Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող են հանդես եկել հայ ըմբիշները: Նրանցից բոլորից հաջող հանդես եկավ մեր փորձառու ըմբիշ, Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը, որը մինչեւ 55 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց: Մինչեւ 66 կգ քաշայինների մրցավեճում Գեւորգ Սահակյանը զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) եւ Սարգիս Տոնոյանը (96 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:
Այս մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հնարավորություն էր տվել ուժերը փորձելու նաեւ երիտասարդներին: Իսկ ահա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ Լոնդոնի օլիմպիադայի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) մրցաշարին չմասնակցեցին: