ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԿՅԱՆ, ՌԳԱ ակադեմիկոս
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, ՄՈՍԿՎԱ, 13.06.213 թ.
Հարգելի պարոնայք, ողջունում եմ «Հայաստանի հելիոֆիկացումը որպես Սպիտակի երկրաշարժի գոտու արդյունաբերական ներուժի վերականգնման միջոց» ֆորումի մասնակիցներին: Ցավոք, չեմ կարողանա անձամբ մասնակցել այդ կարեւոր համաժողովին: Այո, Հայաստանը պետք է լուծի Սպիտակի երկրաշարժի գոտու արդյունաբերական ներուժի վերականգնման խնդիրը: Անցել է 25 տարի, բայց Հայաստանի հյուսիսային տնտեսական տարածաշրջանը դեռ վերականգնված չէ: Չկա արդյունաբերություն, չկան բավարար աշխատատեղեր: Տվյալ դեպքում դժվար է ինչ-որ դյուրին լուծում գտնել, նկատի ունենալով Հայաստանի բարդ կացությունը. սուղ էներգետիկ պաշարներ, վատ եւ արտաքին աշխարհից մասամբ կտրված ճանապարհներ: Հայաստանի տնտեսությունը թույլ է եւ շատ զգայուն ընդհանուր համաշխարհային ճգնաժամի ազդեցության հանդեպ: Հայաստանի հելիոֆիկացման միջոցով Սպիտակի երկրաշարժի գոտու տնտեսական խնդիրների լուծման առաջարկվող տարբերակը շատ յուրօրինակ է եւ կարող է տալ լավ արդյունքներ: Հայաստանի հելիոֆիկացման գլխավոր կողմնորոշիչը երկրի էներգետիկ խնդիրների լուծումն է արեւային էներգետիկային մասսայական անցումը կազմակերպելու միջոցով, եւ այդ ճանպարհին ավելի կարեւոր մեկ ուրիշ խնդրի լուծումըՙ նման նախագծի իրագործման տեխնիկական միջոցների ու տեխնոլոգիաների ստեղծումը:
Արեգակնային ակտիվության մակարդակով Հայաստանն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Իր կարեւորությամբ էներգիայի այդ աղբյուրը կարող է առաջ անցնել թե՛ ջերմային էներգետիկայից եւ թե՛ ատոմային էներգետիկայից: Մոտ ժամանակներս Հայաստանի համար խնդրահարույց կդառնա ոչ միայն ատոմային եւ ջերմային էներգիաների օգտագործումը, այլեւ, որքան էլ տարօրինակ թվա, հիդրոէներգետիկայի օգտագործումը, որը հիմնվում է Սեւանա լճի թանկարժեք քաղցրահամ ջրի բարբարոսական ծախսման վրա: Արեւային էներգետիկայի խնդիրն այսօր հրատապ է ամբողջ աշխարհում, սակայն մեծ հաշվով արեւի էներգիան առայժմ արդյունաբերական լայն կիրառություն չի գտնում: Այստեղ դեռ մնում են չլուծված խնդիրներ, որոնք կապված են առաջին հերթին արեւի էլեկտրական էներգիայի բարձր ինքնարժեքի հետ: Հայ մասնագետները գնացին ուրիշ ճանապարհով, շեշտը դնելով արեւի անչափ էժան ջերմային էներգիայի օգտագործման վրա: Այդ նպատակով մշակվել են անհատական հատուկ կոմբինացված հելիոհամակարգեր, որոնք կարող են դրվել հոսքագծային արտադրության:
Տարիներ առաջ Երեւանի «Սպիտակ» կենտրոնում ես տեսել եմ այդ տեխնիկան գործողության մեջ: Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի եւ Ստեփանավանի գործարաններում անհատական հելիոհամակարգերի զանգվածային արտադրության կազմակերպումը կարող է լուծել Հայաստանի հյուսիսային տնտեսական տարածաշրջանի արդյունաբերական ներուժի վերականգնման խնդիրը եւ հետագա հելիոֆիկացման միջոցով նվազեցնել ռուսական գազի թանկացման կապակցությամբ երկրում ծագած էներգետիկ լարվածությունը: Վստահ եմ, որ հայ մասնագետները ինքնուրույնաբար կարող են լուծել այդ խնդիրը: Հաջողություն ձեզ:
Հարգանքներովՙ