Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Զանգակ» հրատարակչությունը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին, որը գրական աշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկն է:
Տոնավաճառի շրջանակում հոկտեմբերի 12-18-ը կայացել է Ուկրաինայի եւ հարեւան երկրների հրատարակիչների համար հատուկ ծրագիրը, որին, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մասնակցում էր «Զանգակ» հրատարակչության միջազգային համագործակցությունների եւ հեղինակային իրավունքների պատասխանատու Աննա Չիթչյանը:

Ծրագրի ընթացքում Հայաստանի, Բուլղարիայի, Չեխիայի, Վրաստանի, Հունգարիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի եւ Ուկրաինայի հրատարակիչները, խմբագիրները, հեղինակային իրավունքների պատասխանատուները եւ գրական գործակալները վերապատրաստման եւ գործարար կապերի հաստատման բացառիկ հնարավորություն ունեցան:
Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ իր ելույթում անդրադարձավ իրենց երկրում հրատարակչական ոլորտի ընթացիկ իրավիճակին, հնարավորություններին, մարտահրավերներին ու խնդիրներին: Մասնակիցները հանդիպումներ ունեցան Գերմանական հրատարակիչների եւ գրավաճառների ասոցիացիայի տնօրեն Պետեր Կրաուս ֆոն Կլեֆի, եվրոպական եւ միջազգային կապերի տնօրեն Ջեսիկա Սենգերի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գվանցա Ջոբավայի, նաեւ գերմանական առաջատար հրատարակչությունների ներկայացուցիչների հետ:

Աննա Չիթչյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ նմանօրինակ նախաձեռնությունները հնարավորություն են ընձեռում միջազգային փորձի փոխանակման, մշակութային երկխոսության, արդյունավետ գործարար կապերի հաստատման համար: Այս տարվա փառատոնը եւս մեկ հրաշալի առիթ էր միջազգային հարթակից խոսելու հայ գրականության, հայկական հրատարակչական ոլորտի առանձնահատկությունների եւ մեր երկրում ընթերցանության խթանման արդյունավետ գործիքների վերաբերյալ՝ այդ ամենը համադրելով միջազգային փորձին:
Հրատարակիչների համար հատուկ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի համակազմակերպիչներն ու համակարգողներն են Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը, «Գրքային Արսենալ» միջազգային փառատոնի եւ Ուկրաինայում Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Աննա Չիթչյանը համոզված է, որ նման միջոցառումները կնպաստեն հրատարակչական ոլորտի հայ մասնագետների հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաեւ հայ հեղինակների եւ նրանց ստեղծագործությունների միջազգային ճանաչմանը:
 
			 
     
			





