Մաշտոցյան մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը` նպատակ ունենալով փոխել հանրության վերաբերմունքը, լուրջ հիմքերի վրա դնել վերականգնողի աշխատանքը եւ հասարակությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերկանգնողական արվեստանոցներում մասնագետների վերականգնած աշխատանքները:
Բացման խոսքում հանդես եկավ Մատենադարանի տնօրեն ՝ Վահան Տեր-Ղեւոնդյանը, ասելով, որ ցուցասրահում ցուցադրված են վերականգնողի գործերը: Բացի ճարտարապետական բնագավառից, այլ բնագավառները ներկայացված են, օրինակից՝ գորգարվեստ ,ասեղնագործ վարագույրներ, գեղանկարչություն, յուղանկար, գրաֆիկա: Ցուցադրված են նաեւ հնագիտական առարկաներ` խեցեղեն, մետաղյա իրեր եւ մեր մշակութային ժառանգության դրսեւորումները՝ բոլոր հնարավոր իրենց նախկին եւ ներկա ձեւերով: Տեր-Ղեւոնդյանը նշեց, որ ցուցադրությանը աջակցել եւ իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր տրամադրել են հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ:
Ցուցադրության մասնակից կառույցներն են ՝ «Մատենադարան» հիմնադրամը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը», «Պահպանության ծառայություն», «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան», «Հայաստանի պատմության թանգարան», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի ազգային արխիվ», «Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան»:
Ինչպես նշեց Վահան Տեր-Ղեւոնդյանը, ցուցադրության գաղափարը ծագել է հենց վերականգնողների մոտ, բայց այն աջակցություն է ստացել ԿԳՄՍ նախարարի կողմից, եւ վերջինս դրամաշնորհ է հատկացրել այս ցուցադրության համար:
Աջակցություն են ստացել նաեւ անհատ բարերարի կողմից, որը չի ցանկացել հիշատակել իր անունը:
Ծրագրի հեղինակը եղել է Գայանե Եղիազարյանը ,որ միաժամանակ մաշտոցյան գրադարանի վերականգնողական բաժնի վարիչն է. ըստ նրա` ցուցադրության աշխատանքային կարգախոսը պետք է լիներ` «Մենք կանք եւ պետք է լինենք»:
Ցուցադրության նմուշների տեսականին նյութի առումով բավականին լայն է` բրոնզ, սեւ եւ կարմիր խեցեղեն, ճենապակի,գործվածք, թուղթ, մագաղաթ,յուղաներկ, եւ այլն: Լայն է նաեւ ժամանակային եւ աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզե դարից մինչեւ 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման եւ պեղման աշխարհագրությունը՝ Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2023 թ.հունիսի 9-ը:
ԼԻԱՆԱ ՓԱՆՈՍՅԱՆ