2022թ. նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրվան եւ ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրվան: ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները դպրոցականներին եւ ուսանողներին ներկայացրին իրենց գիտական աշխատանքները, կատարեցին գիտափորձեր:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները ներկայացրին Տեսլայի կոճը, որն էներգիա է հաղորդում հեռավորության վրա՝ առանց հաղորդալարերի: Ցուցադրեցին լազերային լույսի միջոցով ձայնի հաղորդման համակարգը եւ ներկայացրեցին ինստիտուտում աճեցված բյուրեղները, պատրաստված օպտիկական տարրերը եւ նանոբջիջները:
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողները ծանոթացրին մանրէների վերացանքսի մեթոդաբանությանը, ներկայացրին կենտրոնի արտադրանքը՝ «Նարինե» կաթնաթթվային մթերքը, «Էկոբիոֆիդ» կենսաբանական պարարտանյութը, տարբեր յուղեր եւ նյութեր:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականները ներկայացրին ինստիտուտում ստեղծված Քովիդ-19-ի թեստերը: Ցուցադրեցին երրորդ սերնդի սեքվենատորը, որի միջոցով Քովիդ-19 համավարակի տարածման ժամանակ իրականացվել է գենոմի սեքվենավորում եւ տարբեր շտամների որոշում:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ցուցասեղանին ցուցադրված էին ջրի որակական անալիզի սարքավորումը, հեռազննման համար անօդաչու թռչող սարքը, սննդանյութերի կազմը եւ կալորիականությունը որոշող «խելացի» կշեռքը:
ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականները ներկայացրին մանրադիտակ, սպիտակուցների անջատման աշտարակ, իմունո ֆերմենտային անալիզի պլանշետ, քաղցկեղածին բջիջների պրեպարատներ:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները դպրոցականներին ծանոթացրին հնէաբուսաբանական նմուշների, սերմերի բանկում պահվող սերմերի՝ ծաղկի փոշեհատիկների հետ, իսկ Մաթեմատիկայի ինստիտուտը ներկայացրել էր գիտնականների կողմից հրատարակված գրքերը:
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ներկայացրել էր 3D դիրքի անալիզի եւ հայտնաբերման ծրագիրը:
Գիտության համաշխարհային օրը նշվեց նաեւ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպություններում: Անցկացվեցին միջոցառումներ, գիտաժողովներ, գիտափորձեր:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ