«Ազգի» տարեկան արձակուրդի օրերին, Երեւանի ամառային տապը մի փոքր տանելի դարձավ շնորհիվ ծանոթ սփյուռքահայերի հայրենիք այցելությունների, որոնք անմոռանալի պահեր պարգեւեցին մեզ: Ուրախալի էր մանավանդ այն փաստը, որ հակառակ երկրում տիրող անբարենպաստ մթնոլորտին, Եգիպտոսից նույնպես մեր հայրենակիցները կարողացել էին այցելել Հայաստան:
Առիթից օգտվելով այստեղ անդրադառնամ մի շատ կոպիտ սխալի, որ անընդհատ հեռուստատեսությամբ հնչում է Եգիպտոսի բնակչության առնչությամբ: Եգիպտոսում ապրողը «եգիպտացի» է եւ ոչ թե «եգիպտոսցի», ինչպես շատ հաճախ ներկայացվում է: Այնտեղ բնակվող հայերն էլ «եգիպտահայեր» են: Հույս ունեմ, որ այսուհետեւ կուղղվի սխալը:
Վերադառնամ բուն նյութին: Հանդիպումս դոկտ Սուրեն Պայրամյանի հետ կայացավ «Կասկադի» մոտ: «Յուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետն այս անգամ դարձյալ արժեքավոր նյութեր էր բերել հանձնելու Հայաստանի ազգային գրադարանին եւ պետական արխիվին, նաեւ բերել էր 2013-ին լույս տեսած իր երկու նոր գրքերից նմուշներ, մեկըՙ «Հայ մամուլն ու գրատպութիւնը Եգիպտոսի մէջ եւ Հայ գրատպութեան 500-ամեակի (1512-2012) ոգեկոչումը Գահիրէի մէջ» , իսկ մյուսըՙ երկլեզու (անգլերեն եւ արաբերեն) «The Armenian Press in Egypt. Bibliographical» – «Էլ-Սահաֆա-տել-արմանիյե ֆի միւր» խորագրով: Այս վերջինը 2005-ին հրատարակած իր «Հայ մամուլը Եգիպտոսի մէջ: Մատենագիտական ցուցակ» հոյակապ ուսումնասիրության հակիրճ թարգմանությունն է: Այդ ուսումնասիրությանը «Ազգը» ժամանակին անդրադարձել է: Նոր երկլեզու տարբերակը, անկասկած, մեծ հետաքրքրություն պետք է առաջացնի ինչպես եգիպտահայ, այնպես էլ ընդհանրապես արաբական մամուլի պատմությունն ուսումնասիրող օտար մասնագետների շրջանակում:
Գալով «Հայ մամուլն ու գրատպութիւնը Եգիպտոսի մէջ» գրքույկին, նշեմ, որ հակառակ իր ծավալին (48 էջ) այն մեծապես տեղեկատվական է: Դրանից իմանում ենք, օրինակ, որ եգիպտահայ պարբերական մամուլի առաջնեկը եղել է «Արմաւենին» 1865-ին (խմբագիր Աբրահամ Մուրադյան), իսկ առաջին հայատառ գրքույկըՙ «Դատապարտեալ Շուշանը» 1888-ին (հեղինակՙ Մկրտիչ Թութունջյան):
Նշված թվականներից հետո, «շուրջ 150 տարիներու ժամանակաշրջանին, եգիպտահայ մամուլի աւելի քան 165 եւ գրատպութեան 2000 այլազան բնոյթի միաւորումները իրենց պատուաբեր կնիքը դրոշմած են հայ դպրութեան, մամուլի եւ հրատարակութեան գանձարանին մէջ»:
«Արմաւենին» հրատարակվել է ընդամենը չորս համար, մինչեւ 1865 թվի մայիսի 1-ը, որից հետո «Եգիպտահայ մամուլը ամուլ մնացած է մինչեւ 1889, երբ Ղեւոնդ քհնյ. Փափազեանը Պոլսէն գալով իր հետ բերած է հայկական տառեր եւ նախնական տպարան մը»: Մտավորական Անտոն Ռշտունիի եւ հաշուակալ Վահան Մամասյանի համագործակցությամբ նա Ալեքսանդրիայում հրատարակել է «Նեղոս» շաբաթաթերթը:
Այնուհետեւ հրատարակվել են «Փարոս» (Հարություն Ալփիար եւ Տիգրան Արփիարյան), «Լրաբեր» (Գրիգոր Սարաֆյան), «Փիւնիկ» (Սմբատ Բյուրատ), «Արշալոյս» (Եղիշե Թորոսյան) պարբերականները, մինչեւ Երվանդ Օտյանը 1908-ին հիմնել է «Արեւ» օրաթերթը, որը նա միաձուլելով «Լուսաբերին» (Վահան Քյուրքչյան, 1904-1908 թթ.) վերանվանվել է «Լուսաբեր-Արեւ», իսկ 1915-ին Վահան Թեքեյանի եւ մի քանի այլ մտավորականների ջանքերով դարձել է Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնաթերթ «Արեւ» օրաթերթ, որը մինչեւ օրս շարունակում է հրատարակվել Կահիրեում, բայց 2012-ից ի վեր արդեն որպես եռօրյա:
Ճարտարագետ Արմենակ Մյոթեմետյանը 1913-ին հիմնադրել է «Յուսաբեր» երկօրյան, որը 1922-ին փոխանցվել է ՀՅԴաշնակցության տեղական մարմնին եւ օրաթերթի վերածվել 1925-ին: «Յուսաբերը» մինչեւ օրս հրատարակվում է որպես օրաթերթ:
Այլ հրատարակությունների շարքում հիշատակության արժանի են Երվանդ Մսըրլյանի «Սաւառնակ» եւ Հայկ Ժամկոչյանի «Ջահակիր» շաբաթաթերթերը: «Սաւառնակը» վաղուց դադարել է լույս ընծայվել, բայց «Ջահակիրը» 1963-ից Սարգիս եւ Զավեն Պալյան եղբայրներին է փոխանցվել եւ այժմ շարունակում է հրատարակվել երկշաբաթական պարբերությամբ, որպես ՍԴՀնչակյան կուսակցության պաշտոնաթերթ:
Եղել են նաեւ բազմաթիվ այլՙ կրթական հաստատությունների, ընկերային կազմակերպությունների, աշակերտական-ուսուցչական խմբակցությունների, ինչպես նաեւ առողջապահական, մարմնակրթական ոլորտների աշխատողների կողմից իրականացված հրատարակություններ: Հպարտությամբ եւ գոհունակությամբ պետք է արձանագրել, որ հենց մտավորականներ եւ խմբագիրներ իրենց ներդրումն են ունեցել նաեւ եգիպտական մամուլի զարգացման գործում, լույս ընծայելով արաբերեն, թուրքերեն եւ եվրոպական լեզուներով թերթեր եւ պարբերականներ: Դրանցից հիշատակենք արաբերեն «Միւս» ( Եգիպտոս), «Էլ Թկարա» (առեւտուր), «Էլ Զաման» (ժամանակ) թերթերը, հայատառ թուրքերենՙ «Մաժակը», թուրքերենՙ «Ենի Ֆիքիրը» (նոր միտք), ֆրանսերենՙ «Պոլիտիկ Մորալը» (բարոյական քաղաքականություն) եւ «Լա Ժուստինը» (արդարություն):
Առանձնահատուկ հիշատակության արժանի է եգիպտական քաղաքական երգիծանկարչության ռահվիրա Ալեքսանդր Սարուխանը, որ 1938-39 թթ. խմբագրել է «Լա Քարալան» հանդեսը: Սարուխանը երկու տարի աշխատակցել է արաբական «Ռոզ էլ Յուսուֆ», «Ախր Սաա» եւ «Ախբար էլ Յոմ» հանդեսներին եւ օրաթերթերին:
Արաբերեն հրատարակությունների շարքը թերի կլինի, եթե չհիշատակենք 1998-2009 թթ. Հայ ազգային հիմնադրամի լույս ընծայած «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածը նույն «Արեւ» անվանմամբ (դոկտ. պրոֆ. Մոհամմեդ Ռիֆաթ Էլ-իմամի խմբագրությամբ), որի մասին բազմիցս անդրադարձել ենք «Ազգի» էջերում: ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ 2010-ի ապրիլից հրատարակվում է արաբերեն «Արեգ» պարբերական-տեղեկատուն, դարձյալ Մ. Ռ. Էլ-իմամի խմբագրությամբ: Արաբերեն այս երկու պարբերականների հայագիտական նյութերի խորհրդատուն եղել եւ մնում է ճանաչված մտավորական Պերճ Թերզյանը:
«Հայ մամուլն ու գրատպութիւնը…» գրքույկը տեղեկացնում է նաեւ, որ Եգիպտոսում մինչեւ 2010 թվականը հրատարակված հայերեն թերթերի ընդհանուր քանակը կազմում է շուրջ 165 անուն պարբերականՙ լույս ընծայված Կահիրեում եւ Ալեքսանդրիայում գործող 51 հայկական տպարաններից: Պարբերականները ունեցել են ազգային, քաղաքական, գրական, երգիծական, գիտական, մարզական, կանացիական եւ առողջապահական ուղղվածություն, իսկ հրատարակված գրքերի քանակը 1888-ից մինչեւ օրս կազմել է 1960-ից ավելի, որոնց 21 տոկոսը հրատարակվել է 1931-40 թթ., 15,5 տոկոսըՙ 1941-50 թթ. եւ 13.4 տոկոսըՙ 1951-60 թվականներին:
Մնում է ավելացնել, որ եգիպտահայությունը հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Եգիպտահայ գրքի ցուցահանդես» է կազմակերպելՙ «Յուսաբեր» մշակութային ընկերակցության վարչության նախաձեռնությամբ եւ այդ առթիվ ստեղծված հանձնախմբի, հովանավորությամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Աշոտ եպս. Մնացականյանի եւ ներկայությամբ Կահիրեում ՀՀ դեսպան դոկտ. Արմեն Մելքոնյանի: Ներկայացված են եղել ավելի քան 700 նմուշներՙ սիրահոժար կերպով տրամադրված դոկտ. Սուրեն Պայրամյանի կողմից:
Գունավոր եւ սեւուսպիտակ նկարներով հարուստ գրքույկը ընդգրկում է նաեւ ցուցահանդեսի հուշամատյանից գրառումներ, ինչպես նաեւ եգիպտահայ մամուլի եւ գրքի, տպարանների ու հրատարակիչների առանձին ցուցակներ:
Ներկա երկու գրքույկների հրատարակումն ու վերոնշյալ միջոցառման նախաձեռնությունը մի ավելորդ անգամ ապացուցում են դոկտ. Ս. Պայրամյանի անսահման ու անսակարկ նվիրվածությունը հայ գրին ու գրականությանը: Նոր եռանդ ու կորով նրան իր ապաա ծրագրերի իրականացման գործում: