ՌՈԺԷ ՋՐԲԱՇԵԱՆ
Ֆրանսիայի ժողովուրդը սովոր է վայելել անհանդարտութիւն (rubulence)… Քաղաքների, մանաւանդ Փարիզի փողոցները յաճախ ենթակայ են աշխոյժ ցոյցերի… Փողոցի տողանցքները այլեւս աւանդութիւն են, բողոքելու արդար իրաւունք: Դրանք երբեմն աւելի ազդեցիկ դեր ունեն պետական որոշումների նկատմամբ…
Թւում է, որ ներկայ տնտեսական լուրջ տագնապը այնքան էլ մտահոգիչ չէՙ քան «բոլորի համար ամուսնութիւնը»… Դրա հետեւանքով միասեռական զոյգի որդեգրած երեխան այլեւս հայր-մայրի փոխարէն պիտի ունենայ ծնողք 1, ծնողք 2: Այդ էլ պիտի համարել La logique Carthe՛sienne-ի մտահասունութի՞ւն…
Դե՛հ, արի զօրավար դը Գոլ, ու մի՛ խելագարուի…
Միասեռականների «արդար-յուզիչ» ամուսնութեան պահանջը փոթորկալից ցոյցերից զատ, ահա տեղի տուեցին նաեւ նոր խռովութիւնների: Մի լուրջ կեղծիք: Եղան վաճառականներ, որոնք տաւարի մսի փոխարէնՙ «սուսիկ-փուսիկ» սահեցրին ձիու միսը մեծ քանակութեամբ: Այլ երկրներից ներածուած: Ստեղծուեց աղմկալի մի գայթակղութիւն: Թէպէտ ոչ մի զոհ չեղաւ, ոչ մի անձ չհիւանդացաւ: Ո՛չ էլ փողոցներում ցոյցեր տեղի ունեցան: Այնուամենայնիւ, համակրելի, սիրուած ձիու միսը իբր տաւար վաճառելը կեղծիք է: Անվիճելի:
Տարօրինակ է, որ անասունների տեսակի նկատմամբ նոյն խիստ մօտեցումը չկայ ասունների նկատմամբ: Կեղծիքն ընդունելի է:
Օրինակՙ Անատոլուի խորքերից պոկուել է մի հայի մնացորդՙ Աթիլլա Եապանիօղլու եւ ապաստան գտել Փարիզում: Օրինակելի ֆրանսիացի քաղաքացի դառնալու ցանկութեամբ դիմել է քաղաքապետարան եւ յաջողել է կոչուելՙ Ֆելիքս Եաբանի: Մի ուրիշ էլ Մարսէյլում, Սալիմ Սիքթիրչի, լայիքօրէն մկրտուել է Էդմոն Սիքթիր…
Իհարկէ, պիտի նկատի առնել, որ օսմանեան եւ Աթաթուրքի «երջանիկ» տարիներին հաւանաբար ստիպուել են թաքնուել այդպիսի այլափոխուած «պիտակներով»: Սակայն այդ անունները իրականում կեղծիք են: Ոչ քրիստոնէական, ոչ իսկ «ծագումով հայկական»… Թաքցնում են հայու իսկական ինքնութիւնը: Անպատիժ մի կեղծիք եւ մի կեղտ, որին յաճախ վարժւում է հայը: Այդ պարագայում ինչո՞ւ են փոփոխության ենթարկել իրենց անունը:
Խօսք կայ, որ իբր թէ ցեղասպանութեան 100-րդ տարելիցին «ծպտուած» հայերը պիտի որոշեն հականեխուել եւ վերամկրտուիլ հայաբոյր հարազատ ազգանունով, որ մնան Վարդան Մամիկոնեանի եւ Ս. Մեսրոպ Մաշտոցի արժանի ժառանգները:
Պիտի չմոռանանք, որ կեղծիքի, խարդախութեան արուեստում գերազանց դիրք են գրավել Աթաթուրքի երդուեալները: Ի մասնաւորի ցեղապաշտ վարչապետ Էրդողանը: Դպրոցական պատմութեան գրքերից սկսեալ կարդում ենքՙ «հայերը ջարդել են մէկ միլիոն թուրք», իսկ Իգդիրում, Հայաստանի դիմաց, 1995-ին կառուցուել է քառասուն մեթր բարձրութեամբ հսկայ մի յուշարձան, նուիրուած այն «մէկ միլիոն զոհուած թուրքերի եւ ազերիների, 1918-1921 թթ., որոնց ջարդել են հայերը»:
Այս այլանդակ կեղծիքներից զատ բիւր գետակներ, գիւղեր թրքացած անուններով կոչուեցին: Աղթամարի կղզին մկրտուեց Աքտամար, որ թուրքերէն նշանակում է «սպիտակ երակ»…
Կեղծիքներ, կեղծիքներ, Արեւմուտքի պետութիւնների լուռ մեղսակցութեամբ: Այնպէս որ ճշմարտութիւնը այլեւս պատկանում է ուրիշ մոլորակի:
Մայրաքաղաք Անքարան էլ ահա յամառօրէն մնում է հերթի Եւրոպայի Միութեան մուտքին: Իսկ այդ մուտքի տոմսին արժանանալու համար կեղծիքապաշտ վարչապետ Էրդողանը Ֆրանսիայից գնում է ինքնաթիռներ եւ հիւլէական մի կայան: Այսինքնՙ մի քանի տասնեակ միլիարդ դոլարի աժդահա մի գնում: Մինչ Թուրքիան յանձնի մուտքի այդ տոմսը, շատ հաւանական է, որ մեր ցեղասպանութան ճանաչման, կամ աւելի ճիշդՙ ժխտողականութեան հարցը անուշադրութեան մատնուի, թաղուի արխիվում…
Թուրքիան, ուր հաստատուած են 100 ֆրանսիական ընկերութիւններ, 100.000 աշխատակիցներ, այլեւս այնպիսի հզօր մի կայսրութիւն է դառել, որի կատարած կեղծիքները ներելի են…
***
Ի միջայլոց նշեմ մի վկայութիւն: Առանց կարմրելու խոստովանեմ, որ մօտ բարեկամներիցս մէկը եղել է շերիֆ Ռեմզին: Իզմիրից, թուզի չրի մի վաճառական, մի թուրք, որին ծանօթացայ գործիս բերումով: Պարկեշտ մի անձնաւորութիւն, որ տիրապետում էր 7 լեզուների: Իր թուրք լինելը կարծես թիւրիմացութիւն լինէր… Իսկ իր գրասենեակի պատից կախուած էր Արթինեանի դիմանկարը: Այդ հայը, որին Ռեմզի բէյն ազատել էր 1922-ին ծանօթ թրքական վայրագ յարձակումների ժամանակ: Մի օր իր զուիցերիացի քարտուղարը ինձ պատմեց, որ Արթինեանը մահացել էր Նիսում եւ մահուան ամէն տարելիցին, նրա շիրմաքարի վրայ զետեղւում էր մի ծաղկեպսակ «Շերիֆ Ռեմզի» մակագրութեամբ:
Հետաքրքրական մարդ էր Ռեմզի բէյը: Յաճախ ինձ հրաւիրում էր ճաշարան: Նա մօտ ծանօթ էր եղել Աթաթուրքին եւ Իսմեթ Ինոնյուին: Յիշում եմ, մի օր, զրոյցի պահին, ձեռքը դնելով ուսիս, մեղմ ժպիտով ասաց. «Ձեզ յայտնեմ, սիրելի բարեկամ, որ Աթաթուրքը շատ ուզում էր, որ Թուրքիան աւելի մօտ դառնայ Եւրոպային: Հենց այդ նպատակով էլ որոշեց, որ մեր լեզուի տառերը դառնան լատինական: Այդ բաւական չէր, նա ցանկացաւ, որ թուրքի «բիչիմը» (տեսքը) նմանուի եւրոպականի: Այսինքնՙ գլուխը ծածկի casquette-ով: Այս, ինչ մենք իրականում ունենք, մեր լեզուն, մեր կրօնը, մեր աւանդութիւնները, ինչո՞ւ թուրքը պիտի նմանի եւրոպաբնակչի: Ինչո՞ւ, մենք բնաւ կարիք չունենք այդ կեղծիքին: Թուրքը ո՛չ ֆրանսիացի է, ո՛չ իտալացի, ո՛չ իսպանացի: Թուրքըՙ թուրք է, վերջ: Գիտէ՞ք ինչ պատահեց, սիրելի բարեկամս, թուրքեր եղան, որոնք հնազանդեցին Աթաթուրքին: Միայն թէ թուրքը սովորական իր ֆէսի բարձրութիւնը կրճատեց եւ գլխին էլ կոխեց այդ «քասքեթը»: Այնպէս որ, այդ հնազանդ թուրքը, երբ վերցնէր եւրոպացու գլխարկը, նորից մնում էր նոյն թուրքը»: Ռեմզի բէյի այս ճշդումին հետեւեց իր ջերմ ծիծաղը:
Առակն ասում է. «Յաճախ երեխաների բերնից է դուրս գալիս ճշմարտութիւնը»: Բայց արի տես, որ հասուն թուրքին էլ է պատահում…
Իրաւ է, որ «Une Hirondelle ne fait das le Printemps»… («Մեկ ծիծեռնակով գարուն չի գա», ֆր.:)
Խաբիլը վուրն է, տո՞,
ինչից ես ասում:
Այս մեր քաղքումը որ մէկ միւսին
Չլի խաբի. մի օր կանա՞
մարդ ապրի
Կանա՞ վուտ վուտի առջեւ դնի:
(«Խաթաբալա»,
Գ. Սունդուկեան)