«Ազգ»-ի հուլիսի 27-ի համարում «Եթե Անկարան մինչեւ հոկտեմբերի 15-ը քայլ չկատարի, ապա չեղյալ ենք հայտարարելու հրադադարը» վերնագրով տեղեկացրել էինք Հյուսիսային Իրաքում ապաստանած քրդական այս կազմակերպության ղեկավարներից Սաբրի Օքի վերջնագրի մասին:
Երեկ odatv.com-ն էլ տեղեկացրեց կազմակերպության մեկ այլ ղեկավարիՙ Դիյար Ղամեշլու հայտարարության մասին, որը նա արել է Լոնդոնում հրատարակված «Շարք ալ Աուսաթ» թերթին: Ղամեշլուն ասել է, որ PKK-ն հաշտեցման գործընթացի շրջանակներում առաջընթաց քայլ ձեռնարկելու համար սեպտեմբեր ամիսը որպես վերջնաժամկետ է ներկայացնում Թուրքիային: Ըստ նրաՙ PKK-ն այս գործընթացին լրջորեն է մոտենում, շարունակվում է կազմակերպության մարտիկների նահանջը, եւ դա շուտով կավարտվի:
Ղամեշլուն պահանջել է, որ Թուրքիան հաշտեցման փուլից անցնի քրդական հարցի կարգավորման փուլին, եւ ավելացրել է. «Դա Թուրքիայում բնակվող ավելի քան 25 միլիոն մարդկանց խնդիրն է, պետք է լուծում գտնի»:
Ընդառաջ քայլ ասելով PKK-ն հասկանում է ճանաչել քրդական ինքնությունը Թուրքիայում, քրդերին տրամադրել մայրենի լեզվով կրթություն եւ ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:
Մի առիթով գրել էինք, որ այս պահանջները կատարելու համար վարչապետ Էրդողանի կառավարությանն անհրաժեշտ է սահմանադրության կամ սահմանադրական համապատասխան հոդվածների փոփոխություն, իսկ դա մինչեւ սեպտեմբեր ոչ մի կերպ չի հաջողվի իրագործել: Մտածել, որ PKK-ն չգիտի այդ մասին, իրատեսական չի լինի: Այդ դեպքում ինչո՞ւ վերջնագիր է ներկայացնում Թուրքիային: Ըստ երեւույթին, թուրքական կողմի հետ բանակցություններում դիրքեր ամրապնդելու, ինչպես նաեւ համազգային քրդական համագումարին որպես վերջնագիր ներկայացնող եւ հաշտությանը ձգտող կողմ ներկայանալու նպատակով:
Ի դեպ, այս համագումարը նախատեսվում է օգոստոսի 19-ին հրավիրել Էրբիլում: Այդ մասին երեկ Հյուսիսային Իրաքում հայտարարել է համագումարի կազմկոմիտեն: Այլ կերպՙ PKK-ն սպասում է համագումարի արդյունքներին: Ինչպես եւ Թուրքիան, հավանաբար ճշտելու իրենց դիրքորոշումը հաշտեցման եւ քրդական հարցի կարգավորման գործընթացներում: