ԵՐԵՎԱՆ-ՊՈՐՏՈ ՍԵՐՎՈ, Իտալիա – Վերոնիկա Գուզալյանը իտալահայ զգեստաստեղծ եւ պարուհի է, որը տարվա մի մասն անց է կացնում Իտալիայում, մի մասը՝ Ինդոնեզիայում: Ծնվել է Իտալիայի Բերգամոյում, հայ հոր եւ իտալացի մոր ընտանիքում: Ավարտել է Էնրիկո Ֆերմիի անվան գիտական լիցեյը, ապա բեմանկարչություն եւ զգեստների ձեւավորում է ուսանել Միլանի Բրերա գեղարվեստի ակադեմիայում: Աշխատել է իտալացի առաջատար զգեստաստեղծների հետ: Իտալիայի ժեստերի թատերախմբում հանդես է եկել որպես պարուհի եւ դերասանուհի: Որոշ ժամանակ ապրել է Հնդկաստանում, սովորել է հնդկական պարեր, իսկ Բալիում (Ինդոնեզիա) զբաղվել է ինդոնեզական տարազների ուսումնասիրությամբ:
–Հարգելի՛ Վերոնիկա, քո կյանքն անցնում է ոչ միայն Իտալիայում, այլեւ Ինդոնեզիայում: Ի՞նչը քեզ տարավ այդ տարաշխարհիկ անկյունը:
-Աշխատանքի համար ես ընտրեցի Բալին, քանի որ ինձ շատ են դուր գալիս տեղի մարդկանց զգայունությունը եւ արվեստը, ինչը նրանք կրում են իրենց շարժուձեւերում: Եվ նրանք շատ տաղանդավոր են ձեռքի աշխատանքի մեջ: Ես ապրում եմ երկու հիանալի կղզիներում՝ Սարդինիայում ու Բալիում եւ ձեւավորում եմ բիկինիներ, հագուստներ եւ աքսեսուարներ: Բալին լավ, պարզ, ուրախ եւ հանդարտ մարդկանց մի փոքրիկ աշխարհ է, որտեղ ես ստեղծում եմ իմ նախագծած հագուստները, իսկ Սարդինիայում, Կոստա Սմերալդայի լողափերին, որոնք դեպի աշխարհ բացվող պատուհաններ են, վաճառքի եմ հանում դրանք իմ բացօթյա խանութում: Ես անձամբ եմ հոգ տանում իմ ստեղծագործությունների յուրաքանչյուր կողմի համար՝ ոճական դիզայն, հետազոտություն, արտադրություն, վաճառք եւ շուկայավարում:
–Ասում են, որ ինդոնեզերենը հեշտ է սովորելը, ճի՞շտ է:
-Այո՛, հատկապես իտալացիների համար շատ հեշտ է: Գրավոր եւ բանավոր խոսքը ճիշտ նույնն են:
–Քո նախագծած բիկինիներից մեկի անունը «Նաիրի» է: Ինչ-որ հատուկ հայկական բան ունի՞ այն:
-Ես այն անվանել եմ իմ սիրելի զարմուհու՝ Նաիրի Սահակյանի պատվին: Ես նրա անունը տվեցի բիկինիի մի տեսակի, որը շատ համապատասխան է նրան:
–Ժամանակին Ինդոնեզիայում հայ համայնք է եղել: Այնտեղ երբեւէ հայի հանդիպե՞լ ես:
-Հանդիպել եմ ֆրանսահայ Րաֆֆի Փափազյանին, որն ունի հացի եւ կրուասանի խանութներ: Իր զարմիկի՝ Գրեգորի Գերգերյանի հետ նա հիմնել է Բալիի սիրելի հացաբուլկեղենը՝ «Մսյե սփունը»: Նաեւ իմ ընկերուհի Լուսինե Սարգսյանն իր ընտանիքի հետ արձակուրդներին հաճախ է գալիս: Մենք սիրում ենք միասին գնալ սալսա պարելու:
–Պատմի՛ր խնդրեմ քո գործունեության մասին՝ որպես պարուհի եւ դերասանուհի:
-Ես կատարում եմ լատինո ու հնդկական պարեր եւ միշտ ցանկանում եմ նոր պարեր սովորել:
Իսկ թատրոնում խաղալը մեծ փորձառություն էր, որն ամուր կապեր է ստեղծում դերասանների եւ բեմի միջեւ:
–Հիշում եմ, որ հայրդ մուսալեռցի էր: Նախնիներդ Մուսա լեռան քառասուն օրերից փրկվածների՞ց էին:
-Այո՛, իմ ընտանիքը նույնպես արտաքսվել էր. նրանք մնացել են առանց սննդի եւ ջրի: Հայրս՝ Արթին Գուզալյանը, այն ժամանակ երեխա է եղել, բայց նույնպես ստիպված է եղել պայքարել մեծահասակների հետ՝ ողջ մնալու համար: Լինելով շատ տաղանդավոր՝ նա չափահաս դառնալուց հետո սկսել է օգնել ընտանիքին: Դարձել է ճարտարագետ, իսկ ավելի ուշ՝ բժիշկ, սրտաբան: Հայրս փորձում էր ինձ հայերեն սովորեցնել, բայց ընտանիքում միայն նա էր հայերեն խոսում, ուստի բոլորս իտալերեն էինք խոսում: Նա ինձ շատ պատմություններ էր պատմում, թե ինչպես է տատիկիս հետ սուջուխ, լավաշ, մածուն պատրաստել: Հայրս պոեզիայի եւ երաժշտության սիրահար էր, եւ ինձ բազմիցս ներկայացրել է տարբեր հայ երաժիշտների ու բանաստեղծների գործերը…
–Վերո՛նիկա, մենք հանդիպել ենք 2009 թվականի աշնանը, Երեւանում, Գագիկ Գինոսյանի կազմակերպած հայկական ավանդական շուրջպարերի երեկոյին, որին եկել էիր քրոջդ՝ Անուշի հետ: Ի՞նչ հիշողություններ ունես քո այդ ճանապարհորդությունից: Դեռ հիշու՞մ ես հայկական պարերը:
-Իմ քույր Անուշը նույնպես սիրում է պարել, եւ մենք տակավին հիանալի հիշողություններ ենք պահպանում երեւանյան այդ երեկոյից: Ես հիշում եմ այդ իրադարձությունը որպես իմ կյանքի լավագույն երեկոներից մեկը. ճշմարիտ եմ ասում. դա յուրահատուկ մի բան էր: Անչափ շատ եմ սիրում հայկական շուրջպարերը. կուզենայի ավելի շատ սովորել:
–Իսկ հայերի հետ կապված ծրագրեր ունե՞ս:
-Կցանկանայի սովորել հայոց լեզուն ու նորից մեկնել Հայաստան, զգալ մեր արմատները, շնչել բույրերը, զգալ մեր սիրելի Հայաստանի ու նրա ժողովրդի ձայներն ու համերը: Ես շատ հպարտ եմ, որ հայության մի մասն եմ, այդ իսկ պատճառով իմ ապրանքանիշը հայկական անուն ունի, որի շնորհիվ մեզ ավելի շատ ճանաչելի կդարձնենք աշխարհում եւ խոսել կտանք մեր գործի մասին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Լուսանկարում` Վերոնիկա Գուզալյանը «Նաիրի» բիկինիով