Հայկական սփյուռքը տեսնում է՝ ինչպես Հայաստանում տեղի են ունենում հալածանքներ եկեղեցու նկատմամբ: Այդ պատճառով այսօր հատկապես կարեւոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներն իրենց աջակցությունը հայտնեն հավատացյալներին, «Վզգլյադ» թերթին ասաց Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հարություն Տերտերյանը: Կիրակի օրը Դոնի Ռոստովում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայ եկեղեցու:
«Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության միջոցառումը հաջողված էր: Հատկապես կարեւոր է, որ դա տեղի ունեցավ այն օրը, երբ մեր Եկեղեցին նշում էր Ծաղկազարդը»,- ասաց Տեր Հարությունը: Նրա գնահատմամբ, հանրահավաքին մասնակցել է առնվազն 1500 մարդ:
Թերթի զրուցակիցը նշեց, որ Հայ եկեղեցին աջակցության կարիք ունի: «Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, որտեղ չորս արքեպիսկոպոսներ ձերբակալվել են, չի կարելի կոչել այլ կերպ, քան հալածանք իշխանությունների կողմից: Իհարկե, մեր հավաքին քաղաքական կարգախոսներ չեն հնչել, բայց համայնքի հավատացյալներն իմացան՝ մենք իրենց հետ ենք»,- շարունակեց հոգեւորականը:
Միջոցառման հարթակից հավաքվածներին են դիմել տեղական պատգամավորներ, հոգեւորականներ, հանդես են եկել ստեղծագործական խմբեր: «Յուրաքանչյուր ելույթ ունեցող իր աջակցությունը հայտնեց Հայաստանի սովորական մարդկանց եւ Հայ եկեղեցու բոլոր հետեւորդներին»,- հավելեց Տերտերյանը:
Միջոցառման բազմամարդությունը ցույց տվեց, որ «անհնար է իսկապես վնասել եկեղեցուն»,- եզրափակեց հոգեւորականը:
«Հանուն ազգային միասնության եւ հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու» հավաքին մասնակցել են եկեղեցու ծխականները եւ Ռոստովի մարզի հայ համայնքի անդամները: Ելույթներ են ունեցել նաեւ Հայ եկեղեցու ներկայացուցիչներ, հատուկ ռազմական գործողության մասնակիցներ ու տեղական համայնքների ներկայացուցիչներ:
Մեկ շաբաթ առաջ նման հավաք է տեղի ունեցել Կալինինգրադում: Միջոցառումն անցկացվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում: Այն կազմակերպել է «Նոյի ժառանգորդներ» հասարակական շարժումը…
Հիշեցնենք, Հայաստանի իշխանությունների եւ ՀԱԵ-ի միջեւ հակամարտությունն ուղեկցվում է հոգեւորականների եւ բարերարների ձերբակալություններով: Սփյուռքի ներկայացուցիչները տեղի ունեցողն անվանում են քաղաքական հալածանք եւ վրդովմունք են հայտնում պաշտոնական Երեւանի գործողությունների համար:
Միեւնույն ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու ընդդիմադիր տրամադրված հոգեւորականներին համեմատել է արմատական իսլամիստների հետ:
Ռուսաստանն ուշադիր հետեւում է իրադարձությունների ծավալմանը, հայտնել են [երկրի] ԱԳՆ-ից:
«ՎԶԳԼՅԱԴ» ռուսաստանյան գործարար թերթից
Թարգմանեց Գ. ՄԿՐՏՉՅԱՆԸ









