Եվրոմիությունը եւս դեմ է ներխուժմանը. Օլանդը հայտնվեց մեկուսացման մեջ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթաժողովում հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Իր ելույթում նա ընդգծել է, որ հակամարտ կողմերից որեւէ մեկին զենք մատակարարելու փորձերն անթույլատրելի են:
Միեւնույն ժամանակ Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհին պատասխան պետք է տրվի ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում: Նա առաջարկել է ամենասեղմ ժամկետներում Ժնեւում հրավիրել Սիրիայի հարցին նվիրված երկրորդ կոնֆերանսը:
Ֆրանսպրեսը նշում է, որ Բան Կի Մունի հայտարարությունն արվեց ԱՄՆ-ի այն պնդումից հետո, թե ՄԱԿ-ում անհնար է Սիրիայի հակամարտության լուծումը գտնել Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, որն իբր հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները:
«Ֆիգարո» թերթի կայքէջը սեպտեմբերի 6-ին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում հայտնվել է մեկուսացման մեջ: Օլանդը այնտեղ էր մեկնել Սիրիային հարվածելու հարցում ԱՄՆ-ի հետ «հնարավորինս լայն կոալիցիա» ստեղծելու նպատակով: Ապարդյուն ջանքեր: «Օլանդը Սանկտ Պետերբուրգի օդանավակայանի թռիչքադաշտ ոտք դնելու պահին արդեն լքված էր իր մերձավոր դաշնակից եվրոպացիներից», արձանագրում է կայքէջը:
Եվրոմիության անդամ 28 պետությունները ներկայացնող Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, որը «Մեծ քսանյակի» գագաթաժողովին մասնակցում էր Եվրոհանձնաժողովի նախագահ Մանուել Բառոզուի ուղեկցությամբ, իր ելույթում հստակորեն մերժեց Սիրիայի դեմ ուժ կիրառելու գաղափարը: «Սիրիայի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Միայն քաղաքական լուծումը կարող է Սիրիայում վերջ դնել կոտորածներին, իրավախախտումներին եւ ավերածությանը», հայտարարեց Հերման վան Ռոմպեյը:
Եվրոմիության նախագահը համաձայնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ գերմանացիների 70 տոկոսի դիրքորոշմանը, ըստ որի «անհրաժեշտ է քաղաքական լուծում ՄԱԿ-ի շրջանակներում»: Ինչպես գրում է «Ֆիգարոն», սա «շառաչուն ապտակ է Ֆրանսիայի նախագահին»: Իր ելույթում Հերման վան Ռոմպեյը հիշեցրեց, որ ներկայումս Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ուզում է ռազմական միջամտությամբ պատժել Սիրիային: Դրանով նա ընդգծեց Ֆրանսիայի մեկուսացումը տվյալ հարցում:
Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսին Սպիտակ տան ներկայացրած հակասիրական ռազմական գործողության բանաձեւը բավարար պաշտպանություն չի գտնում Ներկայացուցիչների պալատում, գրում է ամերիկյան The Hill կայքէջը: Ենթադրվում է, որ տվյալ հարցի առթիվ Սենատում քվեարկություն տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:
Նման պայմաններում Սպիտակ տունը փորձում է խաղաղասերի երեւութականություն ստեղծել եւ առաջարկում է Սիրիայի հակամարտության կարգավորման դիվանագիտական քայլեր: Մասնավորապես պետդեպարտամենտը կոչ է անում հնարավորինս շուտ Ժնեւում անցկացնել Սիրիային նվիրված միջազգային կոնֆերանս: