Քրիսթոֆեր Ուոքերի պատասխանը «Նյու ինտերնեշնըլիստին»
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ անգլիացի պատմաբան Քրիսթոֆեր Ուոքերը, պատասխանելով «Նյու ինտերնեշնըլիստ» պարբերականի հունիս ամսվա համարում լույս տեսած «Վերստին ներկայացնելով Սերժ Սարգսյանին» հոդվածի մի քանի սխալ հաստատումներին, գրել է.
ա) «Հայերը ենթակա՞ են իսլամաֆոբիական դրսեւորումների»: Հայերը ոչ մի տեսակի, առավել եւս իսլամաֆոբիական դրսեւորումների ենթակա չեն, նրանք լավ հարաբերություններ ունեն Իրանի հետ (որտեղ կայացած համայնք գոյություն ունի), ինչպես նաեւ Լիբանանի, Սիրիայի (նույնիսկ հիմա), Եգիպտոսի եւ Հորդանանի հետ: Թուրքիայի հետ իրենց խնդիրը 1915-ին ծրագրված զանգվածային սպանություններն են, որոնք հասան ցեղասպանության աստիճանի: Կատարվածը (որը տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում) միայն մակերեսայնորեն էր «իսլամական», քանի որ կոտորածները կազմակերպողները բացահայտ աթեիստներ էին:
բ) Հայաստանը 1994 թվին Լեռնային Ղարաբաղը չի խլել Ադրբեջանից: Անկլավի բնակչության մեծամասնությունը եղել եւ մնում են հայերը: Նրանք 1988-ից սկսած ցույցերի եւ հանրաքվեի միջոցով կողմ են արտահայտվել անջատվելու Ադրբեջանից: Երբ ազերի բանակը միջամտելով փորձեց լռեցնել նրանց, Ղարաբաղի տեղական ինքնապաշտպանական զորքերը դուրս շպրտեցին նրանց (որպես իմպերիալիստական ագրեսորների): Այդ ժամանակ նորանկախ Հայաստանը դեռեւս կանոնավոր բանակ չուներ, որն արժանի լիներ հիշատակության: Իսկ ազերիներինը պարզապես խորտակվեց 1993-ի հունիսին: Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից պետք է ողջունել որպես անկախության, ազատության եւ ինքնորոշման հաղթանակ ընդդեմ բոլոր տեսակի օտար ագրեսիայի, մշակութային շովինիզմի եւ կայսերապաշտական կառավարման»:
Քրիստոֆեր Ուոքերի այս պատասխան-նամակը հրատարակվել է «Նյու ինտերնեշնըլիստի» հուլիս-օգոստոս միացյալ համարում: