Իսրայելը պահանջում է չմիջամտել, Եվրոպան կարող է սառեցնել ֆինանսական օգնությունը
Սինայի թերակղզում օգոստոսի 19-ի առավոտյան իսլամիստ գրոհայինները հարձակում են ձեռնարկել եգիպտացի ոստիկանների երկու ավտոբուսների վրա: Սպանվել է 24 ոստիկան: Իրավապահ մարմինների 3 այլ աշխատակիցներ վիրավորվել են:
Ասոշիեյթեդ պրես գործակալության տվյալներով, հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ ոստիկանների ավտոբուսներն անցնելիս են եղել գազայի հատվածի սահմանային Ռաֆահ քաղաքից ոչ հեռու գտնվող մի գյուղով: Ավտոբուսները գնդակոծվել են ձեռքի հակատանկային նռնականետներից:
Սեփական աղբյուրներ վկայակոչելովՙ BBC-ն հաղորդում է, որ 4 զինված անձինք նախ շրջափակել են ավտոբուսների երթեւեկությունը, ապա կրակ են բացել դուրս եկած ոստիկանների վրա:
Եգիպտոսի զինված ուժերը եւ ոստիկանությունը փորձում են գրոհայիններից մաքրել կենտրոնական կառավարության վերահսկողությունից փաստորեն դուրս եկած Սինայի թերակղզին: Ֆրանսպրեսի տվյալներով, ներկայումս այդ շրջանում կան 500-ից մինչեւ 1000 զինված իսլամիստներ, որոնք գրոհներ են ձեռնարկում պահակակետերի եւ այլ օբյեկտների վրա:
Սինայի թերակղզում իրադրությունը կտրուկ վատթարացավ հուլիսի 3-ի երեկոյան, երբ պաշտոնանկ արվեց նախագահ Մուհամմեդ Մուրսինՙ «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման թեկնածուն: Սինայում գործող գրոհայիններին միացան Մուրսիի հետեւորդները, որոնք պատրաստ են զինված պայքար մղել նրան վերադարձնելու համար: Մուրսիի կողմնակիցները գործում են երկրի նաեւ այլ շրջաններում: Անցյալ ուրբաթ երեկոյան Կահիրեում իսլամիստների եւ իրավապահ ուժերի բախումները վերսկսվեցին նոր թափով: CBS News հեռուստաալիքի տվյալներով, միայն շաբաթավերջին սպանվածների թիվն անցել է 100-ից, իսկ վերջին 4 օրերին Եգիպտոսում սպանված անձանց ընդհանուր թիվը 924 է:
Չնայած շարունակվող բախումներին, իսրայելցի դիվանագետներն ակտիվորեն ջանում են Արեւմուտքի պետություններին համոզել, որ հարկավոր է օժանդակել Եգիպտոսի նոր իշխանություններին եւ չդիմել պատժամիջոցների: Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իր անունը չհրապարակելու պայմանով «Նյու Յորք թայմս» թերթին ասել է, որ Արեւմուտքի երկրները չպետք է հանդես գան եգիպտացի զինվորականների դեմ: Նրա խոսքերով, Արեմուտքը կարող է կորցնել ամբողջ Եգիպտոսը, եթե անչափ համառորեն պահանջի ժողովրդավարական արժեքների պաշտպանություն:
Թերթի հրապարակման համաձայն, Վաշինգտոնում, Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, Բեռլինում եւ այլ մայրաքաղաքներում Իսրայելի դեսպանները ջանում են իշխանություններին համոզել, որ պետք է խուսափել Եգիպտոսի ղեկավարության դեմ ուղղված կոշտ միջոցներից: Պատճառն այն է, որ Իսրայելի կառավարությունը վախենում է Եգիպտոսի իրադության հետագա ապակայունացումից:
Ի դեպ, Եգիպտոսի նոր իշխանությունների պաշտպանությամբ հանդես է գալիս նաեւ Սաուդյան Արաբիան: Կիրակի օրը սաուդցիների արտգործնախարար, իշխան Սաուդ ալ Ֆայսալը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարեց, որ Էր Ռիադը եւ Փարիզը պայմանավորվել են Եգիպտոսին ընձեռել ներքին ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորություն: Այդ մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Ինչ վերաբերում է Եվրոմիությանը, դրա ղեկավարությունը «խոր մտահոգություն» է արտահայտել Եգիպտոսի իրադրության առնչությամբ: Ֆրանսպրեսին հայտնի է դարձել, որ միությունը կարող է սառեցնել 5 մլրդ եվրո ֆինանսական օգնությունը, որ Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո ինքը Կահիրեին խոստացել էր Եգիպտոսում ժողովրդավարության զարգացման շրջանակներում: