Աշխարհն այդպես էլ դասեր չքաղեց այն բանից հետո, երբ Նյուրնբերգյան դատավարություններն ամենայն մանրամասնությամբ բացահայտեցին, թե ինչպես են տեղի ուենում էթնիկական զտումները։ Դրանցից հետո ցեղասպանություններ իրագործվեցին շատ անգամներ աշխարհի տարբեր վայրերում, եւ այժմ հայերս դարձյալ կարող ենք թիրախավորվել։
«Independent Catholic News» թերթի դեկտեմբերի 5-ի համարում կարդում ենք. «Հայ քրիստոնյաներին էթնիկական զտումների ենթարկվելու ռիսկերն այս շաբաթ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ICC) ուշադրության կենտրոնում էին»։
Ղարաբաղի հայերի դեմ ուղղված սպառնալիքների աճը տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքական ուժերի միահամուռ ակտիվության եւ նրանց շահերի բախման հետեւանք է։ Ասել, թե Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմի հորձանուտում եւ ի վիճակի չէ վերահսկել Հարավային Կովկասի իր հարեւան տարածքները, բավարար բացատրություն չէ։ Գոյություն ունի նաեւ այն հանգամանքը, որ Իրան-Իսրայել հակամարտությունը Վաշինգտոնին դրել է երկընտրանքի առաջ` տարածաշրջանային երկրների հետ իր հարաբերությունները կարգավորելու առումով։ Հատկանշական են մի կողմից պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչերն ուղղված Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւին, որ զսպվածություն ցուցաբերի Հայաստանի նկատմամբ, եւ մյուս կողմից պետքարտուղարության խոսնակ Նեդ Պրայսի վստահության հավաստիացումները, որ Մ. Նահանգները օժանդակելու են Ադրբեջանին, եթե Թեհրանի եւ Բաքվի միջեւ հակամարտություն առաջանա։ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ վճռականորեն պաշտպանում է Հայաստանի հարավային սահմանները։
Ալիեւը քաջատեղյակ է այս կացությանը, եւ նա ըստ այդմ է ձեւավորում իր քաղաքականությունը։ Ակներեւ է, որ Ադրբեջանը հաշվարկված քայլեր է կատարում` հիմնվելով տեղական եւ միջազգային «գաղափարների շտեմարանների» ցուցումների եւ Անկարայից ստացած որոշ հրահանգների վրա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշկեքում (Ղրղզստան) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ահազանգել էր Ղարաբաղի ժողովրդի դեմ նյութվող հնարավոր ցեղասպանության մասին, որին Պուտինը ցինիկաբար պատասխանել էր, որ ընթացիկ տարում առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մեծապես աճել էր։ Նա նաեւ Փաշինյանին հուշող հարց էր տվել, թե համաձայն չէ՞ արդյոք, որ ՀԱՊԿ-ի վերջերս կայացած երեւանյան նիստը հաջող ընթացք էր ունեցել։
Գաղտնիք չէ, որ այդ նիստը ֆիասկոյի վերածվեց այն բանից հետո, երբ մասնակիցները չկարողացան կողմնորոշվել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի, որի հետեւանքում էլ Հայաստանը ստիպված հրաժարվեց հանդիպման բանաձեւերը ստորագրելուց։
Նախագահ Պուտինի ցինիզմը մի անգամ եւս բացահայտվեց, երբ Փաշինյանը նրան զանգելով բողոքեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը կարող էր առաջնորդել ղարաբաղահայության էթնիկական զտումների ենթարկվելուն, ինչը ցեղասպանություն էր նշանակում։ Կրեմլի հրապարակած հաղորդագրությունը պարզապես նշում էր, որ երկու երկրների (Հայաստանի եւ Ադրբեջանի) ղեկավարները քննարկել էին «սահմանային եւ տնտեսական որոշ հարցեր»։
Հայտնի է, որ Պուտինի անձնական վերաբերմունքը (որ նաեւ արտահայտված է Ղարաբաղում տեղակայված իր խաղաղապահ զորքերի պահվածքում) կտրականապես փոխվեց այն բանից հետո, երբ նա անցյալ փետրվարին, Ուկրաինա ներխուժելուց ընդամենը երկու օր առաջ Ալիեւի հետ ստորագրեց մի պայմանագիր, որ «ռազմավարական դաշնակցի» կարգավիճակ էր շնորհում Ադրբեջանին։ Դրանից հետո, ռուսաստանյան այդ խաղաղապահ ուժերը դարձան անողնաշար մի մարմին, որ իրականում այնտեղ է` հանձնված Ալիեւի գթասրտությանը, որ մինչեւ օրս հրաժարվում է ստորագրել նրանց մանդատը, անընդհատ հիշեցնելով Ռուսաստանին, որ նրանց ներկայությունը 2025-ից (այսինքն հնգամյա ժամանակաշրջանի ավարտից) հետո չի հանդուրժվելու։
Մյուս կողմից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ վերջերս Ֆրանսիայում էր, կոչ է արել ՄԱԿ-ին՝ միջազգային մանդատ շնորհել այդ խաղաղապահ զորքերին։ Դա, ինչ խոսք, իրագործելի պահանջ չէր, որովհետեւ նախ Բաքուն էր դեմ լինելու դրան եւ երկրորդ` Ռուսաստանը չէր համաձայնի, որ իր զորքերը գտնվեին օտարների վերահսկողության ներքո, քանի որ նրանք չէին կարող իրագործել այն քաղաքական դերակատարությունը, որ Պուտինն ուներ իր մտքում։
Ուսանելի օրինակ է եվրոպացի դիտորդների պարագան, որ Բրյուսելն էր նախաձեռնել, երբ Փաշինյանն ու Ալիեւը իրար հանդիպեցին այնտեղ։ Ալիեւը կտրուկ մերժեց նրանց ներկայությունը Ադրբեջանում եւ նրանք ընդամենը կարողացան այցելել հայկական տարածքները։
Ի դեպ, Փաշինյանն իր հուսահատ ահազանգը անցյալ շաբաթ հնչեցրեց նաեւ Երեւանում տեղի ունեցող Ցեղասպանության 4-րդ միջազգային համաժողովի ընթացքում։
Ալիեւը թյուրըմբռնումով Լաչինի միջանցքը հավասարազոր համարեց «Զանգեզուրի միջանցքին», որը նա ցանկանում է յուրացնել՝ Հայաստանի ինքնավար տարածքից մի կտոր պոկելով։ Նա իր քայլը պատճառաբանում է ասելով, որ Բաքուն թույլ է տվել հայերին Լաչինի միջանցքով հասնել Ղարաբաղ, ուստի Ադրբեջանն էլ պետք է օգտվի նույն իրավունքից եւ Նախիջեւանի անկլավ կարողանա հասնել Զանգեզուրի միջանցքով։ Նա նույնիսկ սպառնաց այդ միջանցքը ձեռք բերել ուժի գործադրմամբ։ Թվում է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները հերթով միեւնույն սպառնալիքն են հնչեցնում։ Անցյալ շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հերթն էր, որ կարեւոր էր համարում «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հարավային Կովկասում»։ Նա հավելում էր, որ եթե Հայաստանը չթույլատրի այդ միջանցքի բացումը, ապա գործ կունենա այսպես կոչված եղբայրական բռունցքի», այսինքն` Թուրքիայի հետ։
Վերջերս միջանցքի այդ պահանջը առավել գործնական բնույթ է ստացել։ «Գաղափարների շտեմարանի» նմանությամբ Ադրբեջանի կառավարության կից գործող իրավական մի կառույցի` «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Զահիր Օրուջը հետեւյալ կերպ է ձեւակերպել այդ պահանջը. «Զանգեզուրի միջանցքը պետք է ամբողջովին տրամադրվի Ադրբեջանին, որպես մեր ժողովրդի դեմ գործված պատերազմական հանցագործությունների փոխհատուցում»։
Օրուջը կարծես փաստաբանի դերն է կատարում, փորձելով սվաղել միջազգային նորմերի եւ մարդու իրավունքների դեմ Ադրբեջանի գործած բոլոր ոտնձգությունները։ Նա նույնիսկ նշում է վերջին ամիսներին շրջանառության մեջ դրված եւ նողկանք առաջացնող տեսահոլովակը, որ պատկերում է հայ զինվորների անդամահատությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ասելով, որ դա չի կարող ադրբեջանական ձեռագիր լինել։ Նա հավատացած է, որ այն հորինված է հայերի կողմից։ «Հայերն իրենց ծանր պարտությունը մարտադաշտում փորձում են փոխարինել տեղեկատվական դաշտում գերազանցություն ձեռք բերելով, որպեսզի ապագայում այն կիրառեն նաեւ ուժային կառույցներում», նշում է նա։
Օրուջը նույնիսկ մեծ ջանքեր է գործադրում արդարացնելու համար իր երկրի գործողությունները` միջազգային բարձրաստիճան անձնավորություններին ուղղելով այնպիսի հարցեր, որոնք հստակ բացահայտում են Ադրբեջանի արժեհամակարգը։ Օրինակ, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին ուղղված հարցն այն մասին, թե «ո՞րն է Եվրոմիության համար ավելի կարեւոր, ազերիների գա՞զը, թե՞ հայերի արյունը»։ Նա ավելի առաջ գնալով Հայաստանին է մեղադրում, որ Եվրոխորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրաժարման պահանջ է ձեւավորվում։ Վերջինս, ինչպես գիտենք, Ալիեւի արյունոտ ձեռքն էր սեղմել շնորհակալություն հայտնելով նավթի բարակ շիթի Եվրոպա մատակարարելու համար։
Հայաստանը ո՛չ խավիար ունի, ո՛չ էլ նավթադոլարներ` մրցելու համար Ադրբեջանի հետ, կամ միջազգային արշավ ծավալելու համար։ Ճիշտ է, որոշ հայկական խմբավորումներ աշխարհով մեկ կատարում են որոշակի հայաստանամետ գործողություններ` միջազգային հանրությանը իրազեկելով Ադրբեջանի գործած հանցագործությունների մասին, բայց դա հիմնականում սոցցանցերում հայտնված վերջինիս անսանձ պահվածքի պատճառով։
Դեկտեմբերի 3-ին եւ 11-ին մի խումբ ադրբեջանցի քաղաքացիներ շրջափակեցին Լաչինի միջանցքը եւ պահանջեցին խոսել ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանք ներկայացել էին որպես էկոլոգիական փորձագետներ եւ պահանջում էին հետաքննել Ղարաբաղում «անօրինական կերպով գործող ականները»։ Դժբախտաբար ռուսական կողմը տեղի տվեց, եւ ազերիները թույլտվություն ստացան ահաբեկելու Ղարաբաղի բնակիչներին։
Այս գործողությունները եւ դրանց գումարած գազի մատակարարման ընդմիջումը ձմռան ցուրտ եղանակի նախաշեմին կասկած չեն թողնում Բաքվի ցեղասպանական մտադրությունների մասին, ինչպես հայտնի դարձավ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորության (որ նախընտրել է անհայտ մնալ) գրառումներից։ Նա հայերին զգուշացրել է, որ Բաքուն չի պատրաստվում երկար սպասել Զանգեզուրի միջանցքի ձեռք բերմանը եւ Ղարաբաղում հայկական զինուժի արձակմանը։ «Դիվանագիտական տարբերակները սպառվել են գրեթե։ Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք Լաչինի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրենք եւ դրանով ավարտենք ամբողջ գործընթացը։ Ինչպե՞ս կկարողանաք շնչել առանց օդի», գրում է նա։
Ներկա հոդվածը գրելու պահին ադրբեջանցիները արդեն փակել են Լաչինի միջանցքը եւ դադարեցրել գազի մատակարարումը Ղարաբաղ, գործի դնելով լրատվամիջոցներով հեռասփռվող սպառնալիքները։
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը չի տատանվում կտրելու շնչելու օդը, որպեսզի սպառնա ղարաբաղահայությանը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի պաշտպանական զորքերին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս նշեց, որ ներկայիս միջազգային երաշխիքներ են ակնկալվում ձեռք բերել, որպեսզի հետագայում Ղարաբաղի ժողովուրդը «մտածի որոշ լուծումներ գտնելու», այսինքն` զինաթափվելու մասին։
Դժբախտաբար քանիցս ապացուցվել է, որ հենց ցած դրեցիր զենքդ, անխուսափելին կատարվում է, ինչպես տեղի ունեցավ Մեծ եղեռնի ժամանակ։ Միջազգային այդ երաշխավորները կամ ուժերը միշտ էլ գտնում են օրինական արդարացումներ իրենց պարտավորությունները չկատարելու համար։
Ռուանդայում 1994-ին կատարվածը մեզ օրինակ։ Այնտեղ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերին չթույլատրեցին միջամտել, հակառակ հրամանատարների զգուշացումներին, որ ցեղասպանություն է տեղի ունենալու։ Հետեւանքում՝ մեկ միլիոն թութսիներ կոտորվեցին հուտու մեծամասնության կողմից։ Ավելի ուշ Մ. Նահանգների նախագահ Բիլ Քլինթոնը այցելեց Կիգալի` այդ պարտազանցության համար ներողություն խնդրելու համար, որն, ինչ խոսք, չէր կարող ետ բերել զոհվածներին։
Ղարաբաղի զինված ուժերը ոչ մի կերպ չեն կարող համեմատվել Ադրբեջանի բանակի հետ, որի թիկունքում կանգնած են Թուրքիան եւ Պակիստանը։ Բայց նրանք կարող են օգտվել առիթից եւ պաշտպանել իրենց հայրենակիցներին, մինչեւ միջազգային հասարակությունը զարթնի եւ ոտքի կանգնի։ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը ցարդ կարողացել են կաթվածահար անել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, որը նպատակ էր հետապնդում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանը ժամանակավորապես «լուծեց» հարցը, խախտելով ԵԱՀԿ-ի ուժ չգործադրելու սկզբունքը։ Մինչ Բաքուն ղարաբաղյան հիմնահարցը կարգավորված համարելու թյուր կարծիքի ներքո է՛լ ավելի է սրում իրավիճակը իր ցեղասպանական սպառնալիքներով։ Միջազգային իրավունքի մեկ այլ սկզբունք արդարացվում է Ադրբեջանի պատերազմական գործողությունների հետեւանքով, այդ է՝ անջատում հանուն փրկության, որից օգտվելով անկախություն են ձեռք բերել Արեւելյան Թիմուրը, Հարավային Սուդանը եւ Կոսովոն։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)