Բեռլինից Մուրիել Միրաք-Ուայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» ընթերցողներին տեղեկացնում է, որ հունվարի 23-ին եւ 24-ին համապատասխանաբար «Լեփսիուս Հաուսում» (Պոտսդամ) եւ «AKEBI քաղաքացիական հասարակության խմբավորման» գրասենյակում տեղի է ունեցել «Homo Politicus» (լատիներեն տարբերակը` «Քաղաքական փորձագետ կամ ակտիվիստ» բառերի) խորագրով ֆիլմի ցուցադրումը: Բացի հյուրընկալող կողմի ներկայացուցիչներից եւ համակարգողներից, ի դեմս Ուլրիխ Ռոզենոյի եւ Օնդերջան Մուտիի, ֆիլմարտադրիչ եւ ռեժիսոր Հաջի Օրմանը եւ ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանը ներակյացրել են ֆիլմի պատմական հենքը եւ Երկրորդ աշխարհամարտից մինչ օրս ընդունված ցեղասպանության վերաբերյալ իրավական եւ ինստիտուցիոնալ նախաձեռնությունների սահմանումները:
Քսան րոպե տեւողությամբ ֆիլմը վերակենդանացնում է 1915-ի օգոստոսի 10-ին գերմանացի հոգեւորական եւ մարդասեր Յոհաննես Լեփսիուսի հանդիպումը Թուրքիայի Օսմանյան շրջանի ռազմական նախարար Էնվեր Փաշայի հետ:
Լեփսիուսը, որ 1890-ականների համիդյան ջարդերի ժամանակ մարդասիրական օգնություն էր տրամադրել տուժածներին, 1915-ին վերադարձել էր Կոնստանդնուպոլիս, որպեսզի կանգնեցնի ցեղասպանությունը: Նրան հաջողվել էր Էնվերի հետ անձամբ տեսակցելու իրավունք ձեռք բերել:
Ֆիլմում Լեփսիուսի դերը կատարում է, ըստ Միրաք-Ուայսբախի, Պիտեր Շտրոմբեքը, իսկ Էնվեր Փաշայի դերը` Մեհմետ Յըլմազը:

Լեփսիուսը խոսակցությունն սկսում է Էնվերին շոյող խոսքերով, բայց երբ ակնարկում է տարագրությունների վերաբերյալ ականատեսների վկայությունների մասին, Էնվերը կտրականապես ժխտում է պնդելով, որ իր հյուրը ապատեղեկացված է: Հոգեւորականը հանդգնում է խիզախորեն պահանջել եւ առաջարկել, որ գործի դնելով իր հեղինակությունը, դադարեցվեն կոտորածները: Էնվերը մնում է անդրդվելի: Վերջում իբր ընդառաջելով խոստանում է հայերի բեռը մի փոքր թեթեւացնել, եթե Լեփսիուսն իր հերթին իրեն հանձնի նրանց ապահովագրության վկայականների վերաբերյալ տեղեկատվություն, ինչը «պարսավանքի արժանի խնդրանք» է համարում մարդասեր-հոգեւորականը: Այստեղից երկխոսությունը ընթանում է սկզբունքային արժեքների բախման ուղղությամբ: Լեփսիուսը խոսում է միջազգային իրավունքի, արդարության, խղճահարության եւ մարդկայնության մասին, Էնվերը ցինիկաբար կրկնում է, որ «հայերը դավաճանել են մեզ, ուստի պետք է պատժվեն»: Ի վերջո, Լեփսիուսը հարկադրված եզրակացնում է, որ կառավարության վրա ազդեցություն գործելու փորձերը անօգուտ են եւ միակ հնարավոր տարբերակը վավերագրելն է կատարվածը եւ հանրայնացնելը: Նա բազում հարցազրույցներ է իրականացնում դիվանագետների, ականատեսների եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերողների հետ, որոնք մանրամասն տեղեկություններ են հաղորդում կոտորածների եւ տեղահանումների վերաբերյալ: Այդ բոլորը Լեփսիուսը հետագայում ամփոփում է իր «Հայ ժողովրդի մահվան երթը: Տեղեկագիր Թուրքիայում հայ ժողովրդի ճակատագրի մասին` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում» խորագրով գերմաներեն հատորում:
Բայց ռեժիսոր Օրմանը այդ հատորից չէ, որ տեղեկացել է հայ ժողովրդի ցեղասպանության մասին, այլ Ֆրանց Վերֆելի հանրահայտ «Մուսա լեռան քառասուն օրը» գրքից: Հետագայում Հոֆմանի հետ ծանոթանալով հարստացրել է գիտելիքները: Նրա հետ զրույցների ընթացքում վստահեցրել է, որ «Homo Politicus»-ը Թուրքիայում առաջին ֆիլմն է, որ ուղղակիորեն առնչվում է ցեղասպանության թեմայի հետ: «Հայերի մասին ուրիշ ֆիլմեր էլ նկարահանվել են, բայց այլ թեմաներով», նշել է նա, ավելացնելով, որ այդ բոլորը հնարավոր է եղել իրականացնել Օսման Կավալայի եւ նրա հիմնած «Անադոլու կուլտուր» մշակութային ասոցիացիայի շնորհիվ: Ֆիլմը ընտրված է եղել ցուցադրվելու Ստամբուլի կինոփառատոնում, բայց կառավարական շրջանակները չեն թույլատրել: Ֆիլմի ճակատագրի տհաճ պատմությունը ավարտվել է «կոշտ սկավառակի վրայից չմշակված տվյալների տարօրինակ անհետացումով»: Այլ երկրներում, ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, Կանադայում եւ եվրոպական մի քանի երկրներում H.P.-ն դրական արձագանքներով է ընդունվել եւ Ֆրանսիայում նույնիսկ դարձել է դոկտորական ատենախոսության թեմա:
Ներկայիս, Օրմանը, որ արդեն չորս տարի է, ինչ Շվեյցարիայում է ապաստանել, որպեսզի «կարողանա ազատ աշխատել», երկու նոր նախագծերի վրա է կենտրոնացրել իր ուշադրությունը: Առաջինը Սողոմոն Թեհլերյանի 1921 թվի բեռլինյան դատավարությունն է, իսկ երկրորդը` Յակոբ Կունցլերը, որին հաճախ Լեփսիուսի շվեյցարացի համազորն են համարում:
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից» համառոտ ներկայացրեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարում՝ Հաջի Օրմանը եւ Թեսսա Հոֆմանը:





