Երեկ Բաքվումՙ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ անվանված կառույցի նստաշրջանում «քվեարկության արդյունքներով Ռուստամ Իբրահիմբեկովն ընտրվել է Ադրբեջանի նախագահի միասնական թեկնածու»: Այդ մասին հաղորդել է «Թուրան» գործակալությունը:
Մինչ այդ նստաշրջանը հաստատել է ընդդիմության միասնական թեկնածուի «Պարտականությունների հռչակագիրը», իսկ «ԷԼ» շարժման առաջնորդ Էլդար Նամազովը հրապարակել է Ռուստամ Իբրահիմբեկովի ստորագրությամբ փաստաթուղթ, որով վերջինս ընդունել է Հռչակագրի բոլոր կետերը: Ավելի վաղ մամուլում այդ պարտականությունների վերաբերյալ գրեթե ամեն ինչ ասվել էր:
Առանձնացնելի է մի քանի դրույթ: Նախՙ ընտրություններում հաղթելու դեպքում ընդդիմության թեկնածուն պարտավորվում է պաշտոնավարել ընդամենը երկու տարի: Այնուհետեւ նա պետք է նախաձեռնի սահմանադրական հանրաքվե, որպեսզի սահմանափակվեն նախագահի լիազորությունները, վերականգնվի համամասնական ընտրակարգը եւ այլն: Սահմանադրական հանրաքվեից հետո պետք է անցկացվեն խորհրդարանական նոր ընտրություններ, իսկ 2015-ին` նախագահական, որին նա ոչ միայն չպետք է մասնակցի, այլեւ «չի կարող թեկնածուներից որեւէ մեկի կողմն անցնել»: Դիտարժան է, որ «Պարտականությունների հռչակագրում» ԼՂ հարցին հատկացված է ընդամենը մեկ կետ, այն է` «ձգտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` Ադրբեջանի ազգային շահերին համապատասխան»:
Մինչեւ վերջին պահ իշխանամետ քարոզչությունը հույս էր պահում, որ «ներքին հավակնությունները թույլ չեն տա, որ ընդդիմությունն ընտրի նախագահի միասնական թեկնածու»: Բայց, ինչպես պարզ դարձավ երեկ, հակասությունները հիմնականում հաղթահարված են: Այդուհանդերձ, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նստաշրջանում բնութագրական ելույթ է ունեցել «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Գամբարը:
Նրա գնահատմամբ, «վտանգ կա, որ ԿԸՀ-ն չի գրանցի Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը», իսկ ընդհանրապես «նպատակահարմար է, որ միասնական թեկնածուն ընտրվի տեղում, այլ ոչ թե իր բացակայությամբ»: Բանն այն է, որ Ռուստամ Իբրահիմբեկովը, չնայած բազմիցս արած հավաստիացումներին, այդպես էլ չի համարձակվում վերադառնալ Ադրբեջան:
Մամուլում ակնարկներ են եղել, որ իշխանությունները պարտրաստվում են նրան ձերբակալել: Ըստ երեւույթին, Իբրահիմբեկովը մտադիր է Ադրբեջան ուղեւորվել միայն այն ժամանակ, երբ ԿԸՀ-ում գրանցված կլինի որպես նախագահի թեկնածու եւ կօգտվի օրենքով սահմանված անձեռնմխելիությունից: Իսա Գամբարը թերեւս այդ է ակնարկել, ինչը տեղիք է տվել զանազան մեկնաբանությունների: Ընդհուպ, որ «Մուսավաթ»-ի առաջնորդին համարել են «իշխանությունների կամակատար»:
Մամուլը չի հաղորդել, թե քվեարկության արդյունքներով Իսա Գամբարը կո՞ղմ է եղել Իբրահիմբեկովի թեկնածությանը, թե՞ ոչ:
Փոխարենը հայտնի է, որ Իբրահիմբեկովի թեկնածությունը պաշտպանել է նստաշրջանը նախագահող` Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Հօգուտ Իբրահիմբեկովի թեկնածության երեկ հայտարարություն է տարածել նաեւ ծագումով հայաստանցիների կազմակերպությունը, որը գլխավորում է առողջապահության նախկին նախարար, ներկայումս բանտարկված` Ալի Ինսանովը:
Կարծես թե Ադրբեջանում սպասվում են ներքաղաքական հետաքրքրական զարգացումներ: Եթե, իհարկե, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդին հաջողվի հաղթահարել ռեժիմի բռնությունները: Նստաշրջանը որոշել է կազմավորել միասնական թեկնածուի նախընտրական շտաբ եւ մշակել «հանրահավաքային քաղաքականություն»: