2-րդ միջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հավանաբար հրաժարվի օգոստոսի 24-ին նամիբիացի Վիլբերֆորս Շիհեպոյի հետ կայանալիք մենամարտից: Նա դժգոհ է այն պարգեւավճարից, որը պետք է ստանա մենամարտելու համար:
«Եթե Sauerland Event-ը համաձայնության չգա փաստաբանիս հետ, ապա չեմ մենամարտի ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ հետագայում: Կարող եմ կարիերաս ավարտել թեկուզ այժմ: Մարզիկների հետ հարկավոր է արդար լինել: Մինչեւ հարցի լուծումը կշարունակեմ մարզումներս», հայտարարել է Արթուր Աբրահամը:
Բանն այն է, որ Գերմանիայի Շվերին քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը լինելու է Յուրգեն Բրեմերի հանդիպումը, այլ ոչ թե Աբրահամ-Շիհեպո մրցամարտը: Ուստի գերմանական ARD հեռուստաալիքն էլ ավելի մեծ հետաքրքրություն է դրսեւորել առաջին մենամարտին, քան հայ բռնցքամարտիկի մասնակցությամբ հանդիպման հանդեպ: Ի դեպ, այդ հեռուստաալիքը ցանկություն չուներ ցուցադրելու Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի 3-րդ մենամարտը: