ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու
Կենցաղում էներգիան օգտագործվում է տարբեր նպատակների համար: Մեր երկրում 1 կվտ.ժ էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է 38 դրամ, սակայն դա չի նշանակում, որ էներգիայի պաշարները անսահման են եւ կարելի է ծախսել անխնայողաբար: Բացի դրանիցՙ վառելիքի այրման հետեւանքով շրջակա միջավայր են արտանետվում հսկայական քանակությամբ վտանգավոր նյութեր` ազոտի եւ ծծմբի օքսիդներ եւ այլն:
Կենցաղում էլեկտրական էներգիան օգտագործվում է լուսավորության, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ լսելու եւ դիտելու, էլեկտրական տարբեր սարքերի (փոշեծծիչ, լվացքի մեքենա, սառնարան) բանեցման, սննդի պատրաստման համար: Լվացքի մեքենան կարող է ավելի արդյունավետ աշխատել միայն լրիվ բեռնվածությամբ շահագործվելու դեպքում: Փոշեծծիչները համեմատաբար քիչ էներգիա են պահանջում, երբ աշխատում են ռեժիմով, առանց գերբեռնման: Սառնարանի դռները երկար ժամանակ բաց վիճակում եթե չմնան եւ հերմետիկ փակված լինեն:
Ջրի ծորակը փակ եւ սարքին վիճակում լինելու դեպքում եւս էներգիայի խնայողություն կունենանք: Լուսավորության համար պետք է էլեկտրական էներգիան օգտագործվի այն դեպքում, երբ ցերեկային բնական լույսը չի բավարարում: Բնակարանների ներքին լուսավորությունը կախված է կահավորումից, կահույքի դասավորությունից, գույնից եւ այլն: Մեծ նշանակություն ունեն նաեւ ապակիների մաքրությունը, պատերի լուսավոր երանգները, վարագույրները: Այս պայմաններն ապահովելու դեպքում բնակարաններում էլեկտրական լուսավորության կարիքը կզգացվի համեմատաբար ուշ ժամերին:
Կենցաղում լայն տարածում են գտել սովորական շիկացման լամպերը, սակայն դրանք լյումինեսցենտային եւ հալոգենային լամպերի համեմատությամբ քիչ խնայողական են: Դրանց լուսավորությունը եւ աշխատանքի ժամկետը շիկացման լամպից մի քանի անգամ մեծ են:
Սննդի պատրաստման ժամանակ խոհանոցի ամանեղենի ճիշտ ընտրությունը նույնպես կարեւոր նախապայման է էներգիայի խնայողության համար: Ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում մեծ ամանների մեջ պատրաստել քիչ քանակի կերակուր: Ամանը, որի մեջ կերակուր է պատրաստվում, պետք է ունենա հարմար կափարիչ: Այդ ձեւով կարող ենք խնայել էներգիայի մինչեւ քսան տոկոսը: Պետք է օգտագործել հարթ հատակ ունեցող կաթսաներ: Խորդուբորդ հատակի դեպքում էներգիայի շուրջ 30 տոկոսը կորչում է անօգուտ:
Թերեւս ճիշտ կլիներ, ուսումնական հաստատություններում մտցնել նոր առարկաՙ «Էներգախնայողության հիմունքներ»:
Էլեկտրական էներգիայի խնայողության, կենցաղային տարբեր սարքերի օգտագործման ժամկետները երկարաձգելու համար պահանջվում է ժամանակին անջատել այն էլեկտրական սարքերը, որոնց աշխատանքն անհրաժեշտությամբ չի թելադրված: Օրինակ, եթե մեր հանրապետության յուրաքանչյուր բնակիչ թեկուզ մեկ ժամ անջատի անտեղի վառվող 100 վատտանոց էլեկտրական լամպը, ապա կխնայվի մոտ 80 հազար կվտ.ժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ստանալու համար անհրաժեշտ է ջերմային էլեկտրակայանում այրել մոտ 30 տոննա վառելիք: Մեկ կիլոգրամ վառելիքը այրելու համար անհրաժեշտ է 2000 լիտր թթվածին: Մինչդեռ, այսօր կանաչ զանգվածները չեն հասցնում արտադրել անհրաժեշտ թթվածինը: