Աստծո յուրաքանչյուր օրը Հայաստանի հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիները սկսում են այսօրինակ ակնկալիքով, չհամաձայնվելով սեփական երկրի տնտեսության համար պատասխանատու, պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող նախարարի այն գնահատականին, ըստ որի մեր մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ:
Անհամաձայնության առիթը թե պատճառը մեկն է. գնահատականը բոլո՞ր հայաստանաբնակներին է վերաբերում, թե՞ նրանց որոշակի հատվածին, ասենք՝ ոլորտային գործարարներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին, բանկային համակարգում ընդգրկվածներին, առեւտուր իրականացնողներին, այլոց: ՀՀ տնտեսության որոշակի մաս կազմող նշված հատվածներում թե՛ հաջողակներ կան, թե՝ ինչքան էլ ցանկալի չէ արձանագրել, ձախողումների ենթարկվածներ, որոնց ապացույցներն են բազմաբնույթ ծառայություններ մատուցող հաստատությունների վրա փակցված «Տրվում է վարձով» հայտարարությունները:
Այս առումով էապես անընդունելի է նաեւ նախարարի այն մոտեցումը, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսությունում բարձր աճի: Այն պայմաններում, երբ հայաստանյան գործարար հատվածը արտարժույթային միլիարդավոր ֆինանսական միջոցները դուրս է հանում երկրից, որեւէ հիմնավորում չկա, թե ինչո՞ւ է թուրքական բիզնեսը շահագրգռված ՀՀ տնտեսության կայացմամբ, որը նրանք առավելագույնը որպես շուկա են դիտարկում իրենց արտադրածի համար: Ի դեպ, ՀՀ-ում լավ ապրելն իշխանությունը կապում է Արցախի խնդրի լուծման հետ. արդյո՞ք նախարարն ինչ-որ բան գիտի այս առումով: Եվ հարցը՝ ինչ գործընթացների արդյունքում են մեր մարդիկ հիմա ավելի լավ ապրում քան մեկ տարի առաջ, հնչում է ինքնաբերաբար:
Այն, թերեւս, 2022-ին հաստատված 14,2 տոկոս տնտեսական աճի բացատրությունն է, որը թե իշխանամետ թե ընդդիմադիր որակվող տնտեսական հատվածի կողմից գնահատվեց որպես ոչ համաչափ բաշխված՝ հարուստներն առավել շատ հարստացան, աղքատները հայտնվեցին ծայրահեղ աղքատության վիճակում տնտեսվարական ձեւակերպումների տեսքով: Որ ասվածն ընդամենը պարզ հռետորաբանություն չէ, հիմնավորվում է բազմաթիվ տնտեսագետների կողմից այն հայտարարություններով, որ 2022-ին Հայաստանի հանրապետությունից արտաքին արժույթների արտահանումը մոտ երեք միլիարդ դոլար է կազմում՝ 2021-ի հազիվ մեկ միլիարդի դիմաց:
Ինչքան էլ տարօրինակ դիտարկվի, աղքատության 50 տոկոսին մոտեցող երկրում ֆինանսական միջոցներ կան, ոմանց գնահատմամբ ահռելի գումարներ, որոնք արտերկրներում են հայտնվում, երբ կարող էին ներդրվել ՀՀ տնտեսությունում: Արդեն հիշատակված նախարարությունը, իր բազմաթիվ տեղակալների ու վարչությունների պետերի ջանքերով փորձում թե ցանկանում է համաշխարհային գործարար շրջանակներին, սկսած Արգենտինայից ու Գերմանիայով ավարտած, համոզել, որ Հայաստանի հանրապետությունն իրենց բիզնեսի ծավալման լավագույն վայրերից մեկն է, բիզնեսի խրախուսման ու պաշտպանության օրենքներ ունենք՝ աշխարհը չունի: Թե ինչո՞ւ այն չի տարածվում երկրի գործարար միջավայրի վրա, հարցը պարզապես չի քննարկվում, ամեն ինչ հանգեցվում է ենթադրյալ ներուժի վրա, որը մեկ հիմնական բացատրություն ունի՝ ամեն ինչ կա, ամանում… չկա:
Մեր քաղաքացիները յուրօրինակ ներուժ են համարում, ասենք, մայրաքաղաքում տեղակայված երբեմնի էլեկտրալամպերի գործարանը: Հեկտարներ ընդգրկող տարածքը կա, առկա են արտադրական կառույցները, մոտակա թաղամասերում բնակվում են դեռեւս միջին ու ավագ սերունդների լամպագործ մասնագետներ եւ թերեւս ամենակարեւորը՝ կա էլեկտրական լամպերի մեծ պահանջարկ, սկսած հարյուր հազարներից մինչեւ միլիոններ, որոնք, ի խորոց սրտի, ներմուծվում են: Հարցը, ինչու պետությունն իր ողջ ապարատով, առաջնահերթը ՀՀ կառավարությունով չի զբաղվում խնդրով, որն ընդամենը հարց է, բացատրություն չունի: Ընդամենը երկու տարի առաջ նույն ՀՀ կառավարության նիստում զբաղվեցին ինչ-որ արդյունաբերական կանեփ կոչվողի ծրագրի ընդունումով, որն օրերս պարզվեց՝ անկատար է, նոր ժամանակաշրջան հաստատվեց: Իսկ հարյուրավոր մարդկանց աշխատատեղեր ապահավող, հայ հանրությանը հպարտություն ներշնչող ժամանակակից էլեկտրախնայող լամպերի արտադրության կազմակերպմամբ զբաղվելու կարիքը չկա, այն… կներմուծենք, հումանիստ գաղափարախոսության կրողներ ենք, չէ՞: Բայց գիտենք, չէ՞, ի՞նչ ծախսեր են արվում եւ ի՞նչ գներ են սահմանվում ներկրումների համար, հենց թեկուզ եվրոպական սուպերմարկետներում վաճառվողի համեմատ: Մեր փոքրիկներին գովազդների միջոցով գայթակղող «Նութելլա» քաղցրավենիքը, որն իտալական արտադրանք է, վաճառվում է 700 գրամը 3.79 եվրոյով, որը ներկայիս մեր 1500 դրամն է: Նշված քաշից 10 տոկոս պակաս, 630 գրամ պարունակող «Նութելլա»-ն երեւանյան առեւտրային ցանցում առաջարկվում է… 3500 դրամով: Եվ հարցը՝ փոքրիկների համառությունը հաղթահարելու կոչված ծնողներն ու տատիկ-պապիկներն ինչպես շրջանցեն այսօրինակ խոչընդոտները, որպեսզի կարողական իրենց ընթրիքի ժամանակ լավ ապրելու նախապայման մեկ բաժակ հայրենական հանքային ջուր վայելել, հնչում է ինքնաբերաբար: Նկարում պատկերված եվրոպական սուպերմարկետում վաճառվող 1.5 լիտր տարողության հանքային ջուրն առաջարկվում է 27 եվրոցենտով, որը մեր 120 դրամն է, երբ նույն տարողության հայաստանյան արտադրանքի գինը սկսում է 270 դրամից:
Դե եկ, հայաստանաբնակ, ու համակերպվիր, որ այսօրինակ փաստերի առկայության պարագայում դու հիմա ավելի լավ ես ապրում, քան նախորդ տարում: Ուր է թե խոսքը գործ դառնար:
Բայց՝ ուր է թե…
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ