Որքան մեծ ու հեռատես են եղել անցյալ դարասկզբին պետություն կերտող մեր այրերը, որ լայնահուն պողոտաների, օպերային թատրոնի, ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Պետհրատի» հետ (բոլոր կառույցները չենք թվի) երկրի ապագան կերտելու ճարտարապետության մեջ անտես չեն արել մանուկներին, պատանիներին: 1923 թվականի մարտին լույս տեսած գրական-գեղարվեստական «Պատկոմ» պարբերականը խմբագրական պատկառելի՝ Եղիշե Չարենց, Ստեփան Զորյան, Ավետիք Տեր-Պողոսյան կազմով տարիների հարահոսի մեջ անուններ փոխել է՝ «Պատկոմից»՝ «Պատկոր», 1928-ից՝ «Հոկտեմբերիկ», 1950-ի 11-րդ համարից՝ «Պիոներ», 1991-ից՝ «Աղբյուր», սակայն պայծառ ու լուսավոր երկիր կառուցելու, ինքնատիպ ու անկախ մտածողություն ձեւավորելու հանձնառությունը չի փոխել երբեք: Չեմ վրիպել, հաստատում եմ՝ «Պիոներն» իր զույգի՝ «Պիոներ կանչի» հետ դպրոց էր մտնում եւ անկախ մարդ, քննադատական հայացք եւ անսահման սեր ձեւավորում՝ դիմացինի ու երկրի, ծննդավայրի, հայրենիքի ու պետության հանդեպ: Քաղաքացի էր դարձնում քաղաքում, ավանում, գյուղում ապրողին, աչք էր կրթում, գրական ճաշակ զարգացնում: Ով տպագրվել է՝ կհաստատի, ի՛նչ մեծ բերկրանք է, անսահման ուրախություն, երբ գրական, նկարչական վաստակ ունեցող ճանաչված անունների կողքին հայտնվում է նաեւ քո ստեղծագործությունը, քո անունը, երբ դեռ դպրոցական ես:
Մեր երկրի անկախության հետ անկախ մարդը մասամբ կորցրեց անկախությունն ու աշխարհին պայծառ գույներով նայելու կարեւորությունը, քանի որ սկսեց…փող հաշվել: Այդ անհաշվելիի մեջ մոռացավ մեծերից փոխանցված պատգամը՝ մանուկներին ու պատանիներին կրթելու, դաստիարակելու գործը պետության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ 1991-ից «Աղբյուր» դարձած ամսագիրը սկսեց դանդաղ հոսել դպրոց: Բայց կանգ չառավ նույնիսկ այն ժամանակ, երբ պետության հոգածությունից իսպառ զրկվեց, ինչպես եղավ վերջին տարիներին: Գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը գիտի այն երեխայի ուրախությունը, որ ամսագրին սպասում է, նա Եղիշե Չարենցից, Ստեփան Զորյանից, Անահիտ Սահինյանից, Պերճ Զեյթունցյանից փոխանցված հանձառության թիկնոցը վահան է դարձրել, ամսագիրը չի հանձնել, դիմակայում է:
Դեկտեմբերի 12-ին Գրողների միության կլոր դահլիճում սակավաթիվ էին ներկաները, որ կարեւորել էին «Աղբյուրի» 100-ամյակը: Մի հարստություն, որին անհաղորդ են ՀՀ պաշտոնատար անձինք, եւ ողբերգություն է, որ ներկա չէին մեր երկրի՝ ինձ համար անհաշվելի ԶԼՄ-ները…
«Աղբյուրի» 100-ամյակի պատվարժան հյուրն էր Իրանի դեսպանության մշակույթի խորհրդականը, որ շնորհավորական ճառից քամել էր բառերը՝ նախապատվություն տալով սատարող շեշտին՝ ամսագրին պատրաստ ենք թիկունք լինել:
Իսկ «Աղբյուրը» դեռ վարարելու է…
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ