Համակարգչային նյութերի հիման վրա պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Մ. Նահանգների մեկ տասնյակ նախագահների հետ համագործակցած լրագրողուհու ոդիսականը
Այս տարվա հուլիսի 20-ին Վաշինգտոնի իր տանը, 92 տարեկանում վախճանվեց Սպիտակ տան լրատվական կորպուսի անդամ, «մամլո գրասենյակի առաջին լեդի» հորջորջված, վետերան լրագրող եւ գրքերի հեղինակ Հելեն Ամելիա Թոմասը:
Ուինչեստրում (Կենտուկի) 1920 թվի օգոստոսի 4-ին ծնված Հելենը Տրիպոլիից (այժմՙ Լիբանանի 2-րդ քաղաքը) Մ. Նահանգներ ներգաղթած Ջորջ եւ Մերի (Ռովադի) Թոմաս զույգի ինը երեխաներից յոթերորդն էր: Հոր ազգանունը եղել էր «Անտոնիուս», որը Էլիս Այլենդ մուտք գործելուց հեշտացված տարբերակով դարձել էր «Թոմաս»: Ծնողները գրել-կարդալ չեն իմացել: Չորս տարեկանից Հելենը հիմնականում մեծացել է Դետրոյթում, որտեղ հայրը մթերային խանութ է բանեցրել: «Ընդհանուր առմամբ մեզ երբեք չեն առանձնացրել որպես ծնունդով արաբ ամերիկացիների: Մենք ամերիկացիներ էինք, եւ կարծում եմ բոլոր նրանք, ովքեր արդեն ձուլվել-մերվել են (բնիկների հետ), չպետք է զատորոշվեն էթնիկապես, մաշկի գույնից կամ դավանանքից ելնելով: Զատորոշելու փորձերը կծառայեն միայն ժողովրդի մասնատմանը», ասել է նա մի առիթով, հիշելով այդուհանդերձ, որ մի անգամ 1920 թվին դպրոցից տուն է վերադարձել լացելով եւ ասելՙ «մեզ սխտոր ուտողներ անվանեցին»:
Կարիերայի վաղ շրջանը
Ավագ դպրոց հաճախելու տարիներից քրիստոնյա արաբ Հելենն արդեն որոշել է դառնալ լրագրող: Բակալավրի աստիճան է ստացել 1942-ին Դետրոյթի Ուեյն համալսարանից: Ապա տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ աշխատակցել է «Վաշինգտոն դեյլի նյուզ» օրաթերթին (այժմ դադարեցված): Ութ ամիս աշխատելուց հետո, մասնակցել է աշխատակիցների գործադուլին եւ վտարվել աշխատանքից: 1943-ին «Յունայտիդ պրեսին» է միացել եւ դրա կաբելային ծառայությունների ցանցում լուսաբանել կանանց վերաբերող թեմաներ: Վաստակել է շաբաթական 24 դոլար, որն այսօրվա հաշվարկներով համազոր է 318 դոլարի: 50-ականների սկզբներին սկսել է վարել «Անվանի մարդիկ» ծրագիրը: Հարցազրույց է ունեցել բազմաթիվ ակնառու մարդկանց հետ: 1955-ին նրան հանձնարարել են լուսաբանել Արդարադատության, այնուհետեւ նաեւ Առողջապահության նախարարությունների գործունեությունները: 1959-60 թվերին ընտրվել է նախագահ «կանանց մամուլի ազգային ակումբի», որի նախաձեռնությամբ կանայք առաջին անգամ իրավունք են ձեռք բերել ներկա գտնվել այդ ժամանակ Ամերիկա այցելող Խորհրդային Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչովի ելույթին:
Նախագահական թղթակից-լրագրող
1960 թվի նոյեմբերից սկսվել է «նախագահականում» աշխատելու նրա փորձառությունը: Այդ օրերին Ջոն Քենեդին նոր էր ընտրվել Մ. Նահանգների նախագահ: 1961-ի հունվարին նա դարձել է UPI-ի Սպիտակ տան թղթակիցը: Այդ շրջանին է, որ նա վերականգնել է նախագահական հարցազրույցներից հետո «Շնորհակալություն, պարոն նախագահ», ասելու սովորությունը, որը Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակ օգտագործվել էր դարձյալ UPI-ի թղթակից Ալբերտ Մերիման Սմիթի կողմից, բայց հետագայում մոռացության մատնվել:
«Քրիսչըն Սայնս Մոնիտոր» թերթում 2008-ին տպագրված մի հոդված Հելենին բնութագրում էր, որպես «շիտակ, անողոք, համոզիչ եւ պահանջկոտ» մի թղթակցի, որին ոչ միայն հարգում են Մ. Նահանգներում, այլեւ ճանաչում ամբողջ աշխարհում: Նրա հորդորանքով է, որ 1962-ին նախագահ Քենեդին որոշում է արձակում Սպիտակ տան տղամարդ եւ կին թղթակիցների համար մինչ այդ առանձին կազմակերպված տարեկան ճաշկերույթները միացնելու մեկ ընդհանուր հանդիսության: 1970-ին UPI-ը նրան նշանակում է գլխավոր թղթակիցՙ Սպիտակ տանը: Նա դառնում է առաջին կինը, որն զբաղեցնում է UPI-ի Սպիտակ տան գրասենյակի ղեկավարի պաշտոնը 1974-ին:
Նա նաեւ միակ կին լրագրողն է դառնում, որն առաջին անգամ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ Չինաստան է մեկնում 1972-ին: Դրանից հետո նա իրարահաջորդ նախագահների հետ շրջել է ամբողջ աշխարհը: 1975-ից սկսած նա լուսաբանել է յուրաքանչյուր «Տնտեսական գագաթնաժողով եւ իր պաշտոնում մնացել ավելի քան 25 տարի: Այդ ամբողջ ընթացքում նա UPI-ի համար պատրաստել է «Սպիտակ տան կուլիսներում» խորագիրը կրող կանոնավոր հաղորդագրություններ:
1975-ին «Գրիդիրոն կլաբ» անունով ճանաչված «Վաշինգտոնի մամուլի կորպուսի ակումբը» Հելեն Թոմասին ընդունել է իր շարքերը, նրան դարձնելով առաջին կին անդամը: Իսկ 1975-76 թվերին նա ընտրվել է «Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի» նախագահ: Նա միակն էր թղթակիցներից, որն ուներ իրեն հատկացված հատուկ աթոռ Սպիտակ տան «Բրիֆինգների սենյակում»:
Ջորջ Բուշ կրտսերի օրոք
Առանձնաշնորհյալ այս կարգավիճակը տեւում է մինչեւ 2000 թվի մայիսի 17-ը երբ հայտարարվում է, որ UPI-ը վաճառվել է «News World Communications» ինկորպորացիային, որը միջազգային մեդիա կոնգլոմերատ էՙ հիմնված եւ ղեկավարված «Unification Church»-ի (Մունիական եկեղեցի) առաջնորդ, վերապատվելի Սան Միունգ Մունի կողմից: Վերջինիս է պատկանում նաեւ «Վաշինգտոն Թայմսը» եւ այլ լրատվական միջոցներ: UPI-ի հետ 57 տարվա համագործակցությունից հետո Հելենը հրաժարական է տալիս տնօրենության փոփոխությունը համարելով «չափազանց մեծ»: Քիչ ժամանակ անց նա միանում է «Hearst Newspapers» կազմակերպությանը, որպես սյունակագիր: Այդ օրվանից էլ նա իրեն ավելի ազատ է զգում արտահայտելու իր սեփական կարծիքը, որը երբեմն տհաճ կացությունների մեջ է գցել նրան:
Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարության առաջին շրջանում ահաբեկիչներին զենք մատակարարելու առիթով նա մամլո քարտուղարին բացատրել է, որ «պաղեստինցիները իրենց հայրենիքի համար են պայքարում»: Իսկ 2003-ին «Պրոֆեսիոնալ լրագրողների ընկերության» համար տրված խնջույքի ժամանակ իր ինքնագիրը պահանջող մի անձնավորության անկեղծորեն խոստովանել է, որ «լուսաբանում է Ամերիկայի պատմության մեջ ամենավատ նախագահի գործունեությունը»: Լինելով «Դեյլի Բրիզ» օրաթերթի սպորտային մեկնաբանը, այդ անծանոթը հրատարակում է նրա խոսքերը, որից հետո նա ստիպված է լինում ներողություն խնդրել նախագահից: Նրան դրանից հետո մամուլի ասուլիսների չեն հրավիրում, եւ ներկա գտնվելու դեպքում էլ նա ստիպված է լինում նստել վերջին շարքերում: «Ինձ այլեւս չեն սիրում: Շատ եմ տհաճ հարցեր տալիս», ասել է այդ առթիվ:
2006-ի մարտի 21-ին Բուշ կրտսերը երեք տարվա ընդմիջումից հետո նորից հրավիրում է Հելենին հարցազրույցի: Հելենը Բուշին հարցնում է իրաքյան պատերազմի մասին: «Մինչեւ օրս Իրաք ներխուժելու Ձեր հրապարակած պատճառները անհիմն են եղել: Դուք ասել եք, որ դա նավթը չէր, ոչ էլ Իսրայելի անվտանգությունը: Ինչի՞ համար էր, ուրեմն, այդ պատերազմը»: Բուշը սկսել է քննարկել ահաբեկչության դեմ պայքարը, ասելով, որ Սադամ Հուսեյնը չի տրամադրում անհրաժեշտ տեղեկությունները եւ չի հանդուրժում վերահսկիչների ներկայությունը: Որոշ մեկնաբաններ Հելենին քննադատել են նման հարցադրումների համար:
Նույն տարվա հուլիսին «Հիլ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Այն օրը, որ Դիկ Չեյնին նախագահական թեկնածու առաջադրվի, ես ինքնասպան կլինեմ: Մեզ մեկ ուրիշ ստախոս պետք չէ: Դա տխուր օր կլինի մեր երկրի համար»:
Մեկ ուրիշ անգամ, 2007-ի նոյեմբերի 30-ին, հարցը ուղղելով Սպիտակ տան մամլո քարտուղարին Հելենը հետաքրքրվել է Իրաքից ամերիկյան զորամիավորների հետ քաշման խնդրով: Հարցը վիրավորական եւ աբսուրդ է համարել Դանա Պերինոն. «Դուք ուզում եք ասել, որ դեռ ինչքան անմեղ մարդկանց ենք սպանելու այնտեղ: Մենք ցավում ենք այդ կորուստների համար», ասել է նա, որին Հելենը անմիջապես հակադարձել է. «Իսկ դուք գիտե՞ք ցավի արժեքը, կամ թե քանի՞ անմեղ մարդ է սպանվել»:
Օբամայի վարչակազմի օրոք
Նորընտիր նախագահ Օբամայի առաջին մամլո ասուլիսի օրըՙ 2009-ի փետրվարի 9-ին Հելենը դարձյալ հայտնվել է առաջին շարքում: Հարգելով նրա երկարամյա ծառայությունները, Օբաման նրան խոստովանել է. «Շատ եմ հուզվում, Հելեն: Սա հանդիսավոր րոպե է ինձ համար»: Հելենը նրան հարցրել է, թե արդյոք Մերձավոր Արեւելքի որեւէ երկիր միջուկային զենք ունի՞, իր կարծիքով: Օբաման պատասխանել է, որ չի ցանկանում «ենթադրություններ անել» այդ հարցում:
Իսկ նույն տարվա հուլիսի 1-ին արտահայտվելով մամուլի նկատմամբ վարչակազմի դիրքորոշման մասին, Հելենն ասել է. «Մենք վերահսկողություն ունեցել ենք անցյալում, բայց ոչ այս չափսի: Ես զարմացած եմ, որ խոսում եք թափանցիկության եւ բացախոսության մասին, բայց (միաժամանակ) վերահսկում եք»: Նրա կարծիքով նույնիսկ Ռիչարդ Նիքսոնի ժամանակ այդքան ուժեղ չէր վերահսկողությունը մամուլի նկատմամբ:
Հետաքրքական զուգադիպությամբ նախագահ Օբամայի եւ Հելեն Թոմասի ծննդյան թվականները նույն օրն ենՙ օգոստոսի 4-ին: Եվ 2009-ի օգտոսոսի 4-ին Օբաման նրան կեքսեր է նվիրել եւ «Ծնունդդ շնորհավոր» երգել նախքան այդ օրվա մամլո ասուլիսը:
Պաղեստինա-հրեական հակամարտության մասին
Ամերիկահրեաների ժառանգության տոնակատարության օրըՙ 2010-ի մայիսի 27-ին, Սպիտակ տան տարածքում տեսնելով Հելեն Թոմասին հյուսիսային դարպասից դուրս գալիս, րաբբի Դեյվիդ Նեսենովը հարցրել է Իսրայելի մասին նրա կարծիքը: Հելենը պատասխանել է. «Ասեք հրեաներին, որ դուրս գան Պաղեստինից: Դա նրանցՙ պաղեստինցիների երկիրն է, ինչո՞ւ եք դուրս հանում նրանց իրենց դարավոր երկրից»: «Իսկ ո՞ւր գնան հրեաները» հարցին նա պատախանել է. «Տուն, Լեհաստան, Գերմանիա, Ամերիկա կամ որեւէ այլ վայր»:
Կարճ հարցազրույցի այս հատվածը 2010-ի հունիսի 3-ին հայտնվել է Նեսենովի կայքէջում: Հաջորդ օրը Հելենը ստիպված է եղել ներողութուն խնդրել իր կայքէջում: «Ես հավատացած եմ, որ խաղաղությունը կհաստատվի Մերձավոր Արեւելքում, երբ կողմերը հասկանան փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականության անհրաժեշտությունը», ասել է նա, հույս հայտնելով, որ այդ օրը շուտ կգա:
Բայց հարցը դրանով չի ավարտվել: «Նայն Սպիկըրս» ինկորպորացիան անմիջապես հրաժարվել է նրա ծառայություններից: «Լսիր, պարոն նախագահ» գրքի Հելենի հետ համահեղինակ Կրեյգ Կրոուֆորդն էլ դադարեցրել է իր համագործակցությունը գրքեր հրատարակելու ծրագրերում: Բեթեսդայում (Մերիլենդ) գտնվող Ուոլթ Ուիթմենի անվան ավագ դպրոցում նախատեսված Հելենի բանախոսությունը ավարտական հանդիսության օրը չեղյալ է հայտարարվել: «Պրոֆեսիոնալ լրագրողների ընկերութունն» էլ հետ է կանգնել նրան երկարամյա ծառայությունների համար մրցանակ շնորհելու գաղափարից:
Հրաժարական
2010-ի հունիսի 7-ին Հելեն Թոմասը «Hearst News Papers» լրատվական գործակալությանն է ներկայացրել իր հրաժարականը աշխատանքից: Հաջորդ օրը NBC-ի «Today Show» ծրագրին տված իր հարցազրույցի ժամանակ նախագահ Օբաման նրա վերոնշյալ խոսքերը բնութագրել է «վիրավորական եւ անտեղի», իսկ հրաժարականի որոշումըՙ «ճիշտ»: Նա ակնարկել է, որ Հելենի հեինակությունը ունեցող անձի համար «ամոթալի է» կարիերայի նման ավարտը:
Նրան շատերն են քննադատել կառավարական շրջանակներում, բայց եղել են նաեւ նրան պաշտպանողներ, որոնք մատնանշել են «ծայրահեղ աջակողմյանների մոլեռանդությունը, կարծրատիպերը եւ կեղծիքները»:
WMRN ռադիոկայանի լրագրող Սքոթ Սպիըրզի հետ հարցազրույցումՙ 2011 թվի հոկտեմբերին, Հելենը ասել է. «Ես մատս դրեցի ցավոտ կողմի վրա: Այս երկրում չի կարելի քննադատել Իսրայելին եւ շարունակել հանգիստ ապրել»: Նա ավելացրել է, որ ներողություն է խնդրել իր խոսքերի համար, բայց իսրայելական ագրեսիայի վերաբերյալ մնում է նույն կարծիքին:
Դրանց առաջ արաբ ամերիկացիների ընկալումներին եւ պատկերացումներին նվիրված կոնֆերանսի ժամանակ Դիըրբոռնում (Միչիգան) նա լրագրողներին ասել է. «Ես տուժեցի, բայց արժեր ճշմարտությունը ասել: Կոնգրեսը, Սպիտակ տունը, Հոլիվուդը եւ Ուոլ Սթրիթը ամբողջությամբ պատկանում են սիոնիստներին: Կասկած չունեմ»: Բայց հերքել է այն կարծիքները, որ ինքը հակասեմական է: «Ես ինքս եմ սեմական», ասել է նաՙ ակնարկելով իր արաբական ծագումը:
Այդ հարցում նրան պաշտպանողներ եղել են, եւ 2011-ի հունվարից մինչեւ 2012-ի հունվարը նրան որպես սյունակագիր աշխատանքի է վերցրել «Falls Church News-Press» գործակալությունը, որի սեփականատեր Նիկոլաս Բենտոնը քննադատել է բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում զրկել են Հելենին մրցանակներից:
Անձնական կյանքը
Հելենն իրեն համարել է լիբերալ: Աշխատանքը, կարիերան դասել է անձնական կյանքից վեր, ավելի բարձր: 51 տարեկանում ամուսնացել է գործընկերոջՙ Դուգլաս Կոռնելի հետ (Ասոշիեթեդ Պրեսից), որը չորս տարի անց Ալցհայմերի հիվանդությամբ է սկսել տառապել, եւ Հելենը ստիպված է եղել խնամել նրան մինչեւ նրա մահըՙ 1982-ին:
Մինչեւ կյանքի վերջին շրջանի անախորժությունները, Հելենն իր արհեստավարժ մասնագիտության համար բազմիցս է գովասանքների արժանացել եւ մրցանակներ ստացել Կանզաս եւ Ուեյն համալսարաններից, «Ֆրիդոմ ֆորումից», Պաղեստինի ազատագրության կազմակերպությունից եւ այլ հաստատություններից:
Հատկանշական է նախագահ Օբամայի բնութագրումը. «Նա իսկական առաջամարտիկ էր եւ նախագահներին, ներառյալ նաեւ ինձ, մշտական զգոն վիճակում էր պահում»: