Զրուցակցուհիս՝ թարգմանիչ, բանաստեղծ, նկարիչ Քրիստինա Զեյթունյան-Բելոուսը, ծնվել է 1960 թվականին, Մոսկվայում: Վեց տարեկանից ապրում է Փարիզում: Ավարտել է Բարձրագույն նորմալ դպրոցը եւ Փարիզի համալսարանը: Ռուսերենից ֆրանսերեն է թարգմանել ավելի քան 80 գիրք՝ դասական եւ ժամանակակից ռուս բանաստեղծների (Անդրեյ Բելի, Անդրեյ Բիտով, Սերգեյ Դովլաթով, Անատոլի Կիմ, Վլադիմիր Մաքանին, Օլգա Սլավնիկովա, Ալեքսեյ Սլապովսկի եւ այլք): Կազմել է ռուսական ժամանակակից պոեզիայի մի քանի ժողովածու: Գրում է ռուսերեն եւ ֆրանսերեն բանաստեղծություններ, որոնք հրատարակվել են մամուլում եւ «Գիշատիչ օրեր» ժողովածուով (2000): Որպես նկարիչ՝ պատկերազարդել է ավելի քան 30 գիրք, պարբերաբար ցուցահանդեսներ է ունենում Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլուր: 2010 եւ 2019 թվականներին Քրիստինան եղել է «Ռուսոֆոնի» մրցանակի դափնեկիր լավագույն թարգմանության համար: 2012-ին արժանացել է Եվրոպական գրական մրցանակի, հաջորդ տարի՝ «Ֆրանսիական վերածնունդ» հաստատության բրոնզե մեդալին՝ որպես թարգմանիչ:
–Հարգելի՛ Քրիստինա, նախ կցանկանայի ձեզ հետ խոսել թարգմանչական գործի մասին: Ամբողջ կյանքս տարբեր լեզուներից թարգմանություններ եմ կատարել՝ մեծ ու փոքր, գեղարվեստական ու գիտական, պատվիրված (վաստակելու համար) եւ իմ նախաձեռնությամբ (հոգու համար): Հենց ստանձնում եմ մեծ տեքստի թարգմանություն, միանգամից այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես «կոկորդի վրա դոդոշ լինի նստած», ուզում եմ հնարավորինս շուտ ավարտել, ուստի սիրում եմ թարգմանել փոքր տեքստեր (եւ հիմնականում՝ իմ սեփականը): Ինչպիսի՞ն է ձե՛ր փորձառությունը:
-Կարճ տեքստեր թարգմանելն, իհարկե, ավելի հեշտ եւ հաճելի է, բայց եթե արժանի գործ է (իսկ ես միշտ հրաժարվել եմ ինձ չհետաքրքրող գրքերից), ապա կարող ես ամբողջությամբ մտնել եւ որոշ ժամանակ «ապրել» այնտեղ: Սա ոչ միայն հետաքրքրական եւ ուսանելի է, այլեւ օգտակար՝ թարգմանչի հմտության համար: Ճիշտ է, երբեմն գիրքը սկսում է ճնշում գործադրել հոգեկանի վրա եւ սկսում է երազում ձեզ «այցի գալ»: Բացի այդ, այն պահանջում է մեծ նվիրում եւ շատ ժամանակ: Դրանից հոգնում եք: Ասեմ, որ այս տարվանից որոշել եմ ընդհանրապես արձակ չթարգմանել: Կթարգմանեմ բացառապես պոեզիա եւ ավելի շատ ժամանակ կհատկացնեմ սեփական ստեղծագործություններիս:
–Մի անգամ խորհուրդ եք տվել սկսնակ թարգմանիչներին՝ «Մի՛ վախեցեք շեղվել տեքստից»: Դա վտանգավոր չէ՞: Հատկապես ռուսերեն թարգմանական գրականության մեջ շատ են տարածված բնագրից բավականին ազատ շեղումները: Օրինակ, երբ ես ու կինս աշխատում էինք Նապոլեոն Հիլի «Մտածիր եւ հարստացիր» գրքի թարգմանության վրա եւ երբեմն համեմատում էինք ռուսերեն թարգմանության հետ, զարմանում էինք թարգմանչի կամայականությունների վրա, որ իրեն թույլ է տվել ամբողջական արտահայտություններ ավելացնել իր կողմից: Օրինակ՝ «Nothing that comes in bottles can cure this condition» («Շշից դուրս եկող ոչ մի բան չի կարող բուժել այս վիճակը») նախադասությունը ռուսերեն թարգմանվել էր « Никакая микстура ни из какой бутылки (даже из той, из которой был выпущен джин) такое не излечивает» («Ոչ մի ըմպելիք ոչ մի շշից (նույնիսկ այն մեկից, որից ջին են բաց թողել) նման բան չի բուժի»): Ինչպես տեսնում եք, բնօրինակում ջինի մասին խոսք չկա: Կամ՝ «Most so-called cases of nerves come from imaginary illness» («Այսպես կոչված «նյարդերի» դեպքերի մեծ մասը բխում է երեւակայական հիվանդությունից») նախադասության փոխարեն լրիվ այլ բան էր՝ «Что Вас беспокоит, мадам? – Нервы . Чаще всего как раз нервы у мадам, как у лошади» («Ի՞նչ է ձեզ անհանգստացնում, տիկին: «Նյարդերը»: Ամենից հաճախ տիկնոջ հենց նյարդերը կարծես ձիու նյարդեր լինեն»): Իմաստը նույնն է, բայց արդարացվա՞ծ է ուրիշի տեքստի նկատմամբ այսքա՛ն ազատ վերաբերմունքը:
-Ձեր բերած օրինակում թարգմանիչը, հավանաբար, չափն անցել է: Բոլորը գիտեն, որ ռուսերեն թարգմանությունները, հատկապես բանաստեղծականները, հաճախ շատ են տարբերվում բնագրից: Իսկ Ֆրանսիայում ավանդույթը բոլորովին այլ է, ընդհակառակը, գրեթե միշտ թարգմանում են տեքստին շատ մոտ: Բայց թարգմանչին անհրաժեշտ է փոխանցել ոչ թե տառը, այլ ստեղծագործության իմաստն ու ոգին: Իմ խորհուրդը երիտասարդ թարգմանիչներին պայմանավորված է նրանով, որ նրանք երբեմն այնքան են վախենում բնագրից շեղվելուց, որ թարգմանում են գրեթե բառ առ բառ, ստացվում է համարյա տողացի, որից թարգմանության որակը շատ է տուժում: Միշտ պետք է մտածել, թե հեղինակն ինչպես կարտահայտվեր, եթե քո լեզվով գրեր:
–Թարգմանությունների եւ թարգմանիչների մասին բազմաթիվ հայտարարություններ կան՝ դրական եւ բացասական: Այս թեմայով իմ ամենասիրած աֆորիզմը Չերչիլի խոսքերն են. «Բռնապետները պետք է վախենան իրենց թարգմանչից եւ ատամնաբույժից, քանի որ նրանք իրենցից ավելի հզոր են»: Ունե՞ք սիրելի աֆորիզմ այս թեմայով:
-Չգիտեմ ինչու, անմիջապես միտքս եկավ իտալերեն «Traduttore – traditore» (Թարգմանիչը դավաճան է) բառախաղը, բայց սա ոչ թե սիրելի, այլ, ընդհակառակը, շատ տհաճ աֆորիզմ է: Պետք է հնարավորինս փորձենք թարգմանելիս չդավաճանել, թարգմանել միտքն ու ոգին, ո՛չ միայն խոսքը, չլինել հեղինակի ստրուկը, բայց եւ չդառնալ նրա մրցակիցը:
–Թարգմանչուհի Լիլյանա Լունգինան մի անգամ ասել է. «Թարգմանելը մեծ երջանկություն է: Ես թարգմանչական արվեստը կհամեմատեի միայն երաժշտություն կատարելու հետ: Դա մեկնաբանություն է»: Ձեզ համար ե՞ւս թարգմանելը երջանկություն եւ մեկնաբանություն է:
-Սա, անշուշտ, ճիշտ է պոեզիայի, երբեմն էլ՝ արձակի թարգմանության դեպքում: Պետք է որսալ շարադրանքի երաժշտությունը եւ այն փոխանցել յուրովի: Երբ դադարում եք զգալ թարգմանության բերկրանքը, ավելի լավ է այլ գործով զբաղվել: Պատրաստվում եմ պոեզիա թարգմանել այնքան ժամանակ, քանի դեռ այն ինձ համար հետաքրքրական եւ ուրախալի կլինի:
–Թեեւ թարգմանելը ոչ միայն մեկնաբանական, այլեւ ստեղծագործական գործ է, այնուամենայնիվ, ավելի ազատ եք, երբ ինքներդ եք գրում եւ նկարում: Ես նախընտրում եմ ինքս գրել, քան թարգմանել:
-Ինձ համար նույնպես, իհարկե, իմ սեփական ստեղծագործությունն ավելի կարեւոր է: Բայց արտիստը հաց վաստակելու համար ստիպված է «դավաճանել» ինքն իրեն ու «վաճառել» իրեն: Լավ «վաճառվող» նկարիչը հաճախ նկարում է միեւնույն բանը, ինչն իրեն դուր է գալիս, եւ ավելի շատ ժամանակ է տրամադրում պատկերասրահի տերերին ու հաճախորդներին սիրաշահելուն, քան նկարակալին… Թարգմանություններով եւ նկարազարդումներով գումար վաստակելով՝ ես միշտ ազատ եմ՝ նկարելու այն, ինչ ուզում եմ եւ ինչպես ուզում եմ՝ չկենտրոնանալով շուկայի ու նորաձեւության վրա: Այո՛, թարգմանչի մասնագիտությունը թե՛ ստեղծագործական է, թե՛ հետաքրքրական, ես դրա համար չեմ ափսոսում: Մի քանի այլ մասնագիտություններ էլ եմ ունեցել, երբեմն՝ անցողիկ, երբեմն՝ ավելի երկար, բայց միշտ՝ շատ հետաքրքրական: Ընդհանրապես, կյանքի իմ օրենքն է եղել՝ զբաղվել միայն հետաքրքրական եւ ոգեւորող բաներով: Հենց որ ինչ-որ բան դադարում է ինձ ուրախություն պատճառել՝ հրաժարվում եմ դրանից… Այսուհետ, ինչպես ասացի, ես կթարգմանեմ միայն պոեզիա՝ փոքր չափով: Ժամանակիս մեծ մասը տրամադրելու եմ գծանկարչությանն ու գեղանկարչությանը: Իսկ բանաստեղծություններն իրենք «կգան», երբ «կուզեն»:
–Քրիստի՛նա, ձեր ազգանվան պատճառով ես ձեզ կդասեի Ֆրանսիայում ռուսական մշակույթ քարոզած հայազգի գործիչների շարքում, ինչպիսիք էին դերասան-բեմադրիչ Ժորժ Փիթոեւը (Փիթոյան) եւ գրող Անրի Թրուայան (Թորոսյան): Ձեր հայրը՝ Խաչատուր Զեյթունյանը, հայրենադարձ է Ֆրանսիայից: Հետաքրքրական է, որ որոշ ֆրանսահայ հայրենադարձներ, նախքան 1960-ականներին Ֆրանսիա վերադառնալը, կարիերա են արել Մոսկվայում՝ փոփ երգիչներ Ժակ Դուվալյանը եւ Ժան Թաթլյանը, նկարիչ Ռենե Հովիվյանը: Իսկ ձեր հայրն ինչպե՞ս հայտնվեց Մոսկվայում:
-Պապս, տատիկս եւ հորս երեք ավագ եղբայրները Թուրքիայից փախել են Ֆրանսիա: Հայրս ծնվել է Փարիզում, 1928 թվականին: 1947 թվականին հայրս, նրա ծնողները եւ եղբայրներից մեկը մեկնել են Խորհրդային Հայաստան: Հայրս ավարտել է Երեւանի պետական համալսարանը, հետո ասպիրանտուրայում սովորելու է մեկնել Մոսկվա, որտեղ ծանոթացել է մորս՝ Նատալյա Բելոուսի հետ: Մայրս նկարչուհի է, վերջերս համատեղ նկարներ ենք ստեղծում: Հայրս տեսական հիդրոմեխանիկայի բնագավառի հայտնի գիտնական է, 15 գրքի հեղինակ՝ Ռադյադուր Խ. Զեյթունյան անվամբ: Ռադյադուրն իրականում Խաչատուր անունն է, պարզապես ֆրանսիական ծննդատանը նրա անունն այդպես են գրել: Հորս վերջին գիրքը լույս է տեսել 2017 թվականին, երբ նա արդեն 89 տարեկան էր: Հիմա, ցավոք, նա այլեւս չի կարողանում գիտությամբ զբաղվել, բայց շատ է կարդում:
–Անձնական «բախումներ» ունեցե՞լ եք հայ մշակույթի ու իրականության հետ: Այցելե՞լ եք ձեր նախնիների հայրենիքը:
-Մոսկվայի հայերի մեջ ունեմ ընկերներ ու ծանոթներ: Իսկ ֆրանսահայերի մեջ հայրական կողմից կան ե՛ւ ընկերներ, ե՛ւ հարազատներ: 90-ականներին մոսկովյան հայ արվեստագետների եւ բանաստեղծների հետ մասնակցել եմ «Հյուսիսափայլ» միության երեկոներին եւ ցուցահանդեսներին: Ցավոք, հայերենն ինձ անծանոթ է: Հայրս այն սովորել էր Հայաստանում, հետո մոռացել է… 2010-ին ինձ բախտ վիճակվեց այցելել Հայաստան ընդամենը մի քանի օրով՝ հրավիրված լինելով թարգմանիչների եւ հրատարակիչների ֆորումին: Եղան շատ հետաքրքրական հանդիպումներ, էքսկուրսիաներ Գեղարդ, Գառնի, Էջմիածին… Անմոռանալի տպավորություններ՝ մարդկանցից եւ բնությունից: Հայկական բնապատկերներից մարդու շունչ է կտրվում… Ինչ-որ բան հաստատ արձագանքեց իմ հոգում… նախնյաց հիշողություն, իրոք, գոյություն ունի… Ես իսկապես հույս ունեմ մի օր կրկին այցելել իմ պատմական հայրենիքը…
ՔՐԻՍՏԻՆԱ ԶԵՅԹՈՒՆՅԱՆ-ԲԵԼՈՈՒՍ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսերենից թարգմանությունը՝ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ
ԱՅԳԻՆ
Եթե ձկներն են ճյուղերին երգում,
Ուրեմն քանդվում է կամարը երկնքի,
Մայրամուտն անզուսպ ժանգով է պատվում,
Թափվում են հողմահար թերթերը վարդերի,
եւ նիրհող, ննջող այգին է նվազում
պոմպերի ներքո ուրիշ ամպերի:
Եթե քնքշանուրբ խռիկը ծաղկի
շնչում է խանձող կրակի նման,
ուրեմն ձեռքն է դողացել մեկի՝
ջնջելով իմ այս այգին… հավիտյան:
ՃԱՅԸ
Ճայը ճերմակափայլ
լողում է վեհաշուք
մարող ստվերների
հարթության մեջ փափուկ:
Ճայը կարմրավառ
ճղճղում է վերից
կապույտ շիրմի վրա
ծովային նավերի:
Ճայը սեւորակ,
դատապարտված, տոկուն,
թռչում է անցյալի
սառցածակով դժգույն:
***
Ծածուկ լռություն կա առօրյա բառերում
լռություն կա նաեւ մեր ճիչերում անգամ,
որ պերճախոս կերպով լռում են դարերում,
մինչ գրողների դեմքը մթին է այնքան:
Մենք ոչ ոքի չունենք ասելու ոչ մի բան՝
վաղուց արդեն, սակայն ունենք խոսելու իղձ,
եւ բառերն ենք կոփում, հանձնում տպագրության՝
հուսալով գեթ մի բան թողնել մեզանից:
Եվ էջերը, ահա, կուտակվում են արդեն՝
գուշակված իմաստի փոսին բարձրացած,
ու մեր երրորդ կանչին էլ չի ելնի նա բեմ,
քանի որ ծլկել է անհետ, անվերադարձ:
***
Մենք խոսում ենք, շաղակրատում ենք մենք
ամեն ինչի մասին եւ ծամում ենք հացն ու լացում,
իբր՝ լավ կլինի, որ կյանքը վերափոխենք,
եւ հասնում ենք լացի թավուտները խավար,
որտեղից դուրս չեն ելնի եւ ցերեկվա լույսին,
երբ խոսում ենք այս կամ մեկ այլ բանի մասին,
իսկ գիշերը արդեն մենք խրվում ենք երկար
փշոտ ու ծակծկող թեւքերում երազի,
ուր օրվա հացն է մեր անվերջ խոսքի թեման,
իբր՝ լավ կլինի, որ լացը վերափոխենք,
եւ ծամում ենք կյանքը, մահն ու մսխում ենք մենք
վերջին մասնիկները մեր գոյության…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Նկարները՝ Քրիստինա Զեյթունյան-Բելոուսի