Անկախ նրանից, թե ինչ գործոններ պայմանավորեցին ուղեվարձի թանկացման դեմ բողոքի շարժումը, ուղեվարձի թանկացման կասեցման որոշումը նշանակում է ընդհանրապես հանրային կարծիքի թեկուզ ժամանակավոր հաղթանակ, ընթացքի շրջում, ամեն ինչ տեսած եւ անտարբեր դարձած հասարակության գոնե ինչ-որ մի շերտի արթնացում: Իսկ երիտասարդ ակտիվիստների շարունակվող պահանջատիրությունը նշանակում է, որ հանրային կարծիքը շրջանցելու անզուսպ ցանկություն ունեցողները ստիպված են այսուհետեւ զսպել իրենց այդ կարգի ցանկությունները, հավաքել իրենց, քանի որ նրանք արդեն ոչ միայն վարկանիշ կկորցնեն, այլեւ նյութական ռեսուրս` շահույթի կորստի ձեւով: Իհարկե, դաշտը, մարդկանց, շարժառիթներն ու գեներացնողներին մեկառմեկ շատ լավ ճանաչելով եւ տարիներով հանրային կյանքի տարբեր դրսեւորումներին հետեւելով` չեմ կարող միամիտ ձեւանալ ու որոշ մարդկանց նման պնդել, թե բողոքի ակտիվությունն ուղղորդողներ չկային, քանի որ անգամ ՀՀԿ-ի ներսի թեւերի ուղղորդումները միմյանց դեմ եթե միայն դիտարկենք, որոնք անզեն աչքով էլ տեսանելի էին, մնացած քաղաքական ուժերի անզուսպ խառնվելը գործընթացներին բացահայտելը պարզապես տեխնիկայի խնդիր կդառնա: Սակայն նույնիսկ այդ ուղղորդողները գլխի չեն ընկել, թե որքան պայմանական էին իրենց գործողությունները, քանի որ չեն կարողացել կանխատեսել` որքա՞ն անկախ եւ ինքնաբավ կարող են դառնալ իրենց առջեւ մի խնդրի դեմ պայքարելու խնդիր դրածները: Այնպես որ մեր նկատած ուղղորդումներն այս իմաստով ի վերջո կարող էին տասներորդական նշանակություն ունենալ, քանի որ առավել կարեւոր էր, որ երիտասարդ մարդիկ չէին վախենում բողոքի ձայնը բարձրացնել, մինչդեռ թվում էր, թե տարբեր կարգի ընտրությունները անհույս քնեցրել են մարդկանց մեջ եղած համարձակությունն ու ինքնասիրությունը:
Եվ ուրեմն` հիմա արդեն իշխանության համար դժվարանալու է ամեն ոչ պոպուլյար որոշման կայացում, ինչն առաջներում կարծես թե դժվարություն չէր ներկայացնում:
Թե հիմա ի՞նչ է նշանակում այս բոլորը` կարծրատիպերի կոտրո՞ւմ, անցյալի քաղաքական հիերարխիկ մոտեցումների խարխլո՞ւմ, թե՞ տնտեսական նոր բաժանումներով թելադրված հեռագնա գործընթաց` սա էլ ընթացքում վերլուծելու բան է, մանավանդ ` տնտեսական լծակների տիրապետող քաղաքական շերտերը գոնե առերեւույթ շատ չեն երեւակվել: Ասել է` պայքարել է մի սերունդ, որը դեռ քաղաքականությամբ չի կեղտոտվել, քաղաքական ուժի ատրիբուտ հաշվենկատություն ու կոորպորատիվ շահով առաջնորդվելու որակներ ձեռք չի բերել եւ դեռ նոր է անցնելու քաղաքական շահախնդրությամբ պայմանավորված որոշումներ կայացնելու հորձանուտով: Եթե, իհարկե, նոր քաղաքական ուժեր ձեւավորի եւ մոտիկ ապագայում այդ ձեւաչափով պայքարի: Իսկ առայժմ` պայքարող երիտասարդները կարողացել են շրջանցել քաղաքական ուղղորդումները (իսկ որ դրանք եղած կլինեն` չպետք է կասկածել):
Բոլոր դեպքերում պետք է ուրախանալ նոր դեմքերի երեւան գալով, անգամ պետք է ուրախանան նրանք, ում սպառնում են այդ նոր դեմքերը, որովհետեւ ծերացող ու անճկուն օրգանիզմին կարող է շարժունակություն ու դիմադրողականություն հաղորդել թարմ արյունը միայն, նոր մարդկանց գալով կփրկվի այն մեքենան, որ բոլորիս է տանում, ու որի տարբեր բաժանմունքներում նաեւ հոգնածներն են նստած: Իսկ որ արդեն աշնանը Հայաստանի դրսում եւ ներսում սպասվող գործընթացները թարմ հայացքով ու առանց կաշկանդումների դիտարկողների կարիքը կա, կարծում ենք, հասկանում են բոլորը: Քաղաքական փորձի պակասը նոր մարդկանց կստիպի խնդիրներին նայել հասարակության մեծ շերտերի շահերի տեսանկյունից, եւ ոչ թե հեղափոխությամբ անձնական խնդիրները լուծելու, ինչպես որ նրանց ծնողներն էին անում: Իսկ բազմաթիվ մարտահրավերներով աշնանը նոր հայացքն իսկապես պետք է գալու:
Միայն թե երիտասարդները պետք է կարողանան շարունակել շրջանցել ամեն տեսակի քաղաքական առեւտուր, եթե դրանք լինեն, ազատվեն բոլոր տեսակի` քաղաքական եւ ոչ քաղաքական ուղղորդումներից եւ կոնկրետ հարցի վերաբերյալ պայքարի թեման երբեք չքաղաքականացնեն: Ինչ ասես կարող է սպասել Հայաստանին աշնանը` այս կամ այն կարեւոր որոշումից հետ պահելու համարՙ պատերազմի խաղարկումից սկսած մինչեւ ամեն տեսակ դրսային եւ ներսային սադրանք:
Իմիջիայլոց` իշխանության շրջանում եւս հասկանում են, որ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը ընթացք է փոխել: Համենայն դեպս` վարչապետն էր նշել, թե պետք է հաշվի առնեն քաղաքացիական հասարկության ձեւավորման փաստը Հայաստանում որոշումները կայացնելիս: Սա արդեն քաղաքական ուժի հանրահավաք չէր, որը հեշտորեն կարող է ուղղորդվել, քանի որ պատասխանատվությունը կրում է տվյալ քաղաքական ուժի լիդերը, եւ այդ մի անձի որոշման վրա կարող է ազդել ինչ գործոն ասես: Սակայն եթե ոչ թե քաղաքական ուժն է իրադրության տերը, այլ տարբեր հիերարխիկ կապերով չհամակարգվող երիտասարդություն, նրանցից ամեն մեկի հետեւից հասնելը դժվարացնում է իշխանության գործն այն աստիճան, որ հեշտը նրանց պահանջը կատարելը կարող է լինել: Մյուս կողմից, որքան էլ տարօրինակ, իշխանությանն էլ կարող է ձեռնտու լինել ակտիվ երիտասարդություն ունենալը, քանի որ կուսակցություններից Պողոս-Պետրոս դուրս չեկավ, հիմա եթե Հայաստանի հանդեպ ինչ-որ անցանկալի գործընթաց սկսվի` հազիվ թե այսօր այսքան ակտիվ երիտասարդները ձեռքերը ծալած նստեն: Իսկ իշխանությունն էլ որեւէ գլոբալ հարցի դեմ ընդդիմախոսելիս կարող է մատնացույց անել երիտասարդների բողոքները` ասելով, որ չի կարող շրջանցել հանրության ձայնը, ինչպես որ եվրոպաներում է ընդունված: Ընդ որում` սա կարող է իշխանությունն անել եւ Ռուսաստանի, եւ Եվրոպայի հետ խոսելիս: Միաժամանակ` նույն պատճառաբանությունը նա կարող է բերել ներսում օլիգարխների ախորժակները զսպելիս: Երեւի սա նկատի ուներ Աշոտ Մանուչարյանը, երբ երեկ խոսում էր թիկունքում ժողովուրդ ունենալու մասին:
Այնպես որ զարմանալի չի լինի, եթե իշխանությունը դողա այն հանրային ռեսուրսի վրա, որը բացահայտեց ուղեվարձի թանկացման դեմ բողոքի գործողությունը:
Մնում է, որ երիտասարդ քաղաքացիականները ազատագրվեն եւ զանազան անդրիասղուկասյաններից եւ օլիգարխահոտ առաջարկներից, եթե դրանք լինեն: