Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օլաֆ Շոլցին վերագրում են մի բան, որ նա… չէր էլ կարող ասել

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, Գերմանիայի Բունդեսթագը հատուկ նիստ գումարեց, խիստ դատապարտեց Պուտինի պատերազմական գործողությունները Ուկրաինայում, խոսեց Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մասին: Ամփոփ կարող ենք ձեւակերպել այդ օրվա նիստի ուղերձը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հաստատուն եւ ամուր կանգնած է ուկրաինացիների կողքին: Նիստն իսկապես հատուկ էր նաեւ այն տեսանկյունից, որ կանցլերից սկսած՝ գերմանացի քաղաքական գործիչները սկսեցին բացահայտ խոսել ԳԴՀ-ի Զինված ուժերն արդիականացնելու մասին: Եթե Հայաստանի պետական պաշտոնյաները, ռազմական գործիչները տիրապետում են գերմաներենին, քաջատեղյակ են համաշխարհային պատմության մեջ այդ երկրի ունեցած դերակատարմանը, պիտի ունկնդիր լինեն Բունդեսթագում նշյալ օրը ծավալված քննարկմանը, որը, մեր կարծիքով, կօգնի հայ «խաղաղասիրական մտքի տիտաններին» իրենց օրիգինալ, պարզունակ ձեւակերպումները օդապարիկ չդարձնել, այլ՝ լսել, էլի՛ լսել ու խոսելուց առաջ պարտադիր գրավոր շարադրել անվտանգության մեր առաջնահերթությունները՝ չշփոթելով՝ զոհի՛ տեսանկյունից:

Ստորեւ ամփոփ ներկայացնենք Բունդեսթագում հնչած կարեւոր շեշտադրումները, սրբագրելով Հայաստանում, հատկապես ֆբ սոցիալական ցանցում առավել շրջանառվող այն թյուր կարծիքը, թե բոլորը նույն շեշտով են խոսում: Սոցիալ դեմոկրատների, Կանաչների, Ազատ դեմոկրատների կառավարող կոալիցիան բնականաբար ի՛ր շեշտադրումներն ունի, ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ քրիստոնյա դեմոկրատ, քրիստոնյա սոցիալական միությունը քննադատության ի՛ր անկյունն ունի, իսկ Ձախերը, «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան խմբակցությունը՝ բեւեռացված, բոլորովին այլ տեսանկյուն:

«Ռուսաստանի հարձակումը միջազգային իրավունքի հստակ ոտնահարում է», գնահատեց Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը՝ ընդգծելով պատմական բացառիկ այդ պահին Գերմանիայի խորհրդարանի համերաշխությունը՝ այն որակելով «կարեւոր ազդանշան»:

Կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթը որքան էլ Պուտինին, Ռուսաստանին ուղղված ծանրակշիռ քննադատություն էր, այդուհանդերձ՝ զերծ էր վերջնագրային երանգներից: Այդ էր վկայում կանցլերի ելույթի եզրափակիչ հատվածում հնչած հետեւյալ միտքը, թե այդուհանդերձ Ռուսաստանի հետ բաց պիտի պահենք բանակցելու, խոսելու ուղին: Նա խիստ դատապարտեց Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակումը եւ այսպես ձեւակերպեց՝ «Ապրում ենք շրջադարձային ժամանակ. Աշխարհը սրանից հետո այն չի լինի, ինչ սրանից առաջ»: Շոլցի ելույթում ընդգծվում էր հետեւյալ մեկնաբանությունը՝ ու՞ժն է իրավունքը փշրում, Ռուսաստանի նախագահ Պուտինին տրվելու՞ է ժամացույցը՝ 19-րդ դարի հզորների ժամանակաշրջան շրջելու առիթը: Պուտինի հարձակումը միայն մի պատճառ ունի՝ ուկրաինացիների ազատությունն իր ճնշող ռեժիմը հարվածի տակ է դնում: Սա ոչնչով, որեւէ մեկին չի արդարացնում: Սա անմարդկային է, միջազգային իրավունքին հակասող:

Շոլցը խոսեց պատժամիջոցներից՝ հիմնավորելով Ռուսաստանին ուղղված այդ քայլը, արդարացրեց դաշնային կառավարությանը՝ Ուկրաինային զենք մատակարարելու որոշումը: «Պուտինի ագրեսիային այլ պատասխան չկա», ասաց ԳԴՀ կանցլերը: Սոցիալ դեմոկրատ կանցլերն անդրադարձավ Բունդեսվեհրին՝ Գերմանիայի ԶՈՒ-ին հավելյալ 100 միլիարդ եվրո հատկացնելուն: «Մենք ավելին պիտի ներդնենք մեր երկրի անվտանգության համար, մեր ազատությունը եւ մեր ժողովրդավարությունը պաշտպանելու համար: Մեր նպատակն է հզոր, գերարդի, առաջնակարգ ԶՈՒ ունենալը, որ մեզ կպաշտպանի»: Պատմությունից մենք դաս ենք քաղել՝ Եւրոպայում խաղաղության կողմնակից լինել, վստահեցրեց ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը՝ կիրակի օրվա իր ելույթում: Շատ բնական է, որ Գերմանիայի կանցլերը հատուկ պիտի շեշտադրեր իր երկրի՝ խաղաղության կողմնակից լինելու փաստը, եւ բավականին տարօրինակ էր նկատել, որ հայկական ֆբ հարթակում այդ օրվա ելույթից հետո բազմաթիվ էին նրա հասցեին ուղղված քննադատությունները, թե իբր կանցլերն ասել է՝ Պուտինը Գերմանիային ազատեց պատմական մեղքից: Ռուսալեզու Solenka.info-ն տարածել է հետեւյալ բանսարկությունը՝ ակնհայտ մոլորեցնելով նաեւ հայ ընթերցողների այն հատվածին, որ չի ճանաչում գերմանական քաղաքական գործիչների, մանավանդ՝ կանցլերի պաշտոնին հասած գործչի բառարանը: Եթե կա նման հայտարարություն, թող դրա գերմաներեն բնագրին հղում տան:

ՔԴՄ-ՔՍՄ խմբակցությունը ներկայացնող Ֆրիդրիխ Մերցը ելույթի սկզբում նախ անդրադարձավ ուկրաինացիներից իր ստացած տպավորությանը՝ ինչպե՛ս է ժողովուրդը պաշտպանում իր անկախությունը, ամաչում ենք՝ այդ երկրին կարող էինք ավելի վաղ օգնել: Զելենսկու մասին էլ խոսեց: Նկատել տալով, որ նա քաջ է, հրեական ընտանիքից է սերում, Մերցը հիշեցնել տվեց, թե հենց նրան են վերագրել, որ թմրամիջոցներից կախվածություն ունի, անվանել են «նացի»: Մարդու հասցեին անհարգալից արտահայտվելու այս կերպն այս մայրցամաքում վերջին տասնամյակներին չենք տեսել, ասաց Մերցը: Մինչեւ պատերազմական գոտի այստեղից 2,5 ժամվա օդային ճանապարհ է, շեշտեց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, որ իր ելույթում ընդգծված արգահատանքով էր խոսում «պատերազմի միակ պատասխանատու» «դեմոկրատ ներկայացող, բայց երբեւէ այդպիսին չեղած», իրականում «պատերազմական հանցագործ» Պուտինի մասին: Միայն տանկերով չէ, որ գրոհում, սպառնում են Եվրոպային, այլեւ՝ քարոզչությամբ, որի փողն ուղղում են ՆԱՏՕ-ին: Պուտինը այդ կառույցից սպառնալիք չի ստացել, նրա համար սպառնալիքն իր երկրում գոյություն ունեցող ընդդիմությունն է, ասաց Մերցը՝ քննադատելով Պուտինի շրջապատը, Լավրովին, նաեւ Լուկաշենկոյին: Այնուհետ քննադատությունն ուղղեց աշխարհում, Գերմանիայում այն մարդկանց, որ Պուտինի հետ գործարար կապեր են հաստատել, հայտարարել, թե հանրօգուտ աշխատանք են կատարում: Կա՞ մեկն այս սրահում, որ մոռացել է, թե Ուկրաինան իր միջուկային ողջ կարողությունը հանձնեց Ռուսաստանին՝ ինքնիշխանության դիմաց: Գերմանիան էլ իր շահերին հետամուտ պիտի լինի, նաեւ պաշտպանի իր տարածքը: Այսօրվա դրությամբ մեր ԶՈՒ դա ի վիճակի չէ իրագործել: Մերցը սակայն նկատել տվեց, թե ԶՈՒ-ն արդիականացնելը ենթադրել է տալիս նոր պարտք, նաեւ՝ համապատասխանաբար դրա խարսխումը սահմանադրությանը, եւ այդ հարցը հատուկ նիստի ընթացքում լուծելու բան չէ, ենթադրում է հետագա մանրամասն քննարկում:

Արտգործնախարար Անալենա Բերբոքը, որ Կանաչների կուսակցությունն է ներկայացնում, պաշտպանեց Ուկրաինային զենք մատակարարելու որոշումը: «Չպետք է ագրեսորի դեմ Ուկրաինային անպաշտպան թողնենք»: Ագրեսորը մահ է բերում, անապատ է դարձնում երկիրը: «Մենք ձեզ մենակ չենք թողնի», հյուրերի համար նախատեսված օթյակում ԳԴՀ նախկին նախագահ Գաուքի կողքին նստած Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրիյ Մելնիկին հայացքն ուղղելով, ասաց Բերբոքը: Նիստին հեռավար հետեւելով, օպերատորական հայացքը միջնորդ ունենալով, մի դրվագ ուշադրությունիցս չվրիպեց. Նույնիսկ այն պահին, երբ Բունդեսթագը, հռետորների այս կամ այն արտահայտությանը հուժկու ծափերով էր արձագանքում, Ուկրաինային սատարելու, նրա ազատատենչ ոգին շոյելու խոստում տալիս, ԳԴՀ նախկին նախագահը չէր «ոգեւորվում», ծափ չէր տալիս, համոզված լինելով, որ այն աննկատ չի մնա: Չէ՞ որ նրա կողքին նստած Ուկրաինայի դեսպան Մելնիկին տեսախցիկները հետեւում էին ամենայն բծախնդրությամբ: Իսկ նա այդ օրը ի նշան երախտագիտության անընդհատ ծափահարում էր:

Բունդեսթագի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության նախագահ Ալիս Վայդելը, որ հայտնի է իր խրոխտ հռետորաբանությամբ, շեշտն ուղղեց Արեւմուտքին՝ վերջինիս համապատասխանատու համարելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հարցում:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ներկայացնող ԳԴՀ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները խոսեց Ռուսաստանի դեմ երկարաժամկետ պատժամիջոցների մասին: Գերմանիան պատրաստ է կրել դրանց բացասական հետեւանքը, ասաց նախարարը՝ այսպիսի հիմնավորմամբ՝ քանի որ դրանք «ազատությանն ի գին են»: Նախարարն ընդգծեց նաեւ էներգետիկ անվտանգության առաջնահերթությունը:

«Ձախ» խմբակցության նախագահ Ամիրա Մոհամեդ Ալին (որի հայրը Եգիպտոսից է, մայրը՝ գերմանացի) նախ սրբագրեց Պուտինի մասին իրենց խմբակցության սխալ կանխատեսումը: «Այսօր իրավիճակն այլ է, եւ հստակ ասում ենք՝ Պուտինն ագրեսոր է, պիտի անհապաղ կանգնեցնենք նրան»: Որեւէ բան չի կարող արդարացնել Ռուսաստանի այս հարձակումը, մեկնաբանեց «Ձախ» խմբակցության ղեկավարը, այնուհետ իրենց անհամաձայնությունը հայտնեց Ուկրաինային զենք մատակարարելու, Բունդեսվեհրին սպառազինելու՝ կառավարության արտահայտած դիրքորոշմանը: «Ձախերը» խորապես համոզված են, որ զինաթափումն ու ժողովրդավարությունն են ազատության ուղին, իր ելույթում պնդեց Ամիրա Մոհամեդ Ալին:

Պիտի արձանագրել, որ Գերմանիայի ուշադրության առանցքում Ուկրաինան վերջերս՝ 21-րդ դարում չի հայտնվել: Պատմությունը փաստագրել է փոխադարձ հետաքրքրություններով, շահերով պայմանավորված երկու երկրների զգայուն շերտերը: Բնավ զարմանալի չէ, որ առանձնահատուկ հոգատարություն կա այդ երկրից Գերմանիա արտագաղթող փախստականների նկատմամբ, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդեպ կա ընդգծված փաղաքշանք: Նա, ինչպես ժամանակին ուրախությամբ արձագանքեցին Գերմանիայի հրեաները, Իսրայելից դուրս հրեա միակ նախագահն է: Եւ նրա ձայնը Շոային զոհ գնացած իր երեք մեծ մորեղբայրների ձայնն է նկատվում, վերապրողի ձայն է:

Սրա մասին՝ «Ազգ»ի առաջիկա համարում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի՛շտ երկու չափ, երկու կշիռ

Հաջորդ գրառումը

Ինչո՞վ եք զբաղված, հայե՛ր

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞վ եք զբաղված, հայե՛ր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական