Դրանք, միեւնույն է, զարտուղի ճանապարհներով հասնում էին Հայաստան
Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ ջանքերով սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը որոշել էր արգելել թուրքական որոշ ապրանքների ներմուծումը: Որոշումը 2020-ի հոկտեմբերի 20-ին էր ընդունվել, ուժի մեջ մտել նույն տարվա դեկտեմբերի 31-ին: Մեկ տարի անց սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն էր տարածել ու տեղեկացրել, որ էմբարգոն չերկարաձգելու մասին որոշում է ընդունել:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն «Ազգ»ի հետ զրույցում ասում է, որ թուրքական որոշ ապրանքներից հրաժարվելը, ըստ էության, չէր ծառայում իր նպատակին, քանի որ թուրքական ապրանքները, միեւնույն է, զարտուղի ճանապարհներով հասնում էին Հայաստանՙ գտնելով իրենց սպառողին եւ խթանելով շատ ապրանքատեսակների գնաճը:
«Եթե հարցը դնում ենք հայրենասիրության տեսանկյունիցՙ ավելի կարեւոր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկ կա: Եթե համեմատում ենք 44-օրյա պատերազմի վիճակի հետ, երբ բոլորը համատարած բոյկոտում էին թուրքական ապրանքները, հիմա պիտի հասկանանքՙ ի՞նչն է պատճառը, որ մարդիկ նորից ցանկանում են գնել թուրքական ապրանքներ: Եթե ինչ-որ մի ապրանքի պահանջարկը կա, ապա այն, միեւնույն է, գտնելու է իր շուկան եւ հասնելու է իր սպառողինՙ լինի դա զարտուղի ճանապարհով, թե ավելի թանկ գնով: Դրա համար արհեստականորեն ինչ-որ բան անելը ճիշտ չէ: Հարցի էմոցիոնալ մասը մի կողմ պետք է դնենք ու գնահատենք դրա նպատակահարմարության տնտեսական հատվածը: Նախՙ արգելքը մասնակի էր արգելված. արգելված էին վերջնական սպառման ապրանքները, սակայն հումքային ապրանքների ներմուծումը թույլատրվում էր: Բացի այդՙ արգելքը սահմանելուց հետո ցանկը մի քանի անգամ վերանայվել է, քանի որ պարզվել է, որ ապրանքատեսակներ կան, որոնք հարմար փոխարինիչներ չունեն մեր երկրում: Թուրքական որոշ ապրանքների արգելքից հետո, ցավոք սրտի, փաստացի թուրքական ծագման ապրանքները տարբեր ճանապարհներով Հայաստան են մտնում, որովհետեւ հսկողություն, մաքսային վարչարարություն իրականացնելը պրակտիկորեն անհնար է, եւ արդյունքն ընդամենը լինում է այն, որ Հայաստանում հագուստի, կենցաղային պարագաների եւ այլ ապրանքատեսակների գինը բարձրանում է, քանի որ այդ ապրանքները ավելի բարդ ճանապարհ են անցնում: Այսինքնՙ այն խնդիրը, որ մենք ի սկզբանե դրել էինք մեր առջեւ, փաստացի չի ծառայում իր նպատակին»,- մանարամսնում է տնտեսագետ պատգամավորը:
Դիտարկմանը, թե փաստորեն տնտեսվարողները Պետական եկամուտների ծառայակիցներից շատ ավելի հնարամիտ են, որ կարող են զարտուղի ճանապարհներով արգելված ապրանք բերել Հայաստան, ՔՊ-ականն արձագանքում է. «Այո, սովորաբար տնտեսվարողներն ու քաղաքացիները, որ միշտ մի քանի քայլ առաջ են մտածում, շատ ավելի հնարամիտ են, քան պետությունը, կառավարիչները: Ու երբեմն այն նախաձեռնությունները, որ միտված են դաշտը կանոնակարգելուն կամ հավասար պայմաններ ապահովելուն, միշտ որոշակի սողանցքներ են ունենում, ինչից մեր տնտեսվարողները կարողանում են օգտվել: Դա հավերժական, նորմալ ու բնականոն «պայքար» է տնտեսվարողների ու պետության միջեւ: Պետությունը պետք է այնքան կոմպետենտություն, գիտելիք ու փորձ ունենա, որ կարողանա հասնել բիզնեսի հետեւից:
Ինչ վերաբերում է կոնկերտ թուրքական ապրանքների ներկրմանը, ապա այստեղ ոչ թե ՊԵԿ-ի աշխատանքի, այլ օբյեկտիվ իրականության մեջ է խնդիրը: Եթե ինչ-որ մի բան արգելում ես, պետք է կարողանաս հսկել այն: Տեսեքՙ տնտեսվարողը «Made in Indonesia» պիտակով թուրքական ապրանք է բերում ու փորձում ապացուցել, որ այն ինդոնեզական է: Ապացուցելու համար, թե իրականում ո՞ր երկրի արտադրանք է, ներմուծողից ծագման սերտիֆիկատ պետք է պահանջել: Ու եթե պետությունը կամ ՊԵԿ-ը բոլոր ապրանքների դեպքում վարչարարություն իրականանցի, գնա, սկսի պարզել, թե դրանք իրականում ո՞րտեղ են արտադրվել, ապա մեր մաքսային սահմանը պարզապես կաթվածահար կլինի»:
Եթե մտածենք միայն տնտեսական նպատակահարմարության մասին, ասել է թեՙ արգելենք թուրքական ապրանքների ներմուծումը, որպեսզի տեղական ապրանքների արտադրությունը զարգանա, ապա այդ տրամաբանությամբ, ըստ տնտեսագետի, պետք է արգելվի արտասահմանյան բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը Հայաստան: Սակայն այս դեպքում էլ հարց է առաջանումՙ արհեստական պայմաններ ստեղծելովՙ տեղական արտադրությունը մրցունակ կդառնա՞, թե՞ ոչ:
Մեր մյուս դիտարկմանը, որ օրենքը երբ ընդունվում էր, դրա գլխավոր հիմնավորումն այն էր, որ Հայաստանը չպետք է մի երկրից ապրանք ներկրի ու հարստացնի մի երկրի բյուջեն, որ մեր դեմ զենք է արտադրում ու ցանկանում ոչնչացնել մեզ, պատգամավոր Թունյանը նախ հիշեցնում է, որ այն ժամանակ որոշումն արագ է ընդունվել, հաշվարկներ անելու ժամանակ պարզապես չի եղել: Ավելինՙ այդ որոշումը հաշվարկներ անելու խնդիր էլ չուներ, որովհետեւ դրա հետեւանքը տնտեսական ինչ-որ թվերը կամ հաշվարկները չէին. «Նպատակը քաղաքական ժեստ անելն էր: Մենք, փոքր երկիր լինելով, տասնյակ անգամներով զիջելով թուրքական տնտեսությանը, դիրքորոշում ենք արտահայտել: Ընդ որումՙ շատ զգույշ ենք արտահայտել, որովհետեւ բացի թուրքական վերջնական ապրանքներիցՙ շարունակում էինք հումք ու նյութեր ներկրել, որ մինչ օրս օգտագործում ենք տեղական արտադրության մեջ: Եթե ամբողջական արգելք լիներ, ապա Հայաստանում արտադրողները լուրջ խնդիրների առաջ կկանգնեին: Այդ պահին մեզ պետք էր քաղաքական դիրքորոշում արտահայտել, արտահայտել ենք»:
Զրույցըՙ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ