«Մազդա» հրատարակչությունը Լոս Անջելեսում անգլերեն լեզվով լույս է ընծայել «Պարսկատանի/Իրանի հայկական համայնքները: Պատմություն, առեւտրաշրջանառություն, մշակույթ» (630 էջ) գիրքը, որը 15-րդ եւ վերջին հատորն է Կալիֆոռնիա եւ Չապմեն համալսարանների պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած «Հայկական պատմական քաղաքներն ու նահանգները» մատենաշարի:
Հայկական ներկայությունը Իրանում անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրերը պարփակող նոր հատորը ներառում է նաեւ հայ-իրանական հարաբերությունները նախաքրիստոնեական շրջանից մինչեւ միջին դարերը: Ուսումնասիրության նյութ են դարձել Մակու եւ Թավրիզ շրջանները, Սբ. Թադեւոս եւ Սբ. Ստեփանոս վանքերը, պարսկական Ատրպատականի կարեւորությունը հայ-իրանական հեղափոխական շարժումների ժամանակ, համաշխարհային Առաջին պատերազմի օրերին Թուրքիայի կողմից Ուրմիայի, Սալմաստի եւ Խոյի քրիստոնյա բնակչության տեղահանությունն ու կոտորածները, ինչպես նաեւ Ներսես արք. Մելիք-Թանգյանի գործադրած ջանքերը, Նոր Ջուղայի համահայկական մունիցիպալիտետի գործունեությունը (միջազգային շուկայում ճանաչված առեւտրականներ, արհեստավորներ, մշակույթի գործիչներ), ներկայիս Թեհրանի հայկական համայնքի հարաբերությունները Իրանի իշխանությունների հետ եւ Հարավային Կալիֆոռնիայում իրանահայերի սոցիալ-տնտեսական ներգրավվածությունը:
Հատորի վերջում ներկայացված են ականավոր նկարիչ Սմբատի նոր Ջուղայի տեսարժան վայրերը պատկերող կտավների լուսանկարները: Հատորը միակն է վերոնշյալ մատենաշարում, որ անդրադառնում է Օսմանյան կայսրությունից դուրս գտնվող հայկական մի համայնքի եւ նվիրված է դոկտ. Վարդիթեր Հովհաննիսյանին: