Պայքար՝ երկիր ունենալու համար: Սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմի հերոսները պայքարում են երկիր, հայրենիք, պետականություն ունենալու համար:
Մեկ տարի առաջ էկրան բարձրացավ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» խաղարկային ֆիլմը, որը ներկայացնում էր հայաստանյան կյանքը՝ արդեն եղած, կատարված դեպքեր ու իրադարձություններ: 2021-ին ներկայացվեց 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը, հանրության ոգեւորությունն ու Երրորդ նախագահի իշխանության հանձնումը:
«Իշխանություն-2», «Իշխանություն-1» ի շարունակությունն է, որտեղ ներկայացված է մեր ներկան ու այն, ինչը պիտի դեռ լինի:
«Որեւէ խոչընդոտի երկու ֆիլմերի դեպքում էլ չենք հանդիպել: Առաջին ֆիլմում եղան դերասաններ, որոնք վախենում էին նկարահանվել, որովհետեւ ֆիլմը քննադատում է իշխանություններին, բայց երկրորդի դեպքում այդ խնդիրն էլ չունեցանք: Ու ձեռքս դրած խղճիս՝ պիտի ասեմ, որ որեւէ մեկը ֆիլմի ստեղծմանը չի խանգարել, նման բան չի եղել:
Ստորագրողների, դավաճանների, համակերպվողների, պայքարողների, ստի, կեղծիքի, կորստի, սիրո, չվաճառվողների ու չհանձնվողների մասին է «Իշխանություն-2»ը»,- ֆիլմի բովանդակության, սյուժեի մասին փակագծեր չբացելով՝ ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
Քաղաքական դրամայում օգտագործվել են վավերագրական կադրեր՝ ավելի ընդգծելու պատմական խրոնիկան, այն իրադարձությունները, որոնց վկան, ականատեսն ու մասնակիցն ենք մենք:
Ռեժիսորը հորդորում է այս ֆիլմը դիտել որպես գեղարվեստակական կինոնկար, բայց կերպարներն այնքան ճշգրտորեն են նույնականացվում մերօրյա քաղաքական ճանաչված դեմքերի հետ, որ ակամայից համեմատում ենք՝ ռուս դերասան Սերգեյ Շակուրովը կարողանո՞ւմ է այնպես խաղալ, որ ճիշտ մարմնավորի ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, կամ Լեւս Դավթյանին հաջողվե՞լ է այնպես զարգացնել իր կերպարը, որ ոչ թե հեղափոխական, այլ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման քայլի, խոսի, ուտի, հանդիպումներն անց կացնի:
Երկրորդ ֆիլմում Նիկոլ Փաշինյանի դերը խաղալու համար Լեւս Դավթյանն ուսումնասիրել է իր հերոսին, նրա հոգեբանությունը, ներաշխարհը, որպեսզի փորձի հասկանալ նրա արարքների տրամաբանությունը, պատճառներն ու հիմքերը:
Որքան էլ փորձենք դուրս գալ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի տիրույթից, հերոսների բառապաշարը, բառամթերքը, ժեստերն ու մեզ հայտնի դեպքերը թույլ չեն տալիս ֆիլմը դիտել որպես գեղարվեստական կինոնկար: Մենք փնտրում ու անպայման գտնում ենք վավերագրություն, մեր իրականության հայելային արտացոլանքը՝ կինոէկրանին:
Դերասանուհի Անի Ղազարյանը «Իշխանություն-2»-ում էլ է խաղում Երրորդ նախագահի օգնականի դերը, շարունակում պայքարը իշխանությունը զավթած, մանիպուլյացիաներով ժողովրդին խաբող, պատերազմի ու Հայաստանին պատուհասած մյուս արհավիրքների պատասխանատվությունից խուսափող վարչապետի քաղաքականության դեմ:
«Իշխանություն-2»-ում, ի հակադրություն մեր այսօրվա կյանքի, հիասթափությունների, արմատացած անտարբերության ու հարմարվողականության՝ պայքարի ոգին բարձր է, պայքարողների կամքը՝ աննկուն, ու նշվում են այն ճանապարհները, թե ինչպես է հնարավոր Հայաստանն ազատել արկածախնդիր, կործանարար, արհավիրք ու ավեր սփռող թյուրիմացություններից:
ՆԱԻՐ ՅԱՆ