ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ, ԼՂՀ
«Վերաբնակեցման հարցը զինադադարից հետո Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում քննարկվող ամենակարեւոր թեմաներից է: Տարիներ շարունակ հարցն այդպես էլ չի իջնում ամբիոնից», ասում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ` հավելելով, որ հիմնականում հնչում են քննադատություններ երկու երկրների կառավարությունների հասցեին: Աղաբեկյանի խոսքերով` քննադատողները ճիշտ են, սակայն երբ լսում է երկու երկրների կառավարությունների տեսակետը` փաստում է, որ նրանք էլ են ճիշտ: Ըստ փոխվարչապետիՙ վերաբնակեցման հարցը պետք է լինի արդիական ու կախված չլինի իշխանության եկած քաղաքական ուժի ցանկությունից:
Աղաբեկյանին նախորդ տարիներին իրականացված վերաբնակեցումը հիշեցրել է խորհրդային տարիներին հայրենադարձության ծրագիրը: «Վերաբնակիչը պետք է լինի կույր եւ տեղեկություն չունենա, թե ուր է գնում եւ իրեն ինչ է սպասում: Հենց այդ կերպ բազմաթիվ հայրենակիցներ որոշեցին գալ ու վերաբնակվել Արցախում: Սակայն կարճ ժամանակ անց նրանք արդեն մտածում էին, թե ինչպես վերադառնան», հիշում է Աղաբեկյանը` հավելելով, որ փոխադարձ ստի հիման վրա չպետք է իրականանա վերաբնակեցումը: Այսօր մոտեցումներն այլ են, գործընթացը համապատասխանեցվել է հնարավորություններին: «Կառավարությունն աջակցում է այն վերաբնակչին, ով պատրաստ է սեփական ուժերով տրամադրված շինանյութով տուն կառուցել: Մեր ռեսուրսները սահմանափակ են իրականացնելու վերաբնակեցում լայն թափով», ասում է փոխվարչապետը` միաժամանակ շեշտելով, որ վերջ են դնելու տարերային վերաբնակեցմանը. նպատակն այն է, որ սոցիալական ծրագրերի իրականացումը չհամարվի վատնված: «Հիսունհոգանոց գյուղում ապահովել ջրամատակարարում, գազ եւ անցկացնել էլեկտրական գիծՙ շահավետ չէ, որովհետեւ անգամ քսան տարի անց այդ գյուղում բնակիչների թիվը չի անցնի հինգ հարյուրը: Մինչդեռ երկրում, բացի վերաբնակեցումից, այլ խնդիրներ էլ կան, որոնց պետք է կառավարությունն ուշադրություն դարձնի»: Հենց դա է պատճառը, որ գյուղերի բնակիչների թվաքանակի վերաբերյալ սահմանված է շեմ. նվազագույնը մինչեւ հարյուր բնակիչ: Որպեսզի գյուղերում մարդկանց թիվը շատանա, կառավարությունը կաջակցի գյուղապետներին մարդկանց տեղափոխման հարցով. որպես խրախուսում գյուղերը կապահովվեն ջրամատակարարմաբ:
Այս ամենի սկիզբը կդրվի 2014-ից: Հադրութ, Քաշաթաղ, Քարվաճառ. սրանք այն ընտրված տարածքներն են, որտեղ կարելի է իրականացնել վերաբնակեցում եւ բնակիչների թվաքանակը հասցնել 1000-ի: Ընտրված երեք համայնքներում հողն ու ջուրը շատ լավն են, հողագործության եւ անասնապահության համար նպաստավոր պայմաններ կան:
Մեծ ցանկությունների իրականացմանը խոչընդոտում է սահմանափակ ֆինանսը: Հենց այդ պատճառով շրջանառության մեջ է դրվել պետական վիճակախաղի գաղափարը: Վաճառված տոմսերի քառասուն տոկոսը կտրամադրվի վերաբնակեցման ծրագրին, մյուս քառասունը` շահումներին: Մեկ վիճակախաղի տոմսն արժե 2000 դրամ, տոմսերը շրջանառության մեջ դրվել են մայիսի 9-ին, խաղարկությունը դեկտեմբերի 28-ին է: Շրջանառության մեջ դրված 300 000 տոմսերից 200 000-ն արդեն վաճառվել է: Կազմակերպիչները համոզված են, որ հաջորդ տարի շրջանառության մեջ կդրվի արդեն մեկ միլիոն տոմս: «Վիճակախաղի տոմսը դիտարկենք որպես ազգային տուրք եւ գիտակցենք, որ մասնակից են դառնում շատ կարեւոր մի գաղափարի կյանքի կոչմանը», ասում է փոխվարչապետը` հավելելով, որ մշակույթը նրանն է, ով պահում է այն: Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան «Ղարաբաղ կարպետ» անվամբ աշխարհին է հրամցնում հայկական գորգերը, մինչդեռ մենք հայկական գորգերն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը չենք օգտագործում: Հենց այդ նպատակով, վիճակախաղի շահումը ոչ թե դրամ է, այլ ղարաբաղյան գորգ:
Արցախում այսօր հինգ հարյուր գորգագործ կա: Շուշիում արդեն գործում է 30-հոգանոց արտադրամաս, իսկ Ստեփանակերտում օգոստոսից կաշխատի 110-հոգանոց գործարանը: Վիճակախաղը կնպաստի ոչ միայն հայկական գորգերի տարածմանը, այլեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Վերաբնակեցման շնորհիվ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն հայկական գոգերը տարածել, այլեւ զարկ տալ մեկ այլ գաղափարի իրականացմանը: Եթե մենք առայժմ չունենք ծովից ծովից Հայաստան, ապա գետից գետ Արցախի գաղափարի իրականացումը մեր ձեռքերում է: Ընդամենը պետք է Արաքսից Թարթառ հատված ընկած տարածքը վերաբնակեցնել ու կյանքով լցնել:
«Հադրութից մինչեւ Արաքս 70 կմ երկարությամբ բերրի հողեր են ձգվում, աղբյուրներ կան: Այդ հողերը պետք է օգտագործվեն հանուն ժողովրդի: Նախորդ տարի Արցախից Հայաստան է ներկրվել 20 000 տոննա հացահատիկ: Ճիշտ եւ համակարգված աշխատանքի դեպքում այդ թիվը կարող է հարյուրապատկվել, մինչդեռ այսօր բնությունից ստացված հնարավորությունը վատնում ենք: Ինչո՞ւ ձմռանը լոլիկն ու վարունգը ներկրել Թուրքիայից, երբ կարող ենք Արցախում աճեցնել. չէ՞ որ Արաքսի ափին ամենացածր ջերմաստիճանը զրոն է», ասում է Աղաբեկյանը` հավելելով, որ այդ տարածքում 27 կմ երկարությամբ էլեկտրական գիծ է անցկացված, կան արտեզյան հորեր, 45 ընտանիքի համար ժանանակավոր կացարաններ: Այժմ կառավարությունը ցանկանում է տարածքում խանութ եւ բենզալցակայան հիմնել, որ ներդնողների համար ստեղծվեն բոլոր նպաստավոր պայմաններն ու նրանց արձագանքը չուշանա: