Վաստակաշատ մտավորական, կրթական եւ հասարակական գործիչ Երվանդ Պապայանի ծննդյան տարեդարձի եւ Բըրբենկում հունիսի 16-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի կազմակերպությամբ եւ Հովնան արք. Տերտերյանի հովանավորությամբ կայացած հոբելյանական հանդիսության առիթներով նրա թոռներըՙ Երվանդ եւ Թալին Պապայանները բաց նամակ են հրատարակել «Արմինյըն միրոր-սփեքթեյթրի» էջերում, որտեղ ասվում է, որ եթե բոլորի համար նա եղել է «պարոն տնօրեն», ապա իրենց համար նա պարզապես «դեդի» (պապիկ) է եղել:
«Մեր մանկության ազատ ժամանակների զգալի մասը մենք անցկացնում էինք Լոս Անջելեսումՙ մեր պապիկի ու տատիկի հետ: Այդ օրերը անջնջելի տպավորություն են թողել: Անթիվ-անհամար ողջույններից ու հյուրասիրություններից հետո մենք առանձնանում էինք դեդիի հետ հյուրասենյակում, որտեղ նա համբերությամբ հետաքրքրվում էր մեր առօրյայով, շաբաթօրյա դպրոցի դասերով եւ մեր ձեռքբերումներով: Երբեմն հուշում էր մեզ անհրաժեշտ հայերեն բառը, որ մենք մոռացել էինք: Այդպես է, որ, ի դեպ, մենք սովորեցինք ավելի մաքուր հայերեն խոսել: Նրա հետ անցկացրած ժամերը դեպի քաղաքակրթություն կատարած այցի նման էին: Զբոսանքների գնալիս մենք անպայման պետք է մտնեինք «Ապրիլ» գրախանութ, որտեղ ծանոթանում էինք հին ու նոր հեղինակների գործերին, մանկական նկարազարդված գրականությանը: Երեկոյան նա դրանից հատվածներ էր կարդում մեզ համար:
Երբեմն խաղեր էինք խաղում միասին եւ մեր հաղթանակի դեպքումՙ ոգեւորության, իսկ պարտության դեպքումՙ հուսալքության պահերին խորհուրդ էր տալիս «հաղթության մեջ լինել համեստ, իսկ պարտության մեջՙ վեհանձն»: Նրա մեջ դաստիարակն ու ուսուցանողը միշտ արթուն էին: Մեծ էր նրա սերը դեպի մեր ժողովուրդն ու մշակույթը: Այդ սերը նա ժառանգել էր հորիցՙ երջանկահիշատակ տեր Ներսեսից:
Փարիզում մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո նա կամ պետք է մնար այնտեղ եւ դասավանդեր, կամ վերադառնար Հալեպՙ Կիլիկյան վարժարանում աշխատելու: Նա ընտրեց երկրորդ տարբերակը եւ կրթական մշակ մնաց մինչեւ իր կյանքի վերջը:
Լիբանանյան քաղաքացիական դաժան պատերազմի օրերին նա նվիրումով հանձն առավ տնօրենի պաշտոնը եւ հմտությամբ վարեց: Մի քանի տարի առաջ այդ դպրոց կատարած մեր այցելության ժամանակ ուրախությամբ զգացինք, որ նրա շունչն ու ոգին դեռ առկա են այնտեղ: Եվ ոչ միայն շենքի պատերի ներսում, այլեւ հազարավոր ուսանողների հոգիներում, որոնց վրա թողած իր ազդեցությամբ էին նրանք կերտել իրենց ապագան: Նա հայրություն էր արել նրանց մեր պատմության ամենադաժան օրերին: Այդ պատճառով էլ նրանք մինչ օրս հիշում եւ հարգում են նրան:
Այդ մարդկանց թվին է պատկանում Անժել Քյուրքչյանը , որն իր հեղինակած «Կյանքիս հիշարժան էջերից» հուշագրքում («Էդիթ Պրինտ» հրատ., Երեւան, 2012) բազմաթիվ էջեր է տրամադրել իր ուսուցչին:
«Իմ յարգարժան ուսուցիչ պարոն Երուանդ Պապայեան, սոյն աշխատութիւնը մեր հազարագանձ մայրենիի նկատմամբ ձեր ներարկած անհուն սիրոյ ու մեծ նուիրումի եւ սերմանած հունտերի ծլարձակման ու հասունացման համեստ հասկափունջն է… զայն ձեզի սիրով կ”ընծայեմ… 25.04.2011թ., Երեւան»:
Իսկ Պապայանի դաստիարակչական եւ ազգային-հասարակական գործունեության 50-ամյակի առթիվ նա գրում է.
«Դուք մեկն եք սփիւռքի այն անխոնջ մշակներէն, որոնք սրբութեամբ կը կատարեն սփիւռքահայ ուսուցչի շնորհակալ, բայց եւ անչափ դժուարին առաքելութիւնը: Դուք միշտ բարին ու գեղեցիկն եք սերմանել հայ մանուկներու հոգիին ու սրտին մէջ, սերմանել հայրենանուէր զգացումներ: Դիմագրաւելով բոլոր դժուարութիւններուն ու խոչընդոտներունՙ Դուք ձեր ամբողջ գիտակցական կեանքը բոլորանուէր ու անմնացորդ նուիրաբերել եք սփիւռքահայ մանուկներու հայեցի կրթութեան ու դաստիարակութեան վեհ ու ազնիւ գործին: Տարիներ շարունակ ձեր անխոնջ ուսերուն վրայ կրեր եք հայ գրողներու պատկառելի համաստեղութեան երախտաւորներէն մէկունՙ Վ. Թէքէեանի անունը կրող վարժարանի տնօրէնի պատասխանատուութիւնըՙ քաջ գիտակցելով հայ դպրոցի հայապահպանման անփոխարինելի դերը սփիւռքի մէջ: Եւ սա իրաւ հերոսութիւն է, յատկապէս ներկայ պայմաններուն մէջ»:
Պապայանի բազմաշերտ գործունեություններին նվիրված հոբելյանները նշվել են հավուր պատշաճի մեկից ավելի անգամներ: Նա խոշորագույն դերակատարություն է ունեցել իր գլխավորած հաստատությանՙ Վ. Թեքեյանի անվան վարժարանի նոր շենքի կառուցման եւ նրանում կրթական մակարդակի բարձրացման մեջ: Նա այդ կրթական օջախը վերածել է «հայրենասիրութեան եւ ազգասիրութեան իսկական միջնաբերդի մըՙ հայահոծ Բուրջ Համուդի մէջ»:
Որպես ազգային-հասարակական գործիչ, նա ընդմիշտ ջատագովել է մայր հայրենիքի իրականությունն ու բարգավաճումը եւ Սուրբ Էջմիածնի անփոխարինելի առաքելությունը: Սփյուռքի զանազան գաղթօջախներ կատարած այցելությունների ժամանակ իր հայրենասիրական ճառերով խանդավառել է սերունդներին, ամրապնդել հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները: Ամուր է եղել նաեւ կապը իր եւ իր աշակերտների միջեւ:
Պատկառելի տարիքի հասած վաստակաշատ մանկավարժ եւ լեզվաբան, դասագրքերի հեղինակ Անժել Քյուրքչյանի վերոնշյալ հուշագրքում բազմաթիվ են նման օրինակները:
«Սիրելի Անժէլ, բնութիւնը օժտած է քեզ մտքի արտակարգ կարողութեամբ, իմաստութեամբ, նաեւՙ աշխատանքի հզօր կամքով: Բացառիկ աստուածային շնորհներ, որոնք արտայայտութիւն են գտած ցարդ հրատարակուած գիրքերուդ եւ այս նորՙ «Հայերենի մակբայներ» հոյակապ հատորիդ մէջ», գրում է Պապայանը 2011-ի օգոստոսի 16-ինՙ Նորթրիջից: Հատկանշական է երկտողի երկրորդ պարբերությունը, որտեղ խոստովանում է. «Տեսողութիւնս 5060 տոկոսով տկարացած է, խոշորացոյց կ՛օգտագործեմ երբեմն: Սակայն յաջողեցայ կը կարծեմ, գոնե որոշ չափով ծանոթանալ այս պատկառելի գիրքերիդ»: Սա նշանակում է, որ ուժեղ կամքի տեր այս անձնավորությունը խոչընդոտների առաջ ընկրկողը չէ, այլՙ երիտասարդական ավյունով պայքարող մի անհատականություն: Ասվածի վկայությունն է նաեւ դրանից տասը տարի առաջ 2001-ի սեպտեմբերի 30-ին դարձյալ Նորթրիջից գրված մի այլ երկտողի բովանդակությունը. «Սիրելի Անժէլ, սեպտեմբերի 22-ի վիրահատութիւնէն ետք, թէեւ դանդաղ, սակայն հետզհետէ կը վերականգնեմ ուժերս: Արդէն քանի մը օրէ ի վեր սկսած եմ սրտիս համար անհրաժեշտ քալելու մարզանքին»:
Կան նաեւ ասվածի այլ հաստատումներ, բայց բավարարվենք այսքանով: Եվ մաղթենք, որ այդ կամքի ուժը երկար ընկերակցի նրան: Քաջառողջություն եւ սիրելիներով շրջապատված լինելու բավարարվածություն անզուգական հայինՙ Երվանդ Պապայանին: