ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Այս վերլուծականը գրելու առիթը վերջին օրերին հայաստանյան ԶԼՄ-ներում աշխուժացած քննարկումներն են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Թվում էր, թե հուլիսի 10-ին Հայաստանի քաղաքական-հասարակական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, թե Եվրոպան կաջակցի Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին եւ «մեր կողմից միայն կխրախուսվի Ռուսաստանի հետ համագործակցության շարունակությունը, որը դուք կարեւոր եք համարում, եւ համապատասխան ձեր ազգային շահերին ու անվտանգությանը: Մենք ինքներս կփնտրենք միջոցներ, որպեսզի դուք կարողանաք դա անել եւ վայելել այդ կապերն ու հարաբերությունները, հարցականի տակ չդնելով ԵՄ առջեւ ստանձնած որեւէ պարտավորություն»,- վերջակետ է դնում առճակատման վերաճել սկսող հասարակական բանավեճը, թե ո՞րն է Հայաստանի լավագույն ապագան ինտեգրման առումով: Հակառակ այս իրողությանը, իրականում ծավալվող բազմաթիվ քննարկումներում, տարբեր հարթակների վրա, հասարակությանը հուզող այս կարեւոր հարցում ամփոփիչ եւ կասկածները փարատող եզրակացություններ դեռեւս չեն շտապում արվել: Ավելին, շրջանառվում են զանազան դատողություններ, որոնք պարզ թյուրիմացության արդյունք են, եւ իրավիճակը պարզելու փոխարեն լրացուցիչ անհանգստությունների եւ պարզաբանումների պատճառ են դառնում: Ստորեւ փորձենք վերլուծել այս իրավիճակը, հասկանալու համար, թե ի՞նչ ենք ակնկալում եւ ի՞նչ նոր զարգացումներ ենք սպասում:
Արժեքային համակարգի հարցը եւ մեր սպասելիքը
Հիմա շատ են սիրում ասել, թե Հայաստանը իր արժեքային համակարգով ցանկանում է դառնալ եվրոպական երկիր, իսկ տնտեսական եւ անվտանգության հարցերում ձգտում է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների հետ: Սրանով, ասես, տարբերություն է դրվում եվրոպական եւ եվրասիական ինտեգրման գործընթացների միջեւ, կարծես թե մեր նախապատվությունները մի դեպքում մեկ առավելությունից, մյուս դեպքում այլ առավելությունից օգտվելն է: Այս դատողությունը, անկեղծ ասած, նաեւ մի անհաջող փորձ է հիմնավորելու «ոչ թե կամ-կամ-ի, այլ եւ-եւ-ի» քաղաքական դիրքորոշումը:
Այն, որ ինտեգրացիոն գործընթացներում մենք հետեւողականորեն պետք է հանդես գանք եվրոպական եւ եվրասիական գործընթացների միջեւ հակասություն չտեսնելու եւ չստեղծելու դիրքերից, միանգամայն ճիշտ է եւ հարգանքի արժանի: Բայց դրա համար պետք չէ սխալներ թույլ տալ հիմնավորող փաստարկների մակարդակում: Ասածս հաստատելու համար բերեմ պարզ օրինակ: Վերջին քսանամյակում ձեւավորվել է միասնական իրավական դաշտՙ Լիսաբոնից եւ Դուբլինից մինչեւ Վլադիվոստոկ: Այդ միասնական դաշտի, այդ թվում` ժողովրդավարության խնդիրների եւ մարդու իրավունքների պաշտպանության չափորոշիչների քննարկման եւ մշակման հարթակը Եվրոպայի խորհուրդն է: Համաեվրոպական այդ իրավական կառույցի անդամներն են Ռուսաստանը եւ հետխորհրդային տարածքի եվրոպական մասի պետությունները: Այսպիսով, մեր իրավական արժեհամակարգը մեկն է Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: Հայաստանը եւ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամներ են, կատարել եւ կատարում են նրա որոշումները: Դրա համար չարժե եվրոպական չափանիշներն ու չափորոշիչները հակադրել Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին: Դրանով ասես ակնարկելով, թե Եվրոպայում մի ընդօրինակության արժանի արժեհամակարգ է, իսկ Ռուսաստանումՙ այլ: Իրականում, դա այդպես կարող էր լինել Խորհրդային Միության փլուզման պահին, կամ դրանից հետո առաջին տարիներին: Բայց հիմա դա արդեն բոլորովին էլ այդպես չէ եւ այդ դատողությունից նավթալինի հոտ է գալիս: Կամ հայտնի է, որ տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության քաղաքական հարթակը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն է, որի իրավասության տարածքը ձգվում է կանադական Վանկուվեր քաղաքից մինչեւ Վլադիվոստով: Այս կազմակերպության մեջ են արդեն քսան տարի ի վեր լիարժեք անդամներ Ռուսաստանը եւ նրա ռազմաքաղաքական դաշնակիցները ՀԱՊԿ-ի գծով: Այս ամբողջ տարածքը եւ նրանում ընթացող զանազան քաղաքական գործընթացները գործնականում թափանցիկ են միջազգային դիտարկումների եւ գնահատումների համար: Սա պարզ իրողություն է եւ ասել, թե ռուսական արժեհամակարգը ինչ-որ անհամատեղելիություն ունի Արեւմուտքի համակարգի հետՙ նույնպես առնվազն մոլորություն է:
Մենք պետք է հասկանանք մի պարզ իրողություն. աշխարհը դառնում է ավելի ու ավելի բազմակենտրոն եւ համաշխարհային տնտեսական ու դրանից բխող քաղաքական զարգացումների տրամաբանությունը թելադրում է տարածաշրջանային տնտեսական միավորումների ստեղծում: Սրա նպատակը մեկն է. համաշխարհային մրցակցության մեջ գտնել ազգային տնտեսությունների զարգացման լավագույն մեխանիզմը: Այդպիսի տարածաշրջանային տնտեսական միավորումներ ձեւավորման փուլում են ամբողջ աշխարհում: Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը ստեղծել են Մաքսային միություն, որը 2015 թ. հունվարի 1-ին կվերաճի Եվրասիական միության: Սա Ռուսաստանի շուրջը համախմբված պետությունների տարածաշրջանային տնտեսական միավորում է լինելու: Այս տնտեսական միավորմանը Հայաստանի մասնակցության օպտիմալ տարբերակի փնտրտուքն է, որ ընթանում է այսօր մեր հասարակական քաղաքական կարծիքում: Եվ ասել, թե մենք դրանով հեռանում ենք եվրոպական արժեքներից եւ հակադրվում ենք դրանց, ուղղակի ճիշտ չէ: Հիշեցնենք, որ հենց մեր օրերում ազատ առեւտրի մեծ շուկա են ձեւավորում Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն ու Կանադան: Եվ սա աշխարհայացքային ընդանրության վրա հիմնաված ամենամեծ շուկան է լինելու, որի գլխավոր նպատակը գլոբալ մրցակցության մեջ Չինաստանի աճող տնտեսական ազդեցությանը դիմակայելն է լինելու: Այս տնտեսական իրողության վրա են կառուցված պետությունների քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները: Այսպիսով, սա տնտեսության զարգացում ապահովելուն ուղղված քայլեր են եւ ընդամենը: Ուրեմն, մեր վերաբերմունքն էլ այս գործընթացներին պետք է ունենա պատշաճ տնտեսական հիմնավորում:
Մենք խոսում ենք Հայաստանի եւ հայաստանցիների մասին
Մեր մեջ սրված մեկ այլ մտայնությունն էլ այն է, որ փորձելով իրար հակադրել եվրոպական եւ եվրասիական ինտեգրման գործընթացները, մերոնք փորձում ենք դա հիմնավորել ըստ էության պարզունակ փաստարկներով, թե որտեղ է ավելի լավՙ Եվրոպայում, թե հետխորհրդային տարածքում: Սկսում են հիշել, որ եվրոպական սոցիալական ապահովության եւ կենսամակարդակի չափանիշներն ավելի բարձր են: Դրա հակառակորդներն էլ ասում են, որ Ռուսաստանը օրեցօր զարգացող եւ հարստացող պետություն է, հսկա բնական պաշարներով եւ օտար աշխատուժի ընդունման անսպառ թվացող հնարավորույթուններով: Այս դատողություններն ավելի պարզեցնելով, հանգում ենք պարզունակ մտայնության. որտե՞ղ է ավելի լավ եւ ձեռնտու ապրելը: Հայ գաստարբայտերներից այս դատողությունները լսելը մեր վիճակում բնական ու հասկանալի է: Բայց հուսանք, որ քաղաքական ու հասարակական վերնախավերը ավելի բարդ ու բարձր կատեգորիաներով պետք է որ դատեն: Ինտեգրացիոն հնարավորություններից լավագույնս օգտվելու նպատակներից են առեւտրի ու արդյունաբերության զարգացումը, հասարակության կենսամակարդակի բարձրացումը, մշակույթի, սոցիալական ոլորտների, կրթության ու գիտության զարգացումը: Ավելի պարզ ասած, խոսքը Հայաստանի եւ Հայաստանում ապրել ցանկացողների մասին է: Ահա թե ինչու, քննարկելով ինտեգրացիայի եւ նրանից սպասվող բարեբեր պտուղների հարցը, մենք դատապարտված ենք առաջնորդվելու տնտեսական կատեգորիաներով եւ խոսելու տնտեսությունների լեզվով: Հայաստանցիների կենսամակարդակը բարձրացնելու այլ դեղատոմսեր չկան: Իմ ծանոթ հեղինակավոր ղազախ տնտեսագետն ասում էր, որ տնտեսության գլոբալացման պայմաններում ոչ մեծ պետությունների ինքնիշխանությունը պահպանելու այլ հեռանկար, քան տնտեսական լուրջ միջազգային միավորումների մեջ ինտեգրվելն էՙ պարզապես գոյություն չունի: Այս խոսքերի ճշմարտացիության մեջ մենք ավելի ենք համոզվում: Մաքսային միության հետ մեր կապերը էլ ավելի խորացնելու հարցը այժմ տնտեսագետ հետազոտողների եւ նրանց որակյալ հետազոտությունների ձեռքում է: Այս եզրակացությանն են եկել Մաքսային միության երկրների վերնախավերի ներկայացուցիչները, եւ կարծում եմ, որ այս աշնանը այդ տնտեսագիտական վերլուծությունները մեր հասարակությունը քննարկելու եւ իմաստավորելու հնարավորություն կունենա: Ասում եմ Մաքսային միության մասին, որովհետեւ Եվրոպական միության հետ ինտեգրման տնտեսական հետեւանքները արդեն ուսումնասիրված են եւ մեր հասարակությունը դրանից քիչ թե շատ տեղյակ է:
Եվ վերջին դիտարկումն այս կապակցությամբ: Համադրելով եվրոպական եւ եվրասիական ինտեգրման հնարավորությունները մեր փոքրիկ երկրի համար, մենք վերջին ամիսների փորձագիտական եւ հասարակական քննարկումներով, կարծես եկել ենք ընդհանուր եզրակացության: Հայաստանը կարող է օրինակ դառնալ համագործակցության եւ բաց տնտեսական շուկայի առավելությունների ցուցադրումների համար: Տնտեսական բարդ իրավիճակում հայտնված եւ աշխարհաքաղաքական աննպաստ վիճակում իր գոյությունը պահպանող մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին քաղաքական խմբերի կամ կլանների միջեւ պայքարն է հանուն կողմնորոշումների: Այդ պայքարի եւ առճակատման դեպքում մենք ուղղակի վերջնականապես կթուլանանք եւ կքայքայվենք: Բացվելով եվրասիական եւ եվրոպական ինտեգրման գործընթացների առջեւ, մենք օրինաչափ տուրք ենք տալիս արդի գլոբալ գործընթացներին: Սա նշանակում է, որ մենք հասկանում ենք ժամանակակից աշխարհի գործընթացների տրամաբանւթյունը: Բայց մեր ժողովուրդը մեծ պատմություն ունեցող եւ շատ արհավիրքներ տեսած ժողովուրդ է, եւ շատ լավ գիտե իր Հայրենիքի գինը: Հենց դրա համար էլ, տնտեսական զարգացման մասին մտածելով, մենք ոչ մի րոպե չպետք է մոռանանք մեր ազգային անվտանգության հրամայականների մասին: Այդ հրամայականները թելադրում են հավատարիմ մնալ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքին, հասկանալի ու թափանցիկ լինել նախ առաջ մեր ռազմաքաղաքական դաշնակիցների, այնուհետեւ նաեւ մեր մյուս բարեկամների համար: Մեր պատմությունը լավագույնս ապացուցում է, որ հենց որ շիտակ ու հասկանալի քաղաքական մոտեցումներին ուզում են փոխարինել ճարպիկ թվացող խաղերն ու քաղաքական դեգերումները, մենք ունենում ենք անդառնալի կորուստներ:
Պարզեցնելով եզրակացությունըՙ ձեւակերպենք հետեւյալ կերպ. չանել որեւ քայլ, որը կհակասեր հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքին:
Որոշ հանգրվանային եզրակացություններ
Ես համաձայն չեմ մեր հասարակական որոշ շրջանակների եւ լրատվամիջոցների հետ, որոնք փորձում են եվրոպական եւ եվրասիական ինտեգրման հեռանկարների միջեւ հակասություն ստեղծելով, բախել եվրոպական եւ ռուսական կողմնորոշումների հետեւորդներին: Համաձայն չեմ, չնայած ինքս էլ երբեմն-երբեմն ներգրավում եմ դրանցում: Կարծում եմ, շատ ավելի օգտակար կլինի ասպարեզ տալ մեր քաղաքագետներին, տնտեսագետներին, սոցիոլոգներին եւ մյուս փորձագետներին, ովքեր իրական ասելիք ունենալով, կկարողանան հասրակությանը ներկայացնել ինտեգրացիոն գործընթացներից Հայաստանի սպասելիքը եւ մեր առաջիկա խնդիրները: Հիացմունքով եմ հիշում Արցախի պետական համալսարանի մի լսարանում շաբաթ եւ կիրակի օրերին հավաքված երիտասարդներին, ովքեր եկել էին լսելու մեր գործընկեր Կարեն Բեքարյանի ջանքերով կազմակերպված դասախոսությունները: Ես երկու ժամ ներկայացրի եվրասիական ինտեգրացիայի ոլորտում մեր քննարկումների եւ հետազոտությունների արդյունքները եւ համոզվեցի, որ հետաքրքրությունը հսկայական է: Շատ ափսոսում եմ, որ մեզ մոտ քիչ են կազմակերպում հրապարակային քննարկումներ: Թվում է, թե նույն խումբ ակտիվիստները այսօր այս հարթակում են, վաղըՙ մեկ այլ: Կողմնորոշումների միջեւ առճակատում թույլ չտալու լավագույն ուղիներից մեկը որակյալ հասարակական բանավեճերն են: Այս բանավեճերից պետք չէ վախենալ: Հասարակությունը կարող է օգուտներ քաղել նույնիսկ այն դժվարին կացությունից, որում մենք հայտնվել ենք: Համոզված եմ, որ բոլորիս ուզածը մեկն էՙ գտնել այն անցավ միջոցներն ու հնարավորությունները, որոնք մեզ ավելի ուժեղ ու ավելի լավ կազմակերպված կդարձնեն: