Վերջին շաբաթներում միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP) դարձել է ամենաքննարկված թեմաներից մեկը: Սակայն այդ առթիվ օգտագործված տերմինաբանության ոլորտում կան էական անհամապատասխանություններ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համառորեն շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նիստին ելույթ ունենալով նա նշեց, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթի գլխավոր ձեռքբերումը Թրամփի ուղին էր, որն «անխոչընդոտ կապ էր հաստատելու Զանգեզուրի միջանցքով (Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ) եւ խթանելու էր տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունները»: Ի պատասխան, ուղիղ երկու օր անց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով այս թեմային, նշեց, որ նման արտահայտություն գոյություն չունի վաշինգտոնյան համաձայնագրի մեջ եւ այդ տերմինի օգտագործումը հայկական իրականության մեջ «ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ զուգացկվում է հակամարտության վիճարկումների հետ»:
Ըստ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարանի, այդ եզրույթի հարցը քննարկվել էր նաեւ հոկտեմբերի 2-ն Կոպենհագենում «Եվրոպական քաղաքական հասարակության գագաթնաժողովի» շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ: Հրապարակված հայտարարությունը շատ տեղեկություն չէր պարունակում: Երկու կողմերն էլ միեւնույն տեքստն էին ներկայացրել:
Ալիեւը դրանից հետո էլ շարունակեց հնչեցնել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: «Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի» ամբիոնից նա դարձյալ օգատգործեց այդ արտահայտությունը, որը նաեւ հետագայում ընդգրկվեց գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության տեքստում հետեւյալ ձեւակերպմամբ. «Անդամ պետությունների կողմից զորակցություն արտահայտել Զանգեզուրի միջանցքի գործադրման եւ զարգացմանն ուղղված շարունակական ջանքերին»:
Ի պատասխան ՀՀ վարչապետի խոսնակն ասաց, որ «Նախագահ Ալիեւի ներկայացրած տեսակետը չի կարող ոչ մի ձեւով կապ ունենալ Հայաստանի Հանրապետության հետ», հավելելով, որ «Հայաստանի տարածքի հետ առնչություն ունեցող ծրագրերը միայն TRIPP-ն ու խաղաղության խաչմերուկն են»: Այսպիսով, կարելի է ասել, որ տերմինաբանական այս վիճարկումը վերածվել է Ալիեւի եւ ՀՀ պաշտոնատար անձանց միջեւ ընթացող սեղանի թենիսի (ping-pong) մրցախաղի:
Մինչ շարունակվում են քննարկումներն այն մասին, թե իրականում ինչ հաղորդակցական միջոցներ են թույլատրվելու անցնել Հայաստանի տարածքով, նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթներում հաճախակի է ակնարկում վաշինգտոնյան հանդիպումներին, նշելով, որ ինքը կարողացավ հանգուցալուծել Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Այդ ակնարկներից վերջինը Կանադայի վարչապետ Մարկ Կառնեյի հետ հանդիպման ժամանակ էր, որի ընթացքում վերջինս Թրամփին կոչել էր «Վերափոխող նախագահ»: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հավանաբար այդ «վերափոխումներից» մեկն էր:
Մյուս կողմից թվում է, թե Ալիեւը կարողացել է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ: Դրանք բավական լարված էին անցյալ տարվա վերջերին ռուսական օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով Դուշանբեում (Տաջիկստան) հոկտեմբերի 9-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի քննարկած թեման հիմնականում վերաբերում էր այդ միջադեպին: Պուտինը մասնավորապես ընդունեց, որ պատահարը տեղի էր ունեցել ռուսական օդային պաշտպանության համակարգում գոյություն ունեցող որոշ թերությունների հետեւանքում, որին գումարվել էր ուկրաինական ԱԹՍ-երի ներկայությունը Ռուսաստանի տարածքում, որոնց անհրաժեշտ էր անմիջապես խոցել: Նա ավելացրեց, որ հետաքննությունը դեռեւս ընթացքի մեջ էր, եւ Ռուսաստանը ամեն ինչ անելու էր անհրաժեշտ փոխհատուցումը տրամադրելու Ադրբեջանին:
Ի հակադրություն, որոշակի լարվածություն կար Պուտին-Փաշինյան հարաբերություններում: Նույն վայրում ելույթ ունենալով Պուտինը անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության առեւտրական սերտ հարաբերություններին, հարցրեց Փաշինյանին, թե որքան է Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը: Երբ Փաշինյանը պատասխանեց, թե 4 միլիարդ դոլար է կազմում, Պուտինը կասկած հայտնեց եւ նշեց, որ շատ ավելին պետք է որ լինի: Այս փոքրկ բանավեճը հավանաբար վերջին շրջանում Հայաստանի Եվրոմիությանը ինտեգրվելու հայտարարությունների եւ գործողությունների հետ էր առնչվում:
Ի դեպ, Փաշինյանը ԱՊՀ ժողովին մասնակցեց Բրյուսելում Global Gateway (Գլոբալ դարպաս) կոչված համաժողովին ներկա գտնվելուց անմիջապես հետո: Բրյուսելում նա նաեւ խոսեց Թրամփի ուղու (Tripp) եւ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունների մասին: Իսկ Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի ելույթները տարբեր ուղերձներ էին պարունակում: Մինչ Փաշինյանի ամբողջ ելույթը նվիրված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, վաշինգտոնյան հռչակագրին եւ Tripp-ին, Ալիեւը բոլորովին չանդրադարձավ դրանց: Փոխարենը նա շնորհակալություն հայտնեց ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին «Լաչինի` որպես քաղաքի, թեկնածությունը պաշտպանելու համար Ադրբեջանի արեւելյան Զանգեզուրում, որն ազատագրվել էր 30 տարվա օկուպացիայից»:
Ինչպես տեսնում ենք, վաշինգտոնյան փաստաթղթի նախաստորագրումից երկու ամիս անց դեռեւս չկա համաձայնություն տերմինաբանական ոլորտի բառապաշարի օգտագործման շուրջ: Փաշինյանն ու Ալիեւը իրենց սեփական օրակարգն են առաջ մղում:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)











