Շաբաթներ շարունակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա՝ անպարկեշտ վիրավորանքներով, ֆեյսբուքյան զրպարտչական գրառումներով եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ձերբակալություններով՝ ստեղծելով վախի ու ծայրահեղ պառակտման մթնոլորտ: Նրա 2025 թվականի հուլիսի 8-ի գրառումը նշանավորում է վտանգավոր գագաթնակետ. նա մեղադրում է եկեղեցու առաջնորդներին՝ կաթողիկոսին եւ եպիսկոպոսներին, դիմելով նրանց իրենց աշխարհիկ անուններով, Հիսուս Քրիստոսի հետ որեւէ կապ չունենալու մեջ եւ փաստացի եկեղեցին անվանում է «հակաքրիստոնեական», «հակազգային» եւ «անբարոյական»: Նրա հայտարարությունը, թե պետք է «ազատագրել» եկեղեցին եւ անձամբ ինքն է ղեկավարելու այդ «ազատագրումը», ուղղակի սպառնալիք է եկեղեցու ինքնավարությանը: Այս հայտարարությանը հաջորդող կարճատեւ լռությունը համապատասխանում է Փաշինյանի մարտավարությանը. ուժեղացնել ճնշումը, ապա կանգ առնել՝ արձագանքներին սպասելու համար:
Որպես Գերմանիայում ծառայող հայ հոգեւորական՝ ես այս հարձակումները համարում եմ սպառնալիք Հայաստանի մշակութային ինքնությանը, կրոնական ազատությանը եւ ժողովրդավարական սկզբունքներին: Սույն հակիրճ գրությունն այս ճգնաժամի անօրինականության, մշակութային եւ աշխարհաքաղաքական հետեւանքների համառոտ վերլուծության փորձ է:
Անօրինականություն եւ սպառնալիք
2005 թվականի ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը եւ եկեղեցու ու պետության բաժանումը (հոդված 17): Այն ճանաչում է Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային հաստատություն, որն ունի «բացառիկ առաքելություն» ժողովրդի հոգեւոր եւ մշակութային ինքնության մեջ: Պետությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին գործերին, քանի դեռ գործում է օրենքի համաձայն: Փաշինյանի սպառնալիքը՝ «ազատագրելու» Եկեղեցին (իրականում ենթարկելու եկեղեցին իշխող ուժերին) եւ Բագրատ սրբազանի, Հրայր սարկավագ Հակոբյանի, Միքայել սրբազանի, Սամվել Կարապետյանի եւ այլոց ձերբակալությունները՝ մասամբ պարզապես կարծիք արտահայտելու համար, խախտում են սահմանադրական այս դրույթը: Դրանք նաեւ խախտում են խոսքի ազատությունը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա՝ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդված) եւ կրոնի ազատությունը (ՄԻԵԿ-ի 9-րդ հոդված) եւ հարցեր են առաջացնում Հայաստանում իշխանությունների բաժանման վերաբերյալ:
Կարապետյանի ձերբակալությունը, եկեղեցուն աջակցող տեսանյութից հետո, հիմնված է անորոշ մեղադրանքների վրա, ինչպիսիք են «իշխանության զավթման կոչը», առանց որեւէ կոնկրետ ապացույցի: Նման միջոցառումները վկայում են քաղաքական բռնաճնշումների մասին: Անմեղության կանխավարկածը եւ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախությունը հիմնական ժողովրդավարական սկզբունքներ են, որոնք Հայաստանում ավելի ու ավելի են խաթարվում: Freedom House-ի («Մասամբ ազատ», 54/100՝ 2025 թվականին) եւ ԱՄՆ պետդեպարտամենտի (2023) զեկույցները մատնանշում են քաղաքականացված դատական համակարգ եւ անկախության բացակայություն, ինչը վկայում է ավտորիտար միտումների մասին:
Անպատշաճ լաիցիզմ
Ֆրանսիական լաիցիզմի մոդելը Հայաստանում ներդնելու Փաշինյանի ագրեսիվ փորձն անտեղի է թե՛ մշակութային, թե՛ պատմական առումով: Ֆրանսիայում 1905 թվականի օրենքից ի վեր աշխարհիկությունը խստորեն տարանջատել է եկեղեցին եւ պետությունը՝ արգելելով կրոնական խորհրդանիշները հանրային վայրերում, կրոնը տեղափոխելով մասնավոր ոլորտ: Սա առաջացել է կաթոլիկ եկեղեցու հետ հակամարտությունից, որը համարվում էր հանրապետական արժեքների սպառնալիք: Աշխարհիկությունը նպատակ ունի պետական չեզոքության եւ անհատական հավատքի ազատության, որի համաձայն՝ հանրային հաստատությունները, օրինակ՝ դպրոցները, պետք է ազատ լինեն կրոնական ազդեցությունից: 2004 թվականի օրենքն արգելում է դպրոցներում կրոնական ակնհայտ խորհրդանիշներ կրելը, եւ 2013-ի Աշխարհիկների կանոնադրությունը պարտավորեցնում է դպրոցներին խթանել աշխարհիկ արժեքները:
Սակայն Հայաստանում եկեղեցին ազգային ինքնության անբաժանելի մասն է 301 թվականից ի վեր, երբ երկիրն առաջին անգամ ընդունեց քրիստոնեությունը: Այն պահպանել է լեզուն, մշակույթը եւ համախմբվածությունը ցեղասպանության (1915), խորհրդային բռնաճնշումների եւ Արցախից վտարման (2023) միջոցով: Սահմանադրությունը (հոդված 18) ճանաչում է եկեղեցու «բացառիկ պատմական առաքելությունը», միաժամանակ պարտադրելով եկեղեցու եւ պետության տարանջատումը: Փաշինյանի կառավարությունը ձեռնարկել է աշխարհիկությունը հիշեցնող քայլեր, օրինակ՝ դպրոցական պարտադիր ծրագրից 2023-ին հանվեց «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան, ներառվեց ավելի լայն՝ «Հայագիտություն» առարկայի մեջ՝ չնայած եկեղեցու բողոքին:
Այս մոտեցումը անտեղի է մի քանի պատճառներով.
1. Մշակութային նշանակություն. եկեղեցին ոչ միայն կրոնական հաստատություն է, այլեւ ազգային միասնության խորհրդանիշ: Նրա դերը հայ ինքնության պահպանման գործում անհամեմատելի է Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու պատմական դերի հետ քաղաքական իշխանություն իրականացնելու գործում:
2. Սահմանադրության խախտում. Սահմանադրությունը ճանաչում է Եկեղեցու հատուկ դերը: Հասարակական կյանքում նրա ներկայությունը մարգինալացնող միջոցառումները (կարող եմ բազում նման արարքներ թվարկել, բայց քանի որ դրանք հանրությանը հայտնի են, ձեռնպահ կմնամ դա անելուց) խախտում են այս ոգին:
3. Սոցիալական պառակտում. Եկեղեցու նկատմամբ ավելի քան 70% վստահության պայմաններում, Փաշինյանի ագրեսիվ աշխարհիկացումը վտանգում է հանրային համերաշխությունը, մղում սոցիալական անկարգությունների, ինչպես ցույց են տալիս ձերբակալություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերը:
4. Պատմական համատեքստ. Ֆրանսիայում աշխարհիկությունը եկեղեցու քաղաքական գերիշխանության պատասխանն էր: Հայաստանում եկեղեցին վահան էր օտարերկրյա տիրապետության դեմ, այլ ոչ թե պետության քաղաքական հակառակորդ:
Էջմիածինը «չեզոք թանգարանի» վերածող արմատական աշխարհիկությունը անտեսում է այս պատմությունը եւ ներմուծված աշխարհիկացումը իրականացվում է ոչ ժողովրդավարական ճանապարհով (Ֆրանսիայում տասնամյակներ շարունակ տեղի ունեցող լայն հասարակական բանավեճերի արդյունք էր դա): Հատկապես Գերմանիայի օրինակը հստակ ցույց է տալիս, որ (Եվրոպայում) եկեղեցին եւ պետությունը կարող են տարբեր կերպ կարգավորել իրենց հարաբերությունները: Սխալ է մտածել, որ մենք միշտ պետք է ամեն ինչ ընդունենք ուրիշներից եւ հարմարեցնենք մեզ: Մենք ունենք մեր սեփական ուղին, որին պետք է հետեւենք: Մեր ժողովրդի համար, որի ինքնությունն անհնար է պատկերացնել առանց եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու «մումիֆիկացումը» (մումիայի վերածումը) մշակութային ինքնասպանություն կլինի:
Եկեղեցու գլոբալ խարիսխը
Արեւմտյան լրատվամիջոցներում Հայ աօաքելական եկեղեցին հաճախ միակողմանի ներկայացվում է՝ որպես ռուսամետ, ինչը անտեսում է նրա համաշխարհային ներկայությունը: ԱՄՆ-ում, Եվրոպայում, Թուրքիայում, Իսրայելում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում եւ այլուր թեմեր ունենալով՝ այն «համապարփակ» է եւ գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում: Եկեղեցու ֆինանսավորումը հիմնականում գալիս է իր անդամների նվիրատվություններից, ինչպես հայաստանյան նվիտատուներից, այնպես էլ սփյուռքյան աղբյուրներից, մասնավորապես նաեւ բոլոր թեմերից՝ եւ ոչ միայն ԱՄՆ-ից կամ միայն Ռուսաստանից, ինչպես հաճախ ներկայացվում է: Եկեղեցին չեզոք հարաբերություններ է պահպանում բոլոր երկրների հետ՝ իր համայնքներին պաշտպանելու համար եւ աշխարհաքաղաքական գործիչ չէ: Այս բազմազանությունը հերքում է պարզունակ «ռուսամետ» պիտակը եւ ցույց տալիս նրա դերը՝ որպես համաշխարհային ինստիտուտի: Իր հերթին, արեւմտյան լրատվամիջոցներում Հայ եկեղեցու նման ներկայացումը նվազեցնում է նրա հեղինակությունը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:
Բռնությանն աջակցություն չկա
Եկեղեցին երբեք չի պաշտպանել, կազմակերպել կամ քարոզել իշխանության զինված, անօրինական զավթում: Այն հեռու է մնում նման կոչերից, ինչպես, ի թիվս այլ բաների, ցույց է տալիս ազգային միասնությանն ուղղված իր անընդհատ կոչը տարբեր մակարդակներով: Հարկ է նշել, որ Բագրատ սրբազանի դեմ «ահաբեկչության նախապատրաստման» մեղադրանքները պահանջում են կոնկրետ ապացույցներ եւ պատշաճ դատավարություն: Պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը, եւ դատական համակարգի անկախությունը կարեւոր է այստեղ: Այնուամենայնիվ, Freedom House-ի եւ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցները (2023թ.) ցույց են տալիս քաղաքականացված դատական համակարգ, որը հետապնդում է քաղաքական հակառակորդներին: Աջակցող տեսանյութից հետո Կարապետյանի ձերբակալությունը ցույց է տալիս, թե ինչպես է քրեականացվում կարծիք արտահայտելը: Նման գործելակերպը խաթարում է ժողովրդավարական սկզբունքները, որոնց ձգտում էր Հայաստանը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո:
Freedom House-ը 2025 թվականին Հայաստանը դասակարգում է որպես « մասամբ ազատ» (54/100)՝ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հետ կապված զգալի խնդիրներով: Human Rights Watch-ի (2024) եւ ԱՄՆ պետդեպարտամենտի (2023) զեկույցները մատնանշում են քաղաքական հետապնդումները, լրագրողների նկատմամբ բռնությունը եւ դատական անկախության բացակայությունը: Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա, զուգորդված անվտանգության ապարատի եւ դատարանների նկատմամբ նրա վերահսկողության հետ, մատնանշում են ի հայտ եկող ավտորիտար բռնապետություն: Միջազգային հանրությունը, մասնավորապես արեւմտյան գործընկերները, ինչպիսիք են ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն, կենտրոնանում են Հայաստանի՝ Արեւմուտքի հետ մերձեցման եւ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի աջակցության վրա, բայց անտեսում են այս ներքին անհաջողությունները: ԵՄ-ը գովաբանում է Փաշինյանի բարեփոխումները (օրինակ՝ ԵՄ-ՀՀ գործընկերության օրակարգ, 2025 թվականի հուլիս), մինչդեռ ձերբակալություններն ու մարդու իրավունքների ոտնահարումները քննադատության չեն արժանանում: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) մտահոգություն է հայտնել 2025 թվականի հուլիսի 8-ին տեղի ունեցած ձերբակալությունների վերաբերյալ, սակայն արեւմտյան կառավարությունները մեծ մասամբ լուռ են: Այս մեղմ վերաբերմունքը կարող է ամրապնդել ավտորիտարիզմն ու նորակերտ դիկտատուրան Հայաստանում, վտանգել տարածաշրջանային կայունությունը եւ վնասել արեւմտյան ժողովրդավարությունների հեղինակությանը:
Եզրակացություն
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա հարձակում են Հայաստանի հոգու եւ ժողովրդավարության վրա: Եկեղեցին, որը 1700 տարի պահպանել է հավատքը, լեզուն եւ մշակույթը, արժանի է պաշտպանության: Նրա համաշխարհային ներկայությունն ու անկախությունը հերքում են ռուսամետ լինելու պատմությունները: Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ հայկական սփյուռքը, քրիստոնյաները եւ դեմոկրատները, պետք է գործեն: Բայց եկեղեցին նույնպես չպետք է պասիվ մնա: Այն այժմ, ավելի քան երբեւէ, մարտահրավեր է նետել ինքնաքննադատության եւ կարեւոր հարցերի լուծմանը՝ համաձայն եկեղեցու իրավական կարգի, որպեսզի ավելի ուժեղ դուրս գա այս տհաճ իրավիճակից: Հաջորդ տարի գումարվող ժողովը եկեղեցու առջեւ ծառացած խնդիրներին լուծումներ գտնելու լավագույն հնարավորությունն է:
Որպես հայ հոգեւորական եւ մտահոգ հայ, կարող եմ կրկին ու կրկին կոչ անել. Աղոթենք Էջմիածնի համար, բարձրացնենք մեր ձայնը անարդարության դեմ եւ կոչ անենք երկխոսության՝ պառակտման փոխարեն: Մարդկային արժանապատվությունը չպետք է խաթարվի, անմեղության կանխավարկածը եւ օրենքի գերակայությունը պետք է պաշտպանված լինեն: Միայն այս կերպ Հայաստանը կարող է ապահովել իր ինքնությունը եւ ժողովրդավարական ապագան:
ՏԻՐԱՏՈՒՐ ՔԱՀԱՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ










