36-ամեայ դասընթացը
36 տարի շարունակ օգոստոսեան Վենետիկում տեղի է ունենում «Պո-Արաքս» ընկերակցութեան կազմակերպած հայոց լեզուի եւ մշակոյթի խտացեալ դասընթացը՝ հոգեւոր եւ գիտական երախտաւոր գործիչ Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանի ղեկավարութեամբ: Անցած տարիներին դասընթացը չկայացաւ միայն 2020-ին՝ համավարակի պատճառով…
Այս տարի դասընթացին մասնակցեցին 31 հոգի 13 երկրից (Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Ռումինիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Յունաստան, ԱՄՆ, Մեքսիկա, Թուրքիա): Առաջին անգամ տղամարդիկ մէկով աւելի էին կանանցից: Ուրախալի է, որ դասընթացը շարունակում է գրաւել հայագիտական հետաքրքրութիւններ ունեցող երիտասարդ գիտնականների: Իտալացի հոգեւորական դոն Նիկոլա Սպինատոն, բելգիացի ասորագէտ Էնդի Հիլքենսը, թուրք պատմաբան Սերքան Քէչեջին եւ ուրիշներ իրենց ուսումնասիրութիւններում կարիք են զգում հայերէնի իմացութեան: Ուրախալի է նաեւ, որ Ռումինիայի հայոց միութիւնը դասընթացին է ուղարկում համայնքի խոստումնալից երիտասարդներին: Սակայն միայն երիտասարդներ չեն դասընթացին հետեւողները: Կեանքի եօթերորդ տասնամեակը թեւակոխած անձինք՝ հայեր եւ ոչ հայեր, ուշ չեն համարում նոր լեզու սովորելը, հայոց մշակոյթին ու պատմութեանն ի մօտոյ հաղորդակցուելը…
Այս տարի նորութիւն էր Հայաստանում հաստատուած մեկ ամերիկահայի եւ մեկ սիրիահայի մասնակցութիւնը:
Դասընթացն ունի իր հաւատարիմ մասնակիցները, որոնք գալիս են կրկին ու կրկին՝ ամրապնդելու իրենց սովորածը: Երրորդ սերնդի ֆրանսահայ, մօր կողմից ֆրանսիացի Անդրանիկ Զէքեանը մշտապէս գալիս է ֆրանսուհի կնոջ՝ Ֆլորանս Միկոլի հետ, իսկ վերջին երկու տարում նրանց հետ է իրենց առաջնեկը՝ անուշիկ Ազատը, որը դարձել է դասընթացի հերթական «գնդի որդին»:
Դարձեալ յիշենք դասընթացի ուսուցիչներին՝ Րաֆֆի Սէթեան (ԱՄՆ), Ռոզին Թաշճեան (Ֆրանսիա), Սօսի Սուսանեան (Հունգարիա), Բենեդետտա Կոնտին եւ Արամ Իփէքճեան (Իտալիա-Ավստրիա), Աւետիս Հաճեան (Իտալիա), Տորք Դալալեան (Հայաստան) եւ տողերիս հեղինակը: Աւա՜ղ, երկու տարի առաջ պսակաժահրին զոհ դարձաւ դասընթացի հնագոյն ուսուցիչը՝ բազմաթիւ ուսանողների սիրելի Պարէտ Մանոքը, որի յիշատակը միշտ վառ է բոլորի սրտերում: Այս տարի առաջին անգամ ուսուցչական կազմում էր երիտասարդ ուսուցչուհի Թամար Մանկասարը Ստամբուլից: Դասընթացի առօրեան մեծապէս թեթեւացնում են հինգ վարչական աշխատողները՝ մշտապէս պատրաստակամ եւ սիրալիր…
Այս տարի աւանդական հայկական պատարագը մատուցուեց ոչ թէ Սուրբ Խաչ եկեղեցում, այլ Սան Սալվադոր տաճարում, որտեղ գտնւում է Հայաստանի վերջին տիտղոսակիր թագուհու՝ վենետիկցի իշխանուհի Կատարինա Կոռնարոյի (1454-1510) գերեզմանը: Վենետիկեան այդ վեհաշուք եկեղեցու կամարների ներքոյ հնչեցին հայոց պատարագի երգերը, Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանը իր հայերէն, իտալերէն եւ անգլերէն խօսքում բացատրեց, որ պատարագի մատուցումն այդ եկեղեցում յատուկ խորհուրդ ունի, ոգեկոչւում է յիշատակը մի ազնուականուհու, որի շիրմաքարին լատիներէն փորագրուած են «թագուհի Կիպրոսի, Երուսաղէմի եւ Հայաստանի» բառերը: Խորհրդանշական մի արարողութիւն՝ թերեւս առաջին անգամ կատարուող…
Դասընթացի մասնակիցների համար Հայ եկեղեցու վերաբերեալ յատուկ բանախօսութեամբ հանդէս եկաւ Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանը: Կայացան նաեւ աւանդաբար դարձած կինոցուցադրութիւններ. տողերիս հեղինակն այս անգամ ցուցադրեց արգենտինացի բեմադրիչ Ալեխանդրո Մանեոնէի «Մարոյի գաղտնիքը» խաղարկային շարժանկարը (2021), որի գլխաւոր հերոսուհին արգենտինահայ գաղթականուհի է, ինչպէս նաեւ «Յուշամատեան» նախագծի շրջանակներում Սիլվինա Տէր-Մկրտչեանի նկարահանած արեւմտահայերէն երկու կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հաճընցիք թում աղօ են» եւ «Մեր անունները»: Վերջին ցուցադրութիւններին ներկայ էր նաեւ գերմանաբնակ բեմադրիչը, որը սիրով պատասխանեց ներկաների հարցերին:
Վալենտինա Կալցոլարին Աուրորայի մասին
Օգոստոս 11-12ին դասընթացի միջոռացումների ծիրի մէջ կայացաւ Ժընեւի համալսարանի հայագիտական ամբիոնի ղեկավար Վալենտինա Կալցոլարիի բանախօսութիւնը: Դոկտոր Կալցոլարին յայտնի է հայ դասական բանասիրութեանը եւ փիլիսոփայութեանը, ինչպէս նաեւ բիւզանդագիտութեանը վերաբերող իր աշխատութիւններով, սակայն այս անգամ հանդէս եկաւ աւելի արդիական նիւթով՝ նուիրուած Մեծ եղեռնի կենդանի զոհ յորջորջուած Արշալոյս (Աուրորա) Մարտիկանեանին (1901-1994) եւ նրա «Յօշոտուած Հայաստան» ինքնակենսագրութեանը: Թէեւ նիւթը ծանօթ լինելուն՝ Վալենտինա Կալցոլարին բանախօսութեան ընթացքում կենտրոնացաւ Մարտիկանեանի յուշերի հիման վրայ գրուած անգլերէն գրքին եւ 1919-ին նկարահանուած համանուն շարժանկարի ստեղծման պատմական համաբնագրին եւ դրանց հանրային-մշակութային բնոյթին: Կալցոլարին իրաւամբ «Յօշոտուած Հայաստան» գիրքը եւ շարժանկարը դիտարկեց մէկ կողմից որպէս ամերիկեան փրկչական առաքելութեան քարոզչութեան արտայայտութիւն, միւս կողմից իբրեւ հանդիսատեսի վրայ քրիստոնէական խորհրդանշաններով ազդող մի նորագոյն մարտիրոսագրութիւն՝ ստեղծուած արեւելապաշտութեան (օրիէնտալիզմ) որոշակի կանոններով:
Ֆրանսերէն եւ անգլերէն ներկայացուած բանախօսութեանը հետեւեց «Յօշոտուած Հայաստան» շարժանկարից պահպանուած 18 րոպէանոց հատուածի դիտումը, որից յետոյ ներկաները յայտնեցին իրենց տպաւորութիւնները:
Հայ երաժշտութիւնը «Դանիէլի»-ում
Օգոստոսի 23-ին դարձեալ «Պո-Արաքս» մշակութային ընկերակցութեան նախաձեռնութեամբ Վենետիկի «Դանիէլի» հիւրանոցում տեղի ունեցաւ հայ երաժշտութեան երեկոյ: Ներկաները, որ մեծ մասամբ հայոց լեզուի եւ մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացի ուսուցիչները եւ ուսանողներն էին, ունկնդրեցին համատեղ կատարումները երեք երաժիշտների՝ Արամ Իփէքճեան (Ավստրիա-Իտալիա, դուդուկ եւ շուի), Ալեսսանդրո Ֆեռարեզէ (Իտալիա, սալտերիո եւ դաշնամուր) եւ Պուրակ Մեսրոպեան (Ավստրիա, դհոլ): Հնչեց հայ հոգեւոր երաժշտութիւն, ժողովրդական պարեղանակներ, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, առաւել նոր շրջանի երգահանների (Կանաչեան, Ղազարեան, Աւետիսեան) գործեր: Երաժշտական հաճելի նորութիւն էր յատկապէս իտալական միջնադարեան սալտերիո գործիքի եւ դուդուկի հնչիւնների համադրութիւնը:
«Դանիէլին», որ աշխարհի սակաւաթիւ հնագոյն հիւրանոցներից է (այս տարի բոլորում է հիմնադրման 200 տարին) եւ աչքի է ընկնում բացառիկ շքեղութեամբ, առաջին անգամ էր հայկական համերգ հիւրընկալում: «Դանիէլիի» ընդհանուր տնօրէնը յոյս յայտնեց, որ կկրկնուեն հայ երաժշտութեան համերգներն իրենց հիւրանոցում, որը գտնւում է քաղաքի ամենագեղեցիկ պալատներից մէկում եւ որն, ի դէպ, ժամանակին բնակարանն է եղել վենետահայ մեծահարուստ Շեհրիմանեան ընտանիքի:
Բիենալէի հայկական գոյները
Վենետիկի գրաւչութիւններից է նաեւ ժամանակակից արուեստի բիէնալէն, որին մասնակցում են աշխարհի գրեթէ բոլոր պետութիւնները: Այս անգամ (թուով 59-րդը) գերակշիռ էր կին արուեստագէտների մասնակցութիւնը, ինչը, սակայն, չէր վերաբերում Հայաստանի տաղաւարին: Այս անգամ Հայաստանը կրկին ներկայացնում էր տղամարդ արուեստագէտ՝ Լիտվայում բնակուող Անդրիուս Յարութիւնեանը «Ղարիբ» վերտառութիւնը կրող նախագծով: Գնահատելի էր, որ այս անգամ հայկական տաղաւարը ոչ թէ անցեալ տարիների պէս ընդհանուր բիէնալէից կտրուած հայկական վայրերում էր (Սուրբ Ղազարում կամ նախկին Մուրատ-Ռափայէլեան վարժարանում), այլեւ բիէնալէի գլխաւոր վայրերից մէկում՝ Արսենալէում: Սակայն ցանկալի կլինէր հանդէս գալ աւելի ներկայանալի նախագծով, ոչ թե բաւարարուել հիմնական ցուցադրութիւնը բացատրող երկարաշունչ տեքստերով, որին ո՛չ հայեցակարգային, ո՛չ տրամաբանական կապ չունեն կողքի սենեակում փռուած հայկական գորգն ու վաճառքի դրուած «Ղարիբ» խմիչքը…
Իսկ գերակշռող կանանց աշխարհ բիէնալէում կային հայկական անուններ: Ամերիկահայ Ռեյչէլ Լի Յովնանեանի ներկայացրած «Հրեշտակները լսում են» ինտերակտիւ փերֆորմանսը (որի ծանուցումը երեւում էր քաղաքի տարբեր մասերում) Մուրատ-Ռափայէլեան վարժարանի տարածքում էր, իսկ Բիէնալէի կենտրոնական տաղաւարում կայացած տարբեր երկրների արուեստագիտուհիների «Երազների կաթը» վերնագրով ցուցահանդէսում ներկայացուած էին նաեւ Իրանում ծնուած ամերիկահայ Շերի Յովսէփեանի աշխատանքները: Նոյն ցուցահանդէսում տեղ էին գտել նաեւ անգլիաբնակ լուսանկարչուհի Իդա Քարի (Քարամեան, 1908-1974) դասական դարձած երկու լուսանկարը:
Չկարողացանք պարզել, թէ Բիէնալէի հետ կապ ունէ՞ր արդեօք Սան Մարկո նաւամատոյցի շէնքի վրայ «Ժան Պօղոսեան» անունը եւ տանիքին տեղադրուած մետաղէ կառուցուածքի վրայ արձանագրուած «Երեւան, Հալէպ, Բէյրութ» անունները: Սակայն ուրախալի էր Բիէնալէի կենտրոնական տաղաւարի տարածքում թայլանդցի արուեստագէտ Նավին Ռավանչաիքունի «Աշխարհի նկարագրութիւն» ինստալացիայում, ի թիւս այլեւայլ դէմքերի եւ ցուցանակների, տեսնել նաեւ Մխիթար Սեբաստացու դիմանկարը եւ հայատառ «Սուրբ Ղազար» գրութիւնը: Եւ ցանկանալ, որ մեր այս բազմազան ու անհանգիստ աշխարհում, ճիշտ ինչպէս այս ինստալացիայում, մշտապէս ներկայ լինեն նաեւ հայի դէմքն ու հայոց լեզուն ու գիրը: Մի առաքելութիւն, որին կոչուած է ինչպէս Վենետիկի ամառնային հայկական դասընթացը, այնպէս էլ մեզնից իւրաքանչիւրը…
ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ