկեմիայովՙ արյան քաղցկեղով օգնող «Նվիրիր կյանք» մեր բարեգործական հիմնադրամը (www.nvirir-kyanq.am, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է տիկին Ռիտա Սարգսյանը- Գ. Խ.) անցած տարի պատվիրեց մի անձի գրել նույնանուն մի երգ, որը կարելի է ասել, պետք է դառնար մեր հիմնադրամի հիմնը, ձոներգը, ապա, պետք է խոստովանեմ, այն լսելուց հետո հասկացա, որ նման գործում հաջողության կարող է հասնել միմիայ՛ն այն անձնավորությունը, ով գոնե ինչ-որ մի առնչություն ունի այդ տառապյալ երեխաների հետ, ովքեր, առավել քան որեւէ կենդանի էակ երկրագնդի վրա, ունեն մեր կարեկցանքի եւ օգնության կարիքը…
… Ինքս նստեցի դաշնամուրի առջեւ, եւ, կարծես, երգը վատը չի ստացվե՞լ… (Ռիտա Սարգսյանի «Հույսի նավակ» երգը, որի խոսքերի հեղինակն է Ա. Բարսեղյանը, եւ դրա հիման վրա նկարահանված եւ տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանում հունիսի 1-ինՙ Երեխաների պաշտպանության միջազգային օրը եւ ստացավ հանրության եւ մամուլի ջերմ արձագանքը- Գ. Խ.):
– … Պատրաստվում էի Ձեզ խնդրել մի փոքր պատմել հենց Ձեր կողմից ստեղծված եւ ղեկավարվող «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ներկայիս օրվա մասին…
– … Անթաքույց ուրախությամբ պետք է նշեմ, որ եթե դեռ երկու-երեք տարի առաջ մեզ դիմում էին լեյկեմիայով հիվանդ տարեկան մոտ 40 երեխային օգնելու խնդրանքով, ապա միայն վերջին տարում մեզ հաջողվել է փրկել արդեն 200 մանկան կյանք, եւ մենք բոլո՛րսՙ ազգովին, ջանք չպետք է խնայենք, որ այս թիվը գնալով ավելանա: Միթե մարդ արարածի համար կա ավելի մեծ գանձ աշխարհում, քան տեսնել ամենաահեղ հիվանդության ճիրաններից փրկված մանուկի աչքերը, այն էլՙ հրաշք-հայկական…
P.S. Հեղինակը խնդրում է սույն հրապարակման հոնորարը փոխանցել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: