Հայաստանի ընդերքում նավթի եւ բնական գազի առկայության հավանականությունը պահպանվում է, եւ կառավարությունը այս տարվա ընթացքում կկանոնակարգի դրանց երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման նպատակով իրավունքի տրամադրման գործընթացը: Դա ընդգրկված է ՀՀ կառավարության 2013-ի գերակա խնդիրների եւ գործունեության միջոցառումների մեջ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը վերապահված խնդիրների թվում է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի ներկայացումը, համաձայն որի, ֆինանսական միջոցներ կտրամադրեն գործող ատոմակայանի ժամկետի երկարացման աշխատանքների համար: Նախարարության այս տարվա խնդիրների թվում են Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը, Վրաստան-Հայաստան տարանցիկ էներգափոխանակման վերաբերյալ համաձայնագրի կնքումը:
Բավականին հետաքրքրական են գյուղատնտեսության ոլորտում նախանշված խնդիրները: Մասնավորապես, նախատեսվում է տավարի դասական մսատու ցեղերի տոհմային կենդանիների ներկրման եւ տեղական տավարի հետ դրանց վերարտադրության ու տրամախաչման արդյունքում 32-40 կգ-ով ավելացնել մսի համար հանձնվող տավարի կենդանի զանգվածը: Դա հնարավորություն կընձեռի մինչեւ 2021-ը տավարի մսի տարեկան արտադրութան ծավալն ավելացնել 10-11 հազար տոննայով եւ հասցնել շուրջ 60 հազար տոննայիՙ ինչն ամբողջությամբ կբավարարի տավարի մսի ներքին սպառման պահանջարկը:
Գյուղատնտեսության նախարարությունը պետք է կառավարությանը ներկայացնի ձկնաբուծության զարգացման հայեցակարգը, համաձայն որի, 25-30 տոկոսով կնվազի ձկնարտադրության նպատակով օգտագործվող քաղցրահամ ջրի սպառումը եւ շուրջ 2 անգամ կավելանան ձկան արտադրության ծավալները: Հիշեցնենք, որ հատկապես Արարատյան դաշտում վերջին տարիներին ստորգետնյա ջրերի լուրջ նվազում է արձանագրվում եւ նման մոտեցումն ուղղակի հրատապ է:
Ջերմոցային տնտեսությունների զարգացման հայեցակարգով էլ նախատեսվում է առաջիկա 3-5 տարիների ընթացքում ջերմոցային տնտեսությունների տարածքն ավելացնել 15-20 տոկոսով: Մեկ այլ ծրագրի իրականացմամբ աշխատանքներ են տարվելու չօգտագործվող վարելահողերի տարածքները 3-5 տարվա ընթացքում 12-15 տոկոսով կրճատելու համար:
Տրանսպորտի եւ կապի նախարարության գերակա խնդիրն է լինելու հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը: Մասնավորապես, կշարունակվեն տրանշ-1` Երեւան-Աշտարակ, Երեւան-Արարատ հատվածների, տրանշ-2` Աշտարակ-Թալին հատվածի շինարարական աշխատանքները, միջոցառումներ կիրականացվեն տրանշ-3` Թալին-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքների նախապատրաստման ուղղությամբ:
2014-ին էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է ապահովել Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների թվի 10 տոկոս աճՙ 2013-ի համեմատ: Նախարարության 2014 թվականի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագրով, այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային արդյունքը (բացի դասական պատմամշակութայինից, նաեւ ձմեռային, առողջարանային, գյուղական, արկածային եւ այլ), երկարաձգել մեր երկրում զբոսաշրջային սեզոնը, կազմակերպել փառատոներ եւ այլ միջոցառումներ, մասնակցել 3 միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին:
Էկոնոմիկայի նախարարության գերակայությունների թվում են մնալու Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը, ՏՏ ոլորտում տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսության արտահանելի հատվածի ոլորտների ընդլայնումը` մասնավորապես արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում հաստատված ոլորտային ռազմավարությունների միջոցառումների ծրագրի իրագործումը:
«Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը եւս այս տարի կներկայացվի կառավարությանը: Հիշեցնենք, որ կառավարությունը արդեն հաստատել է Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը: Օրենքի նախագծով ակնկալվում է Երեւանի կենտրոնի ճարտարապետական կերպարի միասնականության պահպանման, կառուցապատման, գեղագիտական միջավայրի կատարելագործմանն ուղղված քաղաքականության մշակում եւ իրագործում:
Քաղաքաշինության նախարարության մեկ այլ գերակա խնդիր է սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագրի մշակումը, ինչը ենթադրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման իրավական հիմքերի, սկզբունքների, ուղղությունների ու ֆինանսավորման մեխանիզմների մշակումն ու հստակեցումը:
Շարունակվելու է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, ընդ որում, կառավարությունը խոստանում է դրա պայմանների բարելավում եւ շահառուների թվի աճ:
Բնապահպանության նախարարությունը պարտավորվելու է մինչեւ տարեվերջ 300 հազար հատ գեղարքունի եւ ամառային իշխանի մանրաձուկ աճեցնել եւ բաց թողնել Սեւանա լիճ, ինչպես նաեւ իրականացնել «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծմանն ուղղված միջոցառումներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գործունեության միջոցառումների թվում է սեյսմիկ պաշտպանության ծառայության Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկումը:
Առողջապահության նախարարության խնդիրներից ուշագրավ է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի մշակումն ու կառավարություն ներկայացնելը: Օրենքի ընդունմամբ կներդրվի ցորենի ալյուրիՙ միկրոտարրերով եւ վիտամիններով պարտադիր հարստացման համակարգը, որի արդյունքում ակնկալվում է, որ կկրճատվեն կանանց եւ երեխաների սակավարյունության, բնածին արատով նորածինների ծնունդների, տղամարդկանց մոտ սրտի կաթվածի դեպքերը:
Երեւանում ոստիկանությունը կշարունակի ճանապարհային երթեւեկության վերահսկողության նպատակով տեսախցիկների եւ արագաչափերի տեղադրումը: Շուրջ 30 խաչմերուկներում կտեղադրվեն 120 տեսախցիկներ եւ 50 արագաչափ սարքեր, որոնց մի մասը` նաեւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին:
Սրանք կառավարության այս տարվա գերակա խնդիրների եւ գործունեության միջոցառումների մի մասն են միայն: Մնում է հուսալ, որ դրանք ամբողջությամբ կիրագործվեն ժամանակին եւ արդյունավետ կլինեն: