Քաղաքագետների եւ մեկնաբանների ճնշող մեծամասնությունը Պուտինի այցը Բաքու գնահատել էր որպես Իլհամ Ալիեւին «աջակցության անթաքույց ցուցադրում»: Անցել է բավական ժամանակ, բայց թեման շարունակում է շրջանառվել: Ավելին, հայտնի են դառնում Ալիեւ-Պուտին հանդիպման նոր մանրամասներ: Մասնավորապես, երեկ haqqin.az-ի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւն այդ առթիվ գրեթե «արձանագրային» տեղեկություններ է հրապարակել, որոնց աղբյուրն, անկասկած, Իլհամ Ալիեւի աշխատակազմն է:
Ըստ այդմ, Պուտինի «անսպասելի այցը վերջակետ դրեց Իլհամ Ալիեւի դեմ Մոսկվայում եւ Բաքվում ծրագրված դավադրությանը»: Սույն հավաստիացումը հիմնավորված է նրանով, որ «Արեւմուտքն զբաղված է մերձավորարեւելյան խնդիրներով, Թուրքիան գտնվում է նոր օսմանականության ալիքի վրա, եւ միայն Ռուսաստանն է կայուն», ուստի եւ Պուտինն է ստանձնել Ադրբեջանում «իշխանության հաջորդայնության պահպանման պատասխանատվությունը»:
Դիտարժան է, որ Ֆաթուլլաեւի տեղեկացվածությամբ, Բաքվում Ալիեւ-Պուտին տետ-ա-տետ հանդիպումը «տեւել է անհավանական երկար` յոթ ժամ», որի ընթացքում զրուցակիցներն «անդրադարձել են անցյալին, մտքեր փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, նախանշել ապագայի անելիքները»: Պուտինի այցի կարեւորությունն ադրբեջանցի լրագրողը սահմանել է մեկ բառով` «վերջ»:
Իմաստն այն է, որ Պուտինը «վերջ է դրել Իլհամ Ալիեւի դեմ ծրագրված դավադրությանը, որ պետք է զինված ապստամբության ձեւով դրսեւորվեր նախագահական ընտրությունների հաջորդ օրը, որպեսզի Բաքվի հին փողոցներում վերստին արյուն հոսեր»: Նման «բացահայտում» անելու համար, խոստովանենք, նախկին քաղբանտարկյալ լրագրողը պետք է որ ունենա ոչ միայն «ստուգված տեղեկություններ», այլեւ շատ ազդեցիկ հովանավոր:
Պարզ հասկացվում է, որ հրապարակման պատվիրատուն Իլհամ Ալիեւն է: Բանն այն է, որ Պուտինի այցից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման հրապարակային դրսեւորումներ չեն նկատվում: Փոխարենը մամուլ են սպրդում լուրեր, որ ռուսաստանյան իրավապահ մարմինները Մոսկվայում «նստել են էթնիկ ադրբեջանցի գործարարների պոչին»:
Ձերբակալվել է միլիարդատեր Թելման Իսմայիլովի բազմաթիվ ձեռնարկություններից մեկի գործադիր տնօրենը, որին մեղսագրվում է «մարդկանց ստրկական աշխատանքի պարտադրելու» հանցանք: Զանգվածային ստուգումներ են իրականացվում մեծածախ առեւտրի կետերում եւ շուկաներում, որոնց սեփականատերերն ազգությամբ ադրբեջանցի են: Այդ տեղեկություններն, անկասկած, ազդում են ադրբեջանական հասարակության գիտակցությանը:
Խնդիրը, սակայն, ինչպես ցույց է տալիս Ֆաթուլլաեւի հոդվածը, իշխանությունները ներկայացնում են այնպես, որ «ամեն ինչ ուղղված է դավադիր միլիարդատերերի դեմ, Պուտինը նրանց թուլացնում է հանուն Իլհամ Ալիեւի»: Այդպե՞ս է իրականում, թե՞ ոչ` տվյալ իրավիճակում կարեւորը ոչ թե փաստն է, այլ` թե ինչպես է այն մատուցվում:
Բայց ադրբեջանցի քաղտեխնոլոգները թույլ են տալիս վրիպում` ինչպես միշտ: Չէ՞ որ այդ կերպ երեւակվում է Իլհամ Ալիեւի «ուժեղ առաջնորդ լինելու» մասին տարիներով մշակված «տեսության» ողջ սնանկությունը: Վարչախումբն ակամա խոստովանում է, որ ոչ Արեւմուտքում ունի աջակցություն, ոչ նույնիսկ եղբայրական Թուրքիայում եւ հենվում է բացառապես Պուտինի «մեծահոգությանը»:
Այս կերպ Իլհամ Ալիեւը խոստովանում է, որ իր իշխանության աղբյուրը ոչ թե ադրբեջանական ժողովրդի կամքն է, այլ` ՌԴ նախագահ Պուտինի ցանկությունը: Սա ակնհայտորեն իրավիճակային «լուծում» է: Նախագահական ընտրություններից հետո գալու է «մուրհակները մարելու» ժամանակը: Ընդ որում, Իլհամ Ալիեւն ստիպված է լինելու «վճարել» ոչ միայն Պուտինին, այլեւ Արեւմուտքին եւ Թուրքիային նույնպես:
Ադրբեջանի պետական եւ իր մասնավոր փողերը գուցե թե կհերիքեն, որպեսզի հին խաղամոլը մարի պարտքերը: Բայց չէ՞ որ նախագահի կարգավիճակում նա պետք է նաեւ քաղաքական պարտավորվածությունների «մուրհակներ» մարի: Ամենահետաքրքրականն, այսպիսով, դեռ առջեւում է` ինչպե՞ս է Ադրբեջանը հաճոյանալու ե՛ւ «քեռի Սեմին», ե՛ւ «ռուսական արջին», ե՛ւ եղբայրական Թուրքիային: Ռուսաստանցի քաղաքագետներից մեկն օրերս vesti.az-ին ասել էր, որ «Մաքսային միությանն Ադրբեջանի միանալու հարցը Պուտինի այցից հետո կարելի է լուծված համարել»:
Եթե իրոք այդպես է, ապա շատ դժվար է ասել` Պուտինը փրկե՞լ է Իլհամ Ալիեւին, թե՞ նրան մատնել ավելի մեծ փորձության: Ավելացնենք նաեւ, որ կարծես իրականություն է դառնում մեր այն կանխատեսումը, որ «դավադրության» մեջ Իլհամ Ալիեւը կասկածում է նաեւ կնոջը եւ նրան հեռացրել է ասպարեզից: Օգոստոսի 26-ը Մեհրիբան Ալիեւի ծննդյան օրն էր, բայց ադրբեջանական լրատվամիջոցները բավարարվեցին տեղեկատվությամբ, թե պակիստանյան ինչ-որ թերթում նրա մասին հոդված է գրվել: