Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար Վահան Մարտիրոսյան) եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ, Զավեն Վարդանյանի դիրիժորությամբ Երեւանում առաջին անգամ հնչեց ավստրիացի կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի «Mass in Angustiis» գործը: Համերգը տեղի ունեցավ օրեր առաջ, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Այն մաս է կազմում «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» համերգաշարի:
Կամերային երաժշտության տան ճարտարապետական ինտերիերի առանձնահատկությանՙ բեմի եւ հանդիսականի միջեւ անմիջական մտերմիկ կապ ստեղծելու հատկանիշը ավելի ընդգծվում է կատարողական վարպետության պարագայում, երբ բեմը դահլիճի հետ ներքին միասնության մեջ է հայտնվում, ինչը անկասկած, վերաբերում է հիշյալ համերգային երեկոյին:
Դասական նման երկերի հնչեցումը երաժշտական կյանքի ընդհանուր զարգացման համար անշուշտ կարեւոր եւ անհրաժեշտ է, իսկ հանդիսականը, մասնավորապես այդ մեկ երեկոն իր համար հաճելի ու հիշվող դարձրեց:
Մի քանի օր անց խմբագրատանը հանդիպեցինք մաեստրո Զավեն Վարդանյանին:
– Պրն Վարդանյան, անցած ուրբաթ հանդիսատեսին հրաշալի համերգային վայելք պարգեւեցիք: Ինչո՞ւ ընտրեցիք Հայդնի հենց այս ստեղծագործությունը:
– Նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են իմ գործունեությանը, գիտեն, որ հիմնականում անում եմ այն, ինչ ուրիշները չեն անում: Այսինքնՙ այն հսկա երաժշտական դաշտը, որ ծանոթ չէ մեր հասարակությանը, աշխատում եմ ծանոթացնել, կրթել, ճանաչել տալ: Եվ նաեւ մեզանում հսկայական պակաս կա գերմանական վոկալ երաժշտության, ինչպես եւՙ գերմանական ինստրումենտալ, ասենք օրատորիայի, կանտատի ժանրի գործերի հնչեցման: Այս իմաստով իմ գործունեության հիմնական մասն անդրադարձ է դրանց, ինչպես Բախի կանտատների, Բախի օրատորիաների, երկու պասսիոնների, Հայդնի «Աշխարհի արարումը», Վիվալդիի «Սաղմոս», Լիստի «Սաղմոս» եւ այլ գործերի: Այստեղ մի նրբություն էլ կա, եթե նկատեք, վոկալ ինստրումենտալ ժանրն է գրավում ինձ, որտեղ որ խոսք կա:
Հայդնի 14 մեսսաներից սա 11-րդն է, կոչվում է «Տագնապալի ժամանակների մեսսա», գրվել է 1798 թ.: Այդ շրջանում Եվրոպայում հսկայածավալ պատերազմական գործողություններ էին ծավալվում, եւ ավստրիացիները այդ պատերազմում մեծ դեր ունեին ֆրանսիական կողմի դեմ: Մեսսան ունի մի երկրորդ անուն, որը կապված է նույն թվին Աբբուքիրի ճակատամարտում ծովակալ Նելսոնի տարած փայլուն հաղթանակի հետ: Երբ այդ լուրը հասավ Վիեննա, ուրախությունը չափազանց էր, եւ Հայդնը իր ստեղծագործությանը երկրորդ անուն դրեցՙ «Նելսոն» մեսսա:
Այս գործը կոմպոզիտորի 14 մեսսաներից միակ մինորայինն է (ռե մինոր), ընդգծեմ այդ տոնայնությունը. մինչ այսօր Երեւանում դա չէր կատարվել: Ես որոշեցի իրականացնել այսպիսի նախագիծՙ հնչեցնել Հայդնի վերջին 6 մեսսաները: Միայն թե սա իմ ցանկությունից չի կախված ամբողջությամբ, պետք է ձեռքիս տակ ունենամ կամերային նվագախումբ եւ կամերային երգչախումբ: Վստահ եմ, որ իմ գործընկերները չեն զլանա եւ ավելի հաճախ ինձ հետ համագործակցության կտրամադրեն իրենց կոլեկտիվները: Ասեմ նաեւ, որ երաժիշտների համար հետաքրքրական աշխատանք էր, քանի որ առաջին անգամ էին առնչվում Հայդնի այս ժանրին: Շատ շնորհակալ եմ Վահան Մարտիրոսյանին, որ սիրով տրամադրեց եւ միշտ է տրամադրում կամերային նվագախումբը եւ լավ փոխգործակցություն է առաջացել իմ եւ նրանց միջեւ: Շնորհակալ եմ Ռոբերտ Մլքեյանինՙ արդեն որերորդ անգամ երգչախումբը սիրով տրամադրելու համար:
– Որքա՞ն աշխատեցիք միասին:
– Շատ ժամանակ չեմ ունեցել: Երգչախմբի հետ Ռոբերտ Մլքեյանը մի ժամանակահատված աշխատել էր, եւ ես 2-3 փորձ ունեցա, նվագախմբի հետ ավելինՙ 5-6 փորձ: Թե՛ երգչախմբի, թե՛ նվագախմբի հետ աշխատանքը հետաքրքրական էրՙ շեշտադրման, բառի իմաստի, շեշտակիր վանկի հնչեցման առումով. բնականաբար տարբեր աշխատանք է պահանջվում, երբ օրատորիալ կանտատային մեսսայի ժանրի հետ գործ ունես, որտեղ խոսքը գերիշխող է, եւ մենք ինստրումենտալ մասը պետք է ենթարկենք, կամ մեծ մասամբ ենթարկենք տեքստին: Շնորհակալ եմ երաժիշտներին, մենակատարներին, կարծում եմ արդյունքը լավ էր: Անշուշտ, երբեք մինչեւ վերջ գոհ չեմ լինում, ինձ միշտ թվում է, թե կարելի էր ավելին անելՙ այս կամ այն նրբությունը, շեշտադրումները ավելի կատարյալ, ավելի հասկանալի, ավելի պարզ դարձնել: Այնուամենայնիվ, ինձ թվաց, թե հաջողված է:
Տիգրան Մանսուրյանի տպավորությունը
«Ներշնչող, հիացնող համերգ եղավ: Հայդնի պատարագը հնչեց միացյալ երկու հրաշալի երաժշտական կոլեկտիվների կողմից. նվագախումբը, երգչախումբը, սոլիստները, որոնց անունները բոլորովին անծանոթ էին ինձ, հիանալի աշխատել էին միասին: Իհարկե պանծացրին Յոզեֆ Հայդնի պատարագը: Լավ է, որ համերգի միակ գործը սա էր եւ կենտրոնացել էին սրա վրա, եւ դահլիճը լիովին կիսեց հնչող երաժշտության բարձրագույն վայելքը, լրիվ, ամբողջությամբ: Ինչ լավ եղավ, որ Երեւանում հնչեց այս ստեղծագործությունը: Առհասարակ Հայաստանում առաջին անգամ հնչող գործերի մեծ թիվ կարող է գոյանալ, եթե փորձենք երկացանկը մեծացնել: Տարիներով մենք շատ փոքր երկացանկի շուրջն ենք պտտվել: Եվ երբ նոր գործ է հայտնվում, դա իրոք իրադարձություն է, մանավանդ երբ արժանի է, որ գործը հնչի մեզանում: Վերջերս, օրինակՙ Բրուքներ է հնչումՙ ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ. դա նոր բան է մեզանում, բոլորովին նոր:
Դրանք մեծ նվաճումներ ենՙ կատարողական արվեստի երաժշտական կոնցեպտուալ մտածողության: Հայդնի պատարագը փառավոր մի գործ է, շատ մեծ վայելք էր համերգը»: