ԵՐԵՎԱՆ – Իտալա-ամերիկացի վավերագրական լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Էնթոնի Պիցցոֆերատոն ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգի Քոլումբուս քաղաքում: Նրա գործունեությունն ընդգրկում է հակամարտությունների, պատմության, քաղաքականության, ինչպես նաեւ սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուսաբանումը՝ հատկապես հետխորհրդային երկրներում եւ Մերձավոր Արեւելքում: Էնթոնիի լուսանկարներն առնչվում են հաճախ անտեսված պատմությունների ու խոցելի համայնքների հետ՝ աչքի ընկնելով զգայուն եւ հարգալից մոտեցմամբ: Նրա գործերը տպագրվել են հեղինակավոր պարբերականներում («Թայմ», «ԲիԲիՍի», «ՍիԷնԷն», «Փոլիտիկո», «Բլումբերգ», «Դի Ցայթ», «Լը Ֆիգարո») եւ այլուր: Նշանակալից է, որ 2024 թ. Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նրա լուսանկարն ընդգրկվել է Սիենայի մրցանակաբաշխության կարճ ցուցակում: 2017 թվականից նա բնակվում է Երեւանում՝ շարունակելով իր երկարաժամկետ վավերագրական նախագծերը եւ կենտրոնանալով Հայաստանի ներկա իրադարձությունների եւ դրանց խորքային լուսաբանման վրա:
–Է՛նթոնի, ֆոտոլրագրողները ժամանակակից իրադարձությունների աչալուրջ վկաներ են : Դուք լուսաբանել եք Ուկրաինան, Ռուսաստանը, Լեհաստանը, իսկ ձեր մի շարք լուսանկարչական շարքեր՝ «Երբ փողոցները խոսեցին. Հայաստանի քաղաքական զարթոնքի ոգին», «Մոմը փոթորկի մեջ», «Փախչելով կրակից», «Չբուժված վերքեր» եւ «Քաղաքական խաչմերուկներ», արտացոլում են վերջին տարիներին Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած հիմնականում ողբերգական իրադարձությունները: Դրանք խորապես հուզիչ են՝ արթնացնելով ցավոտ հիշողություններ այն ամենի մասին, ինչի միջով անցել են հայերը վերջին ութ տարիներին եւ դրանից առաջ: Դրա համար մենք ձեզ հայտնում ենք մեր անկեղծ շնորհակալությունը:
– Շնորհակա՛լ եմ, դա ինձ համար շատ կարեւոր է: Որպես ֆոտոլրագրող եւ վավերագրող լուսանկարիչ՝ ես իմ առաքելությունն ընկալում եմ ոչ միայն որպես դիտորդ կամ տեսողական «պատմագիր», այլեւ որպես մի մարդ, որը կրում եւ փոխանցում է պատմություններ, որոնք կարող էին մոռացության մատնվել: Հայաստանի եւ տարածաշրջանի լուսաբանումն ինձ համար երբեք պարզապես առաջադրանք չի եղել. այն վերածվել է պատասխանատվության: Այդ պահերը ծանր են, հաճախ՝ ցավալի, բայց որքան խոր է դիտողը ներթափանցում պատկերների մեջ, այնքան ավելի են բացահայտվում դրանցում առկա դիմացկունությունն ու ճշմարտությունը: Եթե իմ աշխատանքը կարող է պահպանել պատմությունը, հիշողությունը, հարուցել մտորում կամ երկխոսություն, խորացնել ըմբռնումը, ապա զգում եմ, որ իմ գործն արդարացված է եւ իմ ճանապարհը՝ իմաստալից:
–Ձեր լուսանկարներում Հայաստանը հաճախ է ներկայանում մոնոխրոմ երանգներով՝ կարծես արտացոլելով այն ծանր եւ բարդ թեմաները, որոնք դուք ընտրում եք: Իսկ կարո՞ղ է մի օր ցույց տաք գունեղ Հայաստանը:
-Ճիշտ է՝ իմ Հայաստանի լուսանկարների մեծ մասը մոնոխրոմ է թե՛ երանգով, թե՛ տրամադրությամբ: Ինձ համար գունաթափված, իրատեսական գունաշարը միջոց է՝ բացահայտելու էությունը: Այն արտացոլում է խստություն, դիմացկունություն եւ այն լռությունը, որն ուղեկցում է իմ ուսումնասիրած թեմաներին: Ես ուզում եմ, որ դիտողը կենտրոնանա բովանդակության վրա, ոչ թե գույների: Անձամբ չեմ կարծում, որ վառ եւ գունեղ լուսանկարները համահունչ են պատերազմի, ցավի կամ ծանր փորձությունների թեմաներին: Հայաստանն, անշուշտ, ունի գույն, սակայն ես փորձում եմ այն չկիրառել արհեստականորեն, եթե դա չի բխում թեմայից: Ինձ համար իսկությունը շատ կարևոր է՝ թե՛ իմ ստեղծած աշխատանքներում, թե՛ այն լուսանկարներում, որոնք ցանկանում եմ «որսալ» ու զարգացնել: Գույնն, իհարկե, առկա է, եւ Հայաստանը հարուստ է դրանով, բայց երբ լուսանկարում եմ, նախ պետք է զգամ այն, ինչ տեսնում եմ. եթե այդ կապը չեմ զգում, անցնում եմ առաջ: Ինձ համար լուսանկարչությունը նախեւառաջ դիտարկում է. ես իմաստը փնտրում եմ դիտելու մեջ:
Ընդհանրապես, յուրաքանչյուր լուսանկարիչ անցնում է տարբեր փուլերով: Այժմ իմ փուլն արտահայտում է այն զգացական ճշմարտությունը, որը ես տեսնում եւ զգում եմ Հայաստանում: Դա ոչ թե իմ երկրի ամբողջական ընկալումն է, այլ որոշակի իրականությունների արձանագրում: Իհարկե, Հայաստանը լի է նաեւ կենսախնդությամբ, դիմացկունությամբ, ուրախությամբ, եւ գուցե ապագայում ես ավելի շատ գունավոր լուսանկարներ ստեղծեմ: Երբ գա ժամանակը՝ կցանկանամ պատմել նաեւ այդ լույսի ու ծիծաղի մասին: Բայց այժմ դեռ ունկնդիր եմ պատմության լուռ հատվածներին:
–Դուք հաճախ եք լուսանկարել սգո, գերեզմանների տեսարաններ: Մտավախություն չունե՞ք, որ նման պատկերները կարող են չափազանց ճնշող թվալ եւ ստվերել ձեր փոխանցելիք հիմնական իմաստը:
-Ես սուգը չեմ դիտում որպես հակադրություն իմաստին. այն դրա մասն է: Գերեզմաններն ու ծեսերը, որոնք լուսաբանում եմ, միայն մահվան մասին չեն, այլեւ հիշողության, ներկայության եւ ինքնության շարունակության մասին: Այդ պատկերները կարող են ծանր լինել, բայց նպատակ չունեն ընկճելու դիտողին. դրանք հնարավորություն են տալիս խորհելու, գուցե նաեւ ապաքինվելու: Ես չեմ փորձում գեղեցկացնել իրականությունը հանուն հարմարավետության. դիմում եմ անկեղծությամբ ու հոգատարությամբ՝ վստահելով, որ դիտողը կգտնի այդ խոցելիության մեջ իմաստ ու գեղեցկություն: Եթե խուսափենք տխրությունից, ապա վտանգ կա մոռացության, իսկ ինձ համար դա շատ ավելի վտանգավոր է, քան վշտին դիմակայելը:
–Ձեր աշխատանքը հաճախ է անդրադառնում շատ զգայուն թեմաների: Ինչպե՞ս են դրանք ընդունում միջազգային լսարանը եւ Հայաստանի արեւելյան ու արեւմտյան հարեւանները:
-Իմ լուսանկարները կապված են խոր արմատներ ունեցող պատմությունների եւ հույզերի հետ, եւ արձագանքները տարբեր են լինում: Միջազգային լսարանը սովորաբար մոտենում է հետաքրքրությամբ ու կարեկցանքով՝ տեսնելով համամարդկային թեմաներ՝ կորուստ, ինքնություն, դիմացկունություն: Իսկ հարեւան երկրներում արձագանքները երբեմն ավելի բարդ են, երբեմն՝ զգուշավոր, երբեմն՝ հակասական, երբեմն էլ՝ լուռ: Բայց նույնիսկ այդ լռությունը խոսում է ընդհանուր պատմության ծանրության մասին: Ես չեմ ակնկալում, որ բոլորը կհամաձայնեն, սակայն հուսով եմ, որ աշխատանքս կստեղծի խորհելու եւ գուցե երկխոսության տարածք: Զգայունությունը, իմ կարծիքով, ոչ թե խուսափելու, այլ ավելի ուշադիր լսելու մի ձեւ է:
–Ձեր նախագծերից մեկը՝ «Հավատի պահապանները», անդրադառնում է Հայաստանի եզդիական համայնքին, որը համաշխարհային հանրությանը տակավին քիչ է հայտնի: Ի՞նչն է այդ համայնքում ձեզ առավել գրավում:
-«Հավատի պահապանները» նախագիծը շարունակական է, եւ ամեն տարի ավելացնում եմ նոր նյութեր: Դեպի եզդիական համայնք ինձ սկզբում մղեց ոչ թե տարաշխարհիկ հետաքրքրությունը, այլ այն զգացողությունը, որ նրանց պատմությունը գոյություն ունի, բայց թերագնահատված է նույնիսկ ազգային պատմության համատեքստում: Ժամանակի ընթացքում ինձ տպավորեց նրանց հոգեւոր կյանքի խոր ռիթմը, հավատը, որն առկա է ոչ միայն տաճարներում, այլեւ առօրյա շարժուձեւերում, ժեստերում, ավագներից փոխանցվող գիտելիքի ձեւերում: Տեսողական առումով ինձ գրավեց նրանց կյանքի փխրունության եւ հավատքի ամրության հակադրությունը: Ժամանակի ընթացքում այդ գործընթացը դադարեց լինել պարզապես փաստագրում՝ վերածվելով աշխարհընկալումն ըմբռնելու փորձի, որը շրջանաձեւ է, նախնյաց հետ կապված եւ հողին ամուր կապակցված: Այդ նախագիծն ինձ ստիպեց դանդաղել՝ համեմատած արագ իրադարձությունների լուսաբանման հետ:
–Շատերին կհետաքրքրի, թե ինչպե՞ս Հայաստանը դարձավ ձեր տունը վերջին ութ տարիների ընթացքում:
-Այս հարցը հաճախ եմ լսում, եւ պատասխանը միշտ նույնն է. իմ կապը Հայաստանի հետ սկսվեց ավելի քան 15 տարի առաջ, երբ ես դեռ այստեղ չէի եղել: Սկզբում հետաքրքրվեցի Հայաստանով, երբ կարդացի Կիլիկիայի հայկական թագավորության մասին՝ Խաչակրաց արշավանքների համատեքստում: Դա ինձ մղեց խորանալու Հայաստանի հնագույն պատմության, վաղ քրիստոնեական ինքնության եւ խորհրդային անցյալի մեջ՝ թեմաներ, որոնք համապատասխանում են իմ հետաքրքրություններին:
Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2017 թ. մայիսին՝ որպես զբոսաշրջիկ, ընդամենը մեկ շաբաթով, բայց երկիրն այնպիսի տպավորություն թողեց, որ դեռ չհեռացած՝ արդեն ծրագրում էի վերադառնալ: Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին, վերադարձա եւ այլեւս չթռա հետ: Գտա բնակարան եւ մնացի: Այդ ժամանակից ի վեր Հայաստանում ապրել եմ ավելի քան հինգ տարի՝ նախ 2017-2019-ին, հետո՝ 2022-ի հունվարից՝ արդեն մշտապես, ԱՄՆ-ում համավարակի ընթացքում ապրելուց հետո: Այն, ինչ ինձ գրավեց առաջին այցի ժամանակ, նաեւ այժմ, ուժի մեջ է. Հայաստանում պատմությունը շոշափելի է՝ ճարտարապետության, բնության եւ մարդկանց մեջ: Սա մի երկիր է, որը շարունակ բացահայտվում է, եւ հենց դա է ինձ պահում այստեղ:
–Ի՞նչ է նշանակում ապրել Հայաստանում ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես լուսանկարիչ, որը ներգրավված է այս հասարակության իրական կյանքի մեջ:
-Ապրել Հայաստանում որպես վավերագրական լուսանկարիչ՝ նշանակում է խրված լինել առօրյայի թե՛ տեսանելի, թե՛ անտեսանելի շերտերի մեջ: Սա հակադրություններով լի երկիր է. որքան երկար ես մնում, այնքան ավելի են բացահայտվում դրանք: Ինձ համար առօրյայի ռիթմը կարող է դանդաղ ու մտերմիկ թվալ, բայց միևնույն ժամանակ պատմությունն ու զգացմունքը միշտ զգացվում են մակերևույթի տակ: Սովորել եմ նկատել մանր բաները՝ ժեստերը, լռությունները, բնապատկերները, որոնք հիշողություն են պահում: Թեեւ առօրյա կյանքը երբեմն դժվար է, բայց այն լի է խորությամբ, եւ հենց դա է շարունակ ոգեշնչում ինձ: Ներգրավված լինել նշանակում է ընդունել այս դանդաղ ընթացքը, կառուցել վստահություն եւ թույլ տալ, որ աշխատանքն աճի համայնքի ներսից՝ ոչ թե դիտվի դրսից…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ





