Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան
Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը կազմում են արաբատառ ձեռագրերը (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն եւ այլն): Դրանց նկարագրումը եւ ուսումնասիրումը Մատենադարանի գործունեության կարեւոր ուղղություններից է:
Այս առումով խոստումնալից համագործակցություն է ծավալվել Մատենադարանի եւ Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջեւ, որի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-22-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթացՙ օժանդակությամբ Տեսաուրուս Իսլամիկուս հիմնարկության (Thesaurus Islamicus Foundation):
Մատենադարանի նորաստեղծ Արաբատառ ձեռագրերի բաժնի հրավերով դասընթացը վարելու է Լեյդենի համալսարանի պատվո պրոֆեսոր, «Journal of Islamic Manuscripts»-ի գլխավոր խմբագիր, ճանաչված գիտնական Յան Յուստ Վիտկամը:
Դասընթացին մասնակցելու են 30-ից ավելի արեւելագետներ, բանասերներ, պատմաբաններ, ձեռագրագետներ, արվեստաբաններ Հայաստանից եւ արտերկրից: