Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տերպետրոսյանական դատավճիռը Քոչարյանը բեկանեց

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռոբերտ Քոչարյանը խոսեց հավասարակշռված,  հասցեական, իրավիճակի լիարժեք գիտակցումով հանդերձ՝ սառնասրտորեն ու բաց:

Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց դիվանագիտական չորությամբ ու բութ անկյունները սրելով, ամենանուրբ հարցերում կեռ տալով ու սեղանին վերջնագրեր ու վերջնաժամկետներ դնելով՝ որպես դատավճիռ:

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից քաղաքական մոտիվացիաները դեպի պետական շահը, հայրենիքի փրկությունը տանող հուսադրող տրամադրություն զգացինք, հատկապես  որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից  հետո այդ տրամադրությունն իսպառ ոչնչացել էր:

Ռոբերտ Քոչարյանի՝ «ամեն ինչ դեռ վերջացած չէ, դուռը միայն պայքարողի համար է բացվում» պետական գործչի հաստատակամությունն ու երկրի ղեկավարի անկոտրում կամքն աներկբայորեն չի կոտրվել: 68 տարեկանում նրա միտքը զգոն է, կշռադատված, նկատվում էր, որ համեմատած նախորդ ասուլիսների հետ՝ Երկրորդ նախագահն այս ընթացքում լիարժեք խորամուխ է եղել երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացների չմիջնորդավորված ուսումնասիրմանն ու սեփական հետեւություններն արել: Ոչ մի պիտակ, ոչ մի վիրավորական խոսք իշխանությունների հասցեին. բոլոր քննադատությունները հիմնավորված էին, փաստարկված՝ իրադարձությունների պատճառահետեւանքային կապի ընդգրկումով:

Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր հարցազրույցի ժամանակ Փաշինյանի հասցեին ոչ մի թթու խոսք չասաց, այն դեպքում, երբ նախկինում նրան անվանել էր «ազգակործան պատուհաս», որը դարձավ թեւավոր խոսք: Մի այլ առիթով ասել էր. «Ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին անդրադառնալն անիմաստ եմ համարում:  Նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան չի ներելու»: Տեր-Պետրոսյանը  պետական շահի գիտակցության բացակայության մեջ է մեղադրել Փաշինյանին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքերը քամուն տվող գործիչ չէ: Ի՞նչ է եղել այս ընթացքում, որ նա Հ1-ի եթերից հայտարարեց, թե Նիկոլի տեղն ով էլ լինի, ավելի վատ է լինելու:

Հայաստանի ու Արցախի նախագահների՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրավերով հանդիպումը ցրեց մինչ այդ եղած  կասկածները, թե ներկաներից որեւէ մեկը իշխանության գալու նկրտում ունի: Բայց տարօրինակ էին Տեր-Պետրոսյանի մտքերը՝ ամեն գնով արդարացնել Նիկոլ Փաշինյանի՝ մինչ այս արված քայլերն ու,  որ ամենասարսափելին է, արդարացնել հետագա քայլերը՝ ընտրել մեզ առաջարկվելիք լուծումներից ամենաքիչ ցավալին ու այս պահից սկսած մինչեւ դառնագին ընտրության վճռորոշ պահը կանգնել Հայաստանի կապիտուլյացիան ստորագրող Փաշինյանի կողքին՝ պատասխանատվությունը նրա հետ հավասար կիսելով:

Թե ցավալի  ինչ լուծումների ու ամենաքիչ ցավալի ի՛նչ լուծման մասին է խոսքը, Առաջին նախագահը հստակ չասաց, բայց խոսքի մեջ շեշտեց «կապիտուլյացիա» բառը, անգամ շատ թեթեւ վերաբերվեց կապիտուլյացիան ստորագրելու հեռանկարին: «Ի՞նչ է եղել: Հայաստանից ավելի հզոր պետություններ են կապիտուլյացիայի ենթարկվել»,- ասաց: Օրինակ բերեց Ճապոնիան ու Գերմանիան:

77-ամյա նախագահը, որը, վստահ ենք, լայն աշխարհայացք ունի, իրողությունների մասին  բազմակողմանի վեկտորներով դատող գործիչ է, մի՞թե չգիտեր, որ կապիտուլյացված Գերմանիայի ու Ճապոնիայի բնակիչներին ռուսները, ամերիկացիները կամ այլ ազգեր բնաջնջելու մտադրություն չեն ունեցել ու չունեն: Իսկ հայերը թուրքերի ու ադրբեջանցիների հետ ունեն էթնոտարածքային արմատացած խնդիրներ, որոնց լուծումը հատկապես Ադրբեջանը ու նրանից ավելի՝  Թուրքիան տեսնում են  հայերի բնաջնջմամբ, տարածաշրջանում նրանց ֆիզիկապես չլինելով պայմանավորված: 

Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ մի պետություն Գերմանիային ու Ճապոնիային չի անվանել թշնամի ու ոչ մի պետություն չի խանգարել, որ այդ երկրները ոտքի կանգնեն, մեջքը շտկեն ու հզորանան: Իսկ  ո՞վ կարող է երաշխավորել, որ Հայաստանի կապիտուլյացիայից հետո Թուրքիան ու Ադրբեջանը թույլ կտան մեզ բանակ, զենք ունենալ, պետական ենթակառուցվածքները վերականգնել, ո՞ր ռոմատիկը կարող է երաշխավորել, որ թուրքերն ու ադրբեջանցիները հայերին չեն համարի թշնամի ու հենց թշնամաբար էլ չեն վարվի: Հայի ու թուրքի, հայի ու ադրբեջանցու հարաբերությունները եղել են ու մնալու են թշնամական, որովհետեւ թուրքի ու ադրբեջանցու հայաջինջ, ցեղասպան նպատակները նույնն են նախկինում, հիմա ու ապագայում:

 Տեր-Պետրոսյանը բազմիցս շեշտեց, որ մեր երկրի հետ կապված ինֆորմացիային, բացի Փաշինյանից, ուրիշ ոչ ոք ամբողջությամբ տեղյակ չէ:

«Մենք ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցես է գնում, այդ  ինֆորմացիային տիրապետում  է միայն  Նիկոլ Փաշինյանը: Ես լինեմ, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, կաթողիկոսը, ոչ մեկս չգիտենք իրական ինֆորմացիան, թե Ռուսաստանն ինչ է առաջարկում, Ադրբեջանն՝ ինչ, Արեւմուտքն՝ ինչ»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Եթե Առաջին նախագահն էլ չգիտե՝  խոսքն ինչ ցավոտ լուծմների, ինչ առաջարկի կամ փաստաթղթի մասին է, ինֆորմացիային, բացի Նիկոլից, ուրիշ ոչ ոք չի տիրապետում, ապա ինչպե՞ս է աներկբայորեն հայտարարում, թե Նիկոլն այլ ելք չունի, պիտի ստորագրի, կես տարի էլ այսպես շարունակվի, երկիր չենք ունենալու:

Նիկոլն ի՞նչը ստորագրի: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Փաշինյանն ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, թե ինչ գնով էլ լինի ստորագրելու է փաստաթուղթը, թեկուզ իրեն ասեն դավաճան: Փաստաթղթին անուն չտվեց, բայց շատերը վստահ էին, որ խոսքը «խաղաղության» համաձայնագրի մասին է: Հետո նա ֆեյսբուքյան «լայվ»-ով հայտարարեց, թե ոչ մի փաստաթուղթ չկա ու չի ստորագրվելու:

Երկու շաբաթ հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց ինչ-որ փաստաթղթի, ցավալի լուծումների մասին, բայց նա, հայտարարելով, թե ամբողջությամբ չի տիրապետում ինֆորմացիային, այնուամենայնիվ, փաստաթղթին անուն տվեց՝ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ:

Ի՞նչ է ստացվում. Նիկոլի հայտարարած «անանուն» փաստաթղթին  երկու շաբաթ հետո անո՞ւն է տրվում ու դրա մասին հայտնում է Առաջին նախագա՞հը, որի համար Նիկոլը մեկ տարի առաջ ազգակործան պատուհաս էր, իսկ հիմա «ով էլ լիներ Նիկոլի փոխարեն, նույնն էր անելու, դեռ մի բան էլ ավելի վատ»:

Հիշենք, որ սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում Փաշինյանն ասաց՝ ստորագրելու եմ, թեեւ գիտեմ, որ ինձ ասելու են դավաճան: Նույնն ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ստորագրելու համար Փաշինյանին կասեն՝ դավաճան, թուրք:

Առաջին նախագահը փաստացի ասաց՝ ստորագրվելու է կապիտուլյացիայի փաստաթուղթ, եթե ես, ինֆորմացիային ամբողջովին չտիրապետելով, ասում եմ, որ այլ ելք չկա, Փաշինյանը, որ ինֆորմացիային ամբողջությամբ է տիրապետում, ինչպե՞ս կարող է չասել, որ այլ ելք չկա: Ու ասաց, որ բոլոր նախագահներով կանգնեն Նիկոլի կողքին ու հավասարապես կիսեն ստորագրվածի պատասխանատվությունը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ շեշտեց՝ պատրաստ է միավորվել, ընդառաջ գնալ, կողմ է կոնսոլիդացիային, բայց ո՞ր կոնսոլիդացիային:  Եթե խոսքն ուժերը միավորելու եւ ոտքի կանգնելու, պայքարելու մասին է, ապա նա համաձայն է: «Բայց Առաջին նախագահը համարում է, որ վիճակն այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել: Ես համարում եմ, որ այո, այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը եւ պայքարով նոր դռներ բացել: Սա է տարբերությունը»,- ահա՛ Քոչարյանի մոտեցումը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի օրը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին»:

Այսինքն՝ պարտվողականության հետ հաշտվելու, կապիտուլյացիայի, բանակը չզինելու, առաջարկվող «ցավալի լուծումների» հետ չհամաձայնելու դիրքրոշում ունի նաեւ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախկին վարչապետ ու Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին եւս դուր չի եկել Տեր-Պետրոսյանի՝ ծնկելու եւ կապիտուլյացիա, պարտվածի ճակատագիրն ընդունելու առաջարկը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից: Ինչ վերաբերում է իր պարտվողական «պրագմատիզմին», ապա սա նորույթ չէ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ նա համոզված էր եւ թուղթ ու մատիտով «ապացուցում էր», որ մենք պարտվելու ենք: Եվ պատահական չէ, որ պատերազմի ժամանակ ինձ՝ իր հակառակորդին, առաջարկեց դառնալ Պաշտպանության նախարար, որպեսզի իր սպասելիք պարտության ողջ մեղքն ինձ վրա ընկնի: Բայց տեղի ունեցավ հակառակը»,- գրեց Վազգեն Մանուկյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր նախագահներին համախմբման առաջարկ արեց. համախմբվեն որ ի՞նչ անեն, նայեն, թե ինչպե՞ս է Նիկոլը ստորագրում կապիտուլյավցիայի փաստաթուղթը: Այսինքն՝ դառնան նրա հանցակի՞ցը: Առաջին նախագահի բերանով Նիկոլն էր խոսում՝ եկեք համախմբվեք, կողքիս կանգնեք, որ միայն ի՛նձ դավաճան ու կապիտուլյանտ չասեն, որ դուք մաքուր դուրս չգաք ու հետո իշխանության գաք, ինձ էլ դատեք: Հիմա էլ կապիտուլյացիայի ստորագրումն է գցում նախկինների գրպանը:

Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանը բաց տեքստով ասաց,  որ եթե լինի հանրային ճնշում ու Նիկոլն իր թիմով հեռանա՝  անգամ անվտանգության երաշխիքների գնով, ապա պետք է համաձայնել դրան: Նա բաց տեքստով չասաց, բայց հասկացրեց, որ սա պայքար է ոչ թե իշխանության, այլ պետության ու պետականության պահպանման, ու  եթե ինքն ունենա լծակներ՝ որպես Հայաստանի ղեկավար, ապա Հայաստանը փրկելու հնարավարություն տեսնում է եւ այդ հնարավորությունն ունի:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտադաշտը տեղափոխվեց ՄԱԿ-ի ֆորում

Հաջորդ գրառումը

Դիւանագիտութիւն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Դիւանագիտութիւն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական